HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ինչո՞ւ է ՀՔԾ-ն սատարում Ալավերդու ոստիկանապետին

Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ Սիլվարդ Ամիրզադյանը երկրի բարձրաստիճան ղեկավարներին նամակ էր ուղարկել, որում մանրամասն ներկայացրել էր, թե ինչպես է ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արթուր Հարությունյանը տարիներ շարունակ իրենց խաբում:

«Ոստիկանության աշխատակից, ներկայումս Ալավերդի քաղաքի ոստիկանապետ Արթուր Վարդանի Հարությունյանին, 1995 թ. սկսած մինչեւ 1997 թ. Արթուր Հարությունյանը ինձանից խաբեությամբ հափշտակել է 18 000 դոլար, եւ չնայած մեր պայմանավորվածությանը, որ նա այդ ամբողջ գումարը պետք է վերադարձներ շատ կարճ ժամկետում, քանի որ ես բնակարան պետք է գնեի` մինչ օրս Արթուր Հարությունյանը այդ գումարը չի վերադարձրել»,- գրել է Սիլվարդ Ամիրզադյանը:

Նա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հասցեագրված նամակներին կից ուղարկել է նաեւ խտասկավառակներ, որոնցում առկա ձայնագրություններում Ալավերդու ոստիկանապետ Արթուր Հարությունյանը պատմում է, թե ինչով է իրականում զբաղվում, ինչպես է փող աշխատում` քարեր վաճառելով եւ կոնյակ արտահանելով: Ավելին՝ խոսակցություններից մեկի ժամանակ նա ասում է, որ Ախթալայի «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի կորպորացիա»-ի նախագահ Սերոբ Տեր-Պողոսյանը 15 հազար դոլար է տվել Ալավերդու ոստիկանության շենքը վերանորոգելու համար:

Գլխավոր դատախազությունը Սիլվարդ Ամիրզադյանի դիմումը մակագրել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետին: Իսկ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին հասցեագրվածները՝ մակագրվել է ոստիկանության Ներքին անվտանգության վարչություն:

Այստեղից քաղաքացուն պատասխանել են, թե վարչությունում կատարվող ծառայողական քննության ընթացքը կասեցվել է, «մինչեւ ՀՔԾ-ում նույնաբովանդակ դիմումի կապակցությամբ նախապատրաստվող նյութերով համապատասխան որոշում կայացնելը»:

Սակայն պարզվում է, որ այս պատասխանն ուղարկելուց մոտ 2 շաբաթ առաջ ՀՔԾ-ում նյութեր նախապատրաստելու եւ «համապատասխան որոշում կայացնելու» փոխարեն արդեն որոշել են, որ «դիմումում նշված հարցերը կրում են քաղաքացիաիրավական բնույթ», ուստի՝ հատկապես կարեւոր գործերի քննիչ Ա. Կարապետյանը Սիլվարդ Ամիրզադյանին խորհուրդ է տվել «դրանք լուծել դատական կարգով»:

«Քանի որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը սահմանում է, որ հանցագործության մասին տեղեկատվություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է քրեական գործ հարուցելու, այն մերժելու կամ հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու որոշումներից մեկը», Սիլվարդ Ամիրզադյանը կրկին դիմել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով հանձնարարել ՀՔԾ-ին իր դիմումի կապակցությամբ կայացնել օրենքով սահմանված որոշումներից մեկը, «քանի որ ձայնագրությունները լսելուց հետո անհնարին է համապատասխան որոշում չկայացնել»:

Ամիրզադյանը կատարվածի առնչությամբ օգնության ակնկալիքով դիմել է նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին եւ Պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանին: Ամիրզադյանը հույս ունի, որ տարիներով չարչրկված այս խնդրին, ի վերջո, լուծում կտրվի՝ օրենքով սահմանված կարգով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter