HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղվան Հովսեփյանի նախաձեռնած կոթողը

Հոկտեմբերի 20-ին' ժամը 14.00-ին, Երևան-Ապարան ճանապարհի, «Տառ-Քարերի» պուրակի բարձրադիր մասում տեղի կունենա «Սուրբ խաչի» և «Հույսի Խորանի» օծման արարողությունը, որը ուղեկցվելու է տոնախմբությամբ և գիշերային մոմավառությամբ: Այդ արարողությանը կմասնակցի նաև ՀՀ գլխավոր դատախազ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը: Ինչպես հայտնում է «Նիգ-Ապարանը», նրա մտահղացմամբ եւ նախաձեռնությամբ է, «հայության համար սիրված վայր դարձած Տառքարերի պուրակի մոտ գտնվող բլրին վեր խոյանում 33 մետր բարձրությամբ «Սուրբ խաչ» կոթողը և «Հույսի խորանը»»:

««Սուրբ խաչի» ճարտարապետական ողջ կառուցվածքը խորհդանշում է քրիստոնեության և հայ ժողովրդի պատմական և հոգևոր նշանակալից իրադարձությունները. «Սուրբ խաչի» բարձրությունը' 33 մետր է' Հիսուս Քրիստոսի խաչելության տարիքը:

«Սուրբ խաչը» բաղկացած է 1711 մեծ ու փոքր մետաղական խաչերից, որոնք խորհրդանշում են քրիստոնյա Հայաստանի տարիքը: Նախատեսվում է ամեն տարի «Սուրբ Խաչի» վրա տեղադրել այդ տարին խորհրդանշող ևս մեկ խաչ:

«Սուրբ խաչի» համար որպես պատվանդան ծառայող քարակերտ մատուռի բարձրությունը' 301 սմ է, որն էլ հիշատակում է 301թ.-ին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն ընդունելու տարեթիվը: «Սուրբ խաչը» քառաթև է և յուրաքանչյուր թևի տակ տեղակայված են 4 մատուռներ'մոմավառության սեղանիկներով, և Հայ առաքելական սուրբ եկեղեցին հենց հոկտեմբերի 20-ին նշում է 4 Ավետարանիչների հիշատակի օրը: «Սուրբ խաչի» կառուցումը հատուկ գլանաձև խողովակներով նույնպես յուրահատուկ իմաստ ունի, քանզի գլանաձև խողովակները ձայնային էֆեկտներ արձակելու հնարավորություն ունեն և տարբեր ուժգնության քամիների ժամանակ տարբեր ձայնային հնչերանգներ են արձակում, որը հիշեցնում է եկեղեցական երգեհոնային երաժշտություն: «Սուրբ խաչն» ունի նաև արտաքին լուսավորություն և գեղագիտական լուծումով այնպես է լուսավորությունը տեղադրված, որ գիշերային ժամերին «Սուրբ խաչը» պատկերվում է որպես երկնքից կախված լուսավոր խաչ, ինչը Արագած լեռան գագաթին սուրբ Գրիգոր Լուսավորչի կանթեղի մարմնավորումն է:

Բլրի ստորոտում կառուցված է «Հույսի խորան>, որը բացի հոգևոր խորանից, ունի նաեւ աշխարհիկ միջոցառումների հարթակ, ծիսական միջոցառումներից հետո հանդիսություններ անցկացնելու, աշխարհիկ տոնախմբություններ կատարելու համար, նախատեսված բազմահազար հանդիսականի համար: «Սուրբ խաչը» և «Հույսի խորանը» տեղակայված են հայ ժողովրդի համար նվիրական Արարատ, Արագած և Արա լեռների եռանկյան մեջ:

«Սուրբ խաչ» և «Հույսի խորան» հուշահամալիր ուխտատեղին «Նիգ-Ապարան» հայրենակցական միության և նրա պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից կառուցված հերթական կոթողն է, որը գալիս է լրացնելու համաժողովրդական այնպիսի միջոցառումների' «Միասնության շուրջպար», «Միասնության ծառատունկ», «Տառ քարերի պուրակ», հայ ժողովրդի պատմական գործիչների, հերոսների, գրողների և մյուս արժանավոր զավակների հիշատակները հավերժացնող արձանախմբերի և բազում այլ հայրենանվեր գործերի շարքը, որոնք իրականացվել և իրականացվելու են ի զորություն Հայոց պետականության և ի փառս հայ ժողովրդի«,- հայնտում է «Նիգ-Ապարանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter