HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփուռքահայ ներդրողի ընկերության բանկային հաշիվները կշարունակեն մնալ կալանքի տակ

Դեռևս այս տարվա հունվարի 30-ին ՊԵԿ-ի քննիչ Ռաֆայել Մկրտչյանի կողմից միանձնյա որոշում էր կայացվել՝ կալանք դնել սփյուռքահայ ներդրող Հարթունյանների ընտանիքին պատկանող «Ջի էյչ Սթորեյջ Էնթերփրայզիս» ընկերության բանկային հաշիվների վրա: Հարթունյանները դատարանում վիճարկել էին ՊԵԿ-ի քննիչի այդ որոշումը: Սակայն Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանը բողոքը մերժել էր՝ գտնելով, որ ՊԵԿ-ի քննիչի կայացրած որոշումը ճիշտ է, և բանկային հաշիվները մնացել էին արգելանքի տակ: 

Ընդհանուր իրավասության դատարանի այս որոշումը բողոքարկել էր Նարեկ Հարթունյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Հոկտեմբերի 10-ին, սակայն, վերաքննիչ քրեական դատարանը մերժեց բողոքը: 

Մեկնաբանելով դատարանի մերժումը՝ Նարեկ Հարթունյանը նշեց, որ բանկային հաշիվների վրա դրված կալանքի հետևանքով կաթվածահար է եղել ընկերության աշխատանքը, 30 ընտանիք մնացել է առանց աշխատանքի: «Պատկերացնո՞ւմ եք այս ընթացքում, եթե ընկերությունը լիարժեք աշխատեր, որքան հարկեր կվճարվեին և պետական բյուջեն բնական է՝ կշահեր»,-ընդգծեց սփուռքահայ ներդրող Սարոյի եղբայրը՝ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը: 

Այնինչ դատախազ Բագրատ Պետրոսյանը ներկայացրեց, որ բանկային հաշիվների վրա դրված կալանքը օրինաչափ է ու անհրաժեշտ է, որպեսզի «Ջի էյչ Սթորեյջ Էնթերփրայզիս» ընկերության բանկային հաշիվները մնա կալանքի տակ: Իսկ ասվածի հիմնավորումն այն է, որ հարկերից խուսափելու  հատկանիշների դեպքում, երբ պետությանը պատճառվել է վնաս, գույքի կալանքը արդարացված է, քանի որ այդ գումարները բռնագանձելու խնդիր կա: 

Փաստաբան Հայկ Ալումյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ այս գործում գույքի վրա կալանք դնելու իրավահարաբերությունը կարգավորող դրույթը գրեթե ամբողջապես խախտվել է: «Ավելի հեշտ է գտնել, թե որ նորմերը չեն խախտվել, քան նրանք, որոնք խախտվել են, այնքան, որ շատ են դրանք»,- շեշտեց փաստաբանը՝ մանրամասնելով, որ այսօր օրենքը թույլ է տալիս ՊԵԿ-ի քննիչին միանձնյա սահմանափակել անձի իրավունքը՝ կալանք դնելով գույքի վրա: Փաստաբանը նկատեց, որ միգուցե դատարանը դիմի ՍԴ՝ հիշյալ դրույթը հակասահմանադրական ճանաչելու համար: «Մենք գտնում ենք, որ քննիչը ոչ թե պիտի լիազորություն ունենա կալանք դնել չդնելու հարցը միանձնյա որոշելու, այն նա պիտի դիմի դատարան: Եվ դատարանն արդեն պիտի որոշում կայացնի՝ դնե՞լ կալանք գույքի վրա, թե՝ ոչ»,- իր տեսակետը հայտնեց Հայկ Ալումյանը: 

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որտեղից դուրս եկավ փաստաբան Ալումյանի բողոքի մերժմամբ: Այսպիսով՝ սփյուռքահայ ներդրող Հարթունյանների ընտանիքին պատկանող «Ջի էյչ Սթորեյջ Էնթերփրայզիս» ընկերության բանկային հաշիվները կշարունակեն մնալ կալանքի տակ:

Հարթունյանների ընտանիքի մամուլի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter