HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Օսկանյանի ու «Սիվիլիթասի» ռեբուսը

Վարդան Օսկանյանի ու «Սիվիլիթաս» հիմնադրամի ֆինանսավորման մի աղբյուրի (ամերիկյան բարերար Հանթսմանի) եւ դրա իրականացման մեխանիզմի կապակցությամբ ԱԱԾ-ի հարուցած քրեական գործի առնչությամբ շատ տեսակետներ են հայտնվել: Սակայն, կարծես թե, տեղի ունեցողի բոլոր երեսներն ու շերտերը չէ, որ տեսանելի են, կամ էլ` քննարկման առարկա են դարձել Հայաստանում: 

ՀՀ նախկին արտգործնախարարի շուրջ զարգացումներն իրենց գագաթնակետին կհասնեն հոկտեմբերի 1-ին, երբ Ազգային ժողովը կքննարկի նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ դատախազի միջնորդությունը: Օսկանյանի հանդեպ ձեռք առնվող միջոցները այնքան ծայրահեղ խիստ են ու մեղմ ասած` անհամաչափ, որ դա շատ քաղաքական գործիչների ու մեկնաբանների հիմք է տալիս առնվազն խոսել ԲՀԿ-ի ու Օսկանյանի դեմ  այդ գործը խաղարկելու պահի ու ձեւի` քաղաքական ենթատեքստ ունենալու մասին, անկախ նրանից` Օսկանյանի օրինազանցության փաստը կասկածելի է, թե հաստատված:    

Ցանկացած իշխանության համար նախկին արտգործնախարարի դեմ քրեական գործ հարուցելը կատակների շարքից չէ: Արտգործնախարարները պաշտոնի բերումով տվյալ երկրի կապավորն են արտաքին աշխարհի հետ: Շատուշատ երկրներ երախտագետ (ոմանք էլ, բնականաբար, դժգոհ) են լինում ԱԳ նախարարների այս կամ այն քայլի, որոշման կապակցությամբ, ինչը պաշտոնաթողությունից հետո էլ հիշվում կամ գնահատվում է: Կասկածից վեր է, որ 10 տարի պաշտոնավարած Վարդան Օսկանյանը արտաքին աշխարհում բարեկամների ու ընկերների մեծ բանակ է ձեռք բերել: Միայն այն, որ, ինչպես ինքն է թվարկում, 2008թ.-ից սկսյալ Սիվիլիթաս հիմնադրամին «ֆինանսավորել եւ նրա հետ համատեղ ծրագրեր են իրականացրել Նիդեռլանդների եւ Լեհաստանի կառավարությունները, Նորվեգիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունները, Շվեյցարիայի եւ Միացյալ Թագավորության զարգացման գործակալությունները, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, ինչպես նաեւ այլ հեղինակավոր կազմակերպություններ, կորպորացիաներ եւ անհատներ», հենց այդ հեղինակության մասին է խոսում: 

Եթե դրան էլ գումարենք այն, որ Վարդան Օսկանյանը հարում է ԱԺ-ում մեծաքանակությամբ երկրորդ քաղաքական ուժին, ապա մի շարք հարցեր են ծագում: Այդ որքա՞ն զորեղ է իրեն զգում իշխանությունը, երբ նման ֆիգուրին քաղաքական դաշտից դուրս բերելու որոշում է կայացնում: Ի՞նչ գին է վճարելու ՀՀ իշխանությունները դրա դիմաց եւ ի՞նչն է նրան ստիպում դա վճարել: Որքա՞ն վստահ է իրեն զգում իշխանությունը, որ ի զորո՞ւ կլինի մինչեւ վերջ ի կատար ածել այդ «դատավճիռը»

Այս իրավիճակում ու վերոնշյալ հարցադրումների լույսի ներքո մնում է ենթադրել, որ իշխանությունները.

1. կամ մտահոգված չեն, թե ինչ խնդիր կունենան արտաքին աշխարհում արտգործնախարարի գործընկերների հետ, եւ Հայաստանի ներսում` նրա թիմի ու զորակցողների հետ,

2. կամ հարկադրված են դա անել, քանի որ դա չանելու դեպքում ավելի թանկ կվճարեն, օրինակ` կկորցնեն իշխանությունը, քան երկրի ներսում ու դրսում ինչ-որ խնդիրներ ունենալն է դրա արդյունքում,

3. կամ էլ` միանգամայն վստահ են, որ որեւէ խնդիր չեն ունենա, քանի որ ունեն թե դրսի, թե ներսի թույլտվությունը կամ թողտվությունը: 

Ո՞ր տարբերակի հետ գործ ունենք Վարդան Օսկանյանի պարագայում: Նախագահ Սերժ Սագսյանի իշխանությունը չի՞ խուսափում երկրի ներսում ու դրսում այս գործով խնդիրներ ունենալուց, կանխավ լուծե՞լ է հարցերը բոլոր նրանց հետ, ովքեր կարող էին խնդիրներ հարուցել, թե՞ պարտադրված է անել դա: Այս առումով հարկադրված ենք վերադառնալ Վարդան Օսկանյանի` քաղաքականություն մուտք գործելու նախապատմությանը, դրա շարժառիթներին ու հետեւանքներին: 

Վարդան Օսկանյանի «ներգրավումը» եւ դրանից ներքին ու արտաքին դերակատարների ակնկալիքները 

Արագացված ներգրավում հանուն նոր հարաբերակցության ու հնարավորության:  Վարդան Օսկանյանը քաղաքականություն մտնելու հայտարարություն արեց 2012-ի տարեսկզբին: Հունվարի 30-ի հայտարարության մեջ նա իր «ներգրավան հիմնական դրդապատճառ» ներկայացրեց խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկությունը, որոնց ազատ եւ արդար անցկացումը դիտարկեց «նոր խորհրդարանում քաղաքական նոր հարաբերակցություն ստեղծելու», ապա` «խորքային բարեփոխումներ ու փոփոխություններ իրականացնելու» համատեքստում, ինչի «կարիքն ու ցանկությունն ունեն Հայաստանն ու երկրի բոլոր քաղաքացիները»: 

Նա նաեւ ուրվագծեց, թե որ կուսակցության շարքերում է պատրաստվում ներգրավվել. «Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ իմ ներգրավվածության մասին խոսակցություններն անհիմն չեն: Բարգավաճ Հայաստանի հետ նման քննարկումներ ունեցել եմ, բայց այլ քաղաքական ուժերի հետ եւս ունեցել եմ քննարկումներ: Այս պահին ես դեռ որոշում չեմ ընդունել եւ կարծում եմ, որ վերջնական որոշման համար դեռ ժամանակ կա: Սակայն բացառված չէ, որ ներքաղաքական գործընթացներն ինձ ստիպեն, որ արագացնեմ որոշումս»: Իբրեւ արագացնելու պատճառ Օսկանյանը վկայակոչեց «1. կուլիսների հետեւում ընթացող քննարկումները տարբեր կուսակցությունների, ներառյալ կոալիցիոն ուժերի միջեւ», «2. քաղաքական դրդապատճառներով ճնշումները տարբեր կուսակցությունների՝ հատկապես Բարգավաճ Հայաստանի վրա», «3. նախընտրական այս փուլում արդեն վարչական ռեսուրսների օգտագործումը ընտրական գործընթացում շահեկան դիրքեր զբաղեցնելու նպատակով», եւ «4. խորհրդարանի կազմավորման հարցում ընթացող քննարկումները մեծամասնական-համամասնական տարբերակների շուրջ», որից հետո համամասնական ընտրակարգը պաշտպանող բոլոր քաղաքական ուժերը պետք է «այս ընդհանուր մոտեցումը վերածեն քաղաքացիական շարժման՝ կենտրոնանալով արդար ընտրություններ անցկացնելու վրա, չբացառելով անգամ այդ ուժերի առավել սերտ համագործակցությունը մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում»: 

Վարդան Օսկանյանից ներքին դերակատարների ակնկալիքները. ԲՀԿ-ի նոր խնդիրը: Փետրվար սկզբին պարզ դարձավ, որ Օսկանյանի վերջնական որոշումը կայացված է եւ իր ակնարկած  «այլ քաղաքական ուժերից» նա նախընտրում է ԲՀԿ-ը: Իր որոշումը Օսկանյանը հիմնավորեց երեք գործոնով, 1.«ԲՀԿ-ն քաղաքական կուսակցություն է, բայց քաղաքականացված կուսակցություն չէ»: Ասել է թե` իր անդամակցությամբ ԲՀԿ-ն պետք է քաղաքականացվի ու քաղաքական դիմագիծ ստանա: 2.«Հասարակությունը ԲՀԿ-ին ընկալում է ոչ թե որպես ընդդիմություն, այլ որպես այլընտրանք գործող իշխանությանը: <…> սա շատ դրական գործոն է: <…> այս տարիներին նրանք երբեք այլ քաղաքական ուժերի հակակրանքը չեն առաջացրել: <…> Սա առավելություն է այն առումով, որ եւ՛ նախընտրական, եւ՛ հետընտրական շրջանում ԲՀԿ-ն ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցության մեջ մտնելու լայն հնարավորություն ունի»: Ասել է թե` ԲՀԿ-ը քաղաքական լայն համախմբման պլացդարմ ու լոկոմոտիվ պետք է լինի: 3. «ամենաբարձր վարկանիշն ու հեղինակությունը այսօր ԲՀԿ-ն ունի: Այս փուլում ԲՀԿ-ին առավել ուժեղացնելով` ես կարծում եմ, որ մենք` հասարակությունը, նոր խորհրդարանում քաղաքական իրավիճակը փոխելու առավել մեծ հնարավորություն ենք ստանում»: Այսինքն, այդ ամենի հիման վրա ԲՀԿ-ն պետք է նոր իրավիճակում վերցներ նոր կառավարությունը (Վարդան Օսկանյանի հարցազրույցը «168 ժամ» թերթին, 4 փետրվարի 2012թ.,): 

Փետրվարի 14-ին Օսկանյանը հայտարարություն տարածեց այն մասին, որ նախօրեին ԲՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել եւ համոզված է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այլ քաղաքական ուժերի հետ միասին, կարող է քաղաքական մրցակցության շնորհիվ ապահովել ազատ եւ արդար ընտրություններ, հետեւաբար նաեւ նոր խորհրդարան՝ քաղաքական ուժերի նոր դասավորությամբ», ինչպես նաեւ` «ժամանակն է, որ ավելի ակտիվ մասնակցություն ունենամ երկրի քաղաքական գործընթացներին»: 

Հատկանշական է, որ Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ին անդամակցեց հենց այն օրերին, երբ ՀՀԿ-ը ցանկանում էր, որպեսզի խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ի հետ մասնակցեն միասնական ցուցակով` երաշխավորված քվոտաների դիմաց: Դրա մասին անգամ Օսկանյանն ակնարկեց հունվարի 30-ի իր հայտարարության մեջ` խոսելով ներկոալիցիոն հետկուլիսային բանակցությունների ու դրանց վտանգավորության մասին: Այդ օրերին բազմապիսի քաղաքական հնարքներով անգամ առաջարկվում էր եւս մեկ կոալիցիոն հուշագիր ստորագրել, ինչի կողմնակիցներ կային նաեւ ԲՀԿ-ում: 

ԲՀԿ-ի համար քաղաքական նոր ու հավակնոտ ուղեգծի եւ դիմագծի սահմանումն ու պարտադրումը, այն էլ կուսակցության դրսից, եւ որը հնչեցվում է դեռեւս նրա անդամ չհամարվող քաղաքական գործիչի շուրթերով, շատերին հիմք տվեց կարծելու, որ Վարդան Օսկանյանին ԲՀԿ գործուղում է Ռոբերտ Քոչարյանը` այն «քաղաքականացնելու» ու «ինքնուրույն դարձնելու» նապատակով: Այդ համտեքստում էլ վերլուծաբանները տեղի ունեցածը գնահատեցին որպես ՀՀԿ-ի հետ ԲՀԿ հերթական միաձուլումը կասեցնելու ու Քոչարյանի քաղաքական հայտի համար հող նախապատրաստելու փորձ: 

Վարդան Օսկանյանից արտաքին աշխարհի ակնկալիքները: 2012թ. փետրվարի 13-ին ԲՀԿ-ին Վարդան Օսկանյանի անդամակցությունը աշխույժ խոսակցությունների տեղիք տվեց ոչ միայն Հայաստանի քաղաքական շրջանակներում, այլեւ միջազգային ու դիվանագիտական կառույցներում: Նրա քայլի գնահատականները, դրանից սպասումներն ու ակնկալիքները, անշուշտ, տարբեր էին: Փաստն այն էր, որ ՀՀ նախկին արտգործնախարարը ոչ միայն մուտք էր գործում հրապարակային քաղաքական կյանք, այլեւ անդամակցում էր մեծությամբ երկրորդ իշխող կուսակցությանը, որի հիմնադրումը եւ 2007թ. խորհրդարանական ընտրություններում տպավորիչ հաջողությունը կապվում է ՀՀ երկրորդ նախագահի հետ, ում օրոք Օսկանյանը արտգործնախարար էր 10 տարի շարունակ: 

Օսկանյանի ԲՀԿ-ացումը գրեթե տեղի ունեցավ այն շրջանում, երբ 2 տարվա սպասումներից հետո Բրյուսելը փետրվարի 9-ին մերժեց Եվրոպայի ժողովրդական կուսակցությանն անդամակցելու ԲՀԿ-ի հայտը:  Այդ մերժման համար ԲՀԿ-ը ոչ միայն անթաքույց քննադատության ենթարկեց եվրոպական ստանդարտներն ու ԵԺԿ-ին, այլեւ նշաններ ցույց տվեց եվրոպայից երես թեքելու ու դեպի Հյուսիս շրջվելու առումով: Մամուլում տեղեկատվություն եղավ, թե ԵԺԿ մերժման հիմքում ընկած են նաեւ ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի սերտ հարաբերությունները Բելառուսի, Ռուսաստանի (նաեւ Ուկրաինայի) իշխանությունների հետ,  որոնց նախագահները Եվրոպայի բարեկամները չեն (պաշտոնապես մերժումը հիմնավորվեց ԵԺԿ չափանիշներին կուսակցության քաղաքական դիմագծի անհամապատասխանությամբ, առաջնորդակենտրոն ու խոշոր բիզնեսին միաձուլվածության պատճառով): 

Անշուշտ, Վարդան Օսկանյանին դժվար է «արեւմտամետ» քաղաքական գործիչ համարել: Սակայն երբ նա արտգործնախարար էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, ում համար առաջնային էին Հայաստան-Ռուսաստան, ապա` Հայաստան-Եվրոպա (հիմնականում` Ֆրանսիա), եւ միայն երրորդ տեղում` Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները, նա իր փոխլրացման քաղաքականությամբ առնվազն որոշակի բալանս էր պահում արտաքին քաղաքականության մեջ: Սրան գումարվում է նաեւ այն, որ Օսկանյանի հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամը իր գործունեությամբ ու դավանած արժեքներով արեւմտյան ձեւաչափի հասարակական կազմակերպություն է: Հետեւաբար. Օսկանյանի անդամակցությունը ԲՀԿ-ին վերջինս «քաղաքականացնելու ու գաղափարականացնելու» մոտիվացիայով որոշներին հույս էր ներշնչում, որ կոմպլիմենտարության սկզբունքը կարեւորած արտգործնախարարը եթե անգամ ԲՀԿ-ին չվերադարձնի եվրոպական ուղեգիծ, ապա առնվազն կթուլացնի նրա խորացող եվրասիականությունը: Եվրոպական դիտորդներից մեկը փետրվարին նույնիսկ նկատեց, որ եթե Վարդան Օսկանյանը շուտ անդամակցած լիներ ԲՀԿ-ին, ապա միգուցե ԵԺԿ-ն այլ որոշում կայացներ այդ կուսակցության առնչությամբ: 

Եւ վերջինը, եթե ռուսական շրջանակներին այլ տեսանկյունից էր շահեկան ԲՀԿ-ն քաղաքականացնելու ու ինքնուրույնացնելու առաջադրված ծրագիրը (դեպի Եվրոպա թեքվող Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին հակակշիռ ստեղծելն ի դեմս քոչարյանական դաշտի), ապա եվրոպական շրջանակների համար դա այլ շահագրգռությունից էր բխում: Եվրոպական ու արեւմտյան կառույցները այն դիտարկում էին առաջին հերթին քաղաքական կյանքում իրական մրցակցությունը խթանելու ճանապարհ, որը ՀՀԿ-ին կստիպեր ավելի փոխզիջումային ու մրցունակ դառնալ: 

Օսկանյանի անդամակցությունից հետո ԲՀԿ-ը երկար խուսանավումներից հետո կայացրեց ընտրություններին առանձին մասնակցելու իր որոշումը, ապա` ձեռնամուխ եղավ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ միասնական շտաբի ձեւավորմանը` հանուն նոր խորհրդարանում քաղաքական ուժերի նոր դասավորություն ու քաղաքական իրավիճակը փոխելու մեծ հնարավորություն» ստեղծելու նպատակի: Նույն այդ նախընտրական շրջանում` ապրիլին, եվրոպացի որոշ բարձրաստիճան դիվանագետներ առաջիկա զարգացումների կապակցությամբ քաղաքական դաշտի տեսակետները շոշափելիս իրենց զրուցակիցներին մի փոքր անբնական վստահությամբ էին հարց ուղղում նախագահական ընտրություններում Վարդան Օսկանյանի առաջադրման մասին, թեպետ վերջինս դրա մասին հայտարարություն չէր արել, բացի «երկրի քաղաքական գործընթացներին ավելի ակտիվ մասնակցելու» հայտարարությունը: Իսկ մայիսին հրապարակային աժիոտաժ սկսվեց թուրքական լրատվամիջոցներին նրա տված հարցազրույցներից հետո, որոնցում նա չէր հաստատել, բայցեւ չէր բացառել այդ հեռանկարը: 

Թե ներքին ու արտաքին դերակատարների ակնկալիքների առումով ի՞նչ հետեւանքեր ստացվեցին ԲՀԿ-ին Օսկանյանի անդամակցության արդյունքում, այս հարցի պատասխանն էական է դառնում հասկանալու համար, թե դժվարին այս շրջանում ո՞վ, ի՞նչ չափով եւ ինչո՞ւ է աջակցում նրան: Իսկ որ առավել հետաքրքիր է` հասկանալ է պետք, թե ինչո՞ւ է Վարդան Օսկանյանի քաղաքական աջակցությունն այսքան թույլ, ինչո՞ւ եւ ինչպե՞ս թուլացավ այն:    

Շարունակությունը հաջորդիվ  

Ստյոպա Սաֆարյան,

Վերլուծաբան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter