HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մխիթարյանը Հայաստանի ֆուտբոլային դեսպանն է արտերկրում

Հայ ֆուտբոլասերների ուշադրությունն այս շաբաթ կենտրոնացած էր Չեմպիոններ լիգայի գավաթի խաղարկության, հատկապես՝ «Յուվենտուս»-«Շախտյոր» հանդիպման վրա: Պատճառը պարզ է. այդ խաղում ելույթ էր ունենում ազգային հավաքականի առաջատարներից մեկը՝ Հենրիխ Մխիթարյանը: Նպատակ չունենք անդրադառնալ Մխիթարյանի գործողություններին Թուրինում կայացած խաղի ժամանակ, չնայած այս օրերին բուռն քննարկումներ են ընթանում մինչեւ խաղը համաշխարհային մամուլում մեր ֆուտբոլիստին տրված գնահատականների ու նաեւ այն մասին, թե որքանով Հենրիխն իրականացրեց սպասումները:

Մխիթարյանը, կարելի է ասել, հայկական ֆուտբոլի առաջին դեսպանն է ֆուտբոլային Եվրոպայում, քանզի դժվար է հիշել մի դեպք, երբ օտարերկրացի մարզական լրագրողներն այսքան հետաքրքրված լինեին հայ ֆուտբոլիստով: Կարելի է նշել Էդգար Մանուչարյանի անունը, սակայն փաստ է, որ Հենրիխը մի նոր նշագիծ է սահմանել մեր ֆուտբոլիստների համար, ինչով, բնականաբար, չի կարելի բավարարվել:

Մխիթարյանի ու նաեւ արտերկրում հանդես եկող մյուս տղաների՝ Յուրա Մովսիսյանի, Մարկոսի, Արասի, Գեւորգ Ղազարյանի ու մյուսների լավ խաղը օգտակար է ոչ միայն նրանց կարիերայի վերելքի, այլեւ մեր ֆուտբոլի համար: Արտասահմանցի գործակալների ու հայտնի թիմերի սկաուտների աչքից չի կարող վրիպել այդ ամենը, ինչի արդյունքում նրանք կսկսեն հետաքրքրվել հայաստանցի ֆուտբոլիստներով: Այստեղ խնդիրն այն է, որ, մասնավորապես, Յուրան, Մարկոսն ու Արասը չեն ներկայացնում ֆուտբոլի հայկական դպրոցը, իսկ ահա Հենրիխն ու Գեւորգը, նաեւ Եդիգարյան եղբայրները, Կառլեն Մկրտչյանը մեր ֆուտբոլի «ապրանքանիշի» կրողներն են:

Այս հանգամանքը լավ գիտակցում են նաեւ ներքին առաջնության թիմերի տերերը, մարզիչներն ու ֆուտբոլիստները: Քիչ չեն կարծիքները, որ ակումբներում կան պատանի տաղանդավոր խաղացողներ, եւ ուղղակի ժամանակ է պետք փորձ կուտակելու, պրոֆեսիոնալ մակարդակում նոր որակներ ձեռք բերելու ու որպես հաջող շարունակություն՝ արտերկիր տեղափոխվելու համար:

Բայց այս ամենին կան նաեւ խոչընդոտող հանգամանքներ: Դրանցից մեկը մեր առաջնության ցածր մակարդակն է. առաջնություն, որի թիմերը շարունակաբար ձախողում են միջազգային մրցաշարերում իրենց ելույթները, ինչի հետեւանքով ակումբային մակարդակում Հայաստանը հայտնվել է գաճաճ երկրների կողքին: Անհատ խաղացողների հաջողությունները այցեքարտի դեր են խաղում Հայաստանի համար, սակայն դրա վրա հույս դնել եւ գոհանալ եղածով չի կարելի: Իրական թիվ մեկ այցեքարտը ցանկացած երկրի համար իր առաջնությունն ու մարտունակ թիմերն են, սակայն այսօր մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ թույլ ֆինանսական հենք ունեցող ակումբներից ավելին չսպասելով՝ ուրախանում ենք մեր անհատ կատարողների ցուցադրած խաղով ու դրա շուրջ արձագանքներով: Անշուշտ, կարեւոր այցեքարտ է նաեւ հավաքականը, սակայն տարվա ընթացքում խաղերի քանակի պատճառով առաջին պլան են մղվում հենց ակումբները (մեր ընտրանու օրինակով նշենք, որ այն տարվա մեջ անցկացնում է միջինը 10 հանդիպում, ինչն անհամեմատելի է ակումբների գրեթե մշտական ելույթների հետ):  

Բացի այդ՝ թույլ առաջնությունը շատ դեպքերում հնարավորություն չի տալիս ամբողջությամբ բացահայտել խաղացողին, քանի որ դյուրին հաղթանակների, հեշտ խփված գոլերի արդյունքում ֆուտբոլիստի մոտ կարող է շարժառիթի, պատրաստակամության ու մարտունակության պակաս ի հայտ գալ: Ցածր որակի առաջնությունը նաեւ բերում է նրան, որ հայ ֆուտբոլիստները տեղափոխվում են համեմատաբար միջին կամ մի փոքր ավելի բարձր կարգի առաջնություններ՝ Ուկրաինա, Ռուսաստան: Հիշում ենք, թե ինչ եղավ Էդգար Մանուչարյանի հետ, երբ վերջինս «Փյունիկը» փոխարինեց հոլանդական «Այաքսով»: Մարզումային պրոցեսներում առկա հսկայական տարբերությունները, մեծ ծանրաբեռնվածությունը, որը բնորոշ է եվրոպական ուժեղ առաջնություններին, Մանուչարյանին կանգնեցրին շարունակական վնասվածքների առաջ, ու նրա կարիերան նաեւ հենց այդ պատճառով անկում ապրեց:

Հենրիխը կարծես առաջին ֆուտբոլիստն է, որ ուկրաինական «Մետալուրգն» ու «Շախտյորը» իբրեւ ցատկահարթակ օգտագործելուց հետո լավ հնարավորություն ունի տեղափոխվել արեւմտաեվրոպական որեւէ հզոր թիմ: Սակայն դրանից առաջ նա նախ պետք է գոնե մեկ-մեկուկես տարի շարունակի այն տեմպով, որով խաղում է այժմ՝ այս պահին լինելով Ուկրաինայում եթե ոչ լավագույնը, ապա լավագույններից մեկը:

Իսկ հայաստանցի պատանիների ու երիտասարդների համար Հենրիխը պետք է օրինակ ծառայի թե մարդկային որակների՝ համեստության, զարգացվածության, բարձր ինտելեկտի, նպատակամղվածության, թե խաղային որակների առումով:    

Լուս.՝ shakhtar.com-ի

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Չհոգնեցի՞ք օտար դրոշի տակ հանդես եկող այս «հայ մարզիկներից»: Մեկն էլ էդ այսպես կոչված Արթուր Աբրահամն է. ասա այ ընգեր, սաղ օրը տելեվիզրով 'հայրենաշունչ' բառեր ես ասում- բա ինչի՞ հայկական անունդ հետ չես վերցնում ու գալիս Հայաստանի դրոշի տակ հանդես գալիս: Հայը ՄԻՇՏ «բարոյական հաղթանակներով» է բավարարվում և/կամ պարծենում: Էհ,ճարդ ինչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter