HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Եթե Օսկանյանին մեղադրեին Սոմալիում ծովահենություն անելու համար, ՀՀ գլխավոր դատախազությունը ընթացք կտար այդ գործին

«Սիվիլիթասի» և Վարդան Օսկանյանի միջև ոչ մի հարց ու պատասախան չկա, իսկ  փողերի յուրացման մեղադրանքով քրեական գործում ընդհանրապես իրավաբանություն ասվածը բացակայում է, սա ակնհայտ քաղաքական հետապնդում է` ուղղված ոչ միայն Վարդան Օսկանյանի դեմ:

Այսօր այս մասին հայտարարեցին ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի և «Սիվիլիթաս» հիմնադրամի փաստաբաններ Արթուր Գրիգորյանն ու Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ջոն Հանթսմանը Վարդան Օսկանյանին տրամադրել է 1 մլն 420 հազար դոլար «Սիվիլիթաս» հիմնադրամի կարիքների համար, վերջինս այդ գումարը փոխարկել է հայկական դրամի, ներդրել որպես ավանդ, այնուհետև վերադարձրել է 1 մլն 566 հազար դոլար: Այդ գործընթացը կատարվել է առավելագույնս թափանցիկ, սակայն պետությունը Օսկանյանին մեղադրում է փողերի յուրացման մեջ, ինչո՞ւ... »,- հարց ուղղեց Արթուր Գրիգորյանը:

Այդ հարցին պատասխանեց Տիգրան Աթանեսյանը. «Ինչո՞ւ հենց փողերի յուրացում. պատճառը հետևյալն է` փողերի լվացումը շատ կեղտոտ հանցակազմ է, որը փնովում է դրանում ներքաշված բոլոր կողմերին, միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ այդպիսի հանցավոր գործարքներին մասնակցած և բացահայտված մարդիկ խաչ են քաշել իրենց կարիերայի վրա, լինի դա քաղաքական, թե գործարար կարիերա: Իսկ մեր երկրի դատախազությունը կարծես թե հատուկ սեր ունի նմանօրինակ գործերի սարքելու հանդեպ. ցանկացած անհայտ ծագումի գումար առնչվում է փողերի լվացման հետ: Այսպիսին է ՀՀ գլխավոր դատախազության շնորհակալությունը բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր բարեգործություն են անում Հայաստանին: Ջոն Հանթսմանը 1988 թվականից Հայաստանին տրամադրել է 50-60 միլիոն դոլար: Հայաստանում բնակչության մեծ մասն ապրում է տրանսֆերտների` բարեկամների կողմից դրսից փոխանցված գումարների հաշվին, այս տրամաբանությամբ այդ գումարները նույնպե՞ս «լվացվում են» այստեղ»:

Միջազգային քրեական իրավունքի մասնագետ, խորհրդատու Նիկոլաս Քույումջյանը զարմացած է, թե ինչպես է Հայաստանում քրեական գործ հարուցվում այն դեպքում, երբ ապացույց չի ներկայացվել առ այն, որ հանցագործություն է կատարվել: «Սիվիլիթասի գործով տարրական իրավական քայլեր չեն կատարվել. վստահորդը` այն մարդը, ով գումար է վստահել Վ. Օսկանյանին, հարցաքաննության չի ենթարկվել: Իսկ այդ մարդը` հայտնի գործարար-բարերար Ջոն Հանթսմանը, ով նույնիսկ գիրք է գրել բիզնեսում վստահության մասին, ոչ մի մեղադրանք չի ներկայացրել Վ. Օսկանյանին կամ «Սիվիլիթաս» հիմնադրամին, այս դեպքում ի՞նչ փողերի յուրացման մասին է խոսքը»,- ասաց Ն. Քույումջյանը:

«Եթե նույնիսկ Օսկանյանին մեղադրեին Սոմալիում ծովահենություն անելու մեջ, ՀՀ գլխավոր դատախազությունը ընթացք կտար այդ գործին»,- ասուլիսի ավարտից հետո հեգնանքվ նշեց Տիգրան Աթանեսյանը:

Մեկնաբանություններ (1)

Տիգրան
Հայաստանում սկսվեց իշխանության ինքնահոշոտումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter