HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

208 սենյակ

Երբ այնտեղ որոշեցին, որ ընդամենը մնացել է երկու-երեք ամիս ապրելուս, իսկ ես դա հստակ զգում էի, ինձ շտապ ուզում էի նստեցնել մի մեքենա ու հեռու գնալ:

Մարդկային վախերը, քանի քոնը չես տեսել, ավելի հուսահատեցնող են:

Տիկին Բովարին` մայրս, երկար ժամանակ շոյում էր մազերս. ես զգում էի, որ դրանց հետ մի բան լինելու է, բայց ոչինչ չէի խոսում:  Մայրս տեսավ, որ այլեւս չեմ կատակում, հայրս էլ:

Ես կիսատ էի, բայց ինձ տեղավորեցի մի հիմար մեքենայի մեջ, որը համոզված էի տեղ չի հասցնելու: Կես ժամից ինձ հայտնեցին, որ սենյակս 208-ն է:

Հյուրանոցներ սիրում էի, եւ բախտ վիճակվեց ասելու հիմա էլ, որ սիրում եմ. ամեն սենյակում կատարվող իրադարձությունը ինձ մահու չափ վախեցնում էր եւ միաժամանակ ստիպում գլուխս մեկումեջ հանել սովետական վաննայի ջրով լցված տարածությունից եւ լսել հարեւան սենյակում կատարվածը:

Յոթ օրը, որ պետք է անցկացնեի հյուրանոցում, չապրածս քսան, քառասուն կամ գեւցեեւ երեսուներեք տարիների ամբողջական համալրումն էր:

-Հյուրանոցում նարկոման է հայտնվել,- խոհանոցի գլխավոր խոհարարը, որ ինձ տեսել էր նաեւ կենդանի ժամանակ եւ հիմա գունատ ու շփոթված տեսքիցս չէր մտաբերում, պատմում էր ընկերուհուն:

Մի բուռ համբերը, որ նախատեսված էր ուշաթափությունից խուսափելու համար, շպրտեցի սեղանին ու գոռացի, թե ինձ միայն տաք ապուր է պետք: Ամեն գդալի հետ արցունքս կուլ տալով ուտում էի ապուրն ու ընդունում սահմանված դեղի չափաբաժինը:

Մարմինս թույլ էր, ես չէի էլ հիշում, թե նրա հետ վերջին անգամ երբ եմ խոսել:

Արեւի տաքությունն ընկալելը, որ զարմացնում էր հարեւան սենյակիցներիս, ինձ համար անասելի հաճույք էր:

Կարեւոր էր վերջին օգոստոսը:

Ես մատս մտցրեցի փեթակի մեջ` առանց վախենալու խայթոցներից ու համտեսեցի մեղրը: Ոչ մի մեղու չկծեց: Զայրույթս անսահման էր: Բնությունն ինքը արդեն հակառակ էր գործում ինձ ...Եվ հյուրանոցն էլ, ծառերն էլ, մեղուներն էլ...

«Երեւի յոթանասուն մեկ տարիս է լրացել»,- վաննայում ինձ հետ մտերմություն անելիս գիտիակցեցի...Հետո կուլ տվեցի երկարավուն, անհասկանալի հաբերն ու նինջ եկավ վրաս:

-208-ում ապրող աղջիկը խելար է: Երեկ հինգ բաժակ սուրճ է պատվիրել, բայց մենակ է ապրում:

-208-ի աղջիկը երեւի նկարչուհի է...Կամ էլ ցնդած գրող:

Ես ուզում է բղավել, ասել, որ էդ ամենի մասին երազել եմ...Բայց ձայնս հազիվ կորչում էր կոկորդումս ապուրի տաք շիթի հետ եւ կիսատի զգացողությունը չէր լքում:

Վեցերորդ օրը, երբ արթնացա, ձախ կողմում դրված բաժակը չկար: Դուրս եկա պատշգամբ: Սովորության համաձայն նախ պետք է աջուձախ նայեի` ստուգելու, թե հյուրանոցային հարեւաններիցս ով ինչ վիճակում է: Ձախ կողմումս անաղմուկ սեւություն էր. աչքս սկսել էր չտեսնել: Վախի, թե անսովորության զգացումից, հիմա չեմ կարող հիշել, զանգեցի Բովարիին:

Շտապեցրեց, թե հերիք է էդտեղ առանձնանաս, ժամանակն է վերադառնալու...

Խոսակցությունը` կիսատ, սեղմեցի կարմիր կոճակն ու փորձեցի ինձ հարմարեցնել վիճակին:

Ինչ անենք, թե ձախ կողմում եղած առարկաները տեսնելու համար պետք է լարեմ աջ աչքս. լավ է դեռ, որ քիթս չի խցանվել, թե չէ տեղնուտեղը ելք չէի ունենա:

Լոգարանում` հայելու առաջ, մի ուժեղ լաց սկսվեց...Քթիցս արյունը առատ շիթի պես բաց էր ընկել, աչքս չէր տեսնում, մազերս սանրած չէին...Եվ էդ համատարած մերկության մեջ ես էլի հինգ բաժակ սուրճ էի պատվիրել միայն այն բանի համար, որ բարի աշխատակցուհուն չէի ուզում հինգ անգամ դիմավորել եւ ճանապարհել...

Րոպեներն էի հաշվում` տեսնելու, թե էլ ինչ է փոխվելու արտաքինիցս` առանց ինձ հարցնելու, որ ես լարում եմ աչքս տեսնելու համար, որ ես լարում եմ մարմինս հերթական անգամ չթպրտալու համար:

Երեկոյան մի կերպ` պատից բռնվելով,  բարձրանում էի երկրորդ հարկ` սենյակս: Ցերեկը մի տղայի հետ, որի անունը Հայկ էր, եւ որը Լայպցիգի համալսարանը նոր էր ավարտել եւ վերադարձել Հայաստան, դեղեր գնեցինք:

Գլխի էր ընկել, որ մի բան այն չէ...Ես բացեցի ծխախոտի սեւ տուփն ու կլոր ապակու առաջ ձմեռ երազեցի, որ գծեմ վերջին նախշերս պատուհանի վրա ու հետք թողնեմ...

Օգոստոսը վերջանում էր, յոթօրյակս էլ, որ առանձնացրել էի էս սահմռկեցուցիչ վիճակից կտրվելու համար, որ հանկարծ ուրիշների դեմքին չտեսնեի ինձ...

Առավոտյան ճամպրուկս հավաքեցի ու անշշուկ լքեցի հյուրանոցը: Էդ անուշուքությունից թռցրած միակ բանը սրբիչն էր, որով ժամանակ առ ժամանակ կանգնեցրել էի քթիս արյունը...

***

Հոլիվուդի Hilton Garden Inn հյուրանոցում տեղավորվելուց առաջ մազերս հավաքեցի, որ չխանգարի: Հետո կանգնեցի արդեն որերորդ հյուրանոցի լոգասենյակում, ու ճաղատությունս մի վայրկյան անցավ հայելու վրայով: Ես հանգիստ էի: Կապույտ մորուքը, ում Նահանգներ ոտք դրած առաջին իսկ օրվանից զանգում էի, սպասում էր, թե երբ եմ հաղթահարելու Վաշինգտոնը, Ֆիլադելֆիան, Մինեապոլիսը...

Հիմա ես Կապույտ մորուքի դղյակից շատ հեռու չէի: Համերգասրահից, որ երկու օր շարունակ լի էր հանդիսատեսով, մարդիկ մեծ հոսքով անցնում էին հյուրանոցի փողոցով: Նրանցից շատերը կանգ էին առնում հենց հյուրանոցի բարի մոտ ու ամերիկյան խանդավառությամբ խմում կիրակնօրյա վիսկին:

Կապույտ մորուքի հետ` տեղավորվելով մի բազկաթոռի վրա, նկատեցի, որ իմ հարմարավետության համար մի ոտքը դրսում է թողել ու էներգետիկ մորուքից վիսկիի հոտ է գալիս:

Էն ժամանակ, երբ մազերս խուզում էին, ապրելու մեծ ցանկություն էր առաջացել մեջս, երեւի վերջին անգամն էր կյանքի գալուց առաջ:

Անին, որ մազերը խուզել էր գրեթե իմի չափ, նյարդային քայլում էր հիվանդասենյակում: Ես կատակում էի, գիտեի, որ ուր գնում եմ, ոչինչ չեմ հիշելու...Բայց արդյոք հիշելու եմ այն, ինչ լինելու է հետո..Իսկ հետոն ի՞նչ է լինելու, իսկ լինելու՞ է հետո:

Բուժքույրը ներս մտցրեց սայլակն ու խնդրեց նստեմ, ես ասացի,որ ինքս էլ կարող եմ մինչ վիրահատարան քայլել: Ականջիս Բովարիի ձայնն էր, հորս հեւոցը...Էդ ժամանակ դեռ Կապույտ մորուքը չկար, կանաչ-դեղին թմբլիկ թութակս դեռ չէր ծնվել, հյուրանոցի խողովակները գուցե դեռ նույն անսարք ծորացող վիճակում էին...Իսկ ես «Ֆիեստան» էի կարդում... Պտույտի մասին, որ ինձ աներեւույթ տեղի պոկել, գցել էր էս սպիտակ ու անհաղորդ վիրահատարանը:

Նրանց թվաց, թե ես ոչինչ չեմ զգում, իսկ ես լսում էի. Վիվալդին ծորում էր ականջներիս միջով` չնայած գիտեի, որ գլուխս բաց է, շփվում է օդի հետ, վերջապես ցավը, որ ինձ այս պատից այն պատն էր խփում, բաց է բժիշկների, օդի, կողքիս դրված «Ֆիեստայի» առաջ ....Գլուխս բաց էր:

Ժամացույցի մեծ սլաքը ազդարարեց ութը. ես անշարժ էի`  ձեռքերս կապկպված, կոկորդիս ինչ-որ անհասկանալի սարք...Գիտեի` հենց արձակեն հայհոյելու եմ, որ վերջապես կյանք եմ վերադարձել:

Ուրախության նոպայից սկսեցի շարժվել: Կապանքներս արձակեցին, կոկորդս էլ...Հայրս ձեռքս սեղմեց, ու որքան ուժ ունեի, որքան հնարավոր է բարձր հայհոյեցի....

***

Garden Inn-ում կարգապահությունն ու սիրալիրությունը չափից շատ էր: Կապույտ մորուքին խնդրեցի ինձ սենյակ ուղեկցի, եւ թուլություն իջավ վրաս:

Վերելակը, գերժամանակակից լինելով, ոչ մի ձայն չէր հանում, եւ էդ անասելի լռության մեջ ես գրկել էի Կապույտ մորուքին ու չէի կարողանում խոստովանել, թե սենյակս 208-ն է...Թե որքան զգացողություն ու հիմար միտք կա այդ թվի հետ կապված...Թե որքան եմ մտածել բանալի պտտելուց առաջ, կլինեմ երբեւէ այս սենյակում...Հիմա երբ հազարավոր կիլոմետրերով հեռու էի ծաղկաձորյան սովետական իմ նեղ ու անշուք սենյակից , ցավի զգացումը բռնել էր կոկորդս ճիշտ այն սարքի պես, որի միջոցով շնչում էի մի ժամանակ, հիմա երբ կարող էի վազել, ոտքերս անորոշացել էին ճիշտ այն ժամանակվա պես, երբ նորածինի պես ոտքս ոտքիս առաջ դնել չէի կարող:

Եվ վերելակը, որ ոչ մի ձայն չէր հանում, զգում էր, որ աներեւույթ մի բան է քարշ տալիս վերեւ, որ ապրում է եղել մի ժամանակ, եւ որ «Ֆիեստան» անընդհատ էդ ապրումի մեջ է...

-Վերջ, գնա սենյակդ,-մորուքի միջից հազիվ լսելի ձայնով ծոր տվեց:

-Գնում եմ...

-Ո՞րն է:

-208-ը:

-Հմ...Ծանր ասացիր...Մի օր կպատմես...Գիտեմ:

Մեկնաբանություններ (2)

Armen ATomts
Shat hetaqrqir u huzich patmutyun er ! Bravo Anush Kocharyan !!!
mariam
Բայց սենյակը կրկին 208-ն էր, ու ծորակն էլի հին էր, ինչպես էդ տարի էր... )))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter