HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեք նոր կայան կտեղադրվի Քաշաթաղում եւ Նոր Շահումյանում

«Հետքի» հարցերին պատասխանում է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը

- Քաշաթաղի շրջանի տասնյակ գյուղեր զրկված են կապից: Բնակիչների հետ հանդիպումների ժամանակ հեռախոսակապի բացակայությունը միշտ նշվում է որպես կարեւորագույն խնդիրներից մեկը: Քաշաթաղի գյուղերից մեկում մի կին պատմեց, որ մոր մահվան մասին իմացել է միայն մեկ ամիս հետո: Ի՞նչ գործունեություն է ծավալում «Ղարաբաղ Տելեկոմն» այս տարածքում, ի՞նչ աշխատանքներ են տարվում գյուղերը կապով ապահովելու ուղղությամբ:

- Այս տարվա մեջ Ղարաբաղում տեղադրելու ենք 11 նոր կայան, որոնցից մեկը տեղադրելու ենք Քաշաթաղի հյուսիսում, իսկ երկուսը` դեպի հարավ տանող ձորակներում: Դրանց շնորհիվ մեծ թվով գյուղեր կապ կունենան:

Բերդաձորի մոտ ենք այժմ տեղադրում, եւ շրջակա գյուղերը նույնպես կապ կունենան: Աստիճանաբար անում ենք, նախ տեղադրում ենք այնտեղ, որտեղ բնակչությունը խիտ է, այնուհետեւ սկսում ենք տարածվել: Քարվաճառում երեք տարի առաջ ենք կայան տեղադրել, այնտեղ եւ շրջակա մի քանի գյուղերում կապ կա: Նոր Շահումյանի շրջանում այսօր էլ ենք աշխատում, այժմ Դադիվանքի մոտերքում է կայան տեղադրվում, շուտով կավարտենք:

Քաշաթաղում` Սուս գյուղի մոտ, կայան ունենք, եւ այդ ձորակի բոլոր գյուղերը կապ ունեն:

Ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ դրսից մասնագետներ չունենք, ղարաբաղցիներն արդեն մասնագետ են դարձել, եւ չենք ուզում դրսից մարդ տանենք այնտեղ աշխատելու համար:

- Իսկ Ղարաբաղում Ձեր ընկերությունը շահույթ ստանու՞մ է:

- «Ղարաբաղ Տելեկոմ»-ը «ՎիվաՍելի» նման չէ, տեղեր կան` վնասով ենք աշխատում, տեղեր կան` օգուտով, բայց այդ օգուտով անմիջապես նոր սարքավորումներ ենք գնում ու տեղադրում: Այսօր 800 աշխատող ունենք, շատ բարեգործական ծրագրեր ենք անում` սոցապնախարարության հետ պայմանագիր ունեք, նպաստներ ենք տալիս բազմազավակ ընտանիքներին, ծնողազուկ երեխաներին, հատուկ կարիքներով երեխաների մանկապարտեզին ենք օժանդակում: Բոլոր շրջկենտրոններում կառուցել ենք խաղահրապարակներ: Ստեփանակերտում հինգ խաղահրապարակ ենք սարքել: Հադրութին այս տարի շտապօգնության մեքենա նվիրեցինք, Բերձորին` աղբահանման մեքենա:

Այսինքն` «Ղարաբաղ Տելեկոմ»-ն ինչ որ ստանում է, մի ձեւով հետ է տալիս հասարակությանը:

- Քանի՞ բաժանորդ ունի «Ղարաբաղ Տելեկոմ»-ը:

- 26-27 հազար բջջային հեռախոսի բաժանորդ ունի, 20 հազար էլ քաղաքային ցանցն է: Մենք անընդհատ ծավալվում ենք, աժմ Գանձասարի կայանը պետք է մեծացնենք, այնտեղ արդեն չի բավարարում, ցանցն անընդհատ հզորացնում ենք, ու սա շարունակական գործ է:

- Չե՞ք կարծում, որ Քաշաթաղն ավելի կարեւոր է, եւ Ձեր ընկերությունն առաջին հերթին այնտեղ պետք է աշխատի:

- Մեզ համար տարբերություն չկա, Ղարաբաղը Ղարաբաղ է, հայրենիքի մի մասն է, ես ինքս ինձ համարում եմ ղարաբաղցի, հայը հայ է` որտեղ որ գտնվի, խտրականություն չկա, ինչ որ անում ենք, բոլորի համար ենք անում: Բոլոր շրջաններն էլ կարեւոր են: Ես ձեզանից ավելի եմ կարեւորում, որ այդ շրջանները պետք է զարգանան, ավելի ուժեղանան, արագ վերաբնակեցվեն, եւ մեր ուշադրության կենտրոնում են այդ շրջանները, մենք արել ենք եւ շարունակում ենք անել: Օրինակ` Քաշաթաղում ինտերնետ կար, բայց այս տարի նոր հինգ սարքավորումներ ենք բերել, եւ նորմալ ինտերնետային կապ է լինելու: Դրանք տեղադրում են արդեն, եւ անելու ենք այնպես, որ անգամ հեռավոր գյուղերում հասանելիությունն ապահովված լինի: Կամաց-կամաց անում ենք, եւ ես գտնում եմ, որ Քաշաթաղը եւ Նոր Շահումյանը պետք է հատուկ ուշադրության արժանանան: Բացի կապից, մենք այդ համայնքներին այլ օժանդակություն էլ ենք ցուցաբերում: Այստեղի ռելիեֆը բարդ է, հետադարձ ալիքները շատ մեծ դեր են խաղում սարերում, երբեմն տեղադրում ենք, սակայն հետո ստիպված տեղափոխում ենք կայանը:

- Իսկ ադրբեջանցիները չե՞ն փորձում Ղարաբաղի կապը խափանել:

- Չէ, մեր կապը հզոր է, մեր սահմանները պաշտպանված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter