HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միակ բեռնակիրը էշն է, բայց Արզումանի կամուրջը կվերակառուցվի և «Սյունիք կբերի ուխտավորների»

Սիսիանի տարածաշրջանի Լորձորի հովտում է տեղակայված Դարբաս (նախկինում՝ Ծղուկ գավառի Ըղուերծ, հետո՝ Դարաբաս) գյուղը: Մոտ 20 տարի է` այդ գյուղի զավակներ Արամ և Արմեն Ստեփանյանները բնակվում են Մոսկվայում, բայց շարունակում են գործել նաև հայրենի գյուղում: Նրանց միջոցներով է Դարբասում կառուցվել  Սբ. Ստեփանոս եկեղեցին:

Իսկ այս անգամ Ստեփանյաններն իրենց ուշադրությունը սևեռեցին Դարբաս գյուղից ներքև՝ Որոտան գետի վրա գտնվող Արզումանի կամրջի վրա: Նրանց նախաձեռնությամբ բացված «Դարբաս» հայրենասիրական միություն» հիմնադրամի  հավաքված գումարով էլ հոգում են Արզումանի կամրջի վերակառուցման ծախսերը:

«Ստեփանյանների կատարած ահռելի աշխատանքի շնորհիվ տարեցտարի պակասում է գյուղացիների արտագաղթը:  Կարևորն այն է, որ մեր երիտասարդներն իրենց հացը վաստակում են հենց տեղում: Ներկայումս Շամբ, Դարբաս և շրջակա գյուղերից գործարաններում աշխատում են մոտ 150 գյուղաբնակներ»,- պատմում է Դարբաս համայնքի նախկին գյուղապետ Ռոբերտ Խաչատրյանը:

Կամրջից պահպանված միակ արձանագրության համաձայն՝ այն կառուցվել է 1675թ.-ին: 17-րդ դարում կառուցված կամուրջը տարիներ շարունակ ավերված վիճակում էր:  

Կամուրջ  հնարավոր է միայն ոտքով հասնել. ճանապարհ գրեթե չկա: Շինարարական աշխատանքները մեծ դժվարությամբ են ընթանում, քանի որ միակ բեռնակիրն էշն է: Պահպանված միակ արձանագրությունը տեղադրվել է կամրջի ճակատային մասում: Հարևանությամբ կառուցվում է նաև դիտակետ, որը հնարավորություն կտա մարդկանց ավելի մոտից գնահատելու բնության գեղեցկությունը: «Դիվան հայ վիմագրության» գրքում (հեղինակ` Սեդրակ Բարխուդարյան) կամրջի մասին ասվում է. «Կամուրջ. գտնվում է գյուղից ներքև, Որոտան գետի վրա. Միակամար գեղեցիկ կառուցվածք է, կամարը սրբատաշ քարերով. Աջ ափն հենված է քարաժայռերի վրա, իսկ ձախ, ցածր ափը արհեստականորեն բարձրացված է պատնեշներով ու թմբով: Համաձայն արձանագրության` շինված է 1675թ.: Իսկ արձանագրությունը տեղադրված էր միակամար կամուրջի   ձախափնյա կրունկի հարավային կողին. 9 տող. Գրված է բարձր և անմատչելի տեղում և միայն հեռադիտակով հնարավոր է կարդալ: Վերջին տողը փոքր տառերով է գրված, տեղի նեղության պատճառով»:

Կամուրջի դիտակետը

Իսկ Գուրգեն Ալավերդյանի «Ըղուվերձ – Դարբաս» գրքում ասվում է. «... Կամուրջը կառուցվել է Ռզվան աղայի հիշատակին, պարսից շահ Սուլեյմանի և տեղի իշխան Մախսութ բեկի օրոք: Սերնդից սերունդ անցնելով` կամուրջը կոչվել է Ըրզմանի կամ Արզումանի: Այդ կամրջով է կապ պահպանվել Տաթևի և Ծղուկի գավառի մյուս գյուղերի միջև: Այդ կամրջով է անցել Խութիս- Շամբ- Դարբաս- Լծեն- Տաթև քարավանային ճանապարհը, որով Պարսկաստան և Արևելքի մյուս երկրներ էին շարժվում Ծղուկ գավառի, Սյունիքի բեռնավորված քարավանները»:

«Տաթև տանող այս կամրջի վերաբացումը նորից կամրապնդի կապը հոգևոր մշակույթի հետ: Արզումանի կամուրջը իր մոտ  կկանչի հազարավոր ուխտավորների: Փորձենք բացահայտել բնությունից ժառանգած մեր ազգային հարստությունները»,- ասում է Դարբաս գյուղի քահանա  Տեր Ընծան:

«Երեխաներս մոտ են կանգնած իրենց ակունքներին,- հպարտությամբ պատմում է բարերար եղբայրների հայրը՝ Ներսես Ստեփանյանը: - Նրանց հիմնական նպատակն է խթանել գյուղի բարգավաճմանն ու կանխել արտագաղթը: Ու չնայած Մոսկվայում ունեն սեփական բիզնես, այնուամենայնիվ, որդիներս իրենց երեխաների ապագան տեսնում են հայրենիքում»:

Հ.Գ.Գործարար եղբայրները 2010թ.-ին Շամբ գյուղում կառուցել են ջրերի («Արսեն և Ներսես» ՍՊԸ) և պահածոների («Շամբ բիզնես»  ՍՊԸ) արտադրության գործարանները: Դրանք ղեկավարում են ծնողները՝ Ամալյա և Ներսես Ստեփանյանները:

 Անահիտ Բաղդասարյան

Հոդվածը պատրաստվել է «Հանրային իրազեկվածության ու մասնակցության բարձրացում Սյունիքի մարզում՝ լրագրողների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter