HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Շուշիի մշակութային վերաբնակեցումը

Տասը օրից ավելի է` Շուշին ամբողջությամբ մշակութային տրամադրության մեջ է:

Ազգությամբ հայ քսան արվեստագետներ, որոնց մի մասը ժամանել է աշխարհի տարբեր անկյուններից, մասնակցում են «Հող եւ տեխնոլոգիաներ» մշակութային նախագծին «Շուշի արտ փրոջեքթի» շրջանակներում:

Արվեստագետների իրականացրած ծրագրերը տարաբնույթ են` ինստալացիաներ, ցուցադրություններ եւ պարզապես շփում շուշեցիների հետ:

Կապ հաստատեցինք ծրագրի ղեկավար` ամերիկաբնակ արվեստագետ Հերի Որբերյանի հետ, որը մեծ ոգեւորությամբ նկարագրեց ծրագրի սկզբնական եւ ընթացիկ իրադարձությունները: 

Նախ ուզում եմ իմանալ, թե ինչպես ծագեց միտքը արվեստագետներով այցելել Շուշի եւ մեկնարկ տալ «Հող եւ տեխնոլոգիաներ» մշակութային իրադարձությանը: 

Ինչքան երկար մտածում էի, այդքան մտքումս հստակեցվեց, որ այս խմբակային ցուցահանդեսը պետք է լինի նաեւ Լոս-Անջելեսի սահմաններից դուրս…Սկզբում մտածում էի`Երեւանում: Վերջիվերջո հասկացա, որ Շուշին ճիշտ վայրն է այս նախագիծը անելու համար:  Մոտ երկու տարի առաջ իմ անձնական ցուցահանդեսն ունեցա Լոս Անջելեսում…Արձագանքները շատ դրական էին: Քաջալերված հաջողությունից`որոշեցի կազմակերպել խմբակային ցուցահանդես Լոս Անջելեսում:

Ինչու՞ Շուշին 

Առաջին, ինչպես գիտես, մեր պատմության մեջ Շուշին եղել է հայկական մշակույթի կենտրոն, երկրորդ` Շուշին պետք է նորից դառնա մշակույթի կենտրոն եւ էսպիսի ծրագրերով է, որ պետք է ոտքի կանգնի, երրորդ`քաղաքը ոնց որ արվեստագետի համար դատարկ պաստառ լինի: 

Հետաքրքիր է, որ ձեր այցի հետ համընկավ Շուշիի Արվեստի ցուցասրահի հանդիսավոր բացումը: Ըստ ձեզ`այն ինչպե՞ս է շարունակելու գործել: 

Այսպես ասեմ. երբ հուլիսին գտնվում էի Շուշիում, արդեն պատկերասրահի շինարարական աշխատանքները տարվում էին…Երբ մոտեցա առաջարկելու, թե արդյոք կարելի է օգտագործել այս պատկերասրահը, պատասխանն այո էր…Եվ իսկապես բարձր ստանդարտներով կառուցված արվեստի ցուցասրահ է` միջզգային չափանիշներով…Մեր ներկայացրած արվեստի եւ պատկերասրահի կառուցումը համընկան…Հետաքրքիր եւ հաճելի լուծում էր…Հիմա մանրամասներից շատ տեղյակ չեմ ապագայի իրենց ծրագրերի վերաբերյալ, բայց գիտեմ, որ լուրջ աշխատանք են տանում, որ տնօրեն` արվեստի համադրող, գտնեն, որպեսզի այն դառնա արվեստի արդի կենտրոն: 

ԱնդրադառնալովՀող եւ տեխնոլոգիաներ» նախագծինովքե՞ր են ժամանել այս ծրագրի շրջանակներում:

Ընդհանուր մասնակից արվեստագետների թիվը 20 է`բոլորն ազգությամբ հայ` 8-ը` ԱՄՆ-ից, 2-ը` Եվրոպայից, 10-ը` Երեւանից. կան «land» արտիստներ, ինստալացիա անող արվեստագետներ, լուսանկարիչներ: 

Օշականի գործը շատ լավ ստացվեց...Նախեւառաջ շատ այժմեական թեմա էր, կարեւոր եւ բնակիչներին մոտ նյութ էր, որովհետեւ պատուհաններում տեսնում էին իրենց ծնողներին, բարեկամներին, հարազատներին...Հետաքրքրական է Արա Օշականի ինստալացիան` Շուշիի ավերված շենքերից մեկի պատուհանների եւ դռների խորշերը լրացնել «վիզուալ» բնակիչներով`լուսանկարներով: Ինչպիսի՞ արձագանք է ունեցել այդ ծրագիրը: 

Այս առիթով մի հուզիչ բան պատմեմ.

2 օր առաջ պատկերասրահից քայլում էի դեպի հյուրանոց. Արայի գործերի դիմացով էի անցնելու…Տեսա մի բնակիչ, ծնկի եկած, փորձում է նորոգել քանդված թելերից մեկը, որ ամրացնում էր նկարը:

Իրապես այդ ժեստը շատ ազդեց վրաս. ինքը, հասկանալով գործի իմաստը, ուզում էր պահպանել աշխատանքը, եւ իր ճիգերով վերականգնեց Արայի լուսանկարներից մեկը…Ահա այսպես են ընդունել շուշեցիները արվեստը…Ահա այսպես են ընդունել շուշեցիները մեզ… 

Նախագծի շրջանակներում ի՞նչ այլ ծրագրեր են իրականացվել: 

Գերման Ավագյանի, Մհեր Ազատյանի, Հարություն Զուլումյանի, Քիքիի, Սեւի, Մարի Մունի, Գեւորգ Սարգսյանի, Եվա Հարութի, Սերգեյ Մանուկյանի, Վաչագ տեր-Սարգսյանի, Ազատ Սարգսյանի, Գագիկ Ղազանչյանի եւ Սամվել Սաղաթելյանի գործերը ցուցադրվեցին պատկերասրահում: Պատկերասրահից բացի երեք տարբեր վայրերում գործեր տեղադրվեցին. իմ եւ Աշոտ Ավագյանի ինստալացիաները այժմ գտնվում են Ջդրդուզում (Ձիաթափում), Սահակ Պոոսյանի ինստալացիան Շուշիի պարիսպների մոտ է, իսկ Չարլի Խաչատուրյանի գործը, որ կշռում էր մոտավորապես կես տոննա, փոխադրվեց պատկերասրահ:

Ծրագրին մասնակցում է նաեւ վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Սյուզաննա Կարդալյանը, ով կազմակերպել էր վարպետության դասեր եւ ցուցադրել նաեւ «Մեծ մոր դաջվածքները» ֆիլմը այսօր Շուշիի Նարեկացի կենտրոնում:  

Հ.Գ. «Հետքը» կապ է հաստատել «Շուշի արտ փրոջեքթ» նախագծի մասնակից- արվեստագետների հետ: Առաջիկայում կներկայացնենք նրանցից մի քանիսի հետ արված հարցազրույցները եւ մշակութային օրերի տպավորությունները:Նշենք, որ «Շուշի արտ փրոջեքթի» փակումը տեի կունենա հոկտեմբերի 14-ին. ծրագրի ղեկավարը մեզ հետ զրույցում հայտնեց` համոզված է, որ ծրագիրը կունենա շարունակական բնույթ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter