HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լակոտ» բառն արժե 200 հազար դրամ. Արզաքանցյանի հայցն ընդդեմ «Երկիր» օրաթերթի բավարարվեց մասնակի

Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց «Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր խմբագրություն» ՍՊԸ-ի» գործով վճիռը: Դատավոր Ռ. Ափինյանը պատգամավորի հայցը բավարարեց մասնակի: Դատարանը օրաթերթին պարտավորեցրեց վճարել 200.000 դրամ տուգանք` օրաթերթում տպագրված, անձի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող «լակոտ» բառի համար, 80.000 դրամ` փաստաբանական ծախսերի համար, 8.000 դրամ` պետտուրքի համար, ինչպես նաև օրաթերթում հրապարակել վճռի եզրափակիչ մասը: Հայցը մնացած մասով մերժեց:

Հիշեցնենք, որ Տ. Արզաքանցյանը դատարանից պահանջել էր ՀՀ Քաղ. օր.-ի 1087.1-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերի հիմքերով պարտավորեցնել «Երկիր» օրաթերթին լրիվ կամ մասնակի հրապարակել այս գործով դատարանի վճիռը եւ պատգամավորի ներկայացրած պատասխանը, «Երկիր» օրաթերթից բռնագանձել 3 մլն դրամ որպես վիրավորանքի եւ զրպարտության հետեւանքով նրա պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում (1 մլն վիրավորանքի, 2 մլն` զրպարտության համար), ինչպես նաեւ օրաթերթից բռնագանձել 568 հազար դրամ` որպես կատարված դատական ծախսեր, որից 500 հազար դրամ` փաստաբանական ծառայության վճարը, 68 հազարը` վճարված պետական տուրքի գումար:

Վճռի ուժի մեջ մտնելուց հետո կհանվի նաեւ «Երկիր օրաթերթ» ՍՊԸ-ի հաշիվների վրա դրված արգելանքը: Արզաքանցյանի փաստաբան Վահե Հովսեփյանը չցանկացավ լրագրողներին որեւէ մեկնաբանություն տալ վճիռը բողոքարկելու վերաբերյալ` պատճառաբանելով, որ դեռ պիտի ծանոթանա դրան: Իսկ օրաթերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանը նշեց, որ բողոքարկելու մասով իրենք վերջնական որոշում կայացնելու համար դեռ մեկ ամիս ժամանակ ունեն:

Բագրատ Եսայանն ասաց, որ իրենք մեջբերել էին Հրանտ Բագրատյանի խոսքը, որտեղ նա է «լակոտ» անվանել Արզաքանցյանին,  իսկ հետո պարտաճանաչորեն հրապարակել էին նաև նրա հայտարարությունը, որ նման բան չի ասել: Դա զետեղելով  թերթում` մտածել են, որ այդպիսով ամեն ինչ սպառված է: «Վճռի հրապարակման մասով մենք արդեն իսկ տպել էինք այն տեղեկանքը, որը ներկայացվել էր խմբագրություն: Եվ այդ մասով մենք իրավաբանի հետ միգուցե խորհրդակցելու կարիք ունենք»,- ասաց Եսայանը եւ խոստացավ վերջնական որոշման մասին տեղեկացնել ավելի ուշ:

Նա նաեւ հիշեցերեց, որ նախօրոք էլ ասել էին, որ վճիռը գումարային մասով թեկուզ մեկ դրամով բավարարելու դեպքում իրենք բավարարված չեն լինելու. «Կարող եմ ասել, որ մասնակի բավարարված ենք, կամ կարող եմ նույն ձեւով ասել, որ մասնակի բավարարված չենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter