HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ոստիկանապետի մտքով չի անցել անդրադառնալ լրագրողների դեմ կատարված բռնարարքներին

Ծաղկաձորում այսօր մեկնարկել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ ՀՀ ոստիկանության կազմակերպած համաժողովը` լրագրողների եւ ոստիկանության ծառայողների համար: Բացման իրավունքը վերապահվել էր Կոտայքի թեմի առաջնորդին: Տերունական աղոթքից  հետո ելույթ ունեցան ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը եւ ոստիկանապետը:

Համաժողովի մասնակիցներին, Նոր կտակարանից բացի, բաժանվեցին նաեւ հուշանվերներ, որոնց վրա դաջված է` «ոստիկանը իմ պաշտպանն է»: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը նկատեց, որ հենց այս արտահայտության մեջ էլ ամփոփված է այսօրվա հանդիպման նպատակը:

«Ես վստահ եմ, որ ՀՀ ոստիկանությունը դրսեւորում է առավելագույն թափանցիկության գործելաոճ»,- ասաց Սորոկինը: Իսկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանների եւ լրագրողների աշխատանքի նմանություններին ու նշեց, որ «որդ կա եւ ոստիկանների շարքերում, եւ լրագրողների»:

«Մենք կփորձենք անարդար լինելով` արդար լինել, մեղավոր լինելով` անմեղ»,- ասաց ոստիկանապետ Գասպարյանը եւ վստահեցրեց, որ ոստիկանությունը լինելու է անաչառ եւ ազնիվ ու նրա գործունեությունը բխելու է միմիայն օրենքի շահերից: «Երբ կտեսնեք, որ մեր համագործակցությունում մեր կողմից անազնվություն կա, առաջին քարը նետեք իմ ուղղությամբ»,- հավելեց ոստիկանության պետը:

Վերջինս նշեց, որ ինչքան էլ ցանկությունդ մեծ կամ ընտրածդ ճանապարհը ճիշտ լինի, միեւնույն է, գալիս է մի պահ, երբ կանգ ես առնում: Ուստի անհրաժեշտ է «նոր ստիմուլ, նոր սնունդ:

«Խնդրում եմ` օգնեք մեզ, խթանեք մեր աշխատանքը… Մենք ձեր եղբայրներն ենք, մենք ուրիշը չենք»,- դիմելով լրագրողներին` ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Ելույթից հետո «Հետքը» ոստիկանապետից հետաքրքրվեց, թե մեր` եղբայրներիս նկատմամբ կատարված բռնարարքներից քանի՞սն է բացահայտվել նրա պաշտոնավարման օրոք:

«Իմ ժամանակ հլը որ չկա (լրագրողների նկատմամբ բռնարարք – հեղ.)»,- ասաց Գասպարյանը:

«Բայց Դուք նման չբացահայտված գործերի մեծ ժառանգություն եք ստացել: Անդրադաձե՞լ եք այդ գործերին»,- շարունակեց «Հետքը»:

«Այ այստեղ ինձ բռնացրիք. չեմ անդրադարձել, մտքովս չի անցել, բավականին շատ բաներ կան»,- ասաց Գասպարյանը եւ ոստիկանության լրատվության վարչության պետին հանձնարարեց այս գործերի մասին իրեն հիշեցնել: «Երբ մյուս հանցագործությունները բացահայտենք, դրան անդրադառնալը, կանդրադառնանք»,- եզրափակեց Վլադիմիր Գասպարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter