HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողը լրագրողից 6 մլն դրամ է պահանջում

Report.am կայքն այսուհետ չպետք է հրապարակի որեւէ նյութ «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի մասին, որը կպարունակի նրա պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի վերաբերյալ վիրավորանք կամ զրպարտող արտահայտություններ:

Այս որոշումը կայացրել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` արգելելով report.am կայքի հրատարակիչ «Խմբագիր» ՍՊԸ-ին, կայքի խմբագիր Աբել Միքայելյանին եւ վերլուծաբան Էդիկ Անդրեասյանին Հայկ Բաբուխանյանի վերաբերյալ տպագրել որեւէ նյութ report.am լրատվական միջոցում, եւ այլ անձանց կողմից դրա հիման վրա տեղադրել որեւէ հայտարարություն, տպագրել կամ տպագրած հայտարարությունն այդ լրատվական միջոցում պահպանել, որը կպարունակի Հայկ Բաբուխանյանի պատվի, արժանաատվության եւ գործարար համբավի վերաբերյալ վիրավորնք կամ զրպարտող արտահայտություններ:

Դատարանի որոշման մասին report.am կայքի պատասխանատուները տեղեկացել են այն ժամանակ, երբ ստացել են նշված արգելքի մասին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որոշումը:

«Չլսված մի բան մամուլի պատմության մեջ, ընդ որում` անժամկետ կասեցնել` դեռ դատը չավարտված, դատական որոշումները չկայացված: Այսինքն` մենք սխալ ենք, թե ճիշտ, մեզ արգելում են այդ մարդու մասին որեւէ բան գրել, ընդ որում` որեւէ ժամանակ չեն նշում` մինչեւ ե՞րբ ենթարկվենք այդ որոշմանը, մինչ դատի ավա՞րտը, հետո՞ էլ, թե՞ ընդհանրապես»,- ասում է վիճահարույց հրապարակման հեղինակ Էդիկ Անդրեասյանը` գնահատելով այս որոշումը որպես խոսքի ազատության սահմանափակում:

Իսկ ամեն ինչ սկսվել է անցյալ տարվա սեպտեմբերից` Էդիկ Անդրեասյանի հեղինակած « «Իրավունքի» իրավունքը Հայկ Բաբուխանյանի թրի ծայրին է» հոդվածով, որը տպագրվել է www.report.am կայքում:

Վերլուծաբանն այստեղ անդրադարձել է ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի գործունեությանը, որով պատասխանել է «Իրավունք» թերթում հրապարակված Հ. Օրդույանի հոդվածին` նշելով, որ Հ. Օրդույանը հենց Հայկ Բաբուխանյանի կեղծանունն է:

Հայկ Բաբուխանյանը չի օգտվել պատասխանի կամ հերքում տպագրելու իրավունքից եւ միանգամից դիմել է դատարան` պահանջելով ստիպել լրատվամիջոցին ու հեղինակին հերքել իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները, հրապարակային ներողություն խնդրել իրենից, հրապարակել դատարանի վճիռը նույն լրատվամիջոցում, ինչպես նաեւ վճարել դատական ծախսերը: 

ՍԻՄ կուսակցության նախագահը վիրավորվել եւ դատի է տվել իր երբեմնի գործընկերոջը` հայցադիմումով նշելով, որ հոդվածը պարունակում է այնպիսի արտահայտություններ, որոնք վիրավորական բնույթ են կրում եւ զրպարտություն են,  եւ դրանում արված արտահայտությունները ստույգ փաստեր չեն եւ չեն համապատասխանում իրականությանը:

Էդիկ Անդրեասյանը վստահեցնում է, որ որեւէ անձնական խնդիր չի ունեցել Հայկ Բաբուխանյանի հետ, նրա անունն իր հոդվածում առաջին անգամ է օգտագործել: Վերլուծաբանը պատմում է, որ ժամանակին երկուսն էլ նույն հարկի տակ են աշխատել` «Երկիր» օրաթերթի փակման ժամանակ «Իրավունք» թերթում Դաշնակցության մասին հոդվածներ, ելույթներ ու կոչեր են տպագրել: «Հանկարծ Հայկ Բաբուխանյանը դուրս է գալիս Դաշնակցությանը փնովող այնպիսի հոդվածներով, որոնք ընդհանրապես իրականությանը չեն համապատասխանում»,- ասում է Է. Անդրեասյանը եւ հավելում, որ Հայկ Բաբուխանյանը դատարան դիմելու փոխարեն կարող էր ինքն էլ գրչով պատասխանել: 

Չնայած հայցադիմումում չի ներկայացվել, թե հստակ որ արտահայտություններն են վիրավորանք կամ զրպարտություն պարունակել, այդուհանդերձ, պատասխանող կողմի պնդմամբ, Հ. Բաբուխանյանի ներկայացուցիչները դատական նիստերի մեկնարկից հետո 10 կետ են առանձնացրել: Օրինակ` Հայկ Բաբուխանյանը վիրավորական է համարել իր հասցեին հնչեցրած այն միտքը, թե ««քաջարի» զորավարի մոտ լավ են ստացվում ներկուսակցական հեղաշրջումներն ու կուսակցական կնիքի համար մղվող մենամարտերը»:

Վերլուծաբանի այն արտահայտությունները, որ Հայկ Բաբուխանյանը «աչքաբացի մեկն էր», եւ ՀՅԴ եւ ՍԻՄ-ի հարեւանության ժամանակ «ջահել» է աշխատել, եւ այնքան լավ է աշխատել, որ նրան առաջ են քաշել, նույնիսկ խորհրդարան տարել, որ  ՍԻՄ նախագահ Հրանտ  Խաչատրյանը մենակ չմնա, եւ մեկը լինի կողքին, որ «ջահելություն» անի, վազի սրա-նրա մոտ, պայմանավորվածություններ ձեռք բերի, հարց քննարկի, ըստ խմբագրի, վիրավորել եւ զրպարտել են իրեն:

Հայցվորը զրպարտություն է համարել նաեւ իր մասին ասված «կուսակցություն քանդելու» «մեղադրանքը», ինչպես նաեւ վիրավորվական համարել հեղինակի հարցադրումը. «Հասկանում ենք, որ ընտրություններ են մոտենում: Բայց մի՞թե կարելի է ընտրվելու համար ինքնավաճառվել եւ այն էլ այդքան էժան գնով»:

«Ինչպես ասում են, ճանճը փղի դարդն է լալիս: Իսկ թե ինչ կապ ունեն փիղը, նրա թրիքը եւ ճանճը Հայկ Բաբուխանյանի, նրա առաջնորդությամբ գործող ՍԻՄ-ի, «Իրավունքի» եւ Հ. Օրդույանի հետ, կարող եք իմանալ վերջիններիս ջահելության օրերի մամուլը թերթելով,- գրել է Է. Անդրեասյանը: - Հայկ Բաբուխանյանն, օրինակ, հայ-թուրքական ախպերության օրերին մի քանի անգամ առկայծել է էկրանին ու կիսաձայն հակաթուրքական բաներ ասել` հիմնականում կրկնելով Դաշնակցությանը: Ուզում ենք ասել` քաղաքական գործիչը սեփական ասելիք պետք է ունենա եւ ոչ թե քսմսվելու հախուռն ցանկություն: Ի դեպ, Հայկին ասենք, որ իշխանություններին էլ դա հիմա դուր չի գալիս»: Սա եւ նման մի քանի պարբերություններ Հ. Բաբուխանյանը վիրավորանք է գնահատել:

«Իրավունք» թերթն ավելի ուշ պատասխանել է Էդիկ Անդրեասյանի հոդվածին: Գայանե Զարգարյանի` «Իրավունք» թերթի մարտի 22-24-ի համարում տպագրված «Խոսքի ազատությունը` ՀՅԴ-ի մամլիչի տակ» հոդվածը անդրադարձել է նաեւ վերլուծաբանին, որին Էդիկ Անդրեասյանը պատասխանել է մարտի 25-ի «Երբ զոռով հուշում են անհուշելին» վերլուծականում, ինչի համար, սակայն, Հայկ Բաբուխանյանը նրան մեկ անգամ էլ է դատի տվել:

Զուգահեռաբար երկու տարբեր դատական նիստեր են ընթանալու, որից երկրորդ գործի շրջանակներում Հայկ Բաբուխանյանի ներկայացուցիչները միջնորդել են արգելել report.am կայքում նրա վերաբերյալ որեւէ նյութ տպագրել:

Առաջին գործով հայցվորը 3 մլն դրամ հոդվածի հեղինակից է պահանջել, նույնքան էլ` լրատվամիջոցից: Իսկ երկրորդ գործով դեռ գումարային պահանջը հստակեցված չէ: 

Է. Անդրեասյանը փորձել է հաշտությամբ հարցը լուծել, սակայն Հ. Բաբուխանյանը պնդել է, որ հաշտության կգնա միայն այն դեպքում, եթե վերլուծաբանը համաձայնի վճարել մինչ այդ պահը դատական ու փաստաբանական ծախսերը եւ հերքում տպագրի` նշելով, որ տպագրած հոդվածներն ամբողջությամբ սուտ են: Պայմանին, սակայն, չի համաձայնել Է. Անդրեասյանը:

Հայկ Բաբուխանյանի հետ զրուցել չհաջողվեց, վերջինիս մայրն էր մահացել: Նրա ներկայացուցիչը` փաստաբան Վահե Հովհաննիսյանը, հրաժարվեց որեւէ պարզաբանում տալ:

Առաջին գործը դատարանը կքննի հուլիսի 1-ին, երկրորդի նիստը նշանակված է հունիս 15-ին:  

Մեկնաբանություններ (3)

ANNA
Erevum e Hayki het shat motikic tcanotanaluc heto hgi es mnacel.
roza
Es tsanot chem E.Andreasyanin,bayc karcum em ayd hodvac@ hayk babuxanyani masin shat aveli mexm e,kan kareli er grel.
Hayq (ARMENIA
2n el nuyn sanri ktavn en-yurovi carayox serjukin

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter