HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Կրակի մեջ եմ ինձ զգում, երբ պարում եմ». Յուլիանա Բասմաջյան

Մինչ պար լինելը տանգոն ադրենալինի մեծ չափաբաժին է` լի անակնկալներով, յուրաքանչյուր կատարումը` յուրովի...Եվ յուրաքաչյուր գրկումը` յուրովի. այնպես, որ դու սպասում ես զարմանքիդ, անակնկալին: Իսկ պարի ընթացքում առաջացած զգացությունը կախարդական մի բան է, որն աննկարագրելի է:

Ես ինձ կրակի մեջ եմ զգում, երբ պարում եմ` լի էներգիայով: Ես պարում եմ յուրաքանչյուր բջիջովս` ոտքից սկսած մինչ գլուխ: Իսկ պարից հետո երջանկության եւ բավարարվածության զգացողություն ես ունենում, ժպիտը երկար ժամանակ չի անհետանում դեմքիցդ...Այնպես` կարծես թե ողջ աշխարհը քոնն է:

Յուլիանա եւ Բրայն պարային զույգի լուսանկարները թերթելիս արդեն իսկ սկսեցի զգալ ազգությամբ հայ պարուհու կիրքն ու նվիրումը տանգոյին: Զրույցի ընթացքում, որը պարբերաբար կրկնվում էր երկու շաբաթ, Յուլիանան հիացմունքով էր խոսում պարային յուրաքանչյուր շարժման, զգացողության եւ ստացած հաճույքի մասին: Ժամանակին` հոբբին, հետո պորֆեսիոնալ փորձը տվեցին իրենց ցանկալի արդյունքները:Զույգն արդեն ունի հաջողություններ եւ շարունակում է աշխատել:

Որտեղի՞ց սկսվեց տանգոյի հանդեպ այդքան սերն ու ինչպե՞ս հայտնվեցիր այդ աշխարհում:

Երեխա ժամանակ դեռ երազում էի պարուհի դառնալու մասին: Ես եկել էի Նահանգներ մի փոքրիկ քաղաքից, որի անունը Վանաձոր էր, եւ ես այնտեղ հնարավորություն չունեի նման պարային դպրոցներ հաճախելու:

Հիշում եմ` համոզում էի ծնողներիս Երեւան տեղափոխվել, բայց չգնացինք, եւ ես չկարողացա պարի դպրոց հաճախել...Բայց կիրքս երաժշտության եւ պարի հանդեպ այնքան մեծ էր, որ անընդհատ պարում էի տանս հայելու առաջ եւ պատկերացնում, թե բեմի վրա եմ:

Ես էներգետիկ էի: Հեռուստացույցով տեսնում էի պարային մրցույթները եւ իսկապես խենթանում դրանց համար...Սիրում էի հատկապես լատինոամերիկյան պարաձեւերը: Ավելի ուշ` հասկացա, որ պետք է այցելեմ իսպանալեզու մի երկիր, սովորեմ իսպաներեն եւ պարեմ լատինոամերիկյան պարեր: Երբ ավարտեցի դպրոցը, սկսեցի սովորել անգլերեն եւ իսպաներեն. հենց այդ ժամանակ էլ տեղափոխվեցինք Նահանգներ:

Ես երազում էի հենց այդ նույն ժամանակ լինել Իսպանիայում: Նահանգներում արդեն սկսեցի մասնագիտություն ձեռք բերելու մասին մտածել: Դարձա հաշվապահ, բայց նույնիսկ նման ընտրությունն ինձ չխանգարեց, եւ ես սկսեցի սալսա պարել:

Ժամանակը չէր բավարարում, բայց ես անընդհատ տանգոն պահում էի մտքումս, եւ մի օր ընկերներս ասացին, որ կարող եմ գնալ տանգոյի դասերի, եւ կյանքս փոխող որոշում կայացրի:

Պարային ոլորտում հաջողություններդ սկսվեցին, երբ հանրությանը ներկայացար զույգիդ` Բրայնի հետ: Ինչպե՞ս ծանոթացար նրա հետ,  ինչպե՞ս սկսվեց համագործակցությունը: 

Ես հանդիպեցի նրան պարային մի երեկոյի ընթացքում (milonga-ի ընթացքում). այդ ժամանակ արդեն մեկ տարվա տանգո պարող էի...Ամեն չորեքշաբթի գնում էի տանգոյի երեկույթներին եւ տեսնում նրան, բայց չգիտեի, թե ով է:

Աչքս նշմարել էր նրան, եւ ես անընդհատ ուզում էի նայել նրա պարը...Նա ինձ չէր նկատում. հյուրի պես գալիս եւ հեռանում էի, որովհետեւ նորեկ էի եւ, նույնիսկ լավ պարող լինելով, ոչ ոք դեռ իմ մասին չգիտեր:

Կար մի տղա, ով երկուսիս ընդհանուր ընկերն է. նրա միջոցով էլ մի օր ծանոթացա Բրայնի հետ, եւ վերջապես ինձ հրավիրեց պարելու: Ամենագեղեցիկ պարն էր, որ կյանքումս երբեւէ պարել եմ: Այդ պահին ես հասկացա, որ մենք միասին պետք է պարենք...Դա չորս տարի առաջ էր: Երկուս ու կես տարի մենք համագործակցում ենք...Տեսնելուց հետո իսկապես  զգացողություն ունեի, որ ամեն ինչ մեզ մոտ ստացվելու է...Ես հաավատում էի մեզ:

Տանգոն էներգիայի կուտակում է պահանջում եւ հետո միանգամից արտանետում դուրս` կտրուկության եւ կրքի միջոցով...Ինչպե՞ս ես պահպանում այս էներգիան մեծ քաղաքում, սոցիումի եւ այլ աշխատանքի (Յուլիանան շարունակում է նաեւ հաշվապահ աշխատել) մեջ:

Ճիշտն ասած շատ կենտրոնացում է պահանջվում դրա համար, բայց քանի որ ուրիշ ճանապարհ չկա, եւ ես կյանքս չեմ պատկերացնում առանց տանգոյի, ստացվում է մի կողմ դնել ամեն ինչ...Օվկիանոսում լողալու պես է, երբ փորձում ես հաղթահարել այն ամենն, ինչ կա ճանապարհիդ եւ դա անում ես քո սեփական ձեռքերով, շարժումով...Եվ պարելու ցանկությունն այս պարագայում պետք է շատ մեծ լինի, այլապես կարող եմ այն բաց թողնել ձեռքիցս...Դրա համար անհրաժեշտ է պայծառ միտք, նպատակ եւ մշտական ցանկություն:

Տանգոն տարածություն պահանջող պար է...Չնայած Բուենոս-Այրեսում սկզբնավորվելուն, այն ավելի վաղ արմատներ ունի...Աֆրիկյան պարերի հին տարրեր է ներառում, որոնք պայամանվորված էին ռիթմիկայով..Այսօր, ըստ քեզ, տանգոն ի՞նչ զգայական փոփոխություններ է կրում:

Տանգոն ավելի հայտնի դարձավ ողջ աշխարհում վերջին տասը տարիներին: Հիմա ասում են. «Տանգոն այլեւս պատկանում է ողջ աշխարհին եւ ոչ միայն արգենտինացիներին»...Առանձնացնում են երեք ոճի տանգո` սալոնային տանգո (սա ավանդական տանգոն է), բեմական եւ «nuevo» տանգո, որը նշանակում է նոր: Ինձ հարազատ է սալոնային (millonguero style)` բեմական տանգոն:

Եվ չնայած տարբերակումներին` ինձ համար տանգոն տարբեր կատեգորիաների չի բաժանվում...Բոլոր ոճերում պահանջվում է նույնը...

Արդյո՞ք պարելու ժամանակ երկուսդ էլ պետք է նույն զգացողությունն ունենաք, որպեսզի պարն ստացվի:

Անպայման..Այլ կերպ տանգոն չի ստացվի: Տանգոն հենց դա է:

Բայց հենց դրա համար էլ դուք պետք է ամբողջովին ճանաչեք միմյանց...

Պարտադիր չէ իմանալ ամբողջովին, եւ դա էլ տանգոյի մյուս հրաշալի կողմն է, երբ երկու անծանոթներ պարում են միասին, եւ հրաշք է տեղի ունենում...Երբեմն առավել քան հրաշքը. դու չգիտես, թե ինչ քայլի հիմա կդիմի քո զուգընկերը:

Տանգոյի գեղեցկությունը նրա մեջ է, որ երկու օտար մարդիկ գրկում են իրար եւ միայն զգացողության եւ իմպրովիզացիայի միջոցով պարում են ձուլված:Երկուսը դառնում են մեկ, եւ հրաշքը տեղի է ունենում...Երկխոսության պես` պետք է տրվես լիովին եւ վերցնես նույնքան, որ տանգոն ստացվի...Երկխոսություն` մարմնի եւ երաժշտության միջոցով:

Հիմա արդեն մրցանակներ ունեք...

Այո, Բրայնի հետ համագործակցությունից հետո մասնակցեցինք Նահանգների տանգոյի մրցույթին եւ հաղթանակ տարանք: Այնուհետեւ 2011թ.-ին նույնպես Նահանգներում զբաղեցրինք Տանգոյի աշխարհի առաջնության (Mundial Tango Salon Category) երրորդ հորիզոնականը:

Բորխեսն ասել է, թե տանգոն ապացուցում է, որ մենամարտն էլ կարելի է սիրով անել...

Տանգոն շատ տարբեր տարրեր ունի` պայքարի, սիրո, կրքի, ատելության, տխրության, երջանկության...Դու պարում ես քո էմոցիաներին համապատասխան: Եվ տանգոն դառնում է քո առօրյա կյանքի արտացոլման միջոցը: Պարում ես այնպես, ինչպես դու ես...

Հ.Գ. Յուլիանա-Բրայն զույգի պարային դրվագները այստեղ

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter