HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Հայրենադարձներին դարձնել հայաստանցիներ». «Վերադարձ Հայաստան» հիմնադրամ

«Վերադարձ Հայաստան» նորաբաց  հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը և հոգաբարձու խորհրդի անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրին հայերնադարաձությունը խթանող իրենց մշակած ծրագիրը: Հիմնադարամն, ըստ Վ. Մարաշլյանի, գործելու է երեք ուղղություներով. Սփյուռքում ներկայացնել հայրենադարձության գաղափարը` հավաքագրելով  և տարածելով օրինակներ արդեն հաստատված հայրենադարձների մասին,  աջակցել հայ հասարակության մեջ այն անձանց ինտեգրմանը, ովքեր որոշել են հայրենադարձել, խթանել հայրենադարձությանը նպաստող պետական քաղաքականության և հասարակական միջավայրի ձևավորումը:

«Ես և Սեմը (հոգաբարձու խորհրդի անդամ Սեմ Սամուելյան - հեղ.), այսպես ասած, դասական սփյուռքից ենք վերադարձել Հայաստան և ուզում էինք մեր փորձերը` թե’ դրական, թե’ բացասական, և մեր անցած ճանապարհը բացատրել ու թափանցիկ դարձնել այն մարդկանց համար, ովքեր  մտածում են նույն քայլն անել ապագայում: Այսինքն` ինչպես կարողացանք անձնական գործ դնել, ինչպես սկսեցինք վաստակել և ապրել»,- ասաց հոգաբարձու խորհրդի անդամ Րաֆֆի Կասարջյանը:

Հիմնադարամն ունի կայք, որի միջոցով, իրենց խոսքով, Հայաստան տեղափոխվել ցանկացող սփյուռքահայերին տրամադրելու են անհրաժեշտ տեղեկատվություն` կրթության հնարավորություններ, աշխատատեղեր, բիզնես խորհրդատվություն տվող կազմակերպություններ և այլն:

«Մեր նպատակն է քարոզել և ճիշտ ներկայացնել հայրենադարձության գաղափարը սփյուռքում` հիմնվելով կոնկրետ օրինակների վրա: Այս պահին մենք ձևավորել ենք նաև արդեն Հայաստանում կայացած հայրենադարձների ցանց, որի մեջ մտնում է մոտ 400 հոգի: Իրենք իրենց անձնական պատմություններն են ներկայացնում: Կայքում ունենք նաև “success stories” (հաջողված պատմություններ), որ ներկայացնում են, թե ովքեր են հաջողության հասել: Մեր նպատակն է հայրենադարձներին դարձնել հայաստանցիներ»,- նշեց Վարդան Մարաշլյանը:

«Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանն առաջարկեց  կայքում դնել նաև, օրինակ, ամերիկահայ Օշին Փիրումյանի պատմությունը, թե «Հայաստանում ինչպես 200000 դոլլար «քցվեց» և որ  հիմա նրա դատական գործը գործը գնում է Եվրոդատարան» :

«Մարդիկ պետք է տեսնեն, որ այդ դատավորների, պետական պաշտոնյաների հետ չի կարելի համգործակցել: Այսինքն` գեղեցիկ պատմթյուններով պետք է մարդկանց բերեք էստեղ, որ նորից պատմությունների մե՞ջ ընկնեն. հարյուրավոր պատմություններ կան, որ “succes story”-ները կարող են մի կողմ գցել: Պետությունը չի կարողանում, հիմա մի հիմնադարամ ենք ստեղծում, որ այդ մարդկանց համոզի` գա՞ն: Պաշտոնյաների անուններ կարող եմ տալ, որ խաբել են այդ մարդուն. ինչո՞ւ չեք կանգնում, պաշտպանում այդ մարդկանց»,- հիմնադրամի անդամներին հարցրեց Է. Բաղդասարյանը:

«Սա մտածելու կոչ է բոլորիս Մենք իսկապես ապրում ենք մի երկրում, որտեղ կան շատ լուրջ խնդիրներ: Ու վերադարձողների մի մասը, բախվելով այդ խնդիրներին, կորցրել է միջոցներ, կապիտալ և ամենակարևորը` հույս և հավատ այս երկրի նկատմամբ: Դրանից արդյոք հետևո՞ւմ է, որ պետք չէ վերադառնալ: Ընդհակառակը, պետք է վերադառնալ և փորձել հաղթել»,- պատասխանեց Ավետիք Չալաբյանը:

Իսկ ինչ վերաբերում «խնդիրների կողքին կանգնելուն», հիմնադրամի անդամները դա էլ խոստացան` ավելացնելով, որ իրենք «դեռ նոր են սկսել գործել»:

Լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչպես են հիմնադրամի անդամները պակերացում իրենց համագործակցությունը պետական կառույցների, մասնավորապես սփյուռքի նախարարության հետ և արդյոք հիմնադրամը սփյուռքի նախարարությանը չի կրկնօրինակելու:

«Պետք է լինի գործի բաժանում և համագործակցություն: Սփյուռքի նախարարությունը զբաղվում է համակարգային հարցերի լուծմամբ, մեր խնդիրն ավելի նեղ է սահմանված և վերաբերում է առանձին վերցրած մարդկանց: Աշխատանք` ամեն վերադարձողի հետ: Սփյուռքի նախարարությունը չի աշխատում այդ մակարդակում»,- պատասխանեց Վարդան Մարաշլյանը:

Մեկնաբանություններ (3)

Անդրանիկ
Շատ հայրենանվեր գործ եք անում: Ապրում եմ Ամերիկայում, փորձում եմ տեղափոխվել Հայաստան: Կցանկանայի կապնվել ձեզ հետ:
Maria
unem arajarkner,xndrum em toxnel heraxosahamar kap hastatelu hamar
Armen
Nman depqerum lav klini vor websit@ dneq hodvatsi mej, vorpesmi mardik karoghanan tesnel website ev tsanotanal ais hetaqrqir tsragrin. Aha website http://repatarmenia.org/eng/ Shnorhakalutiun.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter