HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

2005-06 թթ. ԱՊՀ-ից ՀՀ է տեղափոխվել 105 հետախուզվող հայաստանցի

Հարցազրույց ՀՀ Գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի բաժնի պետ Նելլի Հարությունյանի հետ

- Ինչպիսի՞ միջազգային իրավական համագործակցություն է իրականացնում ՀՀ Գլխավոր դատախազությունը:

- Գլխավոր դատախազության միջազգային իրավական համագործակցությունն ունի իր իրավական բազան՝ միջազգային համաձայնագրերը, երկկողմանի պայմանագրերը եւ բարի կամքը: Գլխավոր դատախազությունը միջազգային իրավական համագործակցություն է իրականացնում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւերով՝ ԱՊՀ-ի, Եվրախորհրդի հետ: ԵԽ անդամ երկրների հետ համագործակցում ենք միջազգային համաձայնագրերի շրջանակներում, որոնք բարձրագույն իրավական ուժ ունեն երկկողմանի պայմանագրերի ու հուշագրերի համեմատությամբ: Բայց վերջիններս էլ խթանում են երկու պետությունների դատախազությունների անմիջական կապերը: Պայմանագրերը ստորագրվում են պետությունների ղեկավարների կամ կառավարությունների կողմից, իսկ իրավական օգնության եւ հանցագործների հանձնման մասին նմանատիպ հուշագրերը՝ դատախազությունների: Պայմանագրեր են կնքվել Բուլղարիայի, Ռումինիայի, Վրաստանի, Ռուսաստանի հետ: Չինաստանի, Սլովակիայի, Բելառուսի, Ռուսաստանի, Վրաստանի, Հունգարիայի Գլխավոր դատախազությունների հետ կնքվել են համագործակցության խթանմանն ուղղված հուշագրեր:

- Ինչպե՞ս է իրականացվում հանցագործների էքստրադիցիան արտերկրից:

- Հանցագործների հանձնումը ( էքստրադիցիան ) իրականացվում է երկու ձեւով. կամ քրեական պատասխանատվության ենթարկելու, կամ էլ նրանց նկատմամբ կայացված եւ օրինական ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու նպատակով:

Պրակտիկայում կիրառվում եւ լայն տարածում է ստանում այն, որ պատիժը կրող դատապարտյալները փոխանցվում են իրենց երկրներ` մնացած ժամանակահատվածում պատիժն այդտեղ կրելու համար:

ՀՀ Գլխավոր դատախազությունն ակտիվորեն ներգրավված է հանձնման գործընթացում:

Հարկ է նշել, որ երբ անձը քրեական պատասխանատվության ենթարկվելու համար հանձնվում է այլ երկրի, ընդունող երկիրը երաշխիքներ է ներկայացնում, որ հանցագործություն կատարած անձը հանձնող երկրի օրենքով սահմանված պատժից ավելի խիստ պատիժ չի կրի: Այսպես` հանձնումը կարող է մերժվել, եթե մյուս երկրում հանցագործը, հնարավոր է, ենթարկվի մահապատժի: Այլ երկրում պատասխանատվության ենթարկելու համար անպայման հանցագործության համապատասխանեցում է կատարվում: Սակայն եթե քննության ընթացքում պարզվում է, որ հանձնվածը կատարել է մեկ այլ հանցագործություն եւս, ապա ընդունած երկիրը դիմում է հանձնումը թույլատրած պետության իրավասու մարմնին եւ միջնորդում նոր բացահայտված հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկելու թույլտվություն տալ:

Երբ ՀՀ-ի հանձնման միջնորդությունը մերժվում է, ենթադրենք անձի կողմից տվյալ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու հիմքով, քննության ժամկետը երկարացվում է, գործը թարգմանվում է, ուղարկվում մյուս կողմին, որը քրեական պատասխանատվության է ենթարկում հանցագործին ՀՀ-ում կատարած հանցագործության համար, եւ արդյունքների մասին անպայման տեղյակ է պահում ՀՀ-ին:

Միջազգային պրակտիկայում իրավական ձեւակերպում է ստացել սեփական քաղաքացիներին չհանձնելու սկզբունքը:

- ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ էքստրադիցիայի պայմանագիր կնքվա՞ծ է: Մամուլում եղել են հրապարակումներ ՀՀ-ից ԱՄՆ եւ ԱՄՆ-ից ՀՀ հետախուզվող անձանց տեղափոխման վերաբերյալ: Եթե նման պայմանագիր չկա, ապա ի՞նչ հիմքով են կատարվել այդ հանձնումները:

- Դրանք կատարվել են հանձնման պրակտիկայում կիրառվող, որպես կանոն, փոխադարձության հիմք ունեցող բարի կամքի հիմունքներով, քանի որ ԱՄՆ-ի հետ համագործակցության իրավական բազան բացակայում է: Բարի կամքի դեպքում տվյալ երկրները համաձայնագրի անդամ չեն եւ չունեն պայմանագիր, բայց համագործակցում են անհրաժեշտաբար:

ԱՄՆ-ից ՀՀ է տեղափոխվել 5 հոգի: Այսօր մեր կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող եւ արդեն իսկ հայտնաբերված 10-15 մարդ կա ԱՄՆ-ում, որոնք ծանր հանցագործներ են, սակայն հաջողացրել են մշտական բնակության իրավունք կամ քաղաքացիություն ձեռք բերել: Հետաքննությունների դաշնային բյուրոյի ( Հ Դ Բ ) ջանքերով վիճարկվում է նրանց այդ կարգավիճակից օրինական կարգով զրկելը եւ Հայաստան արտաքսելը:

- ԱՄՆ-ի եւ ՀՀ-ի միջեւ համագործակցության կոնկրետ ի՞նչ դեպքեր կարող եք նշել:

- Օրինակ` ամերիկյան կողմը մեզ պարտադրում էր հանձնել սպանության մեջ մեղադրվող Արթուր Խանզադյանին, որին ծնունդով մենք ճանաչում էինք ՀՀ քաղաքացի: Նրանք էլ ասում էին, որ Խանզադյանի հորն իրենց երկրում տրամադրվել է քաղաքական ապաստան: Սակայն ես վկայակոչեցի տարածքային ապաստանի մասին կոնվենցիան, որտեղ հստակ նշվում է հետեւյալը. եթե անձը իրեն քաղաքական ապաստան տված երկրից կամովի վերադառնում է այն երկիրը, որի դեմ հայտարարություններ է արել՝ տվյալ երկրում ապաստան ստանալու նպատակով, ապա ինքնըստինքյան զրկվում է քաղաքական ապաստանի տրամադրման իրավունքից:

ԱՄՆ-ի կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացի Հարություն Բեքարյանը, որն այնտեղ մշտական բնակության կարգավիճակ ուներ, հայտնաբերվել էր ՀՀ-ում, սակայն մենք նրան ամերիկյան կողմին չհանձնեցինք` նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու պատրաստակամություն հայտնելով: Բայց Բեքարյանը, ով իրեն բացարձակ անմեղ էր համարում, պնդեց, որ իրեն հանձնենք ԱՄՆ իրավասու մարմիններին: Սակայն այնտեղ այս տարվա փետրվարին նրա նկատմամբ կայացվեց մեղադրող դատավճիռ:

Աշոտ Չիլինգարյանը, որն այստեղ հետախուզման մեջ էր, ԱՄՆ-ից արտաքսվեց եւ այժմ այստեղ է, նրա գործը դատաքննության փուլում է:

- Իսկ ինչպիսի՞ն է համագործակցությունը Ռուսաստանի եւ ԱՊՀ մյուս երկրների հետ:

- Մեր եւ ՌԴ օրենսդրությունների միջեւ տարբերություններ կան, որոնք որոշակի բարդություններ էին առաջացնում: «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայի համաձայն՝ «իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը կարող է լրիվ կամ մասնակի մերժվել, եթե նման օգնության ցուցաբերումը կարող է վնաս պատճառել հարցում ստացած երկրի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը»: Սակայն այսօր ռուսաստանյան համապատասխան մարմինները հարգում են մեր օրենսդրությունը: Այսինքն՝ եթե, օրինակ, հափշտակության փաստ է գրանցվել, որը մեր օրենսդրությամբ որակվում է խոշոր չափով, իսկ ՌԴ օրենքներով՝ ոչ խոշոր, ապա այսօր ռուսները հանձնումը թույլատրում են: Փաստորեն, նրանք հաշվի են առնում հանձնման մեր միջնորդության մեջ նշված հոդվածի կետերը:

ՀՀ Գլխավոր դատախազության կողմից իրականացված ուսումնասիրության համաձայն՝ 2005-06 թթ. ընթացքում ՀՀ-ում հայտնաբերվել է ԱՊՀ անդամ պետությունների իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 262 մեղադրյալ՝ 2005-ին` 82, 2006-ին՝ 180 հոգի: Նույն ժամանակահատվածում ԱՊՀ անդամ երկրներում հայտնաբերվել եւ ՀՀ է տեղափոխվել 105 հետախուզվող. 50-ը՝ 2005-ին, 55-ը՝ 2006-ին: Սրանցից 93-ը հայտնաբերվել են ՌԴ-ում, 6-ը՝ Ուկրաինայում, 4-ը՝ Ղազախստանում եւ 1-ական հոգի՝ Վրաստանում եւ Բելառուսում:

- Նշեցիք, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը համագործակցում է նաեւ Եվրախորհրդի անդամ պետությունների դատախազությունների հետ:

- Այո: Պետք է նշեմ, սակայն, որ 2005-07 թթ. Եվրախորհրդի անդամ երկրներից ՀՀ տեղափոխված հետախուզվող անձանց թիվը 2-3-ից ավելի չի լինի: Վերոնշյալ երկրների հետ առավել ակտիվ համագործակցություն է իրականացվում դատապարտյալների փոխանակման բնագավառում: Սա հնարավոր է այն դեպքում, երբ դատապարտյալը ընդունող երկրի քաղաքացի է ու կամք է հայտնում պատիժը կրել իր երկրում, բացի այդ, հանձնող ու ընդունող կողմերը պետք է համաձայնության գան տեղափոխման հարցում: Օրինակ՝ Գերմանիայում դատապարտված Լյովիկ Բեյջանյանը ցանկություն հայտնեց տեղափոխվել ՀՀ: Սակայն գերմանական կողմը վերանայեց դատավճիռը եւ ազատ արձակեց Բեյջանյանին, ով Հայաստան եկավ արդեն որպես ազատ քաղաքացի: Հիմնականում ԱՊՀ-ից են մեր քաղաքացիները ցանկանում տեղափոխվել այստեղ: Այս հարցով զբաղվում է ՀՀ արդարադատության նախարարության կալանավայրերի վարչությունը:

Վահե Սարուխանյան
Էդիկ Բաղդասարյան

 


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter