HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Արտակ Բեգլարյանը հայց է ներկայացնելու ընդդեմ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի

Վճռաբեկ դատարանը, դատավոր Ելենա Սողոմոնյանի նախագահությամբ, վերադարձրել է հայցվոր Արտակ Բեգլարյանի բողոքը և անփոփոխ թողնել վարչական վերաքննիչ դատարանի վճիռը: Գործով պատասխանող կողմ են արտաքին գործերի և ֆինանսների նախարարությունները:

Հիշեցնենք, որ հայցվոր Արտակ Բեգլարյանը, ով վաղ տարիքում կորցրել է տեսողությունը, դիմել էր արտգործնախարարի կառավարման ներքո գտնվող Դիվանագիտական դպրոցում դասընթացներին մասնակցելու նպատակով քննություններ հանձնելու և ուսումը շարունակելու համար: Սակայն հայցվորին հայտնել էին, որ արտգործնախարարը՝ ի դեմ Դիվանագիտական դպրոցի, որոշել է մերժել հայցվորի դիմումի ընդունումը՝ պայմանավորված իր կուրությամբ:

Արտակ Բեգլարյանը վարչական դատարանից պահանջում էր վերացնել իր դիմումը մերժելու ԱԳՆ-ի որոշումը, որպես իրենց պատճառված բարոյական վնասի մասնակի փոխհատուցում՝ ՀՀ-ից բռնագանձել 1 դրամ, վերացնել ԱԳՆ-ի կառավարման ներքո գործող Դիվանագիտական դպրոց ընդունվելու հնարավորության ապօրինի սահմանափակումը, պարտավորեցնել ԱԳՆ-ին իրականացնել իր ընդունելության քննությունը կամ իրեն ընդունված համարել Դիվանագիտական դպրոց:

Իսկ պատասխանող կողմը պնդում էր, որ ԱԳՆ-ն այս գործով չի կարող պատասխանող հանդես գալ, քանի որ հայցվորի վերաբերյալ որևէ վարչական ակտ չի ընդունել և պատասխանատվություն չի կրում Դիվանագիտական դպրոցի՝ դասընթացի մասնակցության մրցույթի հետ կապված գործողությունների համար:

Ավելին, պատասխանող կողմը, այս գործով պատասխանող լինելու պարագայում, հայցվորի դիմումի մերժման հիմքում կարող էր դնել կառավարության 2002թ. փետրվարի 13-ի որոշումը, ըստ որի՝ սահմանված են այն սահմանափակումներն ու հիվանդությունները, որոնք խոչընդոտում են ծառայողական պարտականությունների ու լիազորությունների կատարմանը: Այդ սահմանափակումների ու հիվանդությունների ցանկում ներառված է նաև կուրությունը:

2011թ. հոկտեմբերին վարչական դատարանը մերժել էր Արտակ Բեգլարյանի հայցը: 2012-ի հունիսին վարչական վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել վարչական դատարանի վճիռը:

Վճռաբեկ դատարանին ուղղված հայցում Արտակ Բեգլարյանը պատճառաբանել է, որ ոչ ինքը, ոչ էլ իր ներկայացուցիչը չեն ստացել վերաքննիչ դատարանի որոշումը, իսկ այդ որոշման բովանդակությանը ծանոթացել են datalex.am կայքում տեղադրված այդ որոշման ոչ պաշտոնական տեքստից դրա հրապարակման պահից 2 շաբաթ անց: Ուստի հայցվորը Վճռաբեկ դատարանից պահանջում էր հարգելի ճանաչել վարչական վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը, վերականգնել բաց թողնված ժամկետը և բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը նշել է, որ վերաքննիչ դատարանի՝ 2012թ. հունիսի 4-ի որոշումն ուղարկելու վերաբերյալ գործում առկա գրությամբ և այդ որոշումը ստանալու վերաբերյալ փոստային ծանուցագրով հաստատվում է, որ վերաքննիչ դատարանի որոշումն Արտակ Բեգլարյանին է ուղարկվել հունիսի 5-ին և ստացվել հունիսի 12-ին: Ուստի Վճռաբեկը համարել է, որ Արտակ Բեգլարյանը որևէ հիմնավոր ապացույց չի ներկայացրել, որ այդ ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

Արտակ Բեգլարյանը «Հետքին» հայտնեց, որ պատրաստվում է նոր հայց ներկայացնել դատարան՝ այս անգամ Դիվանագիտական դպրոցի դեմ:

Արտակ Բեգլարյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը: Իր կուրության պատճառով՝ Հայաստանի արտգործնախարարի կառավարման ներքո գտնվող Դիվանագիտական դպրոցում սովորելու հնարավորությունից զրկվելուց հետո Արտակը մեկ տարի ուսանել է Անգլիայում:

Դիվանագիտական դպրոցի՝ տեսողությունը կորցրած ուսանողի դիմումը մերժելու դեպքին է անդրադարձել նաև 2011թ. Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը:

Մեկնաբանություններ (1)

Maro
It is time that our government sheds off soviet approaches and become an equal opportunity employer. Handicaps are not an obstacle anymore to employment or career development in the civilized world. Shouldn't Armenia follow suit??? Bravo Artak for standing up to your rights!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter