HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննիչի թողած «հետքերը». Նարեկ Հարթունյանը չի կարող երկրից դուրս գալ

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում Նարեկ Հարթունյանի քրեական գործով դատական նիստի սկզբում դատավոր Ռ. Ազարյանը հրապարակեց Հարթունյանի միջնորդությանը մերժելու մասին որոշումը: Նարեկը դատարանին միջնորդել էր` թույլատրել 2012 թ. հոկտեմբերի 18-ից մինչ նոյեմբերի 7-ը Հայաստանից բացակայել` «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը համերգների նպատակով Գերմանիա եւ Ֆրանսիա տանելու համար:
 
Համույթի թվով 26 պատանիների ծնողները հավաստիացնում են, որ իրենց երեխաների անվտանգության հիմնական երաշխիքը Նարեկը կարող է լինել, հաշվի առնելով նրա` արեւմտյան մշակույթին ծանոթ լինելը, օտար լեզուներին (ֆրանսերեն և անգլերեն) տիրապետելը,  ինչպես նաեւ այն մեծ վստահությունը, որ ունեն Նարեկի հանդեպ: Նրա ներկայությունը կարեւոր է  նաեւ ֆինանսական հարցերի եւ համերգների կայացման տեսակետից:
 
Հիշեցնենք, որ Նարեկ Հարթունյանը մեղադրվում է «հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու և փողերի լվացման» մեջ: 2011 թվականի դեկտեմբերի 9-ին Նարեկին կալանավորեցին, 3 օր անց բաց թողեցին,  խափանման միջոցը փոխարինվել է երկրից չբացակայելու մասին  ստորագրությամբ, ինչը գործը դատարան ուղարկելուց հետո դատարանի՝ ապրիլի 5-ի որոշմամբ թողնվել էր անփոփոխ:
 
Այժմ դատարանը,  մերժելով Նարեկի միջնորդությունը, նշեց, որ ըստ  ՀՀ Քր. օրենսգրքի 135-րդ հոդված համաձայն՝ խափանման միջոց կիրառվել է նրա համար, որ ամբաստանյալը չթաքնվի  վարույթ իրականացնող մարմնից եւ չխուսափի քրեական պատասխանատվությունից: «Այսինքն՝ կիրառելով խափանման միջոց՝  նախաքննական մարմինները հիմքեր են ունեցել դա անելու, հակառակ դեպքում խափանման միջոց չէր ընտրվի: Նարեկ Հարթունյանի միջնորդությունը մերժելիս հաշվի է առնվում նաեւ այն, որ նա հանդիսանում է արտերկրի քաղաքացի, ում վերագրվում է ծանր հանցագործությունների կատարում»,- ասաց դատավորը:
 
Սակայն Նարեկն իր միջնորդության մեջ էլ հիշատակել էր, որ գործի նախաքննության ժամանակ երեք անգամ մեկնել է Հայաստանից և կամավոր վերադարձել, այն դեպքում, երբ իրոք կարող էր չվերադառնալ:
 
Ստացվում է, որ քննիչի թեթև մտքի ու ձեռքի «շնորհիվ» ` ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Նարեկը Հայաստանում պատանդի կարգավիճակում է հայտնվել, այն դեպքում, երբ քննությամբ «ձեռք բերված ապացույցները», որոնք դրված են Նարեկի մեղադրանքի հիմքում, ամիսներ շարունակ դատարանում մեկ առ մեկ հերքվում են:
 
Փաստորեն քննիչ Ռաֆայել Մկրտչյանի «բեղմնավոր գործունեության» հետևանքով այս պահին «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի համերգների եվրոպական շրջագայությունը կասկածի տակ է, իսկ Նարեկի գործունեությունը` սահմանափակված:
 
Մարիամ Մուղդուսյան
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter