HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Տպագիր մամուլին պետական աջակցությունը միջոցները վատնելու քաղաքականություն է

Մեկ օրաթերթի տարեկան ծախսը շատ ավելին է, քան 2012թ. պետական բյուջեից «ոչ պետական մամուլին» հատկացված սուբսիդիան`մոտ 48 մլն դրամ, որը բաժանվում է ավելի քան 80 անուն լրատվամիջոցի միջեւ: Կառավարությունն իր այս «հումանիստական» ծրագիրը սկսել է իրականացնել 1998թ.-ից, երբ լրագրողական կազմակերպությունները, լրատվամիջոցների ներկայացուցիչները դիմեցին ֆինանսապես ծանր վիճակում հայտնված մամուլին ավելացված արժեքի հարկից ազատելու խնդրանքով: Կառավարությունը որոշել էր սուբսիդավորման եղանակով փոխհատուցել լրատվամիջոցներին` ցանկում ընդգրկելով մարզային, գրական, մանկապատանեկան եւ ազգային փոքրամասնությունների մամուլը:

Տարիների հետ ցուցակն ընդլայնվել է` ցանկում ներառելով ամեն ինչ, բացի պարբերական մամուլից: Սուբսիդավորման ցանկում ընդգրկվել են մասնագիտական շատ նեղ շրջանակի ուղղված ամսագրեր, որոնց հրատարակիչը կամ հիմնադիրը հ/կ-ներն են կամ պետական կառույցները, մարզական կազմակերպությունների, ստեղծագործական, հայրենակցական միությունների պաշտոնաթերթեր, գրական-մշակութային նույնաբնույթ թերթեր, ամսագրեր, հանդեսներ եւ այլն: Նայելով անվանացանկին՝ միայն մեկ հետեւություն կարող ես անել՝ ով ծանոթ ունի մշակույթի նախարարությունում, իր անունը կարողացել է ներառել սուբսիդավորման ցանկում: Հատկացվող գումարը դրանից չի ավելացել, եղածը կիսվել է ցուցակը համալրածների միջեւ:

Պետության աջակցությունը լրատվամիջոցների ղեկավարներն այլ կերպ էին պատկերացնում. մամուլի տարածման գործակալությունների հետ խմբագրությունների տասնամյակների վեճն այդպես էլ լուծում չստացավ, եւ կառավարությունը չաջակցեց նրանց այդ հարցում, տպագիր թերթերի զբաղեցրած տարածքներն անհատույց չմասնավորեցվեցին այն զբաղեցնող խմբագրություններին: Ավելին, խլվեցին տարածքները, տպարանները, եւ այսօր հարյուրամյակի շեմին մոտեցող  պարբերականների մեջ չունենք մեկը, որն իր հոբելյանական մեկ դարը կարողանա նշել վայել պայմաններում: Կառավարության աջակցության քաղաքականությունը, եթե մեկ բառով արտահայտելու լինենք, սիրաշահելու քաղաքականություն է՝ մի կողմից տպավորություն ստեղծելով, թե մամուլի բազմազանությունն ու տարակարծությունը մեր երկրում ապահովել են, մյուս կողմից` էական հարց չեն լուծել, բայց այդ ցանկով անտեղյակների շրջանում ընթերցասեր ազգի համբավ կարող ենք ձեռք բերել:

Այդ քաղաքականության շնորհիվ տպագիր մամուլն այսօր ազատ է, սակայն իր ազատության դիմաց զիջել է ազդեցիկությունը: Հանրապետական թերթերն իրենց սահմանափակ շրջանառությամբ վերածվել են մարզային թերթերի՝ հիմնական սպառում գտնելով մայրաքաղաքում, իսկ մարզային թերթերը՝ համայնքայինի: Մարդկանց աշխարհընկալումը սահմանափակվել է համայնքային, թաղային շրջանակով:

Տարեկան 300-500 հազար դրամ տրամադրելով՝ մամուլ չես կարող պահել, չնայած սուբսիդիա ստացողների հիմնական մասն այն չկորցնելու համար հավաստիացնում է, թե դրա շնորհիվ է գոյատեւում: Պետության  հատկացրած դրամական աջակցությունն այդ թերթերի ընդամենը մեկ ամսվա ծախսն է, նրանց մեծամասնությունը խոստովանում է, որ ընթերցող չունեն, անվճար են բաժանում թերթերն ու ամսագրերը: Վաճառք կամ բաժանորդագրություն չունեն, բացառությամբ այն դեպքերի, երբ թոշակների հետ թերթը պարտադրում են թոշակառուներին կամ մի քանի համայնքների ղեկավարների կարողանում  են պարտավորեցնել գնել այն:

«Մարզում թերթ պահելու համար վարչարարական մեթոդն է գործում, ուրիշ ձեւով հնարավոր էլ չէ: Այսինքն` պետք է մարզպետը կանչի գյուղապետերին ու ասի, որ այսինչ թերթից պետք է բաժանորդագրվեք, ասենք, 5-10 օրինակ: Եթե ամեն մի գյուղում թերթն ունենա 5-6 բաժանորդ, կկարողանա գոյատեւել, բայց 6 թերթ է, մարզպետը որի՞ համար բարեխոսի»: Սա մի հատված է «Կանթեղն Արագածի» թերթի խմբագիր Արտավազդ Նազարյանի՝ երկու տարի առաջ «Հետքին» տված հարցազրույցից (23.04.2010թ.): Վարչարարական մեթոդներով պարտադրված, մարզպետի հրահանգով իրացվող թերթերը ի՞նչ խնդիրներ կարող են արծարծել, որ դժգոհ չթողնեն մարզպետին, արդյոք այդ բովանդակությամբ թերթերն ու ամսագրերը կարո՞ղ են պահանջարկ ունենալ:

Տպագիր մամուլի հրատարակման այս ձեւով մենք նույնպես, թերեւս, աշխարհում յուրահատուկ ենք՝ սուբսիդիայով մամուլ է հրատարակվում անվճար բաժանելու համար: Անվճար բաժանվող շատ հայտնի թերթեր կան արտասահմանում, որոնք հրատարակվում են հարյուրավոր էջերով եւ բաժանվում անվճար: Դրանք հարուստ տնտեսություն ունեցող երկրներին են բնորոշ, որոնք այնքան շատ գովազդ ունեն, որ վաճառքի գումարն իրենց համար որոշիչ չէ: Իսկ ի՞նչ խնդիր կարող են լուծել մեկ տպագրական մամուլով տարեկան մի քանի համար հրատարակվող թերթերը կամ տարեկան 3-4 համար հրատարակվող ամսագրերը, ո՞րն է նրանց հասարակական-քաղաքական նշանակությունը, անհասկանալի է: 

Կառավարության օժանդակության ցանկում ընդգրկված շատ լրատվամիջոցներ մարդ-խմբագրություններ են՝ մեկ հոգանոց «աշխատակազմով»: Խմբագիրը նաեւ լրագրող է, սրբագրիչ, տնտեսվար, համակարգչային օպերատոր, առաքիչ: Թերթեր կան, որոնք խմբագրություն չունեն կամ ընտանեկան են (բիզնես չեմ ասի, որովհետեւ 135 դրամ ինքնարժեք ունեցող թերթը արդեն 18 տարի 100 դրամով է վաճառվում), պատրաստվում է հենց տանը, ինչպես, օրինակ, լավաշը կամ տնայնագործական այլ արտադրանք: Այստեղ տեղին է հիշել մեր տաղանդավոր լրագրողներից Վալերի Այդինյանի՝ նման մի առիթով ասված խոսքը՝ «գարեջրի պիտակն էլ է միլիոններով տպագրվում, բայց այն մամուլ չէ»:    

Թերթը կոլեկտիվ աշխատանքի ծնունդ է, որտեղ ամեն մեկն իրենից մի մասնիկ է ներդնում: Խմբագրությունը որոշակի միջավայր է, որը հատկապես մարզերում իր շուրջը պետք է համախմբի մտավորական, քաղաքական ներուժը: Խմբագիրն ու իր աշխատակազմը հանրության շրջանում հարգանք ու կշիռ պետք է ունենան, որպեսզի քաղաքացին իր հոգսը կամ իր խնդիրը նրանց վստահել կարողանա:

Շատ թերթերի ներկա վիճակը հիշեցնում է 15 տարի առաջ գոյություն ունեցող մասնավոր առեւտրային բանկերին, որոնց մեջ կային բանկային գործունեություն ծավալելու թույլտվություն ունեցողներ, որոնց «բանկը» իրենց ձեռքի պայուսակն էր: Բանկիրն իր հաճախորդների հետ հանդիպում էր այգիներից մեկում, թղթի վրա նշումներ էր կատարում քաղաքացու ներդրած երբեմն հազարավոր դոլարի բանկային ավանդի մասին ու հեռանում: Հազարավոր դոլարներ նրանց վստահող քաղաքացին չէր հարցնում, թե ինչ կապիտալ ունի տվյալ բանկը, եւ որքանով է ապահովագրված իր ավանդը: Որոշ ժամանակ հետո դրանք «պայթեցին», եւ հազարավոր խաբված քաղաքացիներ, ոչինչ չստանալով, ձեւավորել էին «խաբված ավանդատուներ» հասարակական շարժում, սակայն բողոքելուց բացի նյութական ոչինչ չստացան:

Շատ նման է այն գյուղերին, որոնք վարչական շենք չունեն, եւ համայնքային իշխանություն ասվածը համայնքի ղեկավարի գրպանում եղած կնիքն է: Նման մի առիթով մի կին ասաց, թե ուզում է գնալ համայնքի ղեկավարին գանգատվելու նրա վատ աշխատանքից, բայց երբ նրանց տուն է մտնում, կինն ու մայրն անմիջապես սուրճ են հրամցնում, ու ասելիքը բերանում՝ վերադառնում է:

Նշված երկու օրինակներից մեկի` բանկերի դեպքում լուծումներ գտնվեցին, համայնքների դեպքում՝ գոնե հայեցակարգ է մշակվել համայնքային իշխանության դերակատարությունը կարեւորելու համար: Մամուլի կշիռը մեծացնելու մտահոգությունները դեռեւս մտահոգություն են մնում մասնագիտական շատ նեղ շրջանակի համար:

Տպագիր մամուլի համար ճգնաժամային մեր օրերում, երբ ամեն օր կրճատվում է ամենահեղինակավոր ու համեմատաբար մեծ լսարան ունեցող թերթերի տպաքանակը, իսկապե՞ս մեզ պետք է կաթիլային սնուցումով երկարաձգել վաղուց ընթերցողի հետ կապը խզած թերթերի կյանքը, եւ արդյոք դրանո՞վ պետք է սահմանափակվի մամուլին աջակցելու պետական քաղաքականությունը:  

Յուրաքանչյուր մարզում, յուրաքանչյուր ոլորտում սուբսիդավորվում է մինչեւ 5-6 անուն մամուլ, որոնց հատկացված գումարային չափից ելնելով` տարեկան 500 հազար դրամ, կարող ենք ասել, որ դա չի արվում բնակչությանը «տեղեկատվությունը մատչելի դարձնելու նպատակով», ինչպես վերնագրված է փաստաթուղթը: Այդ թերթերի հիմնական մասը դերակատարություն չունի հասարակական կյանքում, եղանակ չի ստեղծում, սպառող չունի, խմբագրություն եւ խմբագրակազմ չունի եւ վաղուց բնակչությունը մոռացել է նրա գոյության մասին: Արժե զարգացնել, օրինակ, մարզային մամուլը, բայց հստակ մշակված չափանիշների հիման վրա, գոնե մարզում մեկին իսկապես մարզային թերթ դարձնելու, ոչ թե համայնքային մնալու համար: Սակայն տրամադրվող գումարի այս չափերով եւ մի մարզում մի քանի անուն թերթի չնչին գումար հատկացնելով, իհարկե, ոչինչ չես ունենա:

Սուբսիդավորումով Եվրոպայում ցանկացան մամուլի ազդեցությունը պահպանել, քանի որ նրանց թերթերը դերակատարություն ունեին իրենց հասարակական-քաղաքական կյանքում, եւ նրանք մամուլի դերը չնվազեցնելու համար աջակցեցին կայացած թերթերի բիզնես ծրագրերին: Մեզ մոտ պետությունից ֆինանսավորվելու համար ընդամենը երկու գործոն է անհրաժեշտ՝ ամիսը մեկ անգամ մի համար լույս ընծայել եւ 500 օրինակ տպաքանակ ապահովել:

Սա միջոցներն աննպատակ վատնելու քաղաքականություն է: 

Հոդվածը տպագրվել է Գորիսի մամուլի ակումբի կողմից իրականացվող «Աջակցություն ոչ պետական մամուլին» ծրագրի շրջանակներում


Մեկնաբանություններ (1)

Անահիտ
Հարգելի Սառա Կիսում եմ անկեղծ մտահոգությունդ և ցավ ապրում, որ :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter