HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ի փոխնախագահ Արմեն Ալավերդյանի խոսքում «անհարթություններ» կային

«Նարեկ Հարթունյանի գործը տիպիկ մեր հայերի գործերից է, որոնք Հայաստանը դիտում են որպես եկամուտ ստանալու աղբյուր, և, ցավոք սրտի, այդ նորմալ երևույթը ուղեկցվում է հարկերը չվճարելով». ՊԵԿ-ի փոխնախագահ Արմեն Ալավերդյանի խոսքն է՝ ասված այս տարվա փետրվարի 24-ին սփյուռքահայ ներդրողների հարցերին վերաբերող ԱՄՆ-ի հետ տեսակամրջի ժամանակ: Խոսքը շարունակվում է այսպես. «Գոյություն չունեցող խանութի միջոցով միլիոնավոր դրամների յուրացում է կատարվել, ինչի հետևանքով պետությանը հասցվել է մոտ 70 միլիոն դրամի վնաս»։

Արմեն Ալավերդյանի այս արտահայտությունները հայցվոր կողմը՝ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանի փաստաբանները, որպես ապացույց, ներկայացրեցին Վարչական դատարանում:  Փաստաբան Անի Թորոսյանը նկատեց, որ հարկերից չարամտորեն խուսափելու հատկանիշներով քրեական գործը փետրվարի 23-ին ուղարկվել էր դատարան, իսկ ընդամենը մեկ օր անց բարձրաստիճան պաշտոնյայի կողմից մեղադրական եզրակացությունը ներկայացվել էր  որպես հաստատված իրողություն, ինչը ոչ այլ ինչ է, քան սահմանադրական իրավունքի խախտում՝ անձը համարվում է անմեղ, քանի դեռ դատարանը չի ապացուցել հակառակը:

Փաստաբան Անի Թորոսյանի դիտարկմամբ, քանի որ սփյուռքահայ մշակութային գործչի անձին վերաբերող այս գործն ունեցավ հանրային մեծ հնչեղություն, ապա առավել ևս պետք էր ձեռնպահ մնալ մեղադրանքը որպես իրականություն ներկայացնելուց: «Ցանկացած մեկը Արմեն Ալավերդյանի խոսքը լսելուց հետո, Նարեկ Հարթունյանին առաջադրված մեղադրանքը կարող էր դիտարկել որպես հաստատված իրողություն»,-ընդգծեց Հայկ Ալումյանը: Ուստի հայցվոր կողմը Վարչական դատարանից խնդրեց՝ պարտավորեցնել ՊԵԿ-ին հրապարակային  ու պաշտոնական հերքում տարածել: 

Մինչդեռ ՊԵԿ- ի ներկայացուցիչ, իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Մհեր Հակոբյանը, հայցվոր կողմի ներկայացրած տեսանյութ-ապացույցը դիտելուց հետո տեսակետ հայտնեց, որ անմեղության կանխավարկածի խախտում ամենևին էլ չի տեսնում, քանի որ իր ղեկավարի՝ ՊԵԿ-ի փոխնախագահ Արմեն Ալավերդյանի խոսքում անհարթություններ կան ու պարզ չի դառնում, թե կոնկրետ ինչ և ում նկատի ունի նա, երբ խոսում է հարկային խախտումներից: «Եվ հետո ինչ վիրավորական բան կա նրանում, որ ասվել է՝ Հայաստանը դիտարկում են որպես գումար վաստակելու աղբյուր, բոլորս էլ գումար ենք աշխատում այստեղ»,-շեշտեց ՊԵԿ-ի ներկայացուցիչը:

Այնինչ սփյուռքահայ ներդրողների իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի անդամ, փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանն, ով ևս մասնակցել էր նույն տեսակամրջին, նշեց, որ ՊԵԿ-ի երկրորդ դեմքը պատրաստված էր եկել տեսակամրջին, ձեռքի տակ նաև տվյալներ ուներ: «Դեռ մի կողմ թողնենք, որ փետրվարի 23-ին գործը դատարան էր ուղարկվել հապշտապ ու խախտումով, այն նախ պիտի մեղադրյալներին ներկայացվեր: Բայց հարցն այն է, որ անձի մեղավորությունն ու անմեղությունը վճռվում է դատարանում, այնինչ դեռ գործը դատարանում չքննված՝ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից հնչում է նման արտահայտություն»,- նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը:

Ստեղծված իրավիճակի մասին կարծիք հայտնելով՝ ինքը՝ Նարեկ Հարթունյանը այն բնորոշեց մեկ բառով՝ առեղծվածային: «Իմ և իմ ընտանիքի արժանապատվության հարցն է: Դեռ անմեղության կանխավարկածը մի կողմ թողնենք, ես չեմ հասկանում, թե ինչու չէին կարող ասել՝ ներողություն, ու վերջ, բայց ոչ նման ձևով փորձել հերքել ամեն բան»:

Հիշեցնենք, որ Հարթունյաններին պատկանող «Ջի էյջ Սթորիջ Էնթերփրայզ» ընկերության երկու աշխատակիցներին, ինչպես նաև Նարեկ Հարթունյանին առաջադրված մեղադրանքը՝ հարկերից խուսափելու մասին, դեռ վիճարկվում է առաջին ատյանի դատարանում:  Պետությանը պատճառված վնասը, ըստ ՊԵԿ-ի վերստուգման ակտի, 64 մլն-ից ավելի է, իսկ տույժն ու տուգանքները միասին՝ շուրջ 111 մլն դրամ:

Նոյեմբերի 1-ին  պարզ կդառնա, թե Վարչական դատարանը  ինչ գնահատական կտա Ալավերդյանի  հայտարարությանը և ինչպիսի վճիռ կհրապարակվի:

Հարթունյան ընտանիքի մամլո բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter