HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Պայքարն առջեւում է

Երեկ կայացան աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումները: Հայաստանի ընտրանին այս անգամ հանդես չեկավ, իսկ ահա մեր ընտրական B խմբի առաջատար իտալացիները սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեցին դանիացիներին, իսկ չեխերը Պրահայում 0-0 խաղացին բուլղարների հետ:

Զարմացնում են հատկապես բուլղարները, որոնք անցկացրած 4 խաղում պարտություն չեն կրել, չնայած որ հանդիպել են բոլոր մրցակիցներին՝ բացի մալթացիներից: Լյուբոսլավ Պենեւի թիմը խոստանում է խառնել երկրորդ տեղի համար պայքարող դանիացիների, չեխերի, ինչու չէ՝ նաեւ հայերի խաղաքարտերը: Մեր ընտրանին, չնայած իտալացիներից կրած վերջին պարտությանը, դեռ վատ հնարավորություններ չունի թեժ պայքարում հաղթող դուրս գալու համար, սակայն ամեն ինչ շատ բարդ է լինելու:

Մրցակիցները նախորդ շրջափուլից հետո մանրակրկիտ ուսումնասիրել են մեր թիմի ոճը, խաղացողների հնարավորությունները, ու այլեւս մատների արանքով չեն նայում հայկական կոլեկտիվին, որը «Եվրո-2012»-ում պատժեց իրեն թերագնահատողներին: Մյուս կողմից՝ այս խումբը չի կարող համեմատվել նախորդ շրջափուլի խմբի հետ, քանզի Մինասյանի սաների առաջ կանգնած են Եվրոպայի փոխչեմպիոն իտալացիները, եվրոպական ամուր թիմերի համբավ ունեցող Դանիան ու Չեխիան եւ նոր կազմավորվող, պատվախնդիր երիտասարդ բուլղարները:

Իտալացիների հետ խաղը առաջին հերթին կրկին ակներեւ դարձրեց պաշտպանությունում առկա բացերը, որոնք հատկապես զգացվում էին ստանդարտ դիրքերի ժամանակ օդից եկած գնդակների համար պայքարում: Համոզվեցինք, որ եվրոպական հզոր թիմերի հետ հավասարը հավասարի պես մրցակցելու համար դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու: Չի հերիքում գրոհի վերջնահատվածում վճռական հարվածը. պահերը կան, գոլը՝ ոչ: Մալթացիների ու բուլղարների հետ 2 խաղում միայն Սարկիսովն աչքի ընկավ, չնայած որ մերոնց ստեղծած վտանգավոր պահերը քիչ չէին: Իտալացիների հետ խաղում էլ նույն պատկերն էր: Իսկ նման հզոր թիմերի հետ խաղում լավ առիթը բաց թողնելը մեծամասամբ անհետեւանք չի մնում, ինչի ականատեսն էլ եղանք վերջին խաղում:

Շատ է խոսվում այն մասին, որ նախորդ մրցաշրջանի համեմատ թիմի մոտ ոչ միայն առաջընթաց չի նկատվում, այլեւ կարծես հետընթաց է գրանցվել: Սակայն եթե դիտարկենք Հայաստան-Իտալիա խաղի այն հատվածը, երբ հաշիվը 1-1 էր, ու մերոնք մի քանի անգամ սպառնացին Բուֆոնին, կարող ենք ասել, որ առաջին երկու արտագնա խաղերի համեմատ ինչ-որ դրական շարժ նկատվեց. սեպտեմբերին թիմն իսկապես կորցրել էր իր դեմքը, թարմություն չկար, իսկ հիմա, այն էլ իտալացիների դեմ խաղում, տեսանք պայքարելու այդ ջիղը, թե որքանով իրականություն դարձավ ցանկությունը, այլ հարց է:

Վարդան Մինասյանն այժմ թիմի պաշտպանական գիծն ամրապնդելու եւ ֆուտբոլիստներին հոգեբանական նոր լիցքեր հաղորդելու, խթանելու խնդիր ունի: 3 խաղում վաստակած 3 միավորն այն չէ, ինչին սպասում էր երկրպագուն եւ թերեւս հենց իրենք՝ խաղացողները, սակայն ամեն ինչ դեռ առջեւում է:    

 

Խաղ

Հաղթանակ

Ոչ-ոքի

Պարտություն

Գոլեր

Միավոր

Իտալիա

4

3

1

0

10-4

10

Բուլղարիա

4

1

3

0

4-3

6

Չեխիա

3

1

2

0

3-1

5

Հայաստան

3

1

0

2

2-4

3

Դանիա

3

0

2

1

2-4

2

Մալթա

3

0

0

3

1-6

0

Լուս.՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter