HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

22-ամյա աղջիկը կմահանա՞ր, եթե շտապօգնությունը ժամանակին հասներ (վիդեո)

Փետրվարի 23-ին' գիշերը, Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում մահացել է 22-ամյա Արմինե Երիցյանը: Աղջիկը ծանր աստիճանի մտավոր հետամնացություն է ունեցել' վարքային խանգարումներով: Ծնողները պատմում են, որ այդ գիշեր աղջիկը վատացել է, անընդհատ հետ է տվել, շտապօգնություն են կանչել, բայց շտապօգնությունն այդպես էլ չի եկել:

Կուտականը գտնվում է բարձր լեռնային գոտում, ծովի մակարդակից 2150 մ բարձրության վրա: Ձմեռները խիստ ու ցրտաշունչ են: Գյուղի ճանապարհները հաճախ են փակվում: Սակայն այդ օրը' փետրվարի 23-ին, հոր' Միրաբ Երիցյանի հավաստմամբ, Կուտականի ճանապարհը բաց էր:

Մայրը' Ռուզաննա Վարդանյանը պատմում է, որ Արմինեն ստամոքսի խոց է ունեցել և մեկ անգամ արդեն բուժվել է դրա դեմ: Այդ օրը երեկոյան նա կտրուկ է վատացել, Արմինեի մոտ փսխումներ են նկատվել: Կուտականում բժիշկ չկա: Համայնքը սպասարկող բուժքույրը այլ գյուղից է: Ռուզաննան զանգել է բուժքրոջը և խորհուրդներ հարցրել: Բուժքույրն ասել է' ինչ անել և հասել է հիվանդի մոտ միայն նրա մահից հետո:

«Առավոտը իրենց տնից տեսել ենք' մարդ է դուրս եկել, ասել ենք' կարող է գիշերը առևտրական է եկել իրենց տունը: Կես ճամփին գյուղապետն է զանգել, ասել է' տեղյակ ես, սենց բան է եղել»,-պատմում է Կուտական համայնքի ղեկավարի տեղակալ Կարմեն Գևորգյանը:

Գյուղի բնակիչները այս դեպքից բացի էլի դեպքեր են հիշում, երբ շտապօգնություն են կանչել, բայց ինչ-ինչ պատճառներով այդպես էլ շտապօգնությունը չի հասել հիվանդին: Իրենք են ստիպված լինում հասցնել նրան հիվանդանոց, եթե հարմար մեքենա է լինում գյուղում: Եթե ոչ' հիվանդը մնում է Աստծո բարեհաճությանը:

Մեծ Մասրիկի ամբուլատորիայի տնօրեն, բժիշկ Հասմիկ Ղազարյանն է Արմինեի մահվան վկայականը տվել: Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց, որ Արմինեն հիմնականում Մասիսում է ապրել, տատի մոտ: Հաշվառված չի եղել իրենց ամբուլատորիայում, և խոցի մասին տեղեկություններ իրենց մոտ չկան:
«Այդպիսի խոցային հիվանդություն չկա, որ երկու ժամից հիվանդը մահանա, նամանավանդ խոցը հաստատված չէ, ով կարող է ասել, որ էդ երեխան խոց ունի, որովհետև նրա նյարդահոգեկան վիճակը զուտ պաթոլոգիկ վիճակում էր, չէր կարելի ասել, թե խոցից այդ վիճակին հասա՞վ, թե՞ ինչ-որ բան է կերել, ինքը իրա գլխին ինչ է բերել, չեմ կարող ասել: Էդ տարիքում էդ աղջկա մոտ ինչու պետք է խոց լիներ, չէ որ խոցից այդպես արագ չեն մահանում' երկու ժամվա ընթացքում»,- ասաց բժիշկը:

Այնուամենայնիվ, գյուղապետի, ինչպես նաև 12 բնակչի ստորագրությամբ տրված տեղեկանքի հիման վրա, բժիշկ Հասմիկ Ղազարյանը մահվան վկայականը տվել է: Ծնողների ներկայացրած տեղեկանքում գյուղապետը, հարևանները և բուժքույրը վկայել են, որ Արմինե Երիցյանը գիշերը որովայնի շրջանում սուր ցավի նոպաներ է ունեցել, չեն կարողացել դիմել որևէ մեկին ձնաբքի պատճառով, աղջիկը երկու ժամից մահացել է: Հաջորդն օրն իսկ Արմինեին հուղարկավորել են' առանց դիահերձելու:

«Երբ մահվան տեղեկանք էին ուզում, ես երկար ժամանակ չէի տալիս. երիտասարդ աղջիկ էր, նրանք իրավունք չունեին առանց դիահերձելու հուղարկավորել: Գյուղապետի հետ եկան, տեղեկանք բերին, ես նոր տվել եմ: Եվ հարցնում եմ ծնողին, ինչ գիտես' ինչից մահացավ քո աղջիկը, ինչի ես անմիջապես թաղել, ինչի ժամանակ չես տվել, որ մասնագետը որոշի մահվան պատճառը»,- ասում է Հ. Ղազարյանը:

Բուժքույր Բավական Մկրտչյանը հաստատեց, որ երկու անգամ զանգահարել են շտապօգնություն, միացել են Ճամբարակի հիվանդանոց, այնտեղից հավանաբար Վարդենիսի հիվանդանոց են միացրել, որտեղից ասել են, որ մեկ ժամից կգան: Բուժքույրը իր որդու հետ որոշել են անձամբ գնալ և իրենց մեքենայով հասցնել Արմինեին հիվանդանոց, բայց մինչև հասել են Կուտական, Արմինեն արդեն մահացել էր: Շտապօգնությունն այդպես էլ չի ժամանել:

Շտապօգնության 103 ծառայությունից փորձեցինք ճշտել Վարդենիսի և շրջակա գյուղերը սպասակրող շտապօգնության հեռախոսահամարը և պարազաբանումներ ստանալ դեպքի վերաբերյալ: Մեզ տրամադրեցին 0269 23244 հեռախոսահամարը, որը, սակայն, օրվա ընթացքում չէր պատասխանում: Թե ինչպես պետք է գյուղացիները զանգահարեն և շտապօգնություն կանչեն այս հեռախոսահամարով, դժվար է պատկերացնել: Արմինե Երիցյանը 22 տարեկանում գուցե չմահանար, եթե շտապօգնությունը հասներ ժամանակին:

 

Մեկնաբանություններ (10)

GB
Շտապ օգնության վարորդը գնացել էր խմելու իր մենեջերի հետ, եւ խենթ աղջիկն էլ շատ հեռու էր իր գոտուց, այնպես նա որոշում ստացվեց, որ հեռախոսը անջատել, եւ իսկապես ցուրտ օր էր.. բոլոր այն մարդիկ ներգրավված են այս դեպքին պետք է նայել տարբեր աշխատանք, եւ դա քաղաքապետի դիրքորոշումն է:
Դավիթ Աբրահամյան
Ցավում եմ այս դեպքի կապակցությամբ: Սակայն կրկին պիտի վրդովմունքս հայտնեմ մեր սիրելի լրագրողներին. ինչո՞ւ եք հենց այսօր հրապարակում այս հոդվածը, որի իրադարձությունները վաղուց են տեղի ունեցել` փետրվարին: Միթե՞ իսկապես բան չկա գրելու հենց վերջերս տեղի ունեցած իրադարձությունների մասին: Թե՞ մինչև ինչ-որ էժանագին «սկանդալ» չլինի, չեք գրի... Ցավալի է... Հ.Գ. Այսօր հոգեկան առողջության օրն է... Այո՛, վատ բժիշկը կարող է վատթարացնել հիվանդի առողջությունը, բայց վատ լրագրողն էլ վատացնում է առողջների առողջությունը: Ո՞րն է ավելի վնասաբեր ու վտանգավոր... Սիրելի՛ լրագրողներ, մի խաթարեք մեր առանց այդ էլ վիրավոր հոգեկան առողջությունը:
Քրիստինե
Հարգարժան Դավիթ, եթե Ձեզ այս պատմությունը հետաքրքիր չէր, կարող էիք պարզապես չկարդալ այն, պարտադիր չէ, որ բոլոր հրապարակումները Ձեր սրտով լինեն: «Ինչո՞ւ եք հենց այսօր հրապարակում այս հոդվածը»: Մենք փետրվարին չենք այցելել Կուտական, այլ այլցելել ենք վերջերս, եթե դեպքի մասին ավելի շուտ իմանայինք, կհրապարակեինք ավելի շուտ: Ձեզ առավել մատչելի լինելու համար պարզաբանեմ. շտապօգնությունն այդ օրը Արմինեին չի հասցրել փրկել, չի էլ բարեհաճել ժամանել, վաղը կարող է (Աստված մի արասցե) իմ կամ ձեր հարազատին չհասցնի, այդ ժամանակ այս պատմությունը գուցե Դուք էլ հիշեք և հասկանալի դառնա, թե ինչու էր հոկտեմբերի մի աննշան օր հրապարակվել մի նման պատմություն, գուցե այդ ժամանակ Ձեզ հետաքրքրի, թե ինչու շտապօգնությունն այդպես էլ չեկավ: Եթե մարդկային կյանքի հետ կապված պատմությունը Ձեր համար «էժանագին սկանդալ է», մնում է միայն շնորհակալություն հայտնել կարծիք հայտնելու համար և ներողամտություն հայցել Ձեր` «առանց այդ էլ վիրավոր հոգեկան առողջությունը խաթարելու» համար:
Արա
Հարգելի Քրիստինե Կարծում եմ Դավիթի մեկնաբանության միակ դրդապատճառն այն է, որ բժիշկը դարձել է ամեն ինչի մեղավորը: ես առավել հետաքրքրված կկարդայի նյութը, եթե ներկայացնեիք ձեր հետաքննությունը, թե այդ օրն այդ տեղամասում քանի շտապ օգնության մեքենա կար, քանիսն էին ի վիճակի աշխատել գտնվում էին արդյոք Երևանի ճանապարհին , որովհետև հիվանդ էին տեղափոխում Երևան, կամ այլ տեղ , վարորդ կար արդյոք, վառելիք կար արդյոք և վերջապես բժիշկ կար հերթապահ, թե թշվառ պայմաններից ելնելով թողել մեկնել էր արտերկիր մշտական կամ մինչև հերթական դեպորտը բնակության: Գրեք բժշկի ծանր աշխատանքի մասին, անհարկի նվաստացումների մասին, մեծ ռեյտինգով նյութ կլինի: Շատ եմ ցավում մահվան համար առավել ևս եթե հնարավոր էր փրկել մարդու կյանքը, ցավակցություններս իհարկե ծնողներին և հաստատ գեղեցիկ խոսք գրելու համար չեմ ասում, այլ գիտեմ թե բժիշկն ինչքան ժամանակ է հիշում իր ամեն մի ծանր հիվանդին , առավել ևս Աստված մի արասցե կորցրած հիվանդին: Իսկ Դուք գիտեք թե ժուռնալիստն ինչքան ժամանակ է հիշում որևէ սենսացիոն նյութի զոհերին... Կասկածում եմ (շատ կուզենայի սխալվել իմ կարծիքի մեջ), թե մինչև հաջորդ նյութը... Վստահեք բժիշկներին և հիշեք ամեն ինչի մեղավորը միշտ չէ որ բժիշկն է
Քրիստինե
Հարգելի Արա, բժշկին միակ մեղադրողը այստեղ Դուք եք : Առաջարկում եմ վերընթերցել հոդվածը:
LALA
TOX ASTVAC INDZ NERI, BAYC EREVI BARIN EL DA ER
Արա
Չէ պարզապես ես կարծում էի կհասկանաիք որ ես էլ եմ բժիշկ որը մաղավոր չէ շատ բաների թերության կամ բացակայության համար, որը տեսել է իր կոլեգաների աշխատանքն ու հարգանքը դրսում և դշբախտաբար վերաբերմունքը այստեղ, օրինակ եք ուզում ՞ Շ/Օ աշխատանքից- հարազատները բժշկին ստիպում են տեղափոխել երեխային ոչ մասնագիտական կենտրոն, ապա մեղադրում նույն բժշկին որ իրենց ստիպելուն ենթարկվել է , ասեմ ,որ բժիշկը կին էր, իսկ ստիպողները երևի տղամարդ: բարեբախտաբար ամեն ինչ լավ ավարտ ունեցավ, հակառակ դեպքում կունենայինք նոր սենսացիա
ominac
Ցաւալի է, բայց ոչ բժիշկին եւ ոչ ալ շտապ օգնութեան կրնամ մեղադրել, Հայաստանի մեկուսացուած գիւղերու մէջ չէս կրնար սպասել որ շտապ օգնութիւնը արագ հասնի, ինչպէս քաղաքի մէջ, քաղաքացիին ինկած է որ որոշէ, որ ուր պիտի ապրի, դժբախտաբար ինչքան քաղաքակրթութիւնէ հեռու ապրիս այնքան վտանգ կ՛ընդունիս վրադ։ Երկիրը քիչ մը հարուստ պէտք է ըլլայ որ այս տեսակ գիւղերու համար մասնաւոր յատկացումներ կրնայ ընել։
Դավիթ Աբրահամյան
Հարգարժան Քրիստինե, Վստահ եմ, որ մեկնաբանությունս ձեզ լուրջ մտորումների տեղիք է տվել, և այսուհետ ավելի նրբանկատ կլինեք ՄԱՐԴԿԱՆՑ զգացմունքների և առողջության նկատմամբ: Կանխավ շնորհակալություն:
Meri
zarmanum em @nhanrapes mer meknabanoxneri ev @ntercoxneri vra,,,,inchpes eq meknabanum [email protected] el asum e guce barin da er,,,ha, bayc heravor ayd gyuxum miayn hogekan huvandner u mtavor hetamnacner chen aprum, mard en aprum, voronq evs bjshki kariq en unenum ERBEMN....OV E BJSHKIN MEXADRUM?bayc ay bjshkakan hastatutyun@ uni ir mexqi bajin@, kam eveli verevnern en mexavor,,,hashvel en Vardenisi shrjan@ qanu gyux uni, qani bnakich ev qani shtab ognutyan meqena e tramadrel...mi xosqov erevuyt@ ka, xndir@ ka...menq el ,,Dzayn barbaro hanapati xosum enq,,...karoxa shtab ognutyun@ gar tneciq el nra poxadrman vjaric vatanayin, giteq inch arji Vardenisic Erevan shtap ognutyan texapoxman [email protected] hazar dram, Kutakancineri hamar. et cher lini shtap ognutyun

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter