HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ի՞նչ կարելի է գնել 2500 դրամով. նվազագույն աշխատավարձը բարձրացվում է

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը Ազգային ժողովին ներկայացրեց կառավարության օրինագիծը, որով նվազագույն աշխատավարձը, ներկայիս 32.500 դրամի փոխարեն, հունվարի 1-ից լինելու է 35.000 դրամ՝ բարձրանալով ընդամենը 2500 դրամով:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նախարարից հետաքրքրվեց, թե 35.000 դրամով մարդը քանի օր կարող է ապրել:

Վաչե Գաբրիելյանը նշեց, որ չի կարող ասել, թե նշված գումարով մարդը քանի օր կապրի, բայց հունվարի 1-ից «ավելի շատ գումար կունենա ծախսելու, քան մինչ այդ ուներ»: Նախարարը նշեց, որ նվազագույն աշխատավարձը բարձրացել է 7-8 տոկոսով:

Զարուհի Փոստանջյանն այս անգամ հետաքրքրվեց, թե մարդը այդ 7-8 տոկոսով ինչ կարող է գնել: «Նշված 2500 դրամով մարդը կարող է գնել սպառողական զամբյուղի մեջ մտնող շատ ապրանքներ»,- պատասխանեց նախարարը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նախարարին հորդորեց հրապարակել նվազագույն զամբյուղի չափը, երբ երկրում «խայտառակ գնաճ է»:

«Իհարկե, 35.000 դրամով նվազագույն զամբյուղը չի ծածկվում, բայց առաջարկում ենք այդ խնդիրները լուծել կամաց-կամաց: Կան տարբեր ուսումնասիրություններ՝ նվազագույն զամբյուղի վերաբերյալ. մոտ 50 հազար դրամի կարգի է, և 2013-14 թվականներին նվազագույն աշխատավարձը նախատեսում ենք հասցնել 45-54 հազար դրամի»,- ավելացրեց ֆինանսների նախարարը:

Վաչե Գաբրիելյանը համաձայն չէր նրան, որ երկրում «խայտառակ գնաճ է», և խորհուրդ տվեց հետևել վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներին: Նաիրա Զոհրաբյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ որպես սպառող իր օրինակով է համոզվում, որ երկրում «խայտառակ գնաճ է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter