HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

1 միլիարդ ոտնահետք՝ մոլորակի վրա

Ներկայում ամեն օր 3,5 մլն զբոսաշրջիկ է հատում երկրների միջազգային սահմանները: Եթե 2000թ. ընթացքում միջազգային սահմանները հատել է 498 մլն զբոսաշրջիկ, ապա 10 տարի անց՝ 2012թ. ընթացքում, միջազգային սահմանները կհատի 1 մլրդ զբոսաշրջիկ:

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայը սա համարում է ճամփորդելու հեղափոխություն, քանի որ, ըստ առկա վկայությունների, ընդամենը 60 տարի առաջ աշխարհի բնակչության 75 տոկոսը երբեք չէր ճամփորդել 100 կմ շառավղով գծված շրջանից դուրս: 1950թ. ընդամենը 25 մլն զբոսաշրջիկ է հատել միջազգային սահմանները. նրանք, ովքեր ունեին փող, կամ արկածախնդիր էին և ուզում էին տեսնել Հնդկաստանը, Չինաստանը:

«Հիմա արևի տակ չկա մի վայր, որ բաց չլինի այցելությունների համար»,- այսօր՝ Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ, ասաց Թալեբ Ռիֆայը:

Այսօր միջազգային սահմանները հատող տարեկան 1 մլրդ զբոսաշրջիկից մոտ 100 մլն-ը գնում է աշխարհի այն մասը, որտեղ նաև Հայաստանն է՝ Կենտրոնական Եվրոպա և Արևելյան Եվրոպա:

Բացի տարեկան 1 մլրդ միջազգային ճամփորդությունից՝ ներկայում 4,2 մլրդ մարդ ճամփորդում է իր սեփական երկրի ներսում (երկրի ներսում գնում է ինչ-որ տեղ և գոնե մեկ գիշեր անցկացնում հյուրատանը): Միայն Չինաստանում 2011-ին 2,7 մլրդ ճամփորդություն է եղել երկրի ներսում:

2011-ի ընթացքում միջազգային սահմանները հատել է 990 մլն մարդ, որի արդյունքում ստացված գումարը կազմել է 1,2 տրիլիոն ԱՄՆ դոլար: «Սա 3-րդ ամենամեծ արդյունաբերությունն է աշխարհում: Չինաստանում, Բրազիլիայում և Իսպանիայում երկրի ներսում տեղի ունեցող ճամփորդություններից ստացված շահույթն ավելի մեծ է, քան միջազգային զբոսաշրջությունից»,- ասում է Թալեբ Ռիֆայը:

Այժմ զբոսաշրջությանն է բաժին ընկնում աշխարհի ՀՆԱ-ի 9 տոկոսը: Աշխարհում 12 մարդուց 1-ն աշխատում է զբոսաշրջության արդյունաբերության ոլորտում, որի աշխատատեղերի թիվը 245 մլն է:

2009թ., պայմանավորված համաշխարհային ֆինանսատնտեական ճգնաժամով, աշխարհում առաջին անգամ զբոսաշրջության ոլորտը անկում ապրեց 4 տոկոսով, բայց շատ արագ՝ 2010թ., վերականգնվեց:

Ապագա սերունդը ներկա ժամանակաշրջանն անվանելու է ճամփորդությունների դարաշրջան

Մարդիկ սովոր են նրան, որ զբոսաշրջիկները Եվրոպայից են գալիս: Բայց վերջին 60 տարվա փոփոխությունը նաև այն է, որ այժմ մարդիկ շարժվում են հյուսիսից հարավ, ինչպես նաև հարավից հարավ: Անցյալ տարի աշխարհում ամենաարագ աճող շուկան Չինաստանն էր: Մեկ տարվա ընթացքում Չինաստանը 60 մլն զբոսաշրջիկ է ուղարկել աշխարհ՝ մեկ տարում արձանագրելով 28 տոկոսի աճ: Ռուսաստանը, որը երբեք չի եղել զբոսաշրջիկներ մատակարարող շուկա, այսօր շատ կարևոր սկզբնաղբյուրային շուկա է՝ արձանագրելով 15 տոկոսի աճ մեկ տարում:

Զբոսաշրջիկների մատակարարելու առումով առաջատար երկրներ են նաև Հնդկաստանը, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան, Արգենտինան, Չիլին, Կոլումբիան: Այս երկրների զբոսաշրջիկները ճամփորդում են հարավից հարավ կամ հյուսիսից հարավ:

Վերջին 15 տարում առաջացել են զբոսաշրջության նոր շուկաներ ու վայրեր: Ճամփորդության և զբոսաշրջության առումով աշխարհն այլևս միայն Եվրոպան կամ Հյուսիսային Ամերիկան չէ: 1990-ին աշխարհում ճամփորդությունների միայն 30 տոկոսն էր տեղի ունենում զբոսաշրջության նոր առաջացող կենտրոններում, իսկ 70 տոկոս ճամփորդությունները տեղի էին ունենում Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միջև: Այսօր այս հարաբերակցությունը գրեթե 50/50 է:

Փոխվում են նաև ճամփորդները, որոնք նման չեն երեկվաններին: «Ձևավորվել է ճամփորդների նոր կատեգորիա, որոնք ճամփորդում են 70, 75, 80 տարեկանում: Նախկինում երբեք նման բան չի եղել: Սկսում են ճամփորդել ավելի ու ավելի ծեր և ավելի ու ավելի երիտասարդ մարդիկ: 14-15 տարեկան դպրոցականները ճամփորդում են: Նախկինում երբեք նման բան չի եղել: Ճամփորդող մեկ խմբում կարող են լինել ծոռը, թոռը, հայրը և պապը»,- ասում է Թալեբ Ռիֆայը:

Հիմա երբ 200-300 տարի հետ ենք նայում, 17-18-րդ դարերն անվանում ենք արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջան: Թալեբ Ռիֆայի համոզմամբ՝ մի քանի տասնամյակ հետո ապրող սերունդը ներկա ժամանակաշրջանն անվանելու է ճամփորդությունների և ճամփորդությունների հեղափոխության դարաշրջան:

Անդրադառնալով զբոսաշրջության բնապահպանական կողմին՝ նա ասաց, որ այն 1 մլրդ մարդիկ, ովքեր ճամփորդում են իրենց երկրից դուրս, 1 մլրդ ոտնահետք են թողնում մոլորակի վրա: Նրանց արածը կամ չարածը բազմապատկվում է 1 մլրդ գործողությամբ: Եթե 1 մլրդ մարդ հյուրանոցում չպահանջի իր սրբիչն ամեն օր փոխել և նույն սրբիչն օգտագործի 2-3 անգամ, ապա դա բազմապատկվում է 1 մլրդ-ով: Եթե 1 մլրդ ճանապարհորդ չօգտագործի պոլիէթիլենային տոպրակ, ապա դա բազմապատկվում է 1 մլրդ-ով և իր ազդեցությունն ունենում շրջակա միջավայրի վրա:

«Երբ ունենք 1 մլրդ զբոսաշրջիկ, կարող ենք ազդել աշխարհում տեղի ունեցող երևույթների մեծ մասի վրա: Մենք կարիք չունենք մեծ նախաձեռնությունների, մենք կարիք ունենք փոքր նախաձեռնությունների: Մենք կարիք ունենք ունենալու պարզ ուղեցույցեր, թե ինչպես ենք ուզում, որ մարդիկ ճամփորդեն, հետո այդ փոքր բաները բազմապատկենք 1 մլրդ-ով, և մենք կփոխենք աշխարհը»,- ասում է Թալեբ Ռիֆայը:

Վիզաները՝ արգելք զբոսաշրջության համար

Որպես այսօրվա զբոսաշրջության արգելք Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը մատնացույց է անում վիզաները: «Ով էլ հնարած լինի վիզան, նա չի մտածել ապագայի մասին: Աշխարհն այլևս չի կարող ապրել ու գոյատևել այս արգելապատնեշներով, որոնք դնում ենք սահմաններում: Ձեր երեխաներն ու թոռները հետ կնայեն ու կասեն՝ «մեր պապերը մի բան ունեին, որը կոչվում էր վիզա, ինչ հիմարություն է»»,- ասում է Թալեբ Ռիֆայը:

Նրա խոսքով՝ երկրները փող են ծախսում՝ գովազդելու համար իրենց տուրիստական կենտրոնները, և միաժամանակ ավելի մեծ փող ծախսում՝ վճարելու համար սահմանային անցակետերի, հյուպատոսարանների ու դեսպանատների աշխակիցներին, որպեսզի զբոսաշրջիկների համար բարդ լինի երկիր այցելելը:

Երեք ամիս առաջ աշխարհի ամենահզոր տնտեսությունների՝ G20-ի ղեկավարները հռչակագրով ընդունել են այն փաստը, որ ճամփորդությունները և զբոսաշրջությունը կարևոր ոլորտ է, որը խթանում է տնտեսության մյուս ոլորտները, ուստի ղեկավարները պետք է ավելի լրջորեն զբաղվեն վիզաների հիմնախնդրով:

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը կարողացել է ամերիկացիներին համոզել, որ ամեն 63 հատ տուրիստական վիզան, որը ԱՄՆ-ն տալիս է երկիր այցելել ցանկացողներին, ԱՄՆ-ում ստեղծում է 1 աշխատատեղ: Ամեն երկիր կարող է հաշվել, թե որքան զբոսաշրջիկ պետք է այցելի, որ 1 աշխատատեղ բացվի: Թալեբ Ռիֆայի խոսքով՝ միայն G20-ի երկրներում կարելի է 3 տարում 5,1 մլն հավելյալ աշխատատեղ բացել, եթե այդ երկրները պարզեցնեն վիզա տրամադրելու ընթացակարգերը:

«Մենք չենք խնդրում կառավարություններին, որ ավելի ճկուն դառնան անվտանգության հիմնահարցերում: Ամեն երկիր ունի ոչ միայն իրավունք, այլև պարտականություն՝ պաշտպանելու իր սահմանները: Մենք դա ընդունում ենք: Բայց մի՞թե դա այդպես պետք է արվի, այդքան բարդ պետք է լինի: Ինչո՞ւ ես չեմ կարող իմ վիզայի համար դիմել ինտերնետով տնից»,- ասում է Թալեբ Ռիֆայը:

Նա օրինակ է բերում Ռուսաստանի արևելքում՝ Վլադիվոստոկում ապրող զբոսաշրջիկի, ով ուզում է գնալ Փարիզ կամ Հռոմ: Այդ մարդը ստիպված է լինելու հասնել Մոսկվա կամ Սանկտ Պետերբուրգ, որպեսզի 2 անգամ հանդիպի շենգենյան գոտու երկրի հյուպատոսին և 2 անգամ հարցազրույց տա, հետո սպասի 3 շաբաթ վիզա ստանալու համար: Այս ռուս զբոսաշրջիկն ավելի շատ փող կծախսի Ռուսաստանի արևելքից Մոսկվա թռչելու վրա, քան կծախսեր Մոսկվայից Հռոմ կամ Փարիզ թռչելու վրա: Ուստի, ամենայն հավանականությամբ, նա կնախընտրի չգնալ Փարիզ կամ Հռոմ:

«Այդ եվրոպացիներն են, որ կորցնում են: Նրանք կգնան Թայլանդ, որտեղ նրանց կդիմավորեն գրկաբաց: Նրանք կգնան Թուրքիա, որտեղ վիզա կարող են ստանալ ժամանումից անմիջապես հետո: Նրանք կարող են գնալ Մալազիա, Սինգապուր: Ուստի, այս երկրները պետք է հասկանան, որ իրենք են կորցնողը»,- ասում է Թալեբ Ռիֆայը:

Նա հավելում է, որ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունն աշխատում է Եվրամիության, Ռուսաստանի, Չինաստանի, Եվրոպայի, Ավստրալիայի, Կանդայի, ԱՄՆ-ի հետ՝ վիզաների տրամադրման դյուրացման ուղղությամբ: Նպատակն այն է, որ մինչև 2020թ. վիզաները ստացվեն էլեկտրոնային եղանակով, ճիշտ ինչպես 10 տարվա ընթացքում կարողացան հասնել նրան, որ տոմսերը լինեն էլեկտրոնային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter