HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Գոմեշի մսի գործով մեղադրյալը իսկապես սրտի կաթված է տարել. բժիշկները անոթների լայնացում են կատարել

Գոմեշի մսի գործով կալանավորված Ալբերտ Օհանջանյանը, որը Կապանի մսի կոմբինատի տնօրենն է, որպես կասկածյալ ձերբակալվել է օգոստոսի 29-ին, սեպտեմբերի 1-ին նրան մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը նա կալանավորվել է: Այս մասին «Հետքին» հայտնեց ՊՆ քննչական ծառայության աշխատակից Մերի Սարգսյանը: Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել էր դեռեւս հունիսին: Առաջադրված հոդվածը հետեւյալն է. «Խարդախությունը (խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»: Այս հոդվածով առանձնապես խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկը գերազանցող գումարը, ասել է թե՝ խոսքն ավելի քան 3 մլն դրամի մասին է:

Մերի Սարգսյանը շեշտեց, որ գործը հարուցվել է բանակին մատակարարված տավարի մսի մեջ նաեւ գոմեշի միս հայտնաբերելու փաստի առթիվ: Այսինքն՝ խոսքը ոչ թե հնդկական կամ բրազիլական արտադրանքի, ինչպես նաեւ ժամկետանց մսի մասին է, այլ պարզապես պայմանագրով նախատեսվածից ուրիշ բան մատակարարելու: Բացի այդ՝ նախաքննությունը շարունակվում է հարկերից եւ այլ պարտադիր վճարումներից խուսափելու հանգամանքի ուղղությամբ: Խոսքն ըստ էության Քր.օր.-ի 205-րդ հոդվածի մասին է. «Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր չափերով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից տասնհինգհազարապատիկը չգերազանցող գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկը գերազանցող գումարը»:

Մյուս կողմից, ըստ Մ. Սարգսյանի, քննարկման փուլում է մի շարք պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրելու հարցը, եթե հիմնավորվի, որ նրանց գործողություններում առկա է քրեական տարր:

Իր հերթին Օհանջանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում: Նա նաեւ հավելեց, որ այս պահին շատ բան չի ցանկանում ասել, մեղադրանքն անհիմն է, եւ հետագայում, երբ անհրաժեշտ համարեն, կխոսեն գործի մասին: Սահակյանը չմեկնաբանեց լուրերը, թե Օհանջանյանը տեղեկանքներ է հավաքել Կապանի գյուղերի համայնքապետներից այն մասին, որ միսը մթերվել է դրանցից, սակայն իրականում գոմեշի միս է առաքել բանակին:  

«Հետքին» հայտնի դարձավ, որ այս պահին Օհանջանյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Մեր աղբյուրը հաստատեց այն տեղեկությունը, որ Օհանջանյանն իսկապես նախկինում սրտի վիրահատություն է ենթարկված եղել, իսկ ահա կալանավորման օրը սրտի ընդհանուր կաթված է տարել, ինչի հետեւանքով բժիշկները ստիպված արյունատար անոթների լայնացում են կատարել զոնդավորման միջոցով:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter