Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Սեռական շահագործման համար մեղադրվող «Դոկտորն» ու նրա գործընկերը չեն ընդունում իրենց մեղքը



Սկիզբը

Գյումրեցի Հ. Մ.-ին Թուրքիայի Տրապիոզոն քաղաքում սեռական շահագործման ենթարկելու մեղադրանքով ամբաստանյալի նստարանին հայտնված Սուսաննա Մ.-ն եւ Նարինե Մ.-ն դատարանում հրաժարվեցին առաջադրված մեղադրանքից: Նրանցից Սուսաննան նախաքննության ընթացքում սկզբնական շրջանում հրաժարվել էր ցուցմունքներ տալուց: Հետագայում համաձայնվել էր տալ նախաքննական ցուցմունքներ` հայտնելով, որ ինքն ընդամենը զբաղվել է հագուստի առեւտրով, որ աղջիկների մարմնավաճառությամբ զբաղվելու հետ որեւէ առնչություն չի ունցել:

2011թ.-ի օգոստոսին ընդհանրապես, իսկ նույն ամսվա 4-ին մասնավորապես, Նարինեի եւ Հ. Մ.-ի Թուրքիա մեկնելու նախօրեին Նարինեի հետ հեռախոսազրույց չի ունեցել: Նրանց Թուրքիա հասնելուց հետո «Իշիկ» հյուրանոցում չի տեղավորել: Տուժող Հ.-ին ապառիկ հագուստ վաճառելու մտադրություն չի ունեցել, որ այդ կերպ պահի կախվածության մեջ եւ ենթարկի սեռական շահագործման: Նշել է, որ Թուրքիայում ինքն հիմնականում զբաղվել է հագուստի առեւտրով: Տուժողը Հ.-ն Սուսաննայի վկայությամբ Տրապիզոնում մարմնավաճառությամբ զբաղվել է իր կամքով: Հագուստներն էլ գնել է կամովին, որեւէ մեկը չի ստիպել նրան իրենից ապրանք վերցնել, մանավանդ, որ վերցրածի դիմաց էլ զլացել է վճարել` կուտակելով 5000  դոլարի պարտք:

Նախաքննությամբ ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ Երեւանի բնակչուհի Սուսաննա Մ.-ն  2000 թ.-ից ժամանակավոր կացության կարգավիճակով բնակվել է Տրապիզոն քաղաքում, որտեղ սկզբնական շրջանում զբաղվել է մարմնավաճառությամբ: Աստիճանաբար տիրապետելով թուրքերեն լեզվին եւ տեղանքին, Սուսանանն գործի բերումով ծանոթացել է մարմնավաճառության համար Թուրքիա ժամանած հայազգի կանանց հետ` նպաստելով Թուրքիայում կավատությամբ զբաղվող Գոհար Կիրակոսյանի եւ Կարինե Հարությունյանի, ինչպես նաեւ թուրք կավատների գործունեությանը:

Սուսաննան հետագայում ընդլայնել է գործունեության շրջանակը` ավելի մտերմանալով մարմնավաճառ աղջիկնեի հետ, պարբերաբար նրանց ներարկումներ է կատարել վեներական ու սեռավարակային այլ հիվանդությունների դեմ`արժանանալով «Դոկտոր» մականվանը: Որոշ ժամանակ անց ծանոթներ է ձեռք բերել նաեւ թուրք ոստիկանների շրջանում:

Ամբաստանյալ Սուսաննան և Նարինեն

Դատարանում ամբաստանյալ Սուսաննան պատմեց, որ առեւտրականի իր գործունեությունը Թուրքիայում ծավալել է 1992 թ.-ից` Գյումրիից տրիկոտաժ էր տանում վաճառելու: Ինքը առեւտրով զբաղվել է դեռ խորհրդային տարիներին: Այն ժամանակ առեւտրականները «սպեկուլյանտ» պիտակավորումն ունեին:

Ամբաստանյալը երկու դուստր եւ 5 թոռ ունի: Ամուսինը մահացել է 1982 թ-ին քաղցկեղից: Սուսաննան ժխտեց, որ երբեւէ զբաղվել է մարմնավաճառությամբ: Մինչեւ ձերբակալվելը բնակվել է Տրապիզոն քաղաքում, ունի օրինական ժամանակավոր գրանցում, հագուստի վաճառքով է զբաղվել տեղի շուկայում:

Նույն տրամաբանությամբ իրեն մեղսագրված արարքից դատարանում հրաժարվեց նաեւ ամբաստանյալ Նարինեն: Վերջինս նախաքննության ընթացքում տվել էր հակասական ցուցմունքներ: Ամբաստանյալը խոստովանել էր, որ մարմնավաճառությամբ զբաղվել է Գյումրի քաղաքում 2004թ-ից, իսկ 2009թ-ին ընկերուհու` Կարինեի հետ մեկնել է Թուրքիա նույն գործով զբաղվելու մտադրությամբ: Կարինեի միջոցով ծանոթացել է ամբաստանյալ Սուսաննայի հետ: Հաճախորդներին գրավելու եւ կրքոտ արտաքին ունենալու համար, Սուսաննայի խորհրդով ամեն անգամ Տրապիզոն հասնելուն պես նրանից ապառիկով հագուստներ է վերցրել հետագայում մաս-մաս պարտքը մարելու խոստումով:

Սուսաննային ունեցած 2000 ամն դոլար պարտքը դեռ չմարած, 2010թ-ի հուլիսին Նարինեն արտաքսվել է Հայաստան: 2011թ.-ի օգոստոսին ընկերուհու`գործով վկա Անահիտ Հ.-ի միջոցով ծանոթացել է տուժող Հ. Մ.-ի հետ: 2001թ.-ի օգոստոսի 2-ին՝ իր ծննդյան օրը, Անահիտը զանգել է եւ հարցրել է, թե հյուր կընդունի ընկերուհին: Նարինեն մտածել է, որ գալիս են տոնը շնորհավորելու: Անահիտը եկել է ինչ-որ անծանոթ աղջկա հետ, ծանոթացրել նրանց եւ ասել, որ Հ.-ն ուզում է Թուրքիա գնալ, այնտեղ մարմնավաճառությամբ գումար աշխատելու եւ պարտքերը փակելու նպատակով:

Իր նախաքննական ցուցմունքում Նարինեն գրել էր, թե ինքը տուժողին բացատրել է, որ Թուրքիայում վերջինս կարող է նորմալ գումար աշխատել մարմնավաճառությամբ: Նարինեն չի ժխտել, որ տուժողի հետ եղել է նրանց տանը, հանդիպել Հ.-ի մոր հետ` նրա համաձայնությունը ստանալու նապատակով: Ամբաստանյալը խոստովանել է, որ տուժողի խնդրանքով նրա մորը հայտնել է, թե աղջիկը Թուրքիայում պիտի դայակությամբ զբաղվի: Հ.Մ.-ն գրություն է թողել Նարինեին, որտեղ նշել է, որ Թուրքիա է գնում իր կամքով:

Դատարանում տված ցուցմունքի ժամանակ ամբաստանյալ Նարինե Մ.-ն հայտնեց, որ մարմնավաճառությամբ զբաղվել է, որովհետեւ հիվանդ երեխա ունի: Ամբաստանյալը 18 եւ 14 տարեկան երկու աղջիկ եւ մեկ թոռնիկ ունի: Ամուսնալուծված է, ամուսնուց բաժանվել է 11 տարի առաջ: Իր նախաքննական երկու տարբեր ցուցմունքների հետ կապված դատավորի եւ մեղադրողի խաչաձեւ հարցումներին ի պատասխան ամբաստանյալն անընդհատ կրկնում էր, որ զայրացած է եղել Սուսաննայի վրա` նրան ունեցած 2000 դոլար պարտքի պատճառով, դրա համար էլ նրան զրպարտել է` գրելով, թե սեռական շահագործման է ենթարկել Հ.Մ.-ին: Իսկ իրականում տուժողը շատ լավ իմացել է, թե Թուրքիայում ինչով պիտի զբաղվի, որեւէ մեկը նրան դայակություն անելու առաջարկ չի արել:

Նարինեն պնդեց, որ տուժող Հ.Մ.-ն իր վաստակած գումարներից պարբերաբար բանկային համակարգով ուղարկել է մորը, իսկ իր եւ Վարդուհու վերադարձի ժամանակ Գյումրի է ուղարկել մեծ քանակությամբ հագուստ, արբանյակային ալեհավաք եւ համակարգիչ: Նարինեն հայտնեց, որ տուժողի ձեռքից Սուսաննան անձնագիրը չի վերցերլ: Վերջինս Տրապիզոնում եղած ժամանակ 4 անգամ եղել է Բաթումիի մաքսատանը` վիզան թարմացնելու նպատակով: Նարինեն նաեւ պնդեց, որ իրենք Սուսաննայի տանը չեն բնակվել: 4 օր ապրել են «Իշիկ» հյուրանոցում, այնուհետեւ միասին 10 օր` վարձակալած բնակարանում: Ինքն ու տուժողը մշտապես վիճել են, «յոլա» չեն գնացել, այդ պատճառով էլ Հ.-ն որոշել է տեղափոխվել հյուրանոց, որի տիրոջ` Յաղուբի հետ սիրային-մտերմիկ կապի մեջ է եղել:

Արդեն 3-րդ դատական նիստն է անցկացվում առանց տուժողի: Ըստ նախնական տեղեկությունների Հ.Մ.-ն գտնվում է Օրենբուրգում եւ կվերադառնա նոյեմբերին: Դատարանը վերջինիս բերման ենթարկելու որոշում կայացրեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 18-ին:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. es15:19 - 29 սեպտեմբերի, 2012
Amot chi ba? um het turq osmaneri? 18 -tvakanerin hay kanajq irenc zornen netel vor dranc demqnery anqam chtesnen, isk duq? kama te akama nman qajly anynduneli storacvac qajl e: Zer masin cheq mtacum zer gorcne, bajc azgi hamar mtacel petka, nujnisk partavor eq:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ