HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Հեռանալու եւ հեռացնելու պատճառները, երբ մշակութային կենտրոնում թրիք լցվեց սունկ աճեցնելու համար

Բեմադրիչ եւ հեռուստալրագրող Արմեն Ատոմցը Հայաստանից մեկնեց 1992 թ.-ին: Երբ երկիրը կանգնած էր կարեւոր իրադարձությունների շեմին, մշակութային կենտրոնը, որը ղեկավարում էր Արմենը, վերածվեց առանձնասենյակներով ռեստորանի, եւ արվեստանոցներից մեկում թրիք լցրեցին` այդ նույն ռեստորանների համար սունկ աճեցնելու նպատակով...

-Որո՞նք էին Հայաստանից հեռանալու պատճառները:

-Ես ճարահատված եմ մեկնել Նահանգներ` առողջական խնդիրների պատճառով: Բայց տեղափոխվելու հիմնական պատճառն ուրիշ էր… Երբ երկիրը Վերակառուցումից հետո հեղաշրջում իրականացրեց, որին բոլորս աջակցում էինք, ես սովորում էի Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի բեմադրչական ֆակուլտետում եւ միաժամանակ աշխատում «ԿանԱԶ» (Քանաքեռի ալյումինի գործարանի մշակույթի պալատ) մշակույթի պալատում` սկզբից որպես պալատի գեղարվեստական ղեկավար, հետագայում` տնօրեն:

Բազմիցս փորձում էին ինձ հասկացնել, որ ազատեմ պաշտոնս, քանի որ ՀՀՇ-ն իր ակտիվիստներից մեկին էր ուզում տնօրենի պաշտոնում տեսնել… Ամբողջ աշխատակազմով պայքարի էին դուրս եկել ինձ համար, բայց ճնշումը ՀՀՇ-ի կողմից մեծ էր, եւ 1989-1991 թթ.-ին նրանք մեծ հեղինակություն ունեին:

Մարդիկ եղան, որոնք ինձ ընկերաբար հասկացրին` լավ կլինի իմ հոժար կամքով դուրս գամ: Վախեցնում էին նաեւ կրիմինալ մարդկանց միջոցով: Ես տեսնում էի իմ 60-70 հոգուց բաղկացած աշխատակազմը եւ սրտապնդվում էի:

Այդ տարիներին էր, որ մշակույթի պալատի բազմաթիվ խմբեր արժանացել էին տարբեր միջազգային եւ միութենական մրցանակների... Ես ինքս ունեի իմ ռոք խումբը` «Համբերդը», որ մասնակցել էր տարբեր մշակութային իրադարձությունների` հաճախ հաղթանակով վերադարձել:

Մի խոսքով... Մենք` երիտասարդ մշակութային գործիչներս, նույնպես ուրախացել էինք հեղաշրջման գաղափարի շուրջ եւ անում էինք մեր գործը: Բայց ի վերջո պալատը զավթվեց, եւ հազար ու մի ստուգումներ ուղարկեցին:Ստուգողներից մեկը, երբ մենակ էինք աշխատասենյակում, ինձ ասաց` եղբայր ջան, մեկ է, մենք էլ վրադ գործ չբացենք, սրանք քեզ հանգիստ չեն տա. պետք լինի ընտանիքիդ էլ կվնասեն:

Առաջին անգամ այդ երկու տարվա պայքարի ընթացքում վախեցա... Վախեցա ընտանիքիս համար: Ազատվեցի պաշտոնից եւ ստիպված դուրս եկա հարազատ դարձած մշակույթի պալատից, եւ հետո նույնն արեցին շատ այլ խմբավարներ: Այդ ընթացքում նաեւ առողջական խնդիրներ էին առաջացել: Քույրս հրավեր ուղարկեց Նահանգներից: Մինչ այդ Հայաստանում տեղեկացրել էին, որ պետք է զրկվեմ մեկ երիկամից... Նահանգներում էլ, ցավոք, այլ ելք չգտան:

Այսքան մանրամասն չեմ պատմել այս մասին երբեք, բայց հիմա, երբ տեսնում եմ երեւանյան հեռուստաընկերությունների սերիալները, որոնք պատմում են 1990-2000-ականների մասին, հասկանում եմ, որ վերջին վերստուգող գործակալն իրոք փրկեց իմ ընտանիքին կործանումից: Եթե անգամ կենդանի մնայինք, ապա գոյատեւելու էինք գործազուրկ եւ անպաշտպան վիճակում:

-2010 թ.-ին, այնուամենայնիվ, այցելեցիք Հայաստան` համերգային ծրագրի շրջանակներում:

-Այո: Այցելեցի նաեւ «ԿանԱԶ»-ի նախկին պալատ ու… Ցավալի, սարսափելի տեսարան էր առջեւս` քանդ ու քարափ, ջարդուփշուր եղած դահլիճով. խմբերից մնացել էր միայն Սուրեն Գյանջումյանի պարախումբը, որը դասերն անցկացնում էր չորրորդ հարկի մեծ ճեղքերով հատակի վրա:

Բրավո այդ մարդուն, որ այդպես հերոսաբար դիմացել է:Ինձնից հետո խմբավարներից շատերը դուրս եկան եւ ստիպված արժանացան նույն բախտին, քանի որ նոր «տերերը» մշակութային օջախը սարքեցին վարձու տրվող տարածք. մեր «International Club»-ը դարձավ առանձնասենյակներով ռեստորան, կոոպերատիվ բանկ, իսկ ամենազարհուրելին փայտամշակման խմբակի տարածքն էր, որտեղ թրիք լցրեցին եւ սկսեցին ռեստորանների համար սունկ աճեցնել:Փակվեցին բոլոր խմբակները` կիթառի, ակորդեոնի, նկարչության…

-Ոչ մի կերպ այդ ամենի դեմ պայքարել չստացվե՞ց:

-Պայքար հնարավոր չէր. գործ ունեինք այն ժամանակվա կիսահանցագործ ղեկավարության հետ… Իսկ Արցախի սահմաններում զոհվում էին ազնիվ տղերքը:Նախկին ԽՍՀՄ երկներում այդ թվերին նույն վիճակն էր:

Գալս Լոս Անջելես փրկություն էր ոչ միայն կյանքիս տեսանկյունից, այլ նաեւ երկրիս համար, որ երեւանյան մի ընտանիքի դարդ ու ցավը ստանձնեց պետություն, որը հնարավորություն տվեց ապրել օրենքի շրջանակներում: Իսկ օրենքն այստեղ նույն ուժն ունի եւ բանվորի, եւ ղեկավարի համար:

-Եվ 1992 թ.-ից, հայտնվելով օտար պետությունում, կարծում եմ` երկու կարեւոր հարց էր առաջ եկել` ինչպես շարունակել գոյությունը պահպանել եւ նաեւ տուրք տալ մասնագիտական հմտություններին:

-Այստեղ, եթե ձգտում ունես, կհասնես նպատակիդ. այդպես եւ ես երազում էի բեմադրչական գործ անել, բայց նյութական խնդիրները թույլ չէին տալիս անգամ փորձել. ընտանիքիս պահելու համար ամեն գործ արեցի` ոսկերչությունից մինչեւ տաքսու վարորդ… Բայց հավատում էի, որ մի օր սկսելու եմ հոգուս հարազատ գործով զբաղվել: Ընկերներիս խորհուրդով թողարկեցի իմ միակ երաժշտական ալբոմը, երբ ժամանակին` 1971-81 թթ.-ին, հանդիսացել էի մշակույթի նախարարության «Հայհամերգ» միավորման մեներգիչը եւ երգել էի տարբեր խմբերում` «Բաբախող սրտեր», «Արմինա», «Էրեբունի», «Արեւածագ» ռոք խմբում, իսկ այդ տարիներին եւ ավելի ուշ գերիշխում էր ռաբիզ երաժշտությունը:

Նյութապես դժվար էր, բայց ձայնագրեցի. միաժամանակ տաքսի էի վարում եւ աշխատած գումարը մուծում էի ձայնագրող ստուդիաներին… Հետագայում ձայնասկավառակը օգնեց, որ մասնակցեմ «Ոսկե աշուն» փառատոնին:

Հրաշք օր էր. ես երգեցի իմ հեղինակային թափառական երգն ու մեծ ջերմության արժանացա:

-Այնուամենայնիվ, հիմնական գործունեությունը շարունակեցիք հեռուստատեսության ոլորտում, այո՞:

-1995 թ.-ին, ճանաչելով ինձ որպես ռեժիսոր, հրավիրեցին նորաստեղծ «ARA TV» (հայկական-ռուսական-ամերիկյան հեռուստատեսություն): Առաջարկեցին ստեղծել հեռուստանախագիծ իմ ցանկությամբ եւ, քանի որ երաժշտական աշխարհն էր ինձ հարազատ, ծրագիրս նվիրեցի երաժիշտներին, երգահաններին, երգիչներին, եւ առաջին իսկ օրվանից ծրագիրը սիրվեց հեռուստադիտողների կողմից:

-Ի՞նչ եղավ հեռուստաեսության լուծարումից հետո:

-Ցավոք, 1997-ին «ARA TV»-ին լուծարվեց, բայց հեռուստադիտողները հարցնում էին «XPRESS» երաժշտական ծրագրի մասին, որն էլ, ի վերջո, տիկնոջս եւ ընկերներիս քաջալերումների շնորհիվ շարունակվեց որպես «XPRESS TV»-ի հաղորդում, եւ եթեր էինք դուրս գալիս կեսգիշերին` տարբեր թեմաների ծրագրերով, եւ ահա արդեն 15 տարուց ավելի է` ծառայում եմ մեր համայնքին` ներկայացնելով հետաքրքիր արվեստագետներին ու մշակութային գործիչներին:

Վերջերս ավելի ուշ-ուշ եմ եթեր դուրս գալիս, քանի որ դժվար է մրցակցել «Արմենիա» եւ «Շանթ» հեռուստաընկերությունների հետ: Բայց, իհարկե, ուրախ եմ, որ այսօր ունեմ բազմաթիվ մրցանակներ ու շնորհակալագրեր, որոնք տրվել են այս գործունեության համար:

-2005 թ.-ին հիմնադրեցիք «XPRESS» art center-ը («XPRESS» արվեստի կենտրոնը): Ի՞նչ գործունեություն է ծավալում այն:

-Այստեղ կազմակերպում ենք մի շարք մշակութային երեկոներ, եւ նաեւ զուգահեռ գործում է տիկնոջս գեղանկարչական դպրոցը, որն այսօր Կալիֆորնիայի լավագույն դպրոցներից մեկն է եւ արժանացել է բարձր պարգեւների, իսկ մեր սաները գրավել եւ շարունակում են գրավել տարբեր մրցանակային տեղեր բազմաթիվ մրցույթներում:

Հ.Գ. Անուշ, չմոռանաս նշել` ուրախ եմ, որ Հայաստանում այսօր կա մշակութային զարգացում… Ես հավատում եմ, որ մեր երկիրը առաջադեմ քայլերով միտված է ապագային: Սիրում եմ երկիրն իմ ու ուրախ եմ, որ կարող եմ նույնիսկ այս հեռավորությունից ընտանիքիս հետ ծառայել հայկական մշակույթի զարգացմանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter