HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Գոմեշի մսի գործով մեղադրյալը Կապանի մսի կոմբինատի տնօրենն է

«Հետքի» աղբյուրի փոխանցմամբ՝ բանակում հայտնաբերված գոմեշի մսի հայտնի քրեական գործով մեղադրյալը կապանցի գործարար Ալբերտ Օհանջանյանն է՝ «Ա. Օհանջանյան» ՍՊԸ-ի ղեկավարը: Նա առավել հայտնի է իբրեւ Կապանի մսի կոմբինատի տնօրեն: Հետաքրքիր է, սակայն, որ պետռեգիստրի տվյալներում ՍՊԸ-ի հիմնադիր է նշված Ալբերտ Օհանյանը: Ընդ որում՝ իրավաբանական անձը նախկինում կոչվել է «Ա. Օհանջանյանի «միս»» ԱՁ: Ընկերությունը զբաղվում է տարբեր տեսակի պահածոների (ընկույզ, ծիրան, կեռաս), օշարակների, մարինադների արտադրությամբ:

Ի դեպ, օգոստոսին «168 ժամը» գրեց, որ մսի կոմբինատի շենքերը, ըստ լուրերի, գնել է գործարար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ով պատրաստվում է այդտեղ տեղափոխել Քաջարան գյուղի բնակիչներին: Խոսքը Կապան մտնող մայրուղու ձախ կողմում գտնվող կոմբինատի մասնաշենքերի մասին է: Իսկ «Ա. Օհանջանյան» ՍՊԸ-ին պատկանող մյուս կառույցները գտնվում են քաղաքի մուտքի մոտ:

Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ Օհանջանյանը բանակի հետ համագործակցել է մսի ոլորտում: Չնայած նախկինում ընկերությունը զինված ուժերին նաեւ մսամթերք՝ երշիկեղեն է մատակարարել:      

Ասում են՝ Օհանջանյանը հարգված ու ճանաչված անձնավորություն է հարազատ քաղաքում, Կապանի հարուստներից մեկն է, ու նրան ճանաչողները զարմացել են, երբ տեղեկացել են, որ գործարարի անունը կապվում է քրեական պատմության հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ 57-ամյա Օհանջանյանը երբ իմացել է, թե իրեն պետք է կալանավորեն, սրտի կաթված է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: «Հետքի» կապանյան աղբյուրներն էլ տեղեկացնում են, որ գործարարը սրտի վիրահատության էր ենթարկվել, բայց դա եղել է վաղուց:

Նա զբաղվել է Ուկրաինայից տավարի մսի ներկրմամբ, սակայն ՊՆ-ին վաճառել է հնդկական գոմեշի միս: Դա եղել է երկու անգամ, մի անգամ՝ 12.000 տ, մեկ այլ անգամ՝ 8.000: Տավարի միս ներկրողի կողմից գոմեշի միս վաճառելը կարող է մի փոքր տարօրինակ թվալ, սակայն պարզվում է, որ Օհանջանյանը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ-ի տերերի հետ, որոնք գոմեշի միս են ներկրում Հնդկաստանից: Այս ՍՊԸ-ն վերջին 21 ամսում ներկրել է 1.914 տ միս, սակայն գոմեշի մսի գործում նորեկ չէ: Մասնավորապես, 2008-ին եւ 2009-ի առաջին կիսամյակում «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերությունը Հայաստան է բերել 732 տ գոմեշի միս: «Արմեն-Համիկ եղբյարներ» ընկերության տերերը, ըստ պետռեգիստրի, երեք հոգի են՝ Էդիկ Հովհաննիսյանը, Հայկ Մարգարյանը, Վահե Շխրտմյանը: Այս անունները ոչինչ չեն ասում: Նախ նշենք, որ ընկերությունն առավել հայտնի է «Օրիգինալ» սուրճով, ինչպես նաեւ մետաղե կղմինդրների ու պրոֆիլների արտադրությամբ: Ու պատահական չէ, որ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում գործող ընկերության իրական տիրոջը ճանաչում են իբրեւ «Կոֆեի» Արթուր: Վերջինիս «տանիքն» էլ հայտնի նախկին գեներալներից մեկն է (բայց ոչ Արշալույս Փայտյանը):

Այդուհանդերձ, Օհանջանյանի կողմից ՊՆ-ին վաճառած գոմեշի մսի ծավալը բավականին մեծ է՝ 20.000 տ, եթե համեմատության համար ասենք, որ, ըստ վերջերս կառավարությունում ՍԱՊԾ պետ Աբրամ Բախչագուլյանի հնչեցրած թվերի, 2011-ին եւ 2012-ի առաջին 9 ամսում ներկրվել է 15.610 տ գոմեշի միս: 2008-ին եւ 2009-ի առաջին կիսամյակում էլ, ՊԵԿ-ի տվյալներով, Հնդկաստանից ներկրվել է 19.812 տ միս: Այսինքն՝ Օհանջանյանը բանակին վաճառել է այնքան միս, որքան 1,5 տարում ներկրում են գոմեշի մսով զբաղվող ընկերությունները: Այստեղ մի քանի տարբերակ կարող է լինել: Օրինակ՝ այն, որ ներկրողները ավելի փոքր թվեր են ներկայացնում, քան իրականում անցկացնում են մաքսային սահմանով: Այս համատեքստում հետաքրքիր է այն, որ նախաքննություն իրականացնող ՊՆ քննչական ծառայության աշխատակից Մերի Սարգսյանը վերջերս հայտնել էր «Հետքին». «Քրեական գործով կատարվում է բազմակողմանի, լրիվ քննություն: Եվ ոչ միայն այն ուղղությամբ, ինչի կապակցությամբ (ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումների) քրեական գործը հարուցվել էր, այլ նաեւ, օրինակ, հարկերից ու պարտադիր այլ վճարումներից խուսափելու»: Ի՞նչ հարկերի եւ այլ վճարումների մասին է խոսքը. նախաքննական մարմինը գերադասում է չբացել փակագծերը: Այդուհանդերձ, մեր աղբյուրը հայտնում է, որ այս պատմությունը բավականին խորն է ու կազմված է մի քանի դրվագներից:     

Հիշեցնենք, որ գոմեշի մսի գործի՝ հասարակական հնչեղություն ստանալուց հետո սեպտեմբերի 6-ին երկրի ղեկավարի հրամանագրով պաշտոնանկ արվեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, ով պատասխանատու էր բանակի սպառազինության եւ գնումների համակարգի համար: Հետո նախագահը նաեւ նշեց, որ Փայտյանը 200.000 դոլար «պարտք» է վերցրել մատակարարից: Արժե հիշել, որ Փայտյանը 2003-2005 թթ. եղել է ԶՈւ առաջին բանակային կորպուսի հրամանատարը: Այս միավորումը ներառում է նաեւ Կապանում տեղակայված ստորաբաժանումները: Գեներալ Փայտյանի ու կապանցի գործարար Օհանջանյանի հնարավոր կապը թերեւս երկրորդական դեր չի խաղացել հենց «Ա. Օհանջանյան» ՍՊԸ-ից մեծածավալ գնումներ կատարելու հարցում:   

Մեկնաբանություններ (8)

arthur
This is idiotism, sorry but I have to call things by their names. Are you saying the army bought twenty thousand tons of buffalo meat within 1.5 years? 60000 soldiers consumed 2 times more than 2.5 million Armenia(2011 imports were 10500 tons)??? Be serious. I wonder if someone proofreads these articles.
ԳԱԼՈՒՍՏ
ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՊԱՆԻՑ ՈՉ ՄԻ ԴՐԱԿԱՆ ՍԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ,,,,ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՄԱՍԸ ԴԱՐՑԵԼ Է ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱ,,ՈՄՆ ՍԵՐՈԲ ՍԿՍԵԼ ԵՐ ԱՅԼԱՍԵՐԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱՆԵՐԻՆ,,ՄԱՐԶՊԵՏԸ ՄԱՍՆԱԳԻՏԱՑԵԼ Է ԿԻՆ ԾԵԾԵԼՈՒ ՄԵՋ,,,ՀԻՄԱ ԷԼ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՂԵՐԻ ԵՆ ԹԱԼԱՆՈՒՄ ՆՈՐ ՄԱԽԻՆԱՑԻԱՅՈՎ,,,ԱՄԵՆ ՄԻ ԿՐԻՄԻՆԱԼ ԳՈՐԾ ՇՂԹԱՅՈՎ ԲԵՐՈՒՄ Է ՈՒ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՎՐԱ.ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՊՂԾԵԼ ԵՆ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ, ԷԼ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ԷԼ ՉՈՒՆԵՆ ՀԱՍԵԼ ԵՆ ՄԵՐ ԲԱՆԱԿԻՆ,ԺԱՄԱՆԱԿՆ Է ԲՈԼՈՐ ՍԱԿԱՆՔՆԵՐԻՑ ԱԶԱՏՎԵԼ ԵՎ ԴԱՏԵԼ,ՆՐԱՆՑ ՏԵՂԸ ՍԵՐՈԲԻ ԿՈՂՔՆՆ Է,,ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ ԱՅՆՏԵՂ ԻՐԱՐ ՀԵՏ ԼԵԶՈՒ ԿԳՏՆԵՆ
David
Ցեղասպանությունը հենց սա է որ կա;Երևի թուրքն է մեղավոր;
Վահե
arthur-ին. եթե ուշադիր կարդայիք հոդվածը, կտեսնեիք, որ այնտեղ չի գրված, թե 20.000 տոննա միսը բանակին վաճառվել է 1,5 տարում: Ընդամենը գրված է, որ այդքան միս, ԸՍՏ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ, Հայաստան ներկրվում է 1,5 տարում: Իսկ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ դեռ չեն նշանակում իրականություն:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ԳԱԼՈՒՍՏ(2) - Ճիշտ ես նկատել: Ու սրա ամենահիմնական պատճառն այն է,որ այսօր Սյունիքի մարզը դարձրել են մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու Քաջարանում գործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի սեփական ՖԵՈԴԱԼԱԿԱՆ ԿԱԼՎԱԾՔԸ: Այս 2-ը իրենց ԱՆՊԱՏԻԺ իշխաններ են զգում ու համարում: Ես ձեզ մի օրինակ բերեմ այսօր Կապանում (և Սյունիքում) տիրող Ստալինյան ՎԱԽԻ ու ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ աստիճանի վերաբերյալ. մարզկենտրոնի գործող քաղաքապերտը անձամբ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ հայտարարեց,որ քաղաքապետի ընտրություններից դուրս է գալիս իր վրա ճնշումներ գործադրելու պատճառով,բայց իրավապահ մարմինները ՈՉ ՄԻ ԲԱՆ չարեցին սրա հիման վրա: Էլի՞ փակագծերը բացեմ,թե արդեն պարզ եղավ: Դեռ չեմ խոսում հանքարդյունաբերության ՄԱՖԻԱՅԻ դաժան բլեֆների մասին: Մարդիկ ՀՈՒՍԱՀԱՏ են,որովհետև թունելի վերջում լույս չեն տեսնում: Իսկ տեղի եկեղեցականները ԱՄԵՆ ԱՌԻԹՈՎ նկարվում, ժպտում ու օրհնում են նույն ֆեոդալական կլանի օլիգարխիկներին. ՈՉ ՄԻ քննադատական խոսք-Հայ եկեղեցին հո միամիտ չի,որ իրեն հաց տվող ձեռքը կտրի.միայն սնկի պես բազմանում են Սյունիքում: Իսկ հոգին հանքարդյունաբերությանը,իսկ մարմինը՝ ՀՀԿ-ին ԾԱԽԱԾ Կապանի 2 TV-ները (Խուստուփ TV և Սոսի TV) ԱՌԱՆՑ ԱՄՈԹԻ էժան պրոպագանդա են անում անողնաշարների պես: Այնպես որ,մի միսը դրանց համար ինչ է որ.էդ մարդիկ գյուղեր են պատրաստ կործանել-էդ մադկանց ՄԻԱԿ «սրբությունը» ՓՈՂՆ է: Իսկ այս ամենը փոխվելու ՇԱՆՍ ՄԻԳՈՒՑԵ ունենա,երբ որ Սյունիքը կառավարի ԸՆՏՐՈՎԻ Մարզային Խորհուրդը,որն էլ (կամ ժողովուրդը) ԿԸՆՏՐԻ մարզպերին,որպեսզի մարզպետը պատասխանատու լինի ԺՈՂՈՎՐԴԻՆ,այլ ոչ իր «իրենից լավ» շեֆերին:
arthur
Vahe-in: below is from your article: Այդուհանդերձ, Օհանջանյանի կողմից ՊՆ-ին վաճառած գոմեշի մսի ծավալը բավականին մեծ է՝ 20.000 տ.
Մագա
Ազգուրացություն և պետական դավաճանություն...
Վահե
arthur-ին. այո, 20.000 (12.000 + 8.000) տոննա միս վաճառվել է բանակին, բայց ոչ ոք չի ասում, որ դա եղել է 1,5 տարում: Հարցը սա է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter