HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հէկը կառուցվել է առանց համայնքի թույլտվության. գյուղացիների բողոքը արդյունք չի տալիս

Մեծ պաշտոնյաների փոքր հէկերը-9

Նազարյանների ընտանիքը իրենց տան պատուհանները հատուկ «եվրո» են դրել, որպեսզի մեկընդմիշտ ազատվեն հարևանությամբ աշխատող փոքր հիդրոէլեկտրակայանի առաջացրած աղմուկից: Փոքր երեխային էլ տան հետնամասի սենյակում են քնեցնում, որպեսզի այդ աղմուկից երեխան չարթնանա: Հայկն ասում է, որ եվրոպատուհաններն էլ չօգնեցին, միևնույն է, ձայնը լսելի է, հատկապես, երբ աշխատում են փոքր հէկի բոլոր` 3 գեներատորները: 

Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում` Արփա գետի Դարբ վտակի վրա, «Ֆիրմա Գ.Ա.Խ.» ՍՊԸ-ն կառուցել է «Սարավան» փոքր հիդրոէլեկտրակայանը 2470 կՎտ դրվածքային հզորությամբ: «Ֆիրմա Գ.Ա.Խ.» ՍՊԸ-ն հիմնադրել են Գագիկ Խաչատրյանն ու Արամ Ազատյանը: Սակայն այդ հէկի համար որևէ փաստաթուղթ համայնքի ղեկավարը չի ստորագրել, հէկը չի կառուցվել ի սկզբանե հէկի կառուցման համար տրամադրված տարածքում, որը գյուղից դուրս էր գտնվում և մարդկանց առողջությունը որևէ կերպ չէր վտանգի:   

Սարավանի համայնքապետ Սիմոն Բաբայանն ասում է, որ արձակուրդից վերադարձել ու տեսել է, որ հէկի շենքը նոր այլ տեղում է կառուցվել` անհատ սեփականատիրոջ հողատարածքում:

«Ինքնակամ շինություն է,- ասում է գյուղապետը և նշում, որ մեծ պատմություններ են եղել այդ հէկի հետ կապված,- վարչական տույժ է եղել, ոչ ենթարկվում է, ոչ բան է անում, վարչական տույժը գրում ուղարկում ենք` նամակներին չի պատասխանում, չի ընդունում»: 

Անհատ սեփականատիրոջ տարածքը, որտեղ այժմ գործում է հէկը, անմիջապես կից է գյուղի բնակելի մասին, իսկ փհէկի աղմուկն այնքան շատ է, որ գյուղացիները ստիպված հանրապետության նախագահին են բողոքել: Գագիկ Խաչատրյանը գյուղացիներին հավաստիացրել է, որ հէկի շենքին եվրոպատուհաններ կտեղադրեն, հերմետիկ կփակվի, ու ձայնը գյուղացիներին չի խնագարի, բայց եվրոպատուհաններ դնելուց հետո աղմուկը չի վերացել: Եվ այդպես արդեն ավելի քան մեկ տարի: 

Հէկը գործում է անցյալ տարվա ամռանից, և արդեն իսկ աշխատակիցները բազմիցս կտրել են գյուղացիների ոռոգման ջուրը: «Անցած տարի խնդիր առաջացավ, ես իմ մեքենայով բարձրացել եմ ակունքը, որտեղից գեսը սնվում է, էնտեղ չափ դրեցինք, պեչատեցինք, որ դրանից ավել ջուր չպիտի ընդունի գեսը, ու էդպես խնդիրը լուծվեց»,- պատմում է համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Ռազմիկ Մանուկյանը: 

Իրականում խնդիրը չի լուծվել. այս տարի բնակիչներին ոռոգման սեզոնին ջուր չի հասել, գետը ցամաքել է, քանի որ ջուրը վերցրել է հէկը: Բնակիչների ահազանգով միջամտել է Բնապահպանության նախարարության աշխատակազմի Բնապահպանական պետական տեսչության Վայոց ձորի բաժինը: Բաժնի պետ Վահիկ Գրիգորյանը «Հետքին» տեղեկացրեց, որ բնակիչների և համայնքի ղեկավարի ահազանգով գնացել և խախտում են հայտնաբերել տեղում, և համապատասխան էկոլոգիական թողքը չապահովելու համար հէկին տուգանել են 150 հազար դրամով: «Մի քանի անգամ պարբերաբար համայնքի ղեկավարի, համայնքի բնակիչների ահազանգով մենք գնացել ենք այդ հէկը, ամեն անգամ տարբեր ձևի զգուշացումներ են եղել»,- ասաց Վ. Գրիգորյանը: 

Խնդիրներն այսքանով չեն ավարտվում: Հէկի խողովակաշարի մի մասն անցնում է գյուղացիների սեփականաշնորհած տարածքների միջով: Հէկի սեփականատերերը հողատերերին սկզբում չեն փոխհատուցել, միայն բնակիչների բողոքներից հետո նրանց չնչին փոխհատուցումներ են տրվել` 5-20 հազար դրամ: «Եթե Երևանում կամ ուրիշ տեղ նման տարածք վարձակալեին, հաստատ 100 հազար դրամից պակաս չէր լինի` մանավանդ, որ ինքը դրանից եկամուտ է ստանում»,- ասում է համայնքապետարանի առաջատար մասնագետ Ռուզան Ասատրյանը: 

Գյուղապետ Բաբայանը վստահ է, որ սերվիտուտի պայմանագիրը կնքվել է բազմաթիվ շեղումներով. «Էն, ինչը որ պիտի տեղափոխեր, հարթեցներ, դաշտամիջյան ճանապարհները քանդուոքարափ արեց, դրանք էլ չդզեց»: 

«Հասարակ մի բան, որ ասում ենք` գոնե գյուղին գիշերային լուսավորություն անեն, էդ էլ չեն ուզում անել,-դժգոհում է Ռազմիկը,- գյուղի մեջ դրել ես յեքա գէսը, բա դու գյուղացուն ոչնչով չօգնե՞ս»: 

Գյուղապետը մինչ օրս հէկի շահագործման ակտը չի ստորագրել: Մի քանի անգամ վարչական տույժ են գրել ու ուղարկել, նամակները ետ է վերադարձվել, իսկ հեռախոսազանգերին պատասխանելիս Գ. Խաչատրյանը մշտապես ասել է, որ հանրապետությունում չէ:

«Մարզպետին գրավոր դիմեցի, դրա պատճառով քաղաքաշինության տեսչության պետ փոխեցին, մի խոսքով` լիքը խնդիրներ, ես ակտերի տակ չեմ ստորագրել, ու տենց աշխատում է, վկայական չունի, ես ավարտական ակտի տակն էլ չեմ ստորագրել, ես չեմ կարող հասկանալ, թե դրա ճակատագիրն ինչ պետք է լինի»,- ասում է գյուղապետ Բաբայանը: 

Սա Գագիկ Խաչատրյանի միակ հէկը չէ, նա ևս մեկն ունի Վարդենիկում, իսկ Վայոց ձորի Գողթանիկ գյուղում ավարտվում են ևս մեկի կառուցման աշխատանքները: Իսկ մինչ այդ` սարավանցիներն ասում են, որ Գագիկ Խաչատրյանը խոստացել է տեղափոխել հէկը: Առայժմ խոստումը չի կատարել: Թե որքանով է վտանգավոր այդ ձայնը գյուղի բնակիչների առողջության համար, որևէ գերատեսչություն չի ստուգել: 

Հ. Գ. Գողթանիկում Գագիկ Խաչատրյանը իր աշխատողներին մի քանի ամիս շարունակ աշխատեցրել, բայց աշխատավարձերը չէր վճարել: Վերջինս մեզ հետ զրույցում հիմնավորեց, որ ինչ-որ խնդիրներ են առաջացել տնօրենի հետ, և անպայման աշխատակիցները ստանալու են այդ գումարները: Այս հէկին կանդրադառնանք ավելի ուշ:

Մեկնաբանություններ (1)

GAGIK
ՀԵՏՔ---ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՉԿԱ ՄԻ ՈԼՈՐՏ ՈՐՏԵՂ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾԻ,,ԵՆՊԵՍ ՈՐ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ԿԱՐԴՈՒՄ ՈՒ ՉԵՄ ԶԱՐՄԱՆՒՄ,,,ԲԱԶՄԱԿՕՂՄԱՆԻ ԶԱՐԳԱՑԱԾ ԻՇԽԱՆԱՈՐՆԵՐ ՈՒՆԵՆՔ,,,ՀԱՄ ՇԻՆԱՐԱՐ ԵՆ ՀԱՄ ՇԱՔԱՐ ԵՆ ԲԵՐՈՒՄ ՀԱՄ ԴԵՂՈՐԱՅՔ ՀԱՄ ԲԵՆԶԻՆ ,ՊԵՏՔ ԵՂԱՎ ԳԻՆԵԿՈԼՈԳ ԷԼ ԿԱՇԽԱՏԵՆ,,,ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՐԵՎԻ ԷՍՊԻՍԻ ՉՏԵՍՆԵՐ ՉՏԵՍՆԵՍ....ՉՏԵՍԱՆ ՊԱՏԻՑ ԿԱԽ ՏԵՍԱՆ ՃԱԿՏԻՑ ԿԱԽ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter