HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդվիի փոքր հէկերը խախտելու են տարածքի կենսաբազմազանությունը և այգիների ոռոգումը

Ռիմա և Ջանիբեկ Նիազյաններն արդեն 30 տարի է, ապրում են Լոռու մարզի Աքորի և Կաճաճկուտ գյուղերի վարչական տարածքում գտնվող Սեդվի հանդամասում: Սեդվիի մյուս բնակիչներն աշունն սկսվելուն պես Սեդվի գետակի ավազանում սփռված իրենց այգիների բերքը հավաքում և հեռանում են իրենց ամառանոցներից, իսկ 80-ամյա Ջանիբեկ Նիազյանն կնոջ հետ շարունակում է միայնակ բնակվել Սեդվիում:

Սեդվի գետակը սնվում է Լալվարի լեռնային աղբյուներից: «Լսել ենք, որ գետակի վրա ԳԷՍ-եր են ուզում կառուցել, մի քանի վախտ առաջ վիլիսով եկել էին, բայց շինարարությունը դեռ չեն սկսել»,- ասաց Ջանիբեկ Նիազյանը:

Սեդվիի կուսական անտառների գայլերի մասին շատ էինք լսել: «Անցկենող տարի ժամը կլիներ 1-ը, մեկ էլ լսեցի, որ խոզը գոռում ա: Դուրս եկա տեսա՝ գելը արդեն խոզին քարշ է տալիս, խոզի մեջքը պոկել էր դեն գցել: Չախկալը ամեն շագի կա, բայց վտանգավորը գելն է»,- ասաց Ջանիբեկը և հավելեց, որ գայլը մի 2 օր առաջ մի մոզի իր տնակի մոտ կերել, երկու հատ էլ «ժամի կշտին»: «Էնքան գիտենք, որ Սեդվի 7 հատ գել կա»,- ասաց ծերունին:

Սեդվիի մեկ այլ բնակիչ՝ Ժիրայրն էլ ձեռքվ ցույց տվեց Ջանիբեկ Նիազյանի տնակից հազիվ 100 մետր հեռավորության վրա գտնվող ճոճվող բարդին և ասաց, որ բարդուց ներքև' գետակի վրա են կառուցելու հէկերից մեկը: «Թթու աղբրի տարածքն ա»,- ասաց Ջանիբեկ Նիազյանը և ինձ առաջնորդեց այնտեղ:

Ծերունին այլ տեղեկություն չուներ Սեդվիի վրա կառուցվելիք հէկերից: Վանաձորի «Օրհուս» կենտրոնի համակարգող Պերճ Բոջուկյանի՝ ՀՀ բնապահպանության նախարարությանը արած հարցումներից պարզվել է, որ Լոռու մարզի Կաճաճկուտ համայնքի ղեկավար Մխիթար Թամազյանը և Աքորի համայնքի արդեն նախկին ղեկավար Կամո Սիմոնյանը 2011թ. դեկտեմբերի 5-ին անցկացրել են «Սեդվի էներգո» ՍՊԸ-ի ներկայացրած «Սեդվի-1» և «Սեդվի-2» փհէկերի կառուցման աշխատանքային նախագծի' շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական քննարկում: Փհէկերը նախատեսված է կառուցել Սեդվի գետակի վրա:

Դեկտեմբերի 5-ին կայացած հասարակական լսումներին մասնակցել են ընդամենը գյուղապետներ Մխիթար Թամազյանը և Կամո Սիմոնյանը, յուրաքանչյուր գյուղի ավագանու 3-4 անդամ, «Սեդվի էներգո» ՍՊԸ-ի տնօրեն Ե. Մարկոսյանը և «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ Հերիքնազ Մկրտչյանը:

Վանաձորի «Օրհուս» կենտրոնին ՀՀ բնապահպանության նախարարության տրամադրած Կաճաճկուտի և Աքորու հասարակական լսումների արձանագրությունները նույնաբովանդակ են, ընդամենը գյուղապետների և ավագանու անդամների ազգանուններն է տարբեր: Լսումների ժամանակ ելույթ է ունեցել «Սեդվի էներգո» ՍՊԸ-ի տնօրեն Ե. Մարկոսյանը, ով ներկայացրել է փհէկերի դերն ու նշանակությունը համայնքների և մարզի զարգացման տեսակետից: Գյուղապետներ Մխիթար Թամազյանը և Կամո Սիմոնյանը իրենց ելույթներում կարևորել են փհէկերի դերը համայնքների սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման, մասնավորապես աշխատատեղի ստեղծման գործում:

Ըստ արձանագրության՝ «Բնապահպանության փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ Հերիքնազ Մկրտչյանը ներկայացրել է փհէկերի կառուցման ու շահագործման արդյունքում շրջակա միջավայրին հասցվելիք հնարավոր վնասակար ազդեցությունները: Իսկ թե ինչ վնասներ են դրանք, արձանագրությունները լռում են:

Զավեշտալին այն է, որ Կաճաճկուտի և Աքորիի գյուղապետներ Մխիթար Թամազյանի և Կամո Սիմոնյանի մտքով չի անցել «Սեդվի-1» և «Սեդվի-2» փհէկերի կառուցման աշխատանքային նախգծերին հավանություն տալուց առաջ տեղում ուսումնասիրել այն «օգուտները», որոնք տվել են Ծաղկաշատ գյուղի Ժիվանք հանդամասի լեռնային աղբյուրներից սնվող Դսեվանք գետակի վրա կառուցված «Հաղպատ-1» և «Հաղպատ-2» փհէկերը Հաղպատ, Սանահին, Ակներ գյուղերին, իսկ Մարց գետի վրա կառուցված, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին և ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանի որդի Սերգեյին պատկանող փհէկերը՝ Քարինջ, Մարց, Լորուտ և Մոտկոր գյուղերին:

Դսեվանքի ոռոգման ջրից սնվող Ակներ, Հաղպատ, Սանահին գյուղերը հէկերի շահագործումից հետո իրենց վարելահողերը սկսել են օգտագործել որպես խոտհարքներ, Մարց գետակը գրեթե ցամաքել է, այն անմատչելի է դարձել Մոտկորի գյուղացիների համար, իսկ ձկներն էլ գրեթե վերացել են:

Ո՞ւմ է պատկանում «Սեդվի էներգո» ՍՊԸ-ն: Ի պատասխան «Հետքի» հարցման՝ Կաճաճկուտի գյուղապետ Մխիթար Թամազյանը պատասխանեց. ««Սեդվի էներգո» ՍՊԸ-ն նախկինում պատկանել է կաճաճկուտցի, երբեմնի ՀՀ բնապահպանության նախարար, ՀՀՇ-ական Սարգիս Թամազյանին: Իմ տեղեկություններով՝ Սարգիս Թամազյանը, «Սեդվի-1» և «Սեդվի-2» փհէկերը կառուցելու ֆինանսական հնարավորություն չունենալու պատճառով, ՍՊԸ-ն հէկերի կառուցման լիցենզիայի հետ վաճառել է երևանաբնակ Ե.Մարկոսյանին»: Վերջինիս անձի մասին գյուղապետն ասաց, որ այլ տեղեկություն չունի:

Ըստ Մխիթար Թամազյանի՝ հէկերի կառուցումը հետաձգվում է, քանի որ «Սեդվի էներգոյի» նոր սեփականատերը այլ վայրերում նույնպես փհէկեր է կառուցում: Դրանք ավարտելուց հետո՝ հավանաբար եկող գարնանը, կսկսի Սեդվիի երկու փհէկի կառուցումը:

Ըստ Պետռեգիստրի տվյալների՝ «Սեդվի էներգո» ՍՊԸ-ի փայատերերն են Հարություն Թամազյանը (Սարգիս Թամազյանի որդին), Աքորիի նախկին գյուղապետ Կամո Սիմոնյանը և նրա կինը՝ Գրետա Մկրտչյանը: Կամո Սիմոնյանը «Սեդվի-2» փհէկի վերաբերյալ հասարակական լսումներն անցկացրել է համայնքի բնակիչներից գաղտնի:

«Հետքի» հետ զրույցում գյուղապետ Թամազյանն ասաց, որ փհէկերը հավանաբար պետք է աշխատեն միայն գարնանային վարարումների ժամանակ, վայրկյանում էլ պետք է յուրաքանչյուրն օգտագործի 10 լիտր ջուր:

«Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ Հերիքնազ Մկրտչյանը փաստեց, որ «Սեդվի-1» և «Սեդվի-2» փհէկերի կառուցումից հետո անկասկած խախտվելու է հանդասմասի կենսաբազմազանությունը: «Թող լսումներին մասնակցեին, և կողքիս կանգնեին ՀԿ-ների ներկայացուցիչները, և այն ժամանակ Սեդվիի հէկերի կառուցումը այլ ընթացք կստանար»,- ասաց փորձագետը:

ՀԷԿ-երի շահագործումից վտանգվելու է նաև Սեդվիի ավազանի՝ Աքորի և Կաճաճկուտ համայնքների գյուղացիներին պատկանող բերքառատ այգիների ոռոգումը:

Մեկնաբանություններ (1)

gjuxaci
isk ur e mer petutjuny/////

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter