HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանամերձ Կուտականի գյուղացիներին հողը չի բավականանցում, Մկոյի Սամոն էլ սպառնում է «տրակտոր քշել» գյուղացիների վրա

Գյունաշլի. այս անունով են ճանաչում տեղացիները ներկայիս Կուտական գյուղը: Վարդենիս քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք գտվող Կուտականը սահմանակից է Ադրբեջանի Դաշքեսան շրջանին և Ադրբեջանի հետ ունի 17 կմ երկարությամբ սահման, ուղիղ գծով գյուղից 4 կմ հեռավորությամբ: Նախկինում ադրբեջանցիներով, այնուհետև Ադրբեջանից բռնագաղթած հայերով բնակեցված գյուղում այժմ շուրջ 150 բնակիչ է ապրում' չնայած մարդահամարի տվյալները 300-ի մասին են վկայում: 2100 մետր ծովի մակարդակից բարձր գտնվող գյուղը պետք է որ առաջնահերթ անասնապահությամբ և հողագործությամբ զբաղվեր, սակայն հող Կուտականի ոչ բոլոր գյուղացիներն ունեն:

Կուտականի համայնքի ղեկավար Ահարոն Աբրահամյանն ասում է, որ 1230 հա-ից 1990-ականների սկզբին սեփականաշնորհվել է 500 հա-ն` բաժանվել է 40 ընտանիքի, 700 հա-ից ավելին վարձակալության է տրված 12 անձանց: Գյուղացիներն ասում են, որ այդ 700 հա-ի մեծ մասը նախկին գյուղապետը բաժանել է իր շրջապատին' իր ընկերներին, բարեկամներին ու հարազատներին: Կուտականում 20 ընտանիք այժմ հող չունի, ընդ որում' հատկապես այն ընտանիքները, որոնք երիտասարդ են, նոր են ձևավորվել և առանձնացել հայրական տներից:

156 հա-ն «Մաքսֆրուտ» ընկերությունն էր վարձակալել, 260 հա-ն Նազիկ Գրիգորյանին է տրված' սերմնաբուծության տնտեսության նախագահի կնոջը, 105 հա-ն' նախկին գյուղապետի եղբորը' Վլադիմիր Խաչատրյանին, 65 հա-ն' Քաջիկ Ավետիսյանին' նախկին գյուղապետի ընկերոջը, մյուսները համեմատաբար մանր հողեր են: Ինքն էլ' նախկին գյուղապետ Միքայել Խաչատրյանը Կուտականի վարչատարածքում շուրջ 100 հա հող ունի: Այս հողատերերը վարձակալությամբ են վերցրել 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին' 25 տարով:

Կոլտնտեսության կազմաքանդումից հետո համայնքապետարանին կից գյուղական պետական տնտեսություն է գործել, որին տրամադրված էր 250 հա հող և գյուղտեխնիկա: Տնտեսության լուծարվելուց հետո այն մշակել է տնտեսության ղեկավար Պերճ Մկրտչյանը և սեփականացրել նաև գյուղտեխնիկան: Գյուղապետ Աբրահամյանի խոսքով, այս հողը հիմա Պերճ Մկրտչյանի վարորդն է տիրություն անում:  

Կարմեն Գևորգյան

«Ամուսինս պատերազմում է եղել, 1996-ին է եկել ստեղ, արդեն սեփականաշնորհումը պրծած է ելել, վարձակալականն էլ գիշերը բաժանել են իրենց մարդկանց, առավոտը նոր հայտարարություն կպցրել: Օրենքով պիտի հայտարարությունը լրատվամիջոցներով տան, մի ամիս հետո աճուրդ անցկացնեն, 3 օրինակով էլ գյուղում կպցնեն հայտարարությունները, բայց այդպես չի եղել, իրենք գիշերը բաժանել են, առավոտը հայտարարությունները կպցրել»,- հիշում է համայնքի ղեկավարի տեղակալ Կարմեն Գևորգյանը: Նրա ընտանիքին ընդամենը 0.31 հա հող է բաժին հասել, որտեղ կարտոֆիլ են աճեցնում, մինչդեռ հացահատիկ աճեցնելու կամ անասնակեր ունենալու հնարավորություններ չկան: Գյուղացիները բողոքել են նախկին գյուղապետի գործողությունների դեմ, սակայն այդ բողոքները որևէ արդյունք չեն տվել:

Հողի հետ կապված մի պատմություն էլ «Մաքսֆրուտ» ընկերության հետ է կապված: Ընկերությունը մի քանի տարի շարունակ վարձակալությամբ վերցրել և մշակել է 156 հա հող: Սակայն վերջին մեկ տարի չի վճարել վաձակալության գումարը, ոչ էլ հողն է հետ տվել համայնքին: Նոր գյուղապետը դատական կարգով պայմանագիրը լուծարել է, որպեսզի այդ հողը բաժանեն գյուղացիներին:

Արդեն իսկ աճուրդ են անցկացրել, 156 հա-ից 75 հա-ն բաժանել են հող չունեցող 23 ընտանիքի, սակայն վարձակալական հիմունքով, քանի որ սեփականաշնորհումը գյուղացիների համար ծախսատար գործընթաց է: Այստեղ էլ հայտնվել է ոմն Մկոյի Սամոն (Սամվել Մկրտչյան) և սպառնում է գյուղացիներին չմշակել այդ հողերը, այլապես ինքը կայրի դրանք:

Մկոյի Սամվելին գյուղացիները բնութագրում են որպես «խոշոր ֆերմայատեր», ով ներկայացել է որպես «Մաքսֆրուտի» փայատեր, բայց հաստատող որևէ բան չի ներկայացրել, չնայած ոչինչ ներկայացնել չի էլ կարող, քանզի «Մաքսֆրուտի» հետ պայմանագիրն արդեն իսկ դատարանը լուծել է: «Ուզում է, թե ինչ է ուզում, ինքն էլ չգիտի,- Մկոյի Սամվելի մասին ասում է գյուղապետ Աբրահամյանը,- Սամվելի հետ պատերազմում ենք»:

«Էդ «Մաքսֆրուտի» հողը անցած տարի Վարդենիսից մի մարդ էր ցանել, էդ մարդու հետ հետո Սամվելը եկավ: Բա որ ցանեք, կվառեմ ձեր արտերը, տրակտոր կքշեմ ձեր վրայով, ասի' արի քշի, տենանք էդ ոնց ես քշում-, պատմում է գյուղապետի տեղակալը: -Ասում է իմ հողն ա, մենք էլ ասինք' եթե փաստաթուղթ ունես, բեր մեզ ցույց տուր, մենք էդ հողից յան տանք, ինքը ոչ մի փաստաթուղթ չուներ, օդի մեջ ասում էր' իմ հողն է»:

Սահմանապահ Կուտականի հողերի հարցով մինչ օրս պատկան մարմինները չեն զբաղվել. ոչ ոք չի հետաքրքրվել, թե ինչու նախկին գյուղապետը այդ քանակությամբ հողեր է բաժանել իր մտերիմներին, իսկ սովորական գյուղացիները մնացել են առանց ապրուստի միջոցի, չեն էլ հետաքրքրվել, թե ինչու նախկինում ավելի քան 500 բնակիչ ունեցող Կուտականում հիմա 150 մարդ է մնացել:

Մեկնաբանություններ (7)

Karmen Gevorgyan
Հոդվածում շարադրված մի շարք փաստեր աղավաղված են պարզ չէ ում կողմից: Բոլորս քաջ տեղյակ ենք, որ Կուտականի պետական տնտեսությունունը համայքապետարանին կից չի գործել, այլ առանձին տնտեսություն է եղել: Տնտեսությունն ունեցել է ոչ թե 250հա վարելահող այլ 800 հա, որից 250հա Պերճ Մկրտչյանի կողմից վարձակալվել է և առ այսօր մշակվում է նրա ընտանիքի կողմից և ժամանակաին ու բարեխղճորեն մուծվում է վարձավճարները: Իսկ թե ինչ վարորդի մասին է խոսքը, որը տնօրինում է Պերճ Մկրտչյանի հողերը, ես լավ տեղյակ եմ, որ նա վարորդ չի ունեցել: Գյուղտեխնիկան էլ սեփականաշնորհել է ոչ թե Պերճ Մկրտչյանի կողմից, այլ այն վարորդների ու մեխանիզատորների կողմից ովքեր նախկինում աշխատել են պետական տնտեսությունում, այսինքն ամեն մեկը իր տեխնիկան:
Benik
Այսօր ՀՀ տարածքում շրջելիս, երբ փոքր ինչ հասկանում ես ինչ է գյուղատնտեսությունն իրենից ներկայացնում, ակներև է, որ ՀՀ վարելահողերի 1/3 է մշակված. իսկ գիտեք ինչ է նշանակում հողերը անմշակ թողնել, նշանակում է երկրում պարենային ապահովածության խնդիր ունենալ: ՀՀ կառավարությունն հենց այս խնդիրը լուծելու նպատակով էլ սահնաեց, որ բոլոր այն վարելահողերը, որոնք 3 տարի չեն մշակվել` ցանկացած գյուղացի կարող է դիմել և դրանք մշակելու թույլտվություն ստանալ: Կարծում եմ Կուտականն էլ բացառություն չի կազում, այնտեղ էլ անմշակ մնացած հողեր անպայմանորեն շատ կլինեն: Ներկայցրածի իմաստը կայանում է նրանում, որ հողը մշակողներին պետք է մեծատառերով ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ հայտնենք ու ընդունենք, որ գյուղացին, եթե իրականում ցանկանում է հող մշակել կմշակի, իսկ նրան, եթե չխարախուսեն չեն էլ արգելի:
Քրիստինե
Հարգելի տիկին Կարմեն, փաստերը, բնականաբար, օդից չէինք կարող վերցնել, մի մասը Դուք եք մեզ պատմել, մնացյալը լրացրել ենք գյուղապետի հետ զրույցից: Ձայնագրությունները պահպանվում են: Այդուհանդերձ, շնորհակալություն, որ հավելյալ պարզաբանում եք մտցրել:
Lokana
If there is no peace with TURKs, all armenians will flee this Turkish soil
ara
Armenia is filled with corrupt people. No wonder this happens.
Tigran
Kutakani pes hamaynqner Vardenisum incqan uzeq... ov chgiti`mi gyux-mi gyuxapet. 90-akannerin gyuxapetern haryuravor hektarner vercrin, isk ramik joxovurd@ ir bajinn angam chstacav
Marine
տիկնոջ ասած այս պարտադիր պայմանը բոլոր գյուղապետարաններն էլ պահպանում են, կարծում եմ Կուտականում նույնպես պահպանվել է, բայց նմանատիպ բոլոր հայտարարություններն էլ տպագրվում են թերթում, որը այդ գյուղերում չի լինում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter