HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Արևմուտքի՞, թե՞ Ռուսաստանի «մարդն» է Օսկանյանը

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը՝ նախագահական ընտրություններում իր առաջադրման հնարավորության վերաբերյալ, առանձնակի ուշադրության չարժանացավ: Թերևս պատճառն այն էր, որ դա վերագրվեց փողերի լվացման և յուրացման հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ իր ինքնապաշտպանությանը և այդ նպատակով գործն էլ ավելի քաղաքականացնելու նրա ցանկությանը: Սակայն Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հայտարարությունը, թե այս գործը ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում, վատ է Հայաստանի արդարադատության և ժողովրդավարության տեսանկյունից, պարզորոշ ուրվագծեց, որ տեղի ուենցող գործընթացները շատ ավելի քաղաքական նշանակություն ունեն, քան կարելի էր պատկերացնել:

Հատկապես դեսպանի այն ակնարկը, թե անհանգստացնող է, որ այս դեպքերը տեղի են ունենում ընտրություններին նախընթաց, տպավորություն ստեղծեցին, թե ԱՄՆ-ն փորձում է հովանավորության տակ առնել նախկին արտգործնախարարին՝ պայմանավորված հատկապես փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններով: Անմիջապես առաջ մղվեց հարցը, թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Օսկանյանը դրսում ընկալվում է որպես Սերժ Սարգսյանի իրական մրցակից ու այլընտրանք, արդյոք նրա վրա արվո՞ւմ են «խաղադրույքներ», իսկ եթե արվում են, ապա հատկապես ո՞ր բևեռի կողմից՝ Արևմուտքի՞, թե՞ Ռուսաստանի:

Մինչև ԱՄՆ դեսպանի կողմից այս հայտարարությունը տարածելը ԲՀԿ-ն, որի դե յուրե երկրորդ դեմքը Օսկանյանն է, համարվում էր արևելյան, այսինքն՝ ռուսական կողմնորոշման կրողն ու ջատագովը: ԲՀԿ-ն ինքն էր ձևավորում այս վեկտորը՝ առաջին հերթին միանշանակ պաշտպանելով Մաքսային միության հենքի վրա Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու՝ Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած գաղափարը:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երբեք չի թաքցրել իր անձնական ու գործնական սերտ հարաբերությունները Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ, ինչն էլ ավելի էր հեռացնում նրան Արևմուտքից: Վարդան Օսկանյանը երբևէ այս իրողությունների կապակցությամբ հստակ մոտեցում չի հայտնել, ինչը թույլ էր տալիս ենթադրելու, որ նա դեմ չէ կուսակցության այս դիրքորոշման որդեգրմանը: Առավելևս եթե նկատի ունենանք, որ այն տարիներին, երբ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարչակազմը հայ-ռուսական հարաբերությունները հասցրեց գրեթե վասալային մակարդակի, Հայաստանի արտգործնախարարը հենց Օսկանյանն էր:

Սակայն անգամ այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ «Սիվիլիթասի» գործի շրջանակներում լիովին պաշտպանում է Օսկանյանին, այսինքն՝ երբ ԲՀԿ-ն իր քաղաքական պատասխանատվության դաշտ առավ այս գործը, Ռուսաստանից աջակցության որևէ ակնարկ չարվեց:

Հիմա արդեն դժվար է ասել՝ ընդհանրապես Ռուսաստանը գալիք նախագահական ընտրությունների հետ կապված ԲՀԿ-ի հետ որևէ ծրագիր ունի՞, թե՞ ոչ: Դա մեծապես կախված է երկու հանգամանքից: Նախ՝ որքանո՞վ է Սերժ Սարգսյանը՝ թե որպես նախագահ և թե որպես նախագահի պոտենցիալ թեկնածու, հարավկովկասյան և տարածաշրջանային քաղաքականության համատեքստում համապատասխանում Ռուսաստանի ակնկալիքներին: Սերժ Սարգսյանի ակտիվ դերակատարմամբ ՀՀԿ-ի անդամակցումը Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը, ԵՄ-ի հարևանության քաղաքականության և արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում եվրաինտեգրմանն ուղղված կոնկրետ ծրագրերի՝ ասոցացման համաձայնագրի, ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած կոնկրետ քայլերը չեն կարող չանհանգստացնել Մոսկվային:

Սակայն, մյուս կողմից՝ տնտեսապես Ռուսաստանից գրեթե կատարյալ կախվածության մեջ գտնվող Հայաստանը նույնքան նախաձեռնողական և ակտիվ է նաև Ռուսաստանի հետ ընդհանուր անվտանգության համակարգի ձևավորման գործում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում: Եվ Մոսկվայում, թերևս, հասկանում են, որ մեծ հաշվով Հայաստանը փախչելու, վերահսկողությունից դուրս գալու տեղ չունի: Այս իմաստով նրանք կարող են Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության և մանևրների մեջ իրենց շահերին սպառնացող լուրջ վտանգ չտեսնել:

Երկրորդ գործոնն այն է, որ եթե նույնիսկ Սերժ Սարգսյանի «ծառայությունները» նրանց այլևս չեն բավարարում, դա դեռ բավական չէ նրան հեռացնելու և իշխանափոխության խնդիրը լուծելու համար: Շատ ավելի կարևոր է, թե ում կամ ինչ ուժ են նրանք տեսնում Սերժ Սարգսյանի և նրա թիմի փոխարեն: Այսինքն՝ տեսնու՞մ են արժանի այլընտրանք, որի հարցում կարող են նույնքան կամ գուցե ավելի շատ վստահ լինել, որքան գործող վարչակազմի, և որն այնքան հեղինակություն ու ժողովրդականություն կունենա, որ կկարողանա անցնցում իշխանափոխություն իրականացնել: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանին պետք կլինի նախ գտնել և ակտիվացնել հայաստանյան Իվանիշվիլիին, նոր մտածել Սարգսյանից ազատվելու մասին:

Մինչդեռ Ռուսաստանը ոչ մի բանով դեռ զգացնել չի տվել, որ ի դեմս Գագիկ Ծառուկյանի կամ Վարդան Օսկանյանի՝ տեսնում է Սերժ Սարգսյանին արժանի փոխարինողի: Ավելին, ռուսաստանահպատակ Արա Աբրահամյանի հովանու ներքո գործող Հայերի համաշխարհային կոնգրեսի՝ Երևանում կազմակերպված համագումարը հստակ հայտարարեց, որ նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին: Հատկանշական է, որ դա արվեց համագումարին Ռուսաստանի նախագահի հղած ուղերձի ֆոնին: Եթե անգամ սա Կրեմլի կողմից Սերժ Սարգսյանին ուղղակի սատարել չէր, ապա գոնե համապատասխան մթնոլորտ ձևավորելու նպատակ էր հետապնդում:

Բացի դրանից՝ Վարդան Օսկանյանն իր հասարակական գործունեությունն իրականացնում է ոչ թե Ռուսաստանից, այլ ԱՄՆ-ից արված անմիջական ներդրումներով, ինչը լուրջ ցուցիչ է: Նա անգամ իր պաշտոնավարման տարիներին երբեք Ռուսաստանի կողմից ամբողջությամբ յուրային չի համարվել, և հենց նա էր, այսպես կոչված, կոմպլեմենտարիզմի քաղաքականության կնքահայրը, որի հիմնական խնդիրը տարածաշրջանում Ռուսաստանի գերազդեցությունը այս կամ այն չափով հավասարակշռելն ու արևմտյան շահերով հակակշռելն էր: Հենց այդ քաղաքականությունն է հիմա որոշակի մոդիֆիկացիաներով շարունակում Սերժ Սարգսյանը: Այնպես որ, Օսկանյանը և ԲՀԿ-ն Ռուսաստանից աջակցություն գտնելու շատ քիչ շանսեր ունեն:

Սակայն, ըստ էության, որևէ հիմք չկա նաև կարծելու, թե Օսկանյանն Արևմուտքի «մարդն» է, ինչն, իհարկե, չի նշանակում, թե ինքը՝ Օսկանյանը, չի ցանկանում իրեն որպես այդպիսին մատուցել: Եվ դրա համար կա մեկ հիմնական պատճառ. Սերժ Սարգսյանն Արևմուտքի համար ուղղակի գտնված «գանձ» է, իսկ նման «կադրին» փոխելը, այն էլ տարածաշրջանային ներկայիս խառնակ վիճակում, ուղղակի անհեթեթություն կլիներ:

Անցած 5 տարում Սերժ Սարգսյանը կատարել է Արևմուտքի ռազմավարական գրեթե բոլոր պահանջները. համաձայնել է Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ կարգավորել մինչև իսկ վերջինիս կողմից ներկայացվող նախապայմանների առկայությամբ, գրեթե վերջնական համաձայնություն է տվել և նույնիսկ Կազանում անցած տարի պատրաստ էր ստորագրել ԼՂ հիմնախնդրի կարգավորման մադրիդյան սկզբունքները, որոնցով Ադրբեջանին են հանձնվում ԼՂ-ի հարակից բոլոր շրջանները՝ ընդամենը անորոշ հեռանկարում ԼՂ-ի կարգավիճակի վերաբերյալ որոշման հանրաքվե անցկացնելու խոստման դիմաց, երկրի արտաքին պարտքը հասցրել է այնպիսի ահռելի չափերի, որի պայմաններում Հայաստանը գրեթե հատել է անվճարունակության սահմանը՝ մի կողմից աննախադեպ հարմարվողական դառնալով արտաքին ֆինանսատնտեսական ճնշումների նկատմամբ, իսկ մյուս կողմից՝ մտնելով պարտքերը նոր պարտքերով մարելու ուղղակի կործանարար շրջապտույտի մեջ:

Բացի դրանից, Սերժ Սարգսյանը նաև կարողանում է պահպանել ներքին քաղաքական կայունությունը, ինչը պակաս կարևոր չէ նրա հետ կապվող ծրագրերը պատեհ առիթի դեպքում կենսագործելու համար: Մինչդեռ Վարդան Օսկանյանը պաշտպանում էր շատ ավելի կոշտ քաղաքական ուղեգիծ, որի հիմքում ազգային շահերն ավելի նկատելի էին, քան այս իշխանության պարագայում:

Փաստացի 2009-ից Արևմուտքը Սերժ Սարգսյանին ներքաղաքական դաշտում ազատ գործելու, այնտեղ իր ազդեցությունը ցանկացած միջոցով մեծացնելու քարտ բլանշ է տվել: Դրանով էին պայմանավորված թե մարտի 1-ի էջը փաստացի փակելը, թե ՀԱԿ-ի մի քանի երիտասարդ ակտիվիստներին ոստիկանների հետ ընդհարվելու համար անհամարժեք ծանր, դրանով իսկ ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունեցող պատժի ենթարկելու նկատմամբ Արևմուտքի դրսևորած անտարբերությունը:

Օսկանյանի և «Սիվիլիթասի» գործն այս իմաստով բացառություն չէ: Նույնիսկ Օսկանյանին ԱՄՆ-ի աջակցելը լիովին տեղավորվում է այս մարտավարության համատեքստում և հեռուն գնացող նպատակներ չի հետապնդում: Նախ՝ ԱՄՆ դեսպանը Օսկանյանին պաշտպանելուց առաջ նախևառաջ այդ հայտարարությամբ պաշտպանում էր իր երկրի հետաքրքրությունները, որովհետև ինչպես էլ մեկնաբանես, միևնույն է՝ ստացվում է, որ ԱԱԾ-ն և գլխավոր դատախազությունը ԱՄՆ-ին անուղղակիորեն մեղադրում են առնվազն Հանթսմանի կեղտոտ փողերը Հայաստանում լվանալու փաստի վրա աչք փակելու մեջ:

Երկրորդ՝ այս հայտարարությունը կարելի է մեկնաբանել նաև մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության համատեքստում, ինչն անել ԱՄՆ-ն շատ է սիրում: Տվյալ դեպքում դա նաև իշխանություններին ավելի լուրջ քաղաքական սխալներ գործելու գայթակղությունից պաշտպանելու նպատակ կարող էր ունենալ:

Եվ երրորդ՝ Օսկանյանի միտումնավոր կամ ինքնաբերաբար ընդդիմացումը, նախագահական հավակնություններն ինչ-որ առումով ձեռնտու են Արևմուտքին: Նախ՝ արևմտյան արժեհամակարգով առաջնորդվող ուժեղ ընդդիմադիր այլընտրանքն ավելի ձեռնտու է, քան ցանկացած տիպի ռուսական «մատրյոշկան»: Բացի դրանից՝ Օսկանյանի շուրջ քիչ թե շատ ուժեղ ընդդիմադիր բևեռը միշտ էլ լրացուցիչ մտրակ է Արևմուտքի ձեռքին՝ Սերժ Սարգսյանի վարչակազմին վերահսկելի պահելու առումով: Ի դեպ, նույն նկատառումներից ելնելով՝ արդեն ԲՀԿ-ի և Ռոբերտ Քոչարյանի գործոններով պայմանավորված՝ նրա նախագահական հավակնությունները և ընդդիմացումը բխում են նաև Ռուսաստանի շահերից:

Այնպես որ, որքան էլ ինտրիգային լինեն Օսկանյանի շուրջը տեղի ունեցող այս զարգացումները, քիչ հավանական է, որ դրանք կարող են քաղաքական ներկապնակի լուրջ փոփոխությունների հանգեցնել՝ առաջին հերթին այն պատճառով, որ չկա դրա արտաքին պահանջարկը: Արևմուտքի և Ռուսաստանի միջև սերժսարգսյանական իշխանության հարցում ստեղծվել է շահերի համընկնման մի յուրօրինակ ներդաշնակություն: Բոլոր կողմերին ձեռնտու են կայունության և հնարավորինս կանխատեսելի լինելու այն երաշխիքները, որոնք ուղղակի թե անուղղակի տալիս է գործող նախագահը: Այս համատեքստում ԲՀԿ-ն և Վարդան Օսկանյանն առայժմ չեն կարող դուրս գալ «պահեստային» խաղացողների՝ իրենց վերապահված կարգավիճակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter