HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Սարդոստայն. էլիտար շենքեր, էլիտար խարդախություններ

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին եւ ներկայացրել, թե ինչ ճակատագրի են արժանացել իր հայաստանյան ներդումները:

Էդմոնդ Խուդոյանն իր ծանոթների եւ ընկերների հորդորով որոշել է ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում: Նա 2003 թ.-ից իր ֆինանսական միջոցների մի մասը տեղափոխել է այստեղ եւ ներդրումներ կատարել անշարժ գույքի եւ այգեգործության ոլորտում` հիմնել է խաղողի եւ պտղատու ծառերի այգիներ: Է. Խուդյանը մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ ինքը վստահել է իրեն Հայաստանում ներդումների առաջարկ անողին: «Ես հրավիրված էի հանրային հեղինակություն ունեցող անձի կողմից, եւ նա երաշխավորեց, որ հերթական զոհի կարգավիճակում չեմ հայտնվի, իսկ այդ անձի դիրքը եւ հեղինակությունը բավարար էին իր խոսքին վստահելու համար»,- գրել է Է. Խուդյանը նախագահ Ս. Սարգսյանին ուղղված նամակում:

է. Խուդյանը 2005 թ. նոյեմբերին Հայաստանում հիմնադրել է «Արին կապիտալ» ՍՊԸ-ն: 2007 թ. դեկտեմբերից ընկերությունը նախաձեռնեց Երեւանի Մաշտոցի պողոտայի 33ա եւ 33/1 հասցեներում Էդմոնդ Խուդյանի ձեռք բերած 1.923,6 քմ մակերեսով հողամասի վրա կառուցված 10,5 հարկանի բազմահարկ շենքի կառուցապատման հետագա աշխատանքները:

Է. Խուդյանի հիմնական գործընկերն է դարձել մի քանի շինարարական կազմակերպությունների փաստացի սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանը: Ընկերության տնօրեն է նշանակվել Է. Խուդյանի մանկության ընկերը` Էդուարդ Եսայանը:

«Դրանից հետո, պայմանավորվածության համաձայն, «Արին կապիտալ» ՍՊԸ-ում ունեցած իմ 100% բաժնեմասերի 21.3%-ը Վ. Մանգասարյանի ցուցումով փոխանցել եմ Հայկազ Սարգսյանին, իսկ 17.6%-ը` Ղեւոնդ Ղալումյանին, որոնցից Վ. Մանգասարյանը, որպես շինարարական կազմակերպությունների ղեկավար, հանձն էր առել շինարարությունն ավարտին հասցնելը, իսկ Ղ. Ղալումյանը` հարկային եւ պետական այլ մարմինների հանդեպ պարտավորությունների պատշաճ կատարումը եւ Ընկերության բնականոն գործունեության ապահովումը»,- գրել է Խուդյանը:

Այս պատմությունն այնքան խճճված եւ այնքան բազմադրվագ է, որ այն հասկանալու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է ներկայացնել «գործող» անձանց եւ որոշ նախապատմություն:

Ով է Վլադիսլավ Մանգասարյանը: Նրա աշխատանքային ուղին թույլ է տալիս եզրակացնել, որ դեռես խորհրդային տարիներին մեծ կարողություն է ունեցել: Վլադը, նրան այդպես են դիմում ընկերները, եղել է «Երեւանշին» ձեռնարկության կառավարչի տեղակալը: Իր տարբեր ընկերների մոտ Վ. Մանգասարյանը միշտ հպարտությամբ նշում է, որ 600 հազար քմ շինարարություն է իրականացրել իր կյանքում:

Էլիտար շինարարության բումի ժամանակ Վ. Մանգասարյանը սկսեց շենքեր կառուցել ինչպես Երեւանի կենտրոնում, այնպես էլ քաղաքի այլ հատվածներում: Դրանց մի մասն առայսօր անավարտ է, Վ. Մանգասարյանն այժմ էլ էլիտար շենք է կառուցում Դավիթաշեն թաղամասում: Նա է «ՎԷՌՄ» շինարարական կազմակերպության փաստացի ղեկավարը, ղեկավարում է նաեւ «Կամար» ՍՊԸ-ն: Վ. Մանգասարյանը հանդիսանում է նաեւ «ՎԷՌՄ» եւ «Կամար» ՍՊԸ-ների հիմնադրած «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲԸ-ի իրական սեփականատերն ու ղեկավարը: Երեւանի քաղաքացիական դատարանի 08.01.2009 թ. վճռով Վ. Մանգասարյանը սնանկ է ճանաչվել:

2004 թ. Վ. Մանգասարյանը Տերյան 4 ա հասցեում կառուցում է շենք, այնտեղ բնակարան ձեռք բերելու պայմանագիր կնքած 16 անձանց նա առայսօր չի ապահովել բնակարանով, վերջիններս անընդհատ բողոքում են եւ Վ. Մանգասարյանից պահանջում իրենց բնակարանները կամ վճարած գումարները: Այս շենքի տարածքի հետ կապված ուշագրավ պատմություն կա:

Տարածքը դեռեւս 90-ականներին ձեռք է բերել Ղեւոնդ Ղալումյանը: Շենքը որոշում են կառուցել երեք մասնակիցներով` Արսեն Ղազարյան, Ղեւոնդ Ղալումյան եւ Վլադիսլավ Մանգասարյան: Ղ. Ղալումյանը, որը ոստիկանության պաշտոնաթող գնդապետ էր եւ աշխատել է 6-րդ վարչությունում, ժամանակին խնդիրներ է ունեցել այն ժամանակվա ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի հետ, արդյունքում լքել է Հայաստանը: Վ. Մանգասարյանը, գումարները հավաքելով, ապագա բնակիչներից Արսեն Ղազարյանի հետ կառուցում է այդ շենքը: Երբ Վանո Սիրադեղյանը լքեց Հայաստանը, երեք տարի անց Հայաստան վերադարձավ Ղեւոնդ Ղալումյանը եւ Վ. Մանգասարյանից պահանջեց իր մասնաբաժինը, որը, ըստ նախնական պայմանավորվածության, կազմում էր 1 մլն դոլար: Այդ ժամանակ Վ. Մանգասարյանն ինչ-որ գործի շրջանակում հայտնվում է ոստիկանությունում եւ Ղ. Ղալումյանի միջնորդությամբ ազատվում:

Ղեւոնդ Ղալումյանը Երեւանի կաբելի գործարանի հիմնական բաժնետերն է, բաժնետոմսերի 80%-ը պատկանում է նրան, ունի նաեւ շինարարական կազմակերպություններ: Հայաստան վերադառնալով` նա Վ. Մանգասարյանից պահանջում է իր փողը, իսկ Վլադիսլավը փող չուներ:

Ընդհանրապես Վ. Մանգասարյանի մասին նրա նախկին ընկերները պատմում են, որ մեծ գումարներ է կորցրել կազինոներում: Նրանք հավաստում են, որ եթե Վ. Մանգասարյանը խաղամոլ չլիներ, այժմ մեծ կարողությունների տեր կլիներ: Վ. Մանգասարյանը հենց այդ ընթացքում «Ակունք» բանկին պարտք էր մոտ 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկային գումար: 2009 թ. դեկտեմբերի 29-ին ԿԲ խորհուրդը որոշեց «Ակունք բանկ» ՓԲԸ բանկը լուծարված եւ գործունեությունը դադարած համարել: Այս բանկի ոդիսականն առանձին պատմություն է` լի բազմաթիվ քրեական դրվագներով:

Իսկ ինչպես են այս պատմություններն առնչվում ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդոյանի գործունեությանը, եւ ովքեր են խորհուրդ տվել նրան ներդրում կատարել շինարարության մեջ, ում է տարածքներ տվել եւ վաճառել Վլադիսլավ Մանգասարյանը Մաշտոցի 33ա եւ 33/1 հասցեի շենքերում: Այս մասին` «Հետքի» հաջորդ համարում: Նշենք, որ Էդմոնդ Խուդյանը դիմում է ներկայացրել ՊԵԿ-ի նախագահ պարոն Գ. Խաչատրյանին, եւ այս օրերին Վ. Մանգասարյանն ու Է. Եսայանը բացատրություններ են տալիս Պետեկամուտների կոմիտեի հետաքննիչներին:

Էդմոնդ Խուդյանի ներկայացուցիչ Անի Թորոսյանը նամակով դիմել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին` ներկայացնելով ներդրումային ծրագրի բոլոր մանրամասները, եւ խնդրել է պարզել, «թե ում գործողությունների արդյունքում է ներկայումս «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ն ծանրաբեռնվել հսկայական հարկային պարտավորություններով եւ մեղավոր անձանց ենթարկել քրեական պատասխանատվության»:

շարունակելի

Մեկնաբանություններ (3)

Թամարա
Նապաստակի երախ չի հիվանդության անունը: Կան երկու տարբեր հիվանդություններ - ՆԱՊԱՍՏԱԿԻ ՇՐԹՈԻՆՔ և ԳԱՅԼԻ ԵՐԱԽ: Հարգելի ՀԵՏՔ-ի լրագրողներ Ձեզ չի սազում:
Անուշ
հիացած եմ լուսանկարնեորվ...
neneth
amot e,amot,drank el irenc tesaki mej en satanayapasht.zzveli e

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter