HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նոր հանգամանքներ` Արզումանյանի գործում

Ինչպես հայտնի է, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կալանքի ժամկետը դատարանի որոշմամբ երկարաձգվել է մինչեւ սեպտեմբերի 7-ը:

Հուլիսի 20-ին ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը պետք է քններ Արզումանյանի պաշտպան Հովիկ Արսենյանի բողոքն` ընդդեմ առաջին ատյանի դատարանի որոշման: Արսենյանը մտադիր էր Արզումանյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու եւ խափանման միջոցը վերացնելու հարցն արծարծել: Սակայն ԱԱԾ քննիչների բացակայության պատճառով բողոքի լսումը հետաձգվեց մինչեւ հուլիսի 24-ը:

Արսենյանը հավաստիացնում է, որ Ա. Արզումանյանին առաջադրված «փողերի լվացման» մեղադրանքն արհեստածին է: Սա, ըստ փաստաբանի, ապացուցվում է նրանով, որ իր միջնորդությունից հետո ԱԱԾ-ն քննիչներ էր ուղարկել Մոսկվա` Արզումանյանի ընկեր Սաշիկ Աղազարյանին հարցաքննելու համար: Աղազարյանը հայտարարել էր, որ ինքն է Արզումանյանին գումար ուղարկել, եւ դրանք «մաքուր» փողեր են: Այնինչ, եթե ԱԱԾ-ն իրական ապացույցներ ուներ, որ դրանք Լեւոն Մարկոսի ուղարկած «կասկածելի ծագում ունեցող» փողերն են, ապա այլեւս անհեթեթ կհամարեր Աղազարյանին հարցաքննելը: Ստացվում է, որ ԱԱԾ-ն նախ առանց բավարար հիմքերի մեղադրանք է առաջադրում, հետո դես ու դեն է ընկնում` այն հիմնավորելու համար:

Մոսկվա ուղարկված երկու քննիչներն արդեն վերադարձել են:

Այս կապակցությամբ ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Ս. Տռուզյանը «Հայոց Աշխարհին» ասել է հետեւյալը. «Ռուսաստանի իրավապահների հետ համատեղ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել եւ հարցաքննվել են այն 9 քաղաքացիներից 8–ը, որոնց անուններով 2007 թվականի ապրիլի 27–ին եւ 28–ին Մոսկվայից Երեւան է փոխանցվել 178.200 ԱՄՆ դոլար (նրանցից մեկը հարցաքննվել է Երեւանում)։ Վերջիններս ցուցմունք են տվել, որ իրենց անունից Երեւան փոխանցված գումարների վերաբերյալ ոչինչ չգիտեն, դրանց հետ կապ չունեն, նման գումարներ չեն փոխանցել եւ չեն ճանաչում այն անձանց, ում անվամբ գումարներ են փոխանցվել Երեւան։

Մոսկվայում հարցաքննվել է նաեւ Սաշիկ Աղազարյանը, որպիսի միջնորդություն նախաքննական մարմնին ներկայացրել էր Ալեքսանդր Արզումանյանի պաշտպանը։ Ս. Աղազարյանը պնդել է, որ ինքն է գումարը փոխանցել՝ Ա. Արզումանյանի խնդրանքով, 9 տարբեր անձանց անուններով, որոնց տվյալները Սաշիկ Աղազարյանին է տրամադրել Ա. Արզումանյանը։ Իսկ թե ինչու են փոխանցումները կատարվել դրածո մարդկանց անուններով՝ առանց վերջիններիս իմացության, Ս. Աղազարյանը որեւէ կերպ չի մեկնաբանել։ Ս. Աղազարյանը հայտնել է նաեւ, որ Վահան Շիրխանյանին չի ճանաչում եւ նրա համար գումար չի փոխանցել»։

Այն հանգամանքը, որ Աղազարյանը Արզումանյանին գումար է փոխանցել 9 անձանց անունից առանձին-առանձին, նախկին արտգործնախարարի փաստաբանը բացատրել է այսպես. «Ուղարկված յուրաքանչյուր 20.000 դոլարից ավելի գումարի դեպքում բանկը լրացուցիչ տոկոսներ է գանձում, հետեւաբար ընդհանուր գումարը մասնատվել է` այդ լրացուցիչ ծախսերից խուսափելու համար, ինչը, բնականաբար, օրինազանցություն չէ»:

Չնայած փաստերը խճճված են, այնուամենայնիվ, փաստաբան Արսենյանը նշում է, որ գլխավոր խնդիրը մեկն է` մեղադրող կողմը պետք է ապացուցի, որ Արզումանյանի ստացած գումարը ուղարկողի կողմից ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով, եւ որ Արզումանյանն իմացել է այդ մասին:

Եթե նշված երկու հանգամանքներից թեկուզ մեկն էլ չապացուցվի, ԱԱԾ-ն պարտավոր է անմիջապես հանել մեղադրանքը: Իսկ Արզումանյանին մեղադրանք առաջադրելուց առայսօր ԱԱԾ-ի` հանցանքի ապացույց գտնելու անհաջող փորձերը փաստում են, որ անվտանգության կառույցի քննչական խումբն օրենքի շրջանակներում դատապարտված է անհաջողության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter