HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բազմերես ինքնությունս ուր որ գնամ հետս է. Արա Օշական

Շուշիում հոկտեմբերի մեկից մեկնարկած «Շուշի արտ փրոջեքթի» «Հող եւ տեխնոլոգիաներ» նախագծի շունչը տեղափոխվեց մայրաքաղաք: Հայազգի արվեստագետներից շատերը, որոնք ժամանել են արտերկրից, արդեն մայրաքաղաք Երեւանում են:

Լուսնակարիչ Արա Օշականի հետ պայմանավորվում եմ հանդիպել Ազատության հրապարակում: Անհամբերությամբ մեկ-երկու րոպե թերթում եմ «Father Land» գիրքը, որտեղ լուսանկարչի եւ հոր` հայտնի գրող Վահե Օշականի համատեղ աշխատանքն է:

Ծնունդով Լիբանանից լուսանկարիչն այժմ ապրում է Նահանգներում:  Շուշիում դեռ եղել է 1998թ.-ին:

Անձրեւային եղանակը խանգարում է միանգամից նշմարել արագաշարժ լուսանկարչին, որը ամեն վայրկյան փորձում է պահ որսալ քաղաքի այս կամ այն անկյունում: Նույն արագությամբ տեղավորվում ենք սրճարանում: Ձեռքի թուղթը Ազգային պատկերասրահի տոմսն էր, պայուսակը եւ կեցվածքը` լուսանկարչի, որը ամենից առաջ կարեւորում է առնչությունն առարկայի, մարդու, շրջապատի հետ: Միանգամից շեշտում է.

«Ես բառի մարդ չեմ… Դժվարանում եմ խոսել. այն, ինչ ասելու եմ արդեն իսկ նկարներումս կա… Եվ ամենը նույնիսկ մեկ լուսանկարով չեմ կարող բնորոշել: Շուշին էլ… Լուսանկարի մեջ կարեւոր երկու բան կա` կեցվածքը եւ շարքը, որպեսզի ասելիքն ամբողջական լինի: Իմ լուսանկարները նախադասության նման են. երբ լավ շարադրես եւ ճիշտ դասավորես, կստանաս հրաշալի մի վեպ, որն ունի ճիշտ սկիզբ, միջնամաս եւ ավարտ»,- ասում է Արան:

Ինչպե՞ս ստացվեց, որ մյուս արվեստագետների հետ միասին «Շուշի արտ փրոջեքթի» շրջանակներում այցելեցիք Շուշի:

Հերին` ծրագրի ղեկավարը, որոշում էր` ով պետք է մասնակցի այս նախագծին եւ ինձ դիմեց… Գիտեր, որ իննսունականներից երկար հարաբերություն ունեի Շուշիի հետ, որը հիմնականում չի փոխվել. հոգեվիճակը նույնն է մնացել: Եվ սա մի առիթ էր, որը հետո դժվար թե ընձեռնվեր:  

Ինստալացիան, որի արդյունքում շուշեցիների լուսանկարներով ավերված շենքերից մեկի պատուհաններն ու դռները ծածկվեցին, ինչպե՞ս է ծնվել, ո՞րն էր հենց նման նախագիծ իրականացնելու պատճառը:

Անընդհատ փլատակ շենքեր եմ տեսել Շուշիում, որոնք ունեն մեծ խորշեր` ճարատարապետորեն դրանք մեծ ապակիների համար են նախատեսված եղել: Այս հին շենքերը մահվան վկայությունների պես մի բան են, եւ մտքովս անցավ դրանցից գոնե մեկը կյանքի կոչել:

Այս նախագիծն արել եմ վերաբնակեցման գաղափարի շուրջ:

Ինչպիսի՞ վերաբերմունք ունեին շուշեցիները լուսանկարչական աշխատանքերը կատարելիս:

Դեռ ամռանը սկսվեցին աշխատանքները:

Իմ նպատակը շուշվեցիներին ներկայացնելն էր հենց իրենց. այս լուսանկարներում վերաբնակվողներն են` տարբեր տարիքի եւ սեռի: Ցանկությունս մեկն է` Շուշիի վերաբնակեցումն ավելի արագ տեսնելը:

Շուշեցիների մի մասը, ում լուսանկարում էի, խանդավառվեցին մտքից, եւ նույնիսկ մտերմիկ հարաբերություններ սկսվեցին:

Այս պարագայում ստեղծվեց կոնցեպտուալ արվեստի հետ առնչության գաղափարը: Զարմանալին այն էր, որ շատերը հասկացել էին գործի իմաստը` մեծից փոքր: Ոմանք ասում էին, որ Շուշին գեղեցկացնելու համար է:

Լուսանկարներից մեկում մի աղջնակ է, ով շենքի դիմացի երաժշտական դպրոցում է սովորում. ամեն օր իր հասակակիցներին բերում եւ բացատրում էր նկարների իմաստը` մատնացույց անելով հատկապես իր լուսանկարը: 

Արդյոք շուշեցիները պատրա՞ստ էին ավերված շենքի փոխարեն այժմ տեսնել իրենց հարազատների եւ բարեկամների լուսանկարները: 

Շուշվեցիները շատ պարզ ժողովուրդ են, եւ առիթ չունեցա շատ բարդ զրույց ունենալու: Ավելի խորը չհասկացա, թե իրենք ինչպես զգացին երեւույթը:

Ինձ համար սկզբնական շրջանում բարդություն էր նկարի տեսակն ընտրելը, բայց հետաքրքիր բան կատարվեց. ես մտա Ղազանչեցոց եկեղեցի եւ տեսա առաքյալների նկարները, որոնք պատկերված էին ոտքից գլուխ: Սա ինձ համար հաղորդություն էր, եւ ես որոշեցի նույն կերպ էլ շուշվեցիներին պատկերել` ստանալով ահռելի նկարներ, որոնք զբաղեցրեցին ողջ դատարկ խորշերը:

Ինձ համար խնդրի լուծում դարձավ դա, որովհետեւ դրսի աչքը, երբ գալիս է եւ փորձում է մի բան ստեղծել տեղացիների համար, անպայման պետք է առնչություն ունենա, զգա տեղացիների մտածողության ձեւը: 

Պատմեք, խնդրում եմ, լուսանկարելու ընթացքի մասին: 

Տարօրինակ վիճակ էր: Այդ օրը, որ սկսեցի լուսանկարել ,Շուշիում ընտրություններ էին: Շուշին շտապում էր,մենք` դանդաղում: Շատերը չուզեցին, որ իրենց լուսանկարն այդքան մեծ մասշտաբով հայտնվի շենքի վրա: Ով չէր համաձայնում, բնականաբար, չէի լուսանկարում:

Շատ հետաքրքիր էր` ձեւավորվում էին հարաբերություններ, որոնք սկսվում էին մի բաժակ թեյի կամ սուրճի հյուրասիրությունից: Հենց այդ ժամանակ է, որ կապվում ես իրենց ամենօրյա կյանքին, լավ ես պատկերացնում վիճակը: Ես ութ տարի ունեի այդ հարաբերությունը, եւ այն ինձ եւս մեկ անգամ հետաքրքիր ու հաճելի էր: 

Որպես արվեստագետ` ինչպե՞ս կգնահատեք Շուշիի եւ ընդհանուր առմամբ Արցախի ներկայիս մշակութային զարգացումները: 

Տեղում ծանոթացանք մի քանի արվեստագետների հետ, որոնք մասնակցում էին ընդհանուր գործընթացներին: Ես տեսա, որ շինարարություն կա, իսկ դա առաջընթաց է:

Մեր նախագիծը կոնցեպտուալ արվեստի շուրջ է, եւ այդ արվեստի տեսակն է,որ խոսում է ապագայի մասին… Գիտեք` տվյալ պարագայում կարեւորվում է այն, որ տեղացիներից շատերը գուցեեւ չհասկացան կատարվածը, բայց միտվում են ապագային:

Բավականին դժվար է, կարծում եմ, տարածական, ժամանակային տարբերությունը խախտել եւ ներկայանալ նման արվեստով: Հենց այդ տարածքում գուցեւ առա՞ջ է գալիս ինքնության հարցը: 

Ինձ համար ինքնության հարցը եզակի է. ես եւ հայ եմ, եւ ամերիկացի… Կան պահեր, որ ես ամբողջությամբ ինձ ամերկացի պետք է զգամ, եւ հակառակը` միանգամայն հայ: Այստեղից է սկսվում իմ ամբողջ արվեստը: Այդ հարցերը իմ գործերի մեջ են… Ես եմ իմ գործերի մեջ:

Երբ նկարում եմ Արցախում, ինքս ինձ եմ նկարում այդ տարածքում, եւ այդ մի քանի ինքնությունների գաղափարը սքանչելի ազատություն է տալիս արվեստագետին` դու դառնում ես աշխարհի բնակիչ` կրելով միանգամից մի քանի մշակույթների ազդեցությունը… Ազատագրումի պես մի բան է: Եվ երբ առաջանում է ինքնությանս հարցը, միանգամից լուսանկարում եմ, եւ տեսնում ինձ:

Իննսունականներին Ձեր հոր` Վահե Օշականի հետ միասին էիք Արցախում եւ ստեղծեցիք «Father Լand»-ը: Գրքում ներկայացված են Ձեր լուսանկարները, որոնք կրկին Արցախի բնակիչներին են պատկերում եւ Ձեր հոր պատմությունները` Արցախի մշակույթի, պատերազմի մասին: Այն ժամանա՞կ էլ կար ինքնության խնդիրը լուսանկարներում դնելու գաղափարը: 

Լուսանկարչության ընթացը խիստ կարեւոր է ինձ համար. նյութը հստակեցված չէ, եւ էդ անհայտության մեջ է, որ պետք է երեւա նաեւ լուսնակարիչի եսը, ինքնությունը… Եվ նյութից կարեւոր դառնում է լուսանկարիչի զգացողությունն ու այդ իրականության մեջ գտնվելը:

Գիրքը, որ ստեղծեցինք ես եւ հայրս, տանսհինգ տարվա համագործակցություն էր… Զարմանալի բան է, որ այդ ընթացքում կորցրեցի հորս, ես հայր դարձա` ունենալով չորս զավակ… Գիրքն ստեղծվեց գոյությանս զուգահեռ… Ես հայր ունեի, հայր դարձա եւ ինքնության յուրահատուկ պարզաբանումը դրեցի աշխատանքում:

Բազմերես ինքնությունս ուր որ գնամ, հետս է… Ճամպրուկների պես է` անընդահատ պետք է պտտեցնես հետդ եւ մշտապես տեղ հատկացնես...

Տես նաեւ՝ Արա Օշական / Քաշաթաղի շրջան: Գյուղ Հայկազյան: Պարգեւ Համբարյանի ընտանիքը:

Արա Օշական / Քաշաթաղի շրջան: Գյուղ Հակարի: Գյումրեցի Արտաշի ընտանիքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter