HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Տեղաշարժվող» Արարատի հեղինակը. Ալինա Մնացականյան

Բնութագրումս...Նախ հայ եմ, նույնիսկ եթե մինչ 2001 թիվը Հայաստանը չէի տեսել կամ որեւէ անձնաթուղթ չունեի երկրից: Մյուս երկրները բնականաբար տվել են իրենց համեմունքները: Դա իմ զգացածն է, իսկ իրականում այս երկրներից եւ իրենց բնակիչներից որեւէ մեկը ինձ 100 տոկոսով իրենը չի տեսել եւ չի տեսնում...Սա թերեւս նաեւ այն հարցի պատասխանն է, որ ինձ տվեցին Երեւանում` ես հայ եմ, թե պարզապես հայերեն լավ եմ խոսում... 

Շվեյցարիայում բնակվող հայ արվետագետ Ալինա Մնացականյանին մեկ բառով բնութագրելը բավականին դժվար է:Բնութագրումն այդ նույնիսկ դժվար է հենց իր` արվեստագետի համար. Թեհրանի համալսարանում ուսանել ճարտարապետություն, Փարիզում` կերպարվեստ, Լոս-Անջելոսի Կալիֆորնիայի համալսարանում ստանալ արվեստի մագիստրոսի աստիճան եւ յուրաքանչյուր տարածքում առնչություն ունենալ մշակույթի հետ, դժվարամարս եւ միաժամանակ տարաբնույթ մտքերի հիմք է: 

Ալինայի հետ կապ հաստատեցի մեկ շաբաթ առաջ:Այժմ բնակվում է Շվեյցարիայի Նեոշատել քաղաքում, 2011թ.-ից շվեյցարական «Վիզարթե» արվեստագետների միության Նեոշատելի մասնաճյուղի նախագահն է:

Ստեղծագործությունները զանազան մեդիաներով են` նկարչություն, գեղանկարչություն, ինստալացիա...Սակայն, ինչպես ինքն է նշում, առանցքում շարունակվում են կարեւոր մնալ ինքնությանը վերաբերող հարցերը... 

Հայաստան Ձեր այցելությունը նշանավորվեց Լճաշենի շրջակայքում թափոնի միջոցով «Մեր կիկլոպյան պատերը» նախագիծը իրականացնելու հանգամանքով: Ինչպե՞ս առաջացավ այդ միտքը: 

Երկու տարի առաջ Լճաշեն գյուղում նայում էինք Կիկլոպյան ամրոցները... Նկատեցի, թե ինչքան աղբ է թափված շրջապատում: Ճանապարհին խոսեցի մի ընկերոջ հետ, որը «Սեւակ» միության նախագահն է, եւ ինքն էլ արձագանքեց իմ գաղափարին, որն էր աղբով Կիկլոպյան պատ կառուցել հենց նույն գյուղում. նպատակը գեղեցիկ մի բան կառուցելը չեր, այլ արվեստի մի նմուշ, որը ցնցի եւ ներկայացնի վիճակը: Նպատակն էր խոսել աղբի վերամշակման ու նաեւ մշակութային կոթողներին կարեւորություն ընծայելու մասին: 

«Մեր կիկլոպյան պատը» նախագիծ, Լճաշեն «Մեր կիկլոպյան պատը» նախագծի աշխատանքները' տեղացիների մասնակցությամբ 

 

Ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ «նոր պատը» տեղի բնակինչների եւ այլ դիտորդների վրա: 

Աղբահավաքը լավ արդյունք ունեցավ, եւ տեղացիներն էլ ոգեւորվեցին գյուղը մաքուր պահելու եւ իրենց մշակութային արժեքները լավ ձեւով ցույց տալու խնդրով:

Արվեստի մարդիկ լավ հասկացան գործի իմաստը...Մամուլի մեջ  արձագանք ստացավ այս ակտը` որպես էկոլոգիական ակցիա: 

Ինստալացիաները, որոնք հեղինակում եք, լայն արձագանք ունեն եւ տարաբնույթ են: Հետաքրքրական է դրանցից հատկապես մեկը, որի առանցքում Արարատ լեռն է: Կպատմե՞ք այդ ստեղծագործության մասին: 

Ինստալացիաները կոնցեպտուալ գործեր են եւ միշտ մեկ նյութի մասին:

Արարատի հետ կապված գործը լավ արձագանք ունեցավ այստեղ. երկու թանգարաններում ցուցադրեցի, եւ դրանից հետո ամեն մարդ ինձ սկսեց ճանաչել այդ գործով եւ անկախ ինձնից «դեսպանի» դեր տվեցին: Հիմա Արարատը «ճամփորդում» է, ուրիշ երկրներ «գնում»: Ցուցադրվել է Շվեյցարիայում, Նահանգներում, Հայաստանում... 

"The mountain comes to me"(Robotic and video installation)

Կնկարագրե՞ք նյութի կառուցվածքը. արդյո՞ք այն ընկալելի է մեծամասնության համար: 

Ներկայացված է 4 տեսանյութ` ամեն մեկը մի լեզվով` հայերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն: Տեսանյութը պատմում է Արարատի ճամփորդական ծրագրերի մասին` լուրերի հաղորդության պես: Իսկ մյուս մասը ավելի պոետիկ է. Արարատի մակետը պտտվում է  ռոբոտի միջոցով, իսկ հետեւում` պտտվող մակետի ապստրակտ-շարժուն նկարներն են ցուցադրվում` «Զուլալ» խմբի կատարած «Սարերի հովին մեռնեմ» երգի ուղեկցությամբ: 

Այսինքն` դիտողը հնարավորությու՞ն է ստանում միանգամից տիրապետել ինֆորմացիային, առնչվել հայկական մշակույթին եւ այդ ամենը նոր տեխնոլոգիաների միջոցով... 

Այո... Եւ քանի որ հումոր կա, նյութն ավելի լավ է ընդունվում, բայց միաժամանակ քաղաքական բնույթն էլ է հասկացվում: Այս գործի համար Շվեյցարիայի Մշակույթի նախարարությունն ինձ դրամաշնորհ էր հատկացրել, որը նույնպես հետաքրքիր քայլ է... 

Հումորային տարրն ավելի կմանրամասնե՞ք: 

Այն, որ Արարատը տեղից հանում եւ պտույտի ենք տանում: Դա շատ անիրական բան է....Ավելի հետաքրքրական է, որ հետո տեսանյութով ցույց ենք տալիս (անիմացիայի միջոցով), թե ինչպես ենք լեռը «տեղից հանում» եւ «տեղափոխում»:

Սրա միջոցով ցույց ենք տալիս, թե ինչպես կարելի է սահմաններ խախտել: 

Արվեստի լեզվով եւ միջոցով դա գուցե թե հնարավոր է դառնում, իսկ իրական քաղաքականությունն այլ կանոններ ունի... 

Այո, ճիշտ է: Հեգնանքի մի մասն էլ թուրքական պետությանն էր ուղղված, որը տարիներ շարունակ Արարատին մոտենալը եւ բարձրանալը արգելել էր...Նույնիսկ հիմա հատուկ իրավունք է պետք Արարատ լեռը բարձրանալու համար: Ահա այդ եւս ուզում էի խախտել: 

Ստացվում է, որ Ձեր ստեղծածը նախեւառաջ ընդունված որոշ կարգերի, անուշադրության կամ քաղաքական շահի զոհ գնացած թեմաները վեր հանելն ու հնարավորինս ազդեցիկ ներկայացնե՞լն է: 

Այո, կարելի է այդպես ասել: 

Նկատեցի, որ Ձեր նկարներում եւ գեղանկարներում էլ նման թեմատիկա կա: 

Նկարներս պատկերային գրության պես են. այսինքն` գրերի պես ...Բայց կարդացվելիք չեն:

Բազմաթիվ շերտեր կան ամեն մի նկարի վրա, եւ դա նման է մի մարդու, ինչպիսին ես եմ, որ ապրել է զանազան մշակույթների ազդեցության տակ:

Ինքնության խնդիրն է այստեղ, եւ թե ինչ է պատահում վերջինիս  մի երկրից մյուսը գնալու պարագայում: Այս նյութն ինձ հատաքրքրում է, քանի որ ես ապրել եւ ապրում եմ այդկերպ: 

Հարցազրույցի սկզբում հենց այս թեմային վերաբերող հարց էի ուզում տալ, բայց եզրահանգեցի, որ վերջում ինքնության թեմային կանդրադառնաք ինքներդ, քանի որ այդքան ազդեցությունների կրող եք... 

Մարդու ինքնությունը փոփոխությունների ենթարկվու՞մ է, թե՞ միշտ նույնն է մնում...Արդյոք մի տեղ ապրելը եւ մի խումբ մարդկանց հետ շփվելը կարող է ոչ մի ազդեցություն չունենալ մարդու վրա.... Իսկ,եթե այո, ապա ի՞նչ են տալիս մարդուն այս ազդեցությունները ... Ես երբեմն սիրում եմ այս նյութի մասին մտածել եւ իմ մտքերը կիսել հանդիսատեսի հետ...Սա թերեւս ամենամեծ հարցադրումն է ինձ համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter