ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Երբ արվեստի մեջ ես, բացվում է տարածությունից դուրս հորդելու պատուհանը. Արեւիկ Մկրտչյան



Յուրաքանչյուր արվեստագետի հետ հարցազրույց անելիս միշտ միտք է ծագում՝ պարզապես տեղադրել նրա ստեղծագործությունները եւ ասել, թե հենց սա է այն ինֆորմացիան, որ ուզում էի փոխացնել ձեզ` ընթերցողներիդ: Ասելիքը, որ ներկայացվում է հարցազրույցի ընթացքում ,անպայմանորեն արտացոլված է հենց այդ ստեղծագործություններում: Էջմիածնում բնակվող նկարչուհի Արեւիկ Մկրտչյանի լուսանկարը եւ ծննդյան տարեթիվն ինձ շփոթության մեջ էին գցել. արվեստագետի երիտասարդ տեսքը եւ 47 տարիները չէին համընկնում: Տուրք չտալով ընդունված կարգին`ստիպված էի հարցնել տարիքի ճշգրտությունը. «Հենց այդքան է տարիքս: Երբեք չեմ մտածում դրա մասին... Երեւի, երբ հոգիդ երիտասարդ է, մարմինդ`առողջ, այդքան էլ տարիքդ է երեւում: Թերեւս դրանից է, որ երբեք վարսահարդարի մոտ չեմ գնում»,- ասում է Արեւիկը: 

Ես սկսում եմ ուսումնասիրել նկարները, սակավախոս նկարչուհին խոսում է. նկարն ու խոսակցությունը միաժամանակ նյութ են դառնում.

«Առավոտյան արթնանում եմ եկեղեցու զանգերի ձայնից: Եվ կարեւորվում է այն ձայնը, ինչից արթնանում ես: Պատասխանատու ես դառնում այն ձայնին, որը քեզ արթնացրել է... »: 

Եվ դա՞ է պատճառը, որ շարունակում ես ապրել եւ ստեղծագործել Էջմիածնում: 

Այո: Շատ առիթներ եմ ունեցել դրսում ապրելու, բայց հասկացել եմ, որ երբեք չեմ կարողանա: Անբացատրելի մի ուժ կա, որը ստիպում է կարոտել ամեն մի մանրուք Հայաստանի հետ կապված: Եղել եմ Գերմանիայում, Անգլիայում, Իտալիայում, Կանադայում, Շվեյցարիայում` մասնակցելով ամենատարբեր ցուցահանդեսների: 

Այդ դեպքում որքա՞ն է տարածական արվեստը Հայաստանում: 

Հայաստանում ամենուր է արվեստը. այն ուղղակի տեսնել է պետք: 

Արդյոք այն, որ հին Երեւանից շատ քիչ բան է մնացել, չի՞ նշանակում, որ շատ բան պարզապես անհետանում է` մնալով սերունդների հիշողության մեջ: 

Արվեստը երբեւէ անհետանալու հակում չունի... Հնարավոր է ամեն բան դիտել ուրիշ աչքերով: Այդ առումով մեր սերունդը գուցեեւ մեղավոր է, բայց, կարծում եմ` ամեն բան կարելի է շտկել, երբ պատրաստ ես նոր սերնդին սովորեցնել եւ պահանջել նույնն իրենից: Ես լավատես եմ. սպասում եմ զարթոնքի: 

Հետաքրքիր է, որ լավատեսությունդ արտացոլված է ստեղծագործություններիդ մեջ: Զուտ դիտողի աչքերով, եթե առանձնացում կատարեմ, ապա երկու թեմատիկ ուղղություն եմ տեսնում նկարներումդ` հավատ եւ բնություն:

Այո, որովհետեւ ես նկարում եմ նախ ներսային զգացողությունների թելադրանքով. այն, ինչ տեսնում է ոչ թե աչքը, այլ սիրտը: Տպավորությունը, որ մղվում է սրտից, այլ է: Եվ արդյունքը նկար է դառնում: Պատուհանի պես մի բան է ,որ բացում եմ բոլորի համար եւ շատ եմ ուզում, որ այստեղից կարողանան նայել... Եվ բարիանալ... Եվ սիրել: 

Տպավորությո՞ւն է, թե՞ ուրիշ աշխարհից է ձայնդ գալիս...

Ուրիշ աշխարհից ձայները մշտապես գալիս են բոլորին. երբ ուզում ես լսել, լսում ես: Դրանք սպասումներն են, երազները, որոնք մի օր պետք է իրականան: 

Այդ դեպքում արվեստը անկեղծության կրողն է դառնում: Որքա՞ն է անկեղծության սահմանը արվեստագետի եւ աշխարհի միջեւ, որտեղի՞ց է սկսվում: 

Արվեստում սահմաններ չկան: Իսկ անկեղծությունը, եթե կուզես իմանալ, արդեն իսկ արվեստ է: Ես երբեք չեմ հիշում, թե երբ եմ սկսել նկարել: Հիշում եմ այն, որ բոլորն ինձ սկսում էին փնտրել, իսկ ես, ինչպես պատմում էր վանեցի տատիկս, մահճակալի տակ նկարում էի: Հետո դպրոցում էլ էր այդպես. ծնող կանչեցին նրա համար, որ գրասեղանին նկարել էի: Բայց հաճույք էր, երբ առերեւույթ արգելված տեղը նկարում էի` թողնելով հետքս: 

Ստացվում է՝ «փակ պատուհաններ» չկան... 

Ինքդ պետք է էդ մտայնությանը հանգես....Առավոտյան, երբ արեւ կա, ձայն կա, որ արթնացրել է քեզ, ամենը փորձում ես փոխանցել կտավին: Այնքան ես զրուցում, այնքան ես մնում դու քեզ հետ, դու` կտավի հետ, դու`աշխարհի հետ, մինչեւ բացվում է այդ պատուհանը: 

Հետաքրքիր է, երբ արվեստագետն ապրում է փոքրիկ քաղաքում, մեծ իրադարձությունների ազդեցությունը կրելով, բայց պատուհան է բացում աշխարհի առաջ: Այդ են վկայում բազմաթիվ արտերկրյա ցուցահանդեսներդ: 

Սահմանները` զուտ մարմնական, ոչինչ են եւ նույնիսկ լավ, որ կան: Իսկ ստեղծագործելը միանշանակ խախտում է սահման կոչվածն ու թույլ տալիս, որ շնորհդ օգտագործես: Դուրս չհանեելու դեպքում ոչինչ չես ստանում, իսկ էներգիայի փոխանցման դեպքում նորովի պատասխան ես ստանում: Եվ նկարչությունն էլ դառնում է դրվագի, ապրած պահի հետեւանք: Խառնվում են մտքերդ, քանի դեռ այդ ամենը փոխակերպված դուրս չի հորդում:

Այդ դեպքում պետք է խնդրեմ` նկարագրես նկարելու ընթացքը: 

Նկարելիս տրվում եմ կտավին` մոռանալով ժամանակի մասին: Այդ անբացատրելի ուժ է, որ քեզ կտրում է իրականությունից, դու խառնվում ես եւ հասկանում, որ հիմա երկու իրականությունների մեջ պետք է մի միջնորդ բան ստեղծես: Եվ ղեկավարումն արդեն տիեզերական է դառնում: 

Իսկ երկրայի՞նը` սոցիումն ու մարդկային հարաբերությունները... 

Ամեն ինչը կարող է խանգարել` առօրյա խնդիրը, անցանկալի մարդը... Զարմանալիորեն նույնիսկ նկարելու ընթացքի մեջ ամեն բան սկսվում է պտտվել այնքան, որ կամ ցույց տա արատավոր երեւույթը, կամ փորձի շտկել այն: 

Դրա հետեւանքով չի՞ առաջանում ստեղծագործական վաակում:

Արվեստը հենց ինքնին տարածություն է, որտեղ փորձում է ներխուժել արվեստագետը: Երբ արվեստի մեջ ես, բացվում է տարածությունից դուրս հորդելու պատուհանը: 

Հ.Գ. Արեւիկ Մկրտչյանի մյուս ստեղծագործությունները կարող եք դիտել այստեղ:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. ԳԱԳԻԿ08:49 - 7 հոկտեմբերի, 2012
ՄԵԾ ԲԱՎԱԿԱՆՈՒԹՅՈՒ ՍՏԱՑԱ ՆԿԱՐՆԵՐԸ ԴԻՏԵԼՈՒՑ,,ԱՓՍՈՍ ՄԵՐ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐՈՒՄ ՇԱՏ ՔԻՉ ԵՆ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ ՆԿԱՐԻՉ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻՆ,ՍՈՎՈՐԱԲԱՐ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՈՎՔԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ,ԵՐԵՎԻ ԴԱ Է ՊԱՏՃԱՌԸ ՈՐ ՇԱՏԵՐԻ ԳՈՐԾԵՐԻՆ ԾԱՆՈԹ ՉԵՍ ԼԻՆՈՒՄ,ԱՐԵՎԻԿԻ ԳՈՐԾԵՐՈՒՄ ՎԱՌ ԵՐԵՎՈՒՄ Է ՆՐԱ ՀՈԳԵԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ, ԱՅՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ ՈՐՏԵՂ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ Է ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ,,,,ԱՊՐԵՍ ԱՆՈՒՇ ՔՈՉԱՐՅԱՆ ՈՐ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՔՈ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ԻՐԱԶԵԿՈՒՄ ԵՍ ՍԵԶ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ