HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Մանկատնից հետո

22-ամյա Գագիկ Ախմեդովը երեք եղբայրների հետ 5 տարեկանից ապրել է Գավառի մանկատանը:

Հիմա եղբայրներով ապրում են միջնեկ եղբոր տանը, որը նա ստացել է «Պետական աջակցություն խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում: Շուտով Գագիկն ու ավագ եղբայրն էլ կստանան բնակարաններ: Մեր զրույցը սղագրելիս որոշեցի, որ հոդված գրելու փոխարեն ավելի լավ է ներկայացնեմ Գագիկի խոսքերը:

«Գիտես, ինչքան էլ հետո փորձես անջատվես մանկատանն ապրած այդ անցյալից, միեւնույն է, չի ստացվի, հասարակ բան. կան կատակներ, որ ոչ ոք, բացի մանկատանը մեծացած մարդուց, չի հասկանա, կան մտահոգություններ եւ վախեր, որ միայն մանկատան երեխան ունի : Մինչեւ կյանքիդ վերջ կապված ես...»:

«Գնում փորում էինք ուրիշի հողամասը, ինչ ա թե՝ մի տնական ճաշ ուտեինք: Մանկատանը մեծ թասերով ջրիկ ճաշ էինք ուտում ու, չգիտեմ ինչի, չէի կշտանում, երկրորդ անգամ էի ուզում, երրորդին արդեն ամաչում էի...»:

«Մի անգամ ընկերոջս կինը երեխայի համար կարտոֆիլով ճաշ էր պատրաստում, երեխան չէր ուտում, մայրը ջուրը քամեց, տապակեց, իրա ուզածով սարքեց: Նայեցի ու էնքա՜ն նախանձեցի: Ես էս տարիքում էլ ընենց երեխավարի կուտեի էդ կարտոշկեն, մենակ թե ինձ համար էլ իմ ուզածով սարքեին...»:

«Մանկատանը սիրող դայակ ունեցել եմ: Տենց լինում է, որ դաստիարակներն ընտրում են մի երեխա ու սիրում: Ամռանը երեք օր մնում էի ինձ սիրող դայակիս տանը ... »:

«Մանկատանն այնքանով է լավ, որ օրը պրծավ, գիտես` քնելու տեղ կա, որ չես մտածում մեկին խնդրել, որ ժամանակավոր քնելու տեղ տա, ու հետո մտածես վարձը չուշացնելու մասին, որ եթե հացն ու չայն անհամ է լինում, էլի ոչինչ, բայց գոնե գիտես, որ սոված չես քնում: Մի օր կիսասոված, մի օր կուշտ` օրերն անցնում են: Գավառի մանկատանը դրախտ չի եղել, բայց երբ հետո տեսնում ես, թե ինչեր են լինում, մտածում ես, որ դա փառք էր»:

«Երբ մեծ եղբայրս բանակից եկավ, գնալու տեղ չուներ: 4 օր ապրեց մանկատանը, հետո եկավ Երեւան: Բայց ո՞ւր գնար այդ մարդը: Տեղ չուներ: Նոյեմբերին մի քանի օր ապրեց փողոցում: Մինչեւ հիմա զարմանում եմ, թե ինչպես դիմացավ: Այդ օրերի մասին չենք խոսում, սուս ու փուս շրջանցում ենք, բայց երեքս էլ գիտենք, որ փողոցում ապրելն իրական բան է: Հետո չգիտեմ ինչպես մի կիսաքանդ տուն գտավ, վարձեց, այդտեղ էլ ապրեցինք, մինչեւ միջնեկ եղբորս պետությունը տուն տվեց»:

«Հետո ես եկա բանակից: Գնում էի, ասում էի՝ եկել եմ աղբ թափեմ, մեքենա լվանամ, ասեք՝ ի՞նչ անեմ, ասում էին` ոչ մի բան, գնա: Ո՞վ էր էլ մտածում սովորելու մասին...»:

«Գավառում շինարարություն էի անում, գորգ էի գործում` զբոսաշրջիկներին վաճառելու համար: Ամբողջ օրը վինտիլի գործ էինք անում, հին վինտիլները մաքրում էինք ժանգից, ներկում, որ նորի տեղ վաճառեն»:

«Իմ սերնդի մանկատան ընկերներիս մեծամասնությունը, ում համար չգտնվեց հովանավոր, հայտնվեցին օդի մեջ կախված: Մի անգամ Բաղրամյան փողոցում առավոտյան ժամին մեր երեխեքից տեսա, ցախավելն ուսին` մի հատ հին տաշտակ քարշ տալով աղբ էր հավաքում: Ախր նույնն է, որ տեսնես եղբայրդ է էդ վիճակում, էնքա՜ն նեղվեցի: Մի անգամ էլ ինձ մեքենա վարել սովորեցնող վարորդը երբ իմացավ, որ Գավառից եմ, նենց մի տեսակ խորամանկ ժպտալով ասում ա՝ Լուիզիկին, Մերիին... հիշո՞ւմ ես, ու ծիծաղում է... Ես աղջիկներին չեմ մեղադրում: Կային աղջիկներ, որ ուզում էին սովորել, մասնագիտություն ունենալ, ու հանկարծ իմանում եմ, որ Դուբայում են: Շատ են այնպիսինները, որ, իրոք, ստիպված են` ո՛չ մասնագիտություն ունեն, ո՛չ խելք, ո՛չ էլ տեր ու տիրական»:

«Բարեկամներիս հետ ծանոթացել եմ բանակից հետո: Եղբայրս իմացել է, որ բարեկամներ ունենք, եւ ապրում են Էջմիածնի Ակնալիճ գյուղում, ազգությամբ եզդի են: Պարզվում է, որ մայրս մահացել է 2001 թ., իսկ մենք ապրում էինք այն մտքով, որ մայր չունենք, չկա, մահացել է վաղուց: Մայրս տկար կին է եղել. ասում են, որ մի հատ թթի ծառ կար, ավլում էր ծառի տակ ու ժամերով նստում այնտեղ: Իմանում եմ, որ հայրս եւ մայրս բաժանվել են, երեք եղբայրներով հորս հետ ենք մնացել, քույրս` մորս: Հայրս մեկ-մեկ գալիս էր մանկատուն, տուլիկ էր բերում մեզ համար: Առանձնապես հիշողություններ չունեմ իր հետ կապված: 1993թ. մահացել է: Միակ նպատակը մեր քրոջը գտնելն էր, բայց այսքան տարիներ օտար ենք եղել, դժվար է ամեն ինչ վերականգնել»:

«Գավառում մի դասատու կար, ասում էր՝ ո՞վ գիտի, գուցե լավ է, որ հիմա այստեղ եք: Ի՞նչ գիտեմ, ի՞նչ կլիներ, եթե ես մնայի ընտանիքում: Իմ դեպքում գուցե այսպես ավելի լավ է: Երեւի շատերի դեպքում»:

«Հիմա ծրագրավորում եմ սովորում, անգլերեն: Աշխատում եմ «Կոկա-կոլա» ընկերությունում: Տնօրենս երբ իմացավ, որ ուզում եմ սովորել, ասաց, որ կարող եմ դասերից հետո գալ աշխատանքի: Այդ առումով բախտս բերեց, հիմա հասցնում եմ եւ՛ սովորել, եւ՛ աշխատել»:

Lուս. Նելլի Շիշմանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter