HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Այսօր` քիչ, բայց նաղդ... Վաղը շատ չեմ ուզում»

«Այս մտածելակերպով մենք կշարունակենք հաղորդակից չլինել աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխություններին, որոնք ամեն օր տեղի են ունենում»,-ասում է «Պոպոք» գովազդի միջազգային փառատոնի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: 

«Պոպոք» գովազդի միջազգային փառատոնը մայրաքաղաք Երեւանում կկայանա հոկտեմբերի 25-27-ը:Մրցույթի բյուջեն կկազմի շուրջ 20 մլն դրամ: Մանրամասներին ծանոթանալու համար հարցազրույց անցկացրինք փառատոնի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ:

Նախ ուզում էի մի հարց տալ կապված անցյալ տարվա փառատոնի հաղթողների հետ: Ինչպես ինքս նկատեցի, տարբեր անվանակարգերում հաղթող էին ճանաչվել հիմնականում Ուկրաինայի ներկայացուցիչները: Ինչո՞վ էր պայմանավորված դա:

Մրցանակները Ուկրաինային չեն տրված. ուկրաինացիները հաղթել էին: Ու ոչ բոլոր մրցանակներն էին: Գլխավոր մրցանակը ստացել է Վրաստանի ներկայացուցիչը:

Մրցանակների թվով, այնուամենայնիվ, Ուկրաինան էր առաջին տեղում...

Ոնց որ ասեք` «Ժիգուլիները» Հայաստանում շատ են: Դա չի նշանակում՝ ամենալավ մեքենան «Ժիգուլին» է:

Ուղղակի ուզում էի իմանալ ` որակապես ինչպիսի՞ գովազդներ են ներկայացնում ուկրաինացիները. հետաքրքիր էր այդ ակտիվությունը, որ նկատեցի: Ինչ-որ հստակ տարբերություն կա՞ իրենց գովազդների և ընդհանուր գովազդերի միջև:

Ուկրաինացիները տիպիկ ներկայացուցիչներ են ոչ սովետական գովազդային դաշտի և նրանք շուկայի մեծ խաղացողներ են... Շատ հետաքրքիր գովազդային շուկայի, որն ունի հակամենաշնորային նշանակություն:

Ցավոք, ռուսաստանյան գովազդը այդպիսին չէ, և մենք էլ էդ նույն խնդիրներն ունենք: Ուկրաինական շուկան շատ արագ զարգացող շուկա է:Եվրոպական գովազդային տենդենցները ավելի շուտ հասնում են Ուկրաինա, քան Ռուսաստան, և ռուսաստանյան շուկան, այդքան մեծ լինելով, բազմազանություն չի պարունակում, բայց ուկրաինական շուկան, չունենալով փողի ավելցուկ, շատ ավելի, իմ կարծիքով, կրեատիվ է` ավելի լիբերալ են հայացքները , ավելի բաց է, հասարակական կազմակերպությունների նշանակությունը ավելի մեծ է:

2010 թվականին փառատոնին մասնակցում էին 54 քաղաքից, իսկ այս տարի ինչպիսի՞ ակտիվություն է նկատվում:

Դեռ չենք տիրապետում այդ ինֆորմացիային, քանի որ արշավը նոր է սկսված: Կարծում եմ` ամենամեծ ձեռքբերումը այս տարի կայանում է նրանում, որ մեր փառատոնը մտավ Ռուսաստանի Էկոնոմիկացիոն գործակալությունների ասոցիացիայի ռեյտինգի մեջ` առայժմ դեռ «բրենդ-դիզայն» անվանակարգում, բայց հուսով ենք` աստիճանաբար մնացած անվանակարգերում էլ կհայտնվի: Այդ իսկ պատճառով սպասում ենք, որ շատ մասնակիցներ կլինեն Ռուսաստանից: Մյուս կողմից` մենք պիտի կարողանանք ապահովել, որ թե՛ ռուսները, թե՛ ուկրաինացիները, թե՛ բելառուսները և մնացած պետությունների ներկայացուցիչները այստեղ հետաքրքիր գործընկերներ գտնեն ասիական պետություններից:

Այսինքն՝ փառատոնը «մասնագիտական» խաչմերուկի պես  մի բա՞ն կդառնա:

Այո, գովազդային խաչմերուկի պես, որ կվերածվի գործի: Եթե նրանք զգան, որ այս փառատոնը իրենց բերում է լրացուցիչ դիվիդենտներ` ծանոթությունների, նոր նախագծերի, PR-ի, գովազդի առումով, ապա, կարծում եմ, որ նրանք ենթագիտակցորեն ավելի շահագրգռված կլինեն մասնակցելու գալիք փառատոններին:

Հենց այդ գովազդային խաչմերուկի կոնտեքստում ի՞նչ է ձեռք բերում հայկական գովազդի մասնագետը:Այս երկու տարիների ընթացքում փորձի փոխանակման հետեւանքով նկատե՞լ եք ազդեցություն կամ փոփոխություն հայկական գովազդային շուկայում:

Գիտեք` ինչ եմ նկատել, որ հայաստանցիները ընդհանուր ապատիայի մեջ են, եւ դրա պատճառով է այս մեծ անտարբերությունը, որ բոլոր ոլորտներում առկա է: Ուղղակի հնարավոր է` մեր փառատոնի անցկացման տարիները համընկել են այս դրսեւորման հետ. 2007 թվականից է, իմ կարծիքով, սկսել դրսևորվել գլոբալ անտարբերությունը:

Խնդիրն այն է` երբ փոքրիկ գործ ենք ունենում, զբաղվում ենք էդ փոքրիկ  գործով... Եթե պետք է այսօր աշխատել երկու հազար դրամ, շատ հայաստանցիներ կգնան, կաշխատեն հենց այդ երկու հազար դրամը և չեն գնա սովորեն մի բան դրա փոխարեն, որը որ իրենց վաղը կապահովի օրական քսան հազար դրամ:

Այսինքն՝ քանի դեռ մեր մեջ կա «Այսօր` քիչ, բայց նաղդ...Վաղը շատ չեմ ուզում» մտածելակերպը, մենք կշարունակենք մնալ ոչ ակտիվ, ոչ մասնակից գլոբալ գործընթացներին, որոնք որ անընդհատ տեղի են ունենում:

Կարճ ասած`հայաստանյան կազմակերպությունների մասնակցությունը փառատոնին շատ պասիվ է, բայց հենց իրենք ունեն ամենամեծ հնարավորությունը ինչ-որ ինֆորմացիա ստանալու:

Հնարավոր է նաեւ պասիվ մասնակցությունը բարդույթի հետեւանք է. մտածում են, որ եթե մասնակցեն փառատոնին, ապա կպարտվեն, իսկ մինչ այդ ունեն համբավ: Իրականում դու ճիշտ ժամանակին ճիշտ գումարը պետք է տեղ հասցնես: Հակառակ դեպքում մեծ վնասներ են հասցվում: Սա ամենամեծ վնասն է, որը պետք է դուրս մղել... Մեկ օրում, իհարկե, հնարավոր չէ անել:

Փառատոնը հենց դրա՞ օրինակն է:

Այո:

Շատ լավ: Անդրադառնալով առաջիկա փառատոնի մանրամասներին` ովքե՞ր են ընդգրկված ժյուրիի կազմում:

Դեռ չեմ կարող վերջնական անուններ հրապարակել: Այս առիթով մի դեպք եմ ուզում պատմել անցած տարվա փառատոնից. անցած տարի մենք Հայաստան էինք հրավիրել ազգությամբ թուրք մի շատ հայտնի գովազդային մասնագետի`իբրեւ ժյուրիի նախագահ, եւ, ըստ մեր սցենարի, որն առաջարկել էր ռադիո «Վանը», նախատեսված էր, որ բացման արարողության ժամանակ ժյուրիի նախագահը սցենարով պետք է լիներ Նոյը:

Երբ գործընկերներիս հետ միասին քննարկում էինք այս եւ այլ թեմաներ փառատոնի հետ կապված,  նրանք հայտարարեցին, որ Նոյի դերը չի կարող մարմնավորել ազգությամբ թուրքը:

Ես լիբերալ եմ իմ հայացքներով եւ ապշել էի, թե ինչու պետք է այդ մանրամասների մեջ խորանանք. գովազդի ոլորտում պիտի լինի ստեղծագործական մոտեցում` ի՞նչ կապ ունի, թե ներկայացուցիչը ազգությամբ ով է... Իմ խնդիրն այն է, թե որքան է հանճարեղ նա կամ ոչ:

Այսինքն` սա խոսում է ոլորտում առկա ցարծր մակարդակի մասին: Եթե Օրհան Փամուկը թուրք է ազգությամբ, ուրեմն պետք է չկարդա՞նք նրա ստեղծագործությունները:

Սակայն անձնական խնդիրներ առաջացան նաեւ մեր թուրք գործընկերոջ մոտ, որը չկարողացավ ներկա գտնվել փառատոնին:

Հավանական է, որ այս տարի մեր թուրք գործընկերը կլինի ժյուրիի կազմում:

Որտե՞ղ է անցկացվելու փառատոնը:

Փառատոնն անցկացվելու է Սլավոնական համալսարանի տարածքում, որը մեր ամենակայուն գործընկերներից է, մեր նախաձեռնությունների աջակիցը ` սկսած գովազդից մինչ համապատասխան ֆակուլտետի հիմնումը: Այս կերպ մենք կունենանք բազմաթիվ դահլիճներ, հաղորդակցությունը տարբեր լսարանների միջեւ ավելի հեշտ կլինի:

Հ.Գ. «Պոպոք» փառատոնի մասնակցության կարգին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter