Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Զայրացած դատավորը



Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանը ամբաստանյալ Անդրանիկ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել միայն այն բանի համար, որ նրա պաշտպանը չի ներկայացել դատական նիստերին:

Անդրանիկ Սարգսյանը մեղադրվել է «զգալի չափի` 17.500 ՀՀ դրամ արժողությամբ» երկու կոստյումներ գողանալու փորձի մեջ:

Ըստ մեղադրական եզրակացության` 2006 թ. մայիսի 12-ին Երեւան քաղաքի Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի 38 տնից Անդրանիկը փորձել է հափշտակել տղամարդու երկու կոստյում, սակայն տանտերերը ժամանակին կանխել են: Նախաքննության ընթացքում «հանցանքն ավարտին չհասցրած» անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը քրեական գործի դատաքննությունը նշանակել է 2006 թ. հոկտեմբերի 6-ին, սակայն առաջին դատական նիստին ամբաստանյալը չի ներկայացել: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 23-ին, սակայն այդ օրն էլ նիստը չի կայացել նրա պաշտպան Ռուբեն Բալաբանյանի չներկայանալու պատճառով: Դատական նիստը մեկ անգամ էլ հետաձգվել է պաշտպանի դիմումի հիման վրա, իսկ 27.12.06 թ. ամբաստանյալը հայտարարել է, որ իր պաշտպանը հիվանդության պատճառով չի կարող ներկայանալ դատարան: Դատական նիստը հետաձգվել է եւ նշանակվել 2007 թ. հունվարի 29-ին, սակայն, ինչպես դատավորն է գրում, պաշտպանը կրկին չի ներկայացել` անհայտ պատճառով:

Զայրացած դատավորը, ի վերջո, գտել է ելքը. ամբաստանյալին նոր փաստաբան ընտրելու առաջարկ անելու փոխարեն որոշել է կալանավորել նրան այն պատճառաբանությամբ, որ փաստաբանը չի ներկայանում դատական նիստին: Դատավորը ենթադրել է, որ «...ամբաստանյալ Սարգսյանը տարբեր ճանապարհներով փորձում է խոչընդոտել դատարանում գործի քննությանը, կարող է խուսափել պատասխանատվությունից ու նշանակված պատիժը կրելուց եւ խոչընդոտել դատավճռի կատարմանը»:

Փաստաբան Ռ. Բալաբանյանը մեզ հայտնեց, որ իրեն չէր հաջողվում մասնակցել դատական նիստերին միայն այն պատճառով, որ ներգրավված էր մեկ այլ գործով, եւ Պ. Օհանյանը դատական նիստերը նշանակելիս իր հետ չէր համաձայնեցնում օրն ու ժամը: Այնուամենայնիվ, փաստաբանին հաջողվել է մասնակցել դատաքննությանը, եւ մայիսի 8-ին կայացրած դատավճռով դատարանը նրա պաշտպանյալին մեղավոր է ճանաչել ու դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով:

Միաժամանակ կիրառելով «ՀՀ անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը` նրան պատժից ազատել է ու դատարանի դահլիճից ազատ արձակել:

Փաստաբանը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը եւ խնդրել արդարացման դատավճիռ կայացնել, քանի որ իր պաշտպանյալը նշված տնից գողություն չի կատարել, եւ գողություն կատարելու մեղադրանք նրան առաջադրվել է միայն նախաքննության երրորդ ամսում: Նախաքննության ժամկետները երկու անգամ երկարացնելու մասին որոշումների մեջ արձանագրվել է, որ գողություն կատարելու փաստը չի ապացուցվել: Ամբաստանյալ Անդրանիկ Սարգսյանն էլ հայտնել է, որ հիշյալ տուն է մտել բնական կարիքները հոգալու համար եւ գողություն կատարելու նպատակ չի ունեցել: Երկու կոստյումները գողանալու փորձի մասին մեղադրանքը նախաքննության նյութերում հայտնվել է միայն 3 ամիս 15 օր հետո, սակայն` առանց հիմնավորման:

Քրեական գործերով վերաքննիչ դատարանում ընթացող դատաքննության ընթացքում մեղադրողը հրաժարվել է առաջադրված մեղադրանքից եւ միջնորդել է Ա. Սարգսյանի արարքը վերաորակել ՀՀ քր. օր.-ի 147-րդ հոդվածի 1-ին մասով` մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը, որով նախատեսված առավելագույն պատժաչափը 2 ամիս ժամկետով կալանքն է: Ներկայացված մեղադրանքը ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ է, եւ այդ հիմքով վերաքննիչ դատարանը դադարեցրել է նրա նկատմամբ քրեական հետապնդումը: Վերաքննիչ դատարանը որոշման մեջ գրում է նաեւ, որ «պաշտպանի` դատական նիստին չներկայանալու» պատճառաբանությամբ 1-ին ատյանի դատարանի` կալանելու մասին որոշումը չի բխել Դատական օրենսգրքի պահանջներից, ուստիեւ արդարացված չէ:

Փաստաբան Ռ. Բալաբանյանը իր պաշտպանյալին ներկայացված այս մեղադրանքի հետ էլ համամիտ չէ, քանի որ նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ նա, տան դուռը բաց տեսնելով, ներս է մտել, հետեւաբար «մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելու» հոդվածը ճիշտ չի բնութագրում նրա արարքը, եւ Ա. Սարգսյանի նկատմամբ դատարանը միայն արդարացման դատավճիռ պետք է կայացներ:

Բայց մինչ այդ, Անդրանիկ Սարգսյանը չկատարած հանցանքի համար ավելի քան 3 ամիս կալանքի տակ է պահվել: Փաստաբանը խոստանում է այս գործը ներկայացնել Եվրադատարանի քննարկմանը:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ