Երեքշաբթի, 23 սեպտեմբերի

Հրազդանի կիրճի պատմամշակութային հուշարձանները

Մարիետա Խաչատրյան


21:31, 15 հունվարի, 2002

Երեւանի պատմության թանգարանում պահպանվում է Հայաստանի տարածքում հայտնաբերված մարդաբանական գտածոների վերջին ձեռքբերումը` 70 հազար տարեկան գանգ, որի հիման վրա հնագետ-մարդաբանները փորձ են արել վերականգնել մեր նախնու դիմագծերը: Մի քիչ կոպիտ ուրվագծերով տիպիկ հայկական դեմք է` այսպես կոչված չքաղաքակրթված-քարանձավաբնակ հայ: Թե որքան է ճշմարտությանը մոտ եղել վերականգնողների երեւակայության թռիչքը, չգիտեմ, բայց փաստը սա է. այս նկարից 70 հազար տարվա հեռվից մեզ է նայում Հայկական լեռնաշխարհի բնակիչը: Գանգը գտնվել է Հրազդանի կիրճի պալեոլիթյան քարանձավից:

Ի՞նչ գիտենք Հրազդանի կիրճի մասին

Հրազդանի կիրճը տարբեր հազարամյակներ ու դարեր թվագրվող իր բազմաթիվ պատմական-մշակութային հուշարձաններով մեր անցյալի վկայությունն է եւ ներկայի տարեգիրը: Հրազդանի կիրճին նետված հայացքը հազարամյակների միջով ետ նայելու պատուհան է, ապագային ուղղված մարտահրավեր: Եթե երբեւէ իրականանա երեւանցու երազանքը, եւ Հրազդանի կիրճը դառնա իսկական հանգստյան գոտի` մատչելի բոլորին, ապա գլխավոր մագնիսը կդառնան անթիվ հնավայրերը` ցրված կիրճի` գետին հարող ափամերձ եւ հարակից տարածքներում: 

Ի՞նչ գիտենք դրանց մասին: Քիչ բան: Հարցրեք ցանկացած երեւանցու, թե ի՞նչ հետաքրքիր, տեսարժան վայր գիտե Հրազդանի կիրճում, կասի` մանկական երկաթուղին, մի քանի նորակառույց ռեստորանի անուն կտա, կնշի Ծիծեռնակաբերդի (Հրազդանի) եւ «Հաղթանակի» կամուրջները: Մի քիչ ավելի եկեղեցասերը կասի սուրբ Սարգիս եկեղեցու, արվեստասերը` Փարաջանովի թանգարանի մասին, գուցե հիշեն Վահան անունով այն քանդակագործին, ով հենց կիրճում, ժայռերի վրա դեմքեր էր քանդակում: Իսկ գեներալ Պասկեւիչի ու Երեւանի բերդի մասին հազիվ թե հիշեն` բերդը չի պահպանվել-չգիտեն: ՙՀրազդան» մարզադաշտը ցույց կտան որպես մեր ժամանակի խորհրդանիշ եւ ճիշտ էլ կանեն, որովհետեւ հենց այդպես էլ կա` յուրաքանչյուր ժամանակ իր կառույց-խորհրդանիշներն ունի: Գուցե ձեռքը մեկնեն կիրճի բարձունքները դեպի` Դեմիրճյանի անվան համալիրը եւ եղեռնի հիշատակի բարձր աշտարակը: Այսքանը: Թեեւ` այսքանն էլ շատ-շատ է կիրճի երեւանամերձ փոքրիկ հատվածի համար, բայց ախր այդ բոլորն... ընդհամենը կաթիլ է ծովում, քանզի Հրազդանի կիրճն անցյալի ու ներկայի մի ամփոփ հանրագիտարան է, որ կարդալ իմացողին հազարամյա գաղտնիքներ կպարզի, անհավանականն ակնհայտ կդարձնի եւ սովորական հային կօժտի հազարամյակների հիշողությամբ:

Որտեղի՞ց այդպիսի անուն

Հրազդա¯ն, գետակդ իմ հայրենի

Հրազդա¯ն, ջրիկդ իմ անուշիկ...

Այս տողերը գրող Ալիշանի ենթադրությամբ` Հրազդան անունը պետք է որ ծագած լինի Հուրաստան բառից եւ նշանակի Հրո գետ, Կրակե գետ: Բայց, հավանաբար, Հուրաստանը իրանական հիմնաշերտի ավելի ուշ ազդեցությամբ ձեւավորված անուն է (ինչպես` Հայաստանը), գետի անվան երկրորդ շերտն է պարզապես, ենթադրում էին հնագետները, որովհետեւ Վանի թագավորության արձանագրություններում այս գետի անունը Իլդարունի կամ Իլդարունյան ձեւով է հիշատակվում. Հրազդանը Իլդարունյան ձեւի մի հնչյունափոխված տեսակն է հավանաբար, որ հասել է մեզ: Զվարթնոցի ավերակներում գտնված 47 տող սեպագիր արձանագրության մեջ հիշված (14 տող) Իլդարունի գետը եւս ամենայն հավանականությամբ Հրազդանն է, որ ըստ նկարագրության հոսել է` քերելով Կարմիր բերդի եւ Ծիծեռնակաբերդի ստորոտները:

Ավելի թարմ ստուգաբանությունը խոսում է 14 հազարամյակ առաջ հայկական էթնոսի գոյության եւ տեղաբնիկ ժողովրդի լեզվով անվանված լճի, նրանից սկիզբ առնող գետի մասին: Հինգ լեռնաշղթաներով պատնեշված Սեւանի մակարդակը հրաբխային ուշ ժայթքումների հետեւանքով բարձրացել է, մինչդեռ նրանից սկիզբ առնող գետը շարունակել է հին հունով հոսել, քանի որ մնացել է լճի ավազանի ամենացածր հատվածը. գետը, մինչեւ Արարատյան դաշտ հասնելը, հոսում է տեղ-տեղ 100 մետր խորությամբ տեկտոնական ճեղքվածքով: Բնականաբար` ժայթքումներին, ետհրաբխային տեւական պրոցեսներին արձագանքող գետն իր ջերմաստիճանով, բերած մոխրով եւ այլ անսովոր նյութերով կարող էր ստանալ բնիկ ժողովրդի կողմից տրված, իր բնույթին բնորոշ անուն: ՙՀուր» բառն ըստ լեզվաբանների` բնիկ հայկական բառ է, ծագած հնդեվրոպական ՙպուրո» (կրակ) ձեւից. ցեղակից բառերն այլ լեզուներում մոտ են այս արտաբերմանը: Օրինակ, հին պարսկերեն` ՙհուռ», ֆրանսերեն` ՙֆուր» եւ այլն:

ՙԱզ» մասնիկը ցույց է տալիս ծագում, ՙդան»-ը հնդեվրոպական լեզվում ջուրն է` վեդո-դոն (Դանուբ, Դոն, Դունայ գետանուններն այս արմատից են): Այսինքն` Հրազդան-հուր-ազն-դան` հրաբխից ծագած ջուր:

Այսպիսի անվանումը կարող էր տալ միայն բնիկ ժողովուրդը, որը 14 հազարամյակ առաջ ականատես է եղել վերջին հրաբխային ժայթքումներին: Գետը Հրազդան անվանած ժողովրդի լեզուն եղել է հայերենը` ամենահնագույն հնդեվրոպական լեզուներից մեկը:

Հրազդան` այսինքն մեր ծագման եւ տեղաբնիկ լինելու վերաբերյալ ստույգ ապացույց, համարում են նոր ժամանակի ստուգաբանողները:

Երբվանից է մարդն ապրել Հրազդանի կիրճում

Հրազդանի ձորը մարդկության ամենաառաջին եւ ամենահին բնակատեղիներից է: Անհիշելի ժամանակներից կյանք է եռացել կիրճում: Այստեղ եղած բնակատեղիները դարեր շարունակ հսկել են հաղորդակցության առափնյա ուղին` ծաղկելով եւ մեծ օգուտ քաղելով հարմար դիրքից:

Հրազդանի ձորի տարբեր շերտերը կրում են Երեւանի ողջ տարածքի`` հազարամյակների խորքը գնացող կյանքի ու կենցաղի հետքերը: Հրազդանի կիրճում գտնված բազմաթիվ քարայր-կացարաններում մարդիկ բնակվել են Սառցի ժամանակաշրջանից, հետագայում ջերմացման ժամանակ դուրս են եկել քարայրներից եւ բացօթյա կացարաններ կառուցել հենց քարայրների հարեւանությամբ, հետո անցել պատմության բոլոր ժամանակահատվածներով` ձորափերում թողնելով բերդերի, բնակատեղիների, կիկլոպյան ամրոցների, դամբարանադաշտերի հետքերը` ուրարտական փառավոր պետության վկայագրերից սկսած մինչեւ ՙՁորագյուղի անապատ», բանավոր զրույց առասպելներից մինչեւ գրավոր կավե սալիկներով արքունի դիվանատուն:

Մեզ փոխանցված հսկա ժառանգությունը կարող է խոսել մի լեզվով, որը կոչվում է մշակույթի լեզու:

Այդ լեզուն չիմացողը իրերի ետեւում չի կարող գտնել թաքնված բուն իմաստը: Իրերը շատ երեսներ ունեն, մեկ երեսը կարդալը դեռեւս չի նշանակում, որ ըմբռնեցինք երեւույթը խորությամբ: Այնքան շատ են Հրազդանի կիրճի հնությունները, նրանցից շատերը` ոչ վաղ անցյալում հայտնաբերված, որ ինչպես քարայրագետ Բենիկ Երիցյանն է ասում` իմաստունի կարիք կա, որ կարդա ու հասկանա, թե ինչի մասին է այս կամ այն վկայագիրը, սովորական մարդը դժվար ըմբռնի մեզ փոխանցված ժառանգության թաքնված գիտելիքը: Անգամ գրավոր մատյաններում մեզ փոխանցված պատմությունները նորովի ՙկկարդանք», եթե վերջապես կարողանանք ուսումնասիրել թեկուզ Հրազդանի կիրճի նյութական հսկայական մշակույթի կրող պալեոլիթյան քարայրները, որ ընդամենը կես դար առաջ դեռ հայտնագործված չէին Հայաստանում: 1966 թվականից կիրճի պարբերական եւ համակարգված ուսումնասիրություններն ի հայտ բերեցին տարբեր ժամանակների շուրջ 120 քարայր, որոնցից 6-ում հայտնաբերված են հնագույն` մինչեւ 100 հազար տարվա խորքերը գնացող նյութական մշակույթի իրեր: Բայց Հրազդանի քարեդարյան անցյալի մասին կպատմենք իր տեղում` 70 հազար տարվա հնության ՙԵրեւան-1» քարայրի օրինակով:

Գետի հոսանքով` դեպի Երեւան

Հրազդանի երեւանամերձ կիրճ մտնենք գետի հոսանքով` հեռահար դիտարկելով կամրջից կամուրջ (Հրազդանի կամրջից մինչեւ ՙՀաղթանակ») եւ դրանից էլ մի քիչ ավելի տարածք: Ճանապարհ ընկնենք Զովունի գյուղից. առաջինը, որ կտեսնենք Հրազդանի աջ ափին` ավերված Կարմիր բերդ ամրոցի միջին բրոնզի եւ վաղ երկաթի դարաշրջանների դամբարանադաշտերն են` մի քանի հարյուր դամբարանով: 1960-ական թվականներին այստեղ հայտնաբերվեցին մ.թ.ա. երկրորդ հազարամյակի խեցեղեն, բրոնզե եւ երկաթե զենքեր, պերճանքի առարկաներ (12 բրոնզե գոտի): Ցավալի է, բայց գտնվածը Մոսկվայում եւ Պետերբուրգում է: Միջնադարյան ջրանցքն անցնելուց հետո արդեն ֆիզիկայի ինստիտուտի մոտ կտեսնենք մ.թ.ա. I հազարամյակում հիմնված Ձորաբերդի ավերակները, ուշ շրջանի բազմաթիվ քարանձավներ: Հրազդանի կիրճի վրա իշխող Ծիծեռնակաբերդը գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից. այստեղ եղել է ուշ բրոնզեդարյան կիկլոպյան ամրոց` իր ընդարձակ դամբարանդաշտերով (այժմ` հիմնականում` ավերված):

Ծիծեռնակաբերդի մասին հնագույն ժողովրդական ավանդություն կա. այստեղ եղած բերդը սիրո աստվածուհի Աստղիկի անունով կոչվել է Աստղկաբերդ: Նույն տեղում է եղել նաեւ հայոց այդ աստվածուհու տաճարը, որի երկրորդ հարկում ապրող ծիծեռնակները, որպես սուրհանդակներ, լուրեր էին տանում Աստղիկի սիրեցյալ Վահագն աստծուն: Իսկ բյուզանդացի պատմագիր Կեդրենոսի վկայությամբ` բյուզանդական զորքը 1047 թ. պաշարում է Խելիդոնիոն կոչված բերդը, որը զառիթափ լեռան վրա էր կառուցված, եւ կգրավեր անսպասելի հարձակմանը չսպասող-պարեն չմթերած բերդեցիներին, եթե անսպասելիորեն արեւմուտքում չբռնկվեր Լեւոն Թոռնիկի ապստամբությունը: Մասնագետները Խելիդոնիոնը նույնացնում են Ծիծեռնակաբերդի հետ (խելիդոն-ծիծեռնակ): 1925 թվականին, երբ այդ հատվածում Հրազդանի վրա կառուցվում էր Երեւանի հիդրոէլեկտրակայանը, գետի ձախ ափին հայտնաբերվեցին բրոնզեդարյան դամբարաններ, որոնցում գտնվել են նախշավոր խեցեղեն, բրոնզե ջարդված թուր, մարդկանց եւ կենդանիների ոսկորներ: Իսկ մոտերքում գտնվում էր անմշակ քարերից կառուցված եւ մանր քարերով լցված պարսպով կիկլոպյան ամրոց: Մեծ եղեռնի հուշարձանի կառուցման ժամանակ բացված դամբարաններց մեկում հայտնաբերվել են (1967 թ.) լավ պահպանված գունազարդ կճուճներ, իսկ հուշարձանատեղիից արեւելք` անտառի մեջ եւս պահպանվել են հնագույն շինվածքների հետքեր: Ծիծեռնակաբերդը, փաստորեն, ոչ լավ պեղված է եւ ոչ էլ` լավ ուսումնասիրված, եւ բազմաթիվ գաղտնիքներ ունի իր մեջ:

Հովնանյանի առանձնատան հարեւանությամբ

1998 թվականի Հրազդանի կիրճում պեղվեց Ծիծեռնակաբերդի հնավայրի այն հատվածը, որի հարեւանությամբ Վահագն Հովնանյանի նորակառույց տունն է կանգնած. դա Հրազդանի աջ ափին է, Երեւանի մանկական երկաթուղու դիմաց: Պեղումների բացած հարուստ մշակութային շերտերի վերեւում միջնաբերդն էր, որի պարսպի եզրին այժմ կանգնեցված է բարձր լարման հոսանքի աշտարակը` խաթարելով զգալի թանձրությամբ հնագիտական շերտը. 9-րդ դարում հիմնադրված շերտը ներկայանում է 4 հաջորդական հարթակներով, իսկ թոնիրների եւ օջախների մեծ կենտրոնացումը համեմատաբար փոքր տարածքում վկայում է պեղվող մասի արտադրական բնույթի մասին: Ուղեկցող նյութը` հիմնականում խեցեղեն, ջնարկված սկուտեղներ, ափսեներ, կճուճներ, կարասներ, ուլունքներ, մետաղյա իրեր, ապակե անոթի բեկորներ, քարե գործիքներ էին, որոնք առաջին անգամ թույլ են տալիս համակարգված պատկերացում կազմել այդ դարաշրջանների Երեւանի տնտեսական կյանքի, մշակույթի, շինարարական արվեստի մասին: Հետաքրքիր է, որ այդ շերտերից 1,5 մ խորությամբ բացվեց երկաթի դարաշրջանի վերջով-ուրարտական սկզբով թվագրվող հորիզոն` օջախով, կավածեփ հատակով:

Գտնված միջին շրջանի մշակույթի նմուշներից, թվով մեկ տասնյակի չափ, որոշ վերականգնումից հետո ի պահ հանձնվել է Վահագն Հովնանյանին. հնագետներն, այդպիսով, հույս ունեն, որ գուցե մի օր էլ մեծահարուստ հայը, այլ բարերարությունների հետ, միջոցներ տրամադրի այս վայրի պեղումները շարունակելու համար: Ամեն դեպքում այդ ցուցանմուշները կարելի է տեսնել Հովնանյանի տանը, ապակե պատյանների տակ խնամքով տեղակայված:

Ծիծեռնակաբերդի բլրի գագաթին եւ արեւելյան լանջին տարածվող այս հուշարձանների հետագա ուսումնասիրությունը մեծ չափով կնպաստի Երեւանի եւ Հրազդանի պատմամշակութային կարեւոր խնդիրների լուսաբանմանը:

Շարունակելով գետի հոսանքով

Մինչ այդ կանգ առնենք, որովհետեւ 1956 թվականին կառուցված Հրազդանի Մեծ կամուրջը ամենալավը հենց այստեղից է երեւում. այս կամուրջը Հրազդանի եւ Երեւանի խորհրդանիշներից մեկն է համարվում: Հետաքրքիր է, որ կամուրջի` կիրճից ամենաբարձր դիրքը երեւի վերջին տարիներին (եւ միշտ էլ) դեպի իրեն է ձգում կյանքից ՙձեռք քաշած» մարդկանց, ավելի պարզ ասած` ինքնասպաններին: Բայց կանուրջը այլ սլացքներ է խորհրդանշում եւ միտված է դարերին: Այստեղ է նաեւ 1949-ին կառուցված Ռաֆայել Իսրայելյանի կամուրջ- ջրանցույցը:

Եթե շարունակենք ճամփորդել գետի հոսանքով` կտեսնենք, որ ամենուր հին ժամանակների շունչը գալիս-միախառնվում է մերին` փորձելով գոյակցնել ձորում բարձրացող նորակառույցների, զանազան ՙհաց ուտելու» տեղերի, անօրինական կառույցների հետ. ստացվո՞ւմ է արդյոք այդպիսի ՙներդաշնակ» գոյակցությունը` պետք է ձեռքը սրտին դնեն ու ասեն քաղաքի այսօրվա ընթացքը տնօրինողները:

Բայց նայենք Հրազդանի աջ ափին, Այգեձոր թաղամասի դիմաց, ուր դեռ փռված են Դալմայի այգիներ կոչվող գեղատեսիլ պտղատու այգիների մնացորդները: Ճիշտ է, դրանք տարբեր ժամանակներում ավելի ծաղկուն եւ շքեղ են եղել ու համարվել են Երեւանի փոքրիկ դրախտը: 93-ի ցուրտ ձմեռը այդ այգու գլխին էլ կացին իջեցրեց: Հավանաբար բոլոր տեսակի ՙկանաչ» ծրագրերը նախ եւ առաջ Դալմայի այգիների վերականգնումը պետք է ունենան որպես թիվ մեկ խնդիր: Առհասարակ` Հրազդանի կիրճը անտառաշերտի հարստացմամբ իր բնական միջին վիճակին վերադառնալուց հետո կարող է հավակնել Երեւանի թոքերը լինելուն: Երեւանն առհասարակ հայտնի է եղել այգիներով: Նոյը, երբ իջել է Արարատից, մի որթատունկ է տնկել Երեւանի մոտ,-պատմում է ավանդույթը, եւ, հավանաբար, ավանդույթը հենց նկատի է ունեցել Դալմայի այգիները: Դալմայի այգիների եւ Դալմայի ջրանցքի մասին լեգենդներ կան: Ասենք, որ Հրազդանից հանված Դալմայի, Աբուհայաթի, Նորագյուղի եւ Մամռիի ջրանցքները անհիշելի ժամանակներից վերանորոգվել եւ ըստ այդմ` անվանափոխությունների ենթարկվելով` ոռոգել են Երեւանի այգիները: Դալմայի այգիների մասին ամենից ուշ շրջանի լեգենդը կապվում է Չարենցի հետ. երկար ժամանակ համարել են, որ Չարենցին գնդակահարել են հենց այստեղ:

Երբվանից է մարդն ապրել Հրազդանի կիրճում

Հնում էլ լեգենդների պակաս չի զգացվել: Ըստ Երվանդ Շահազիզի. ՙԵթե ճիշտ է, որ Զվարթնոցից գտնված սեպագիր արձանագրության Իլդարունի գետը Հրազդանն է, ուրեմն այդ գետից Ռուսա Բ թագավորի փորած-հանած ջրանցքը այն հայտնի ջրանցքն է, որ պարսից իշխանության ժամանակ մաքրվել, վերանորոգվել եւ վերակոչվել է ՙԴալմա» կամ ՙԴեոլմե», որ նշանակում է ՙծակած-պեղած»: Իսկ պարսիկների իշխանության ժամանակ ջրանցքի նորոգման պատմությունն այսպիսին է. Երեւանի Հուսեին խանը կանչում է իր խանության բոլոր առու հանողներին եւ հրամայում է նրանց որոնել եւ գտնել վաղեմի ջրանցքի ակը: Շատերն են փնտրում` ապարդյուն: Կատաղած խանը գլխատում է բոլորին եւ վարպետներ կանչում Մակուից, Թավրիզից, Սպահանից: Ձորաբաշխի տակ գետի եզերքը բռնելով` նրանք գնում են հոսանքն ի վեր եւ վերջապես գտնում վաղեմի ջրանցքի հետքերը, բացում խցված ակը, քանդված մասը վերաշինում: Ջուրը հոսում է դաշտն ի վեր եւ ոռոգում գետի մյուս ափի անծառ տարածքը: Դեոլմե ամել` պարսկերեն պեղել-մաքրել է նշանակում: Ջրանցքի եւ հետո արդեն նորատունկ այգու անունը այստեղից է: Դալմայի ջրանցքը հանված էր Հրազդանի աջ ափից , Այգեձոր արվարձանի դեմ, մտնում էր մի բավական բարձր սարի կողքով փորված ներքնուղու մեջ եւ (մոտ 200 մ) անցնելուց հետո դուրս գալիս գետնից մի առատաջուր աղբյուրի նման ու ոռոգում շրջակա այգին: Ե°վ այս, ե°ւ Աբուհայաթի ջրանցքները շատ հնուց են գործել եւ 1679-ի երկրաշարժից են ավերվել: Հենց նույն թվի վերջին էլ նորոգվել է Դալմայի ջրանցքը: Հրազդանի վրա նաեւ բազմաթիվ ջրաղացներ են կառուցված եղել, հայտնի էր ՙԻնն աչք» ջրաղացը:

Երեւանի բերդը

Բոլոր հին քաղաքները բերդաքաղաքներ են եղել. վկայությունը հենց Հրազդանի ափին հայտնաբերված Շենգավիթի, Թեյշեբաինի եւ այլ միջնաբերդ- քաղաքատեղիներ են: Երեւանը նույնպես բացառություն չէ. Հրազդանի կամրջից ցած, գետի ձախ ապառաժոտ բարձր ձորափը բնությունից կարծես սահմանված է եղել բերդի համար: Այստեղ տեղադրված բերդը եւ նրա ապարանքը տեսել եւ նկարագրել են եվրոպացի ճանապարհորդներ Շարդենը (1673թ.), Կեր Պորտերը (1878թ.): Բերդի մնացորդները այժմ էլ կան. դրանք 1679 թ. պարսից Զալ խանի վերաշինած եւ հետո էլ բազմաթիվ անգամ նորոգված բերդի պարսպի մնացորդներն են Արարատ գինու գործարանի մոտ: Երեւանի բերդը արեւմտյան կողմից պաշտպանված է եղել Հրազդանի խոր ձորով, մյուս երեք կողմերից` 50-60 աշտարակ եւ բուրգ ունեցող պարիսպներով, որոնց շուրջ փորված է եղել խորը խանդակ, տեղ-տեղ ջրով լցված: Հարավային եւ հյուսիսային կողմերից երկու ահագին դուռ է ունեցել եւ մի երրորդ` գաղտնի ելք, որը ներսում եղած ապարանքի միջով հասել է մինչեւ գետը: Շարդենը գրում է. ՙԵրեւանում գտնված բերդը կարող է մի փոքրիկ քաղաք համարվել: Այն ձվաձեւ է, չորս հազար քայլ շրջանագծով եւ իր մեջ ունի 800 տուն»: Այդ ժամանակ, պարսից կառավարիչների շրջանում, հայերը բերդում միայն խանութներ են ունեցել, որոնք երեկոյան փակել եւ ցրվել են իրենց տները: Ռուս-պարսկական պատերազմների ժամանակ բավական ամուր բերդը գրավելը կամ պահպանելը կողմերի համար դառնում էր գերխնդիր: Օտարներն անցնում էին Երեւանով եւ որակում բերդը. ՙԲերդը գերազանց կառույց է», ՙՇահի տիրապետության ամենահզոր բերդը»: Ռուսները երկար չէին կարողանում գրավել բերդը եւ դրանից բերդի անառիկության առասպելն ավելի էր տարածվում: Երեւանի բերդի գրավմանն այնքան մեծ նշանակություն է տրվել, որ սահմանվել է Երեւանի գրավմանը նվիրված հատուկ մեդալ: Երբ 1827 թվականին վերջապես ռուսական զորքը հայերի օգնությամբ գրավեց բերդը, տեղի ունեցավ շքահանդես, որի ընթացքում Ներսես Աշտարակեցին եւ գեներալ Պասկեւիչը ողջունեցին զինվորներին. հետեւեց Հրազդանի ափին շարված թնդանոթների համազարկը եւ... բերդի պարիսպների մի մասը փլվեց` թաղելով հավաքվածներից շատերին:

Օտարների նորոգած-վերակառուցած բերդը Երեւանի ժողովուրդը չի սիրել: Աբովյանը բերդը համեմատել է հազար գլխանի դեւի հետ, որից հայ բնակչությունը միայն չարիք ու բռնություն է տեսել:

Երեւանի բերդից համարյա ոչինչ չի պահպանվել, միայն պարսպի մի հատված պահպանվել էր ներկայիս հսկայական գործարանի տեղում, դա էլ շինարարները քանդեցին 1950-ականներին: Բերդը գինու կոմբինատի մոտ էր, ավելի ուշ այստեղ Երեւանի կայազորն է գտնվել, հիմա մայրաքաղաքային գնդի տարածքն է այստեղ:

Կարմիր կամուրջը

Բերդի հետ է կապված Երեւանի հինավուրց կամուրջը: Հրազդանի վրա 3 կամուրջ է եղել` Քանաքեռի տակ, Կարմիր բերդից վեր (որից այժմ միայն կամարն է մնացել) եւ այժմ էլ կանգուն հին կամուրջը` ՙՀաղթանակ» կամրջից գետի ընթացքով մի 300 մ հեռավորությամբ, որը դեռ 30-ականներին հաղորդակցության ուղի էր երկու ափերի միջեւ: Այս կամուրջը կոչվում է Կարմիր (կարմիր տուֆից է) կամ Խոջա Փլավի կամուրջ` քանի որ այդպիսի անունով մի մեծահարուստ վաճառական XVII դարի վերջին (1679թ.) նորոգել է այդ կամուրջը: Մինչեւ 60- ականները փաստորեն, երբ կառուցվեց հիմնական կամուրջը, այս կամուրջից շարունակում էին օգտվել: Կամուրջն ընկած է Հրազդանի ձորի մեջ, բերդի մոտ, դա գինու գործարանի անմիջապես ստորոտն է: Երկրաշարժից առաջ, 1655 թ. կամուրջը նկարել է ֆրանսիացի ճանապահորդ Տավերնիեն: Կամրջի երկարությունը 87,5 մ է, լայնքը` 6,47, նրա վրայով անցնում էին սայլեր, գրաստներ, հետեւակ եւ հեծյալ մարդիկ: Երկու կամար ունի` Հրազդանի, 6, երկու կիսակամար էլ ջրանցքների համար է եղել:

Ձորագյուղ

Մի քիչ շտապեցինք անցնել կամուրջները: Մի պահ վերադառնանք կամ հենց աջ ափից դիտենք Հրազդանի ձախ ափի բարձունքը, ուր հիմա ս. Սարգիս եկեղեցին է կանգնած: Այստեղ փռված է Ձորագյուղ թաղամասը, որն ավելի վաղ կամրջից վերեւ ընկած ձորաշերտերին էր տարածվում: 1860-ականներին Երեւանում եղած երեք հին թաղերին` Կոնդին, Քարհանքին եւ Նոր թաղին ավելացան եւս երկուսը` Ձորագյուղը եւ Նոր թաղը: Ձորագյուղի հատվածը առաջ կոչվում էր Խնկելո ձոր: Ձորագյուղն ունեցել է ի°ր թաղերը` Վերին կամ Քարափի թաղ, Ստորին կամ Ձորի թաղ եւ Կարբո թաղ` Արագածոտնի համանուն գյուղի անունով, որովհետեւ այստեղ կարբեցիներ էին բնակվում: Մեսրոպ Թաղիադյանը եղել է այս թաղից եւ 1816 թ. ճանապարհորդության ժամանակ Երեւանով անցնելիս` անմիջապես գնացել է Կարբի թաղի իրենց տունը` մորը տեսնելու: Ձորագյուղում է եղել Երեւանի թեմական առաջնորդարանի կենտրոնը, որը կոչվել է ՙՁորագյուղի անապատ»: Մինչեւ երկրաշարժն անապատն իր պարսպի ներսում շենքեր եւ մի քանի եկեղեցի է ունեցել, այժմ մնացել է միայն ս. Սարգիսը, որը նույնանուն եկեղեցու փոխարեն կառուցվել է 1835-48-ին: Սա եղել է նաեւ կաթողիկոսների իջեւանը: Ըստ Առաքել Դավրիժեցու (XVIII)` մինչեւ Մոսվսես Տաթեւացու շինարարական աշխատանքները` Էջմիածնի վանքը գրեթե անմարդաբնակ էր, քանզի կաթողիկոսները Երեւանի կաթողիկեում էին բնակվում կամ շրջագայում էին: Կաթողիկոսարանը տեղադրված է եղել Հրազդանի զառիթափի գլխին: Նրանցից դեպի հյուսիս, դարձյալ քարափի գլխին, գտնվել է ս. Հակոբ եկեղեցին, հարակից եղել են շատ սենյակներ, հացի փուռ, ժողովրդին սպասարկող ս. Սարգիս եկեղեցին: Վերջինից բացի, մյուս շենքերը կամ ավերվել են, կամ հրդեհվել, որովհետեւ մեծ մասամբ փայտաշեն էին: Կից այգին ու ծառաստաններն էլ վաղուց զբաղեցրել են քաղաքի բնակիչները եւ տներ կառուցել այնտեղ: Որպեսզի վկայենք, թե ինչ աշխույժ կյանքով են ապրել ձորագյուղցիք` միայն մի փաստ բերենք. Ձորագյուղում, Հրազդանի ափին գործում էր միայն կաշեգործական 32 խանութ- արհեստանոց:

Հիմա հանգիստ խղճով շարժվենք դեպի Երեւանյան լիճ, որի հարեւանությամբ գտնվում են Շենգավիթը, պալեոլիթյան ամենահնագույն քարայր ՙԵրեւան-1»-ը, ապա եւ Կարմիր բլուրը:

Երեւանի ամենահին քարայր-կացարանը

1968 թ. Հրազդանի ձորաբերանի աջ ափին, Շենգավիթի դիմաց, Երեւանյան լճի աջ ափին հայտնաբերվեց քարեդարյան մնացորդներով հարուստ մի քարայր: Հայտնագործման հետ կապված մի հետաքրքիր մանրամասն է պատմում հնագետ Բենիկ Երիցյանը. քարայրում մի անտուն ծերուկ է բնակվելիս եղել, որը քարայրն իր բնակության կարիքներին հարմարեցնելու համար տեղափոխություններ է արել եւ վնաս հասցրել մշակութային շերտին: Միեւնույն ժամանակ հենց նա էլ օգնել է հայտնաբերել քարայրը, քանի որ տեղ ազատելու համար քարայրից բավական հնագույն իրեր է դուրս կրել` այդպիսով հնագետների ուշադրությունը հրավիրելով այս վայրի վրա: Երբ հնագետների խումբն առաջին անգամ եկել է քարայրն ուսումնասիրելու` ծերուկն արդեն չի եղել, բայց մոտիկ այգու այգեպանը պատմել է, որ ծերուկը երկար ժամանակ է բնակվել այդտեղ: Հետազոտությունից պարզվել է, որ մարդն այդ քարայրում բնակություն է հաստատել 70 հազար տարի առաջ եւ մինչեւ միջնադար օգտվել է նրանից. սա գուցե Հայաստանի տարածքի ամենահնագույն քարայր-կացարանն է: 5-րդ դարում Այրարատ նահանգի (հետագայում` Երեւանի նահանգի) Սուրմալու գավառի (հետագայում` Ճակատի գավառի) Կողբ գյուղում ապրում էր Եզնիկ Կողբացին: Ու չի կարող պատահել, որ Կողբացին չիմանար իր ծննդավայրից ոչ հեռու Հայաստանի ամենակենսական գետի քարայրի մասին, լեգենդներ լսած չլիներ բազում հազարամյակների անցյալ կուտակած այդ կյանքի գրքի վերաբերյալ: Ընդհանրապես` չէր կարող ծանոթ չլինել ավանդվող հնագույն մշակույթին, բանավոր (կամ ով գիտե գուցե գրավոր) պատմությունը չիմանար... Եւ ոչ մի բառ չի թողել մեզ. ՙ Եղծ աղանդոց» գրող պատմիչը հազիվ թե թույլ տար իրեն` մեզ փոխանցել Քրիստոսից առաջ եղածը: Բայց մյուսներն արել են, օրինակ` Խորենացին: Փոխանցված առասպելախառն պատմությունները երբեմն հաստատվում են նյութական մշակույթի նորանոր շերտերի հայտնաբերմամբ, ինչպես այս դեպքում: Երբեւէ, երբ Հրազդանի կիրճը հայերս ուսումնասիրած- պեղած կլինենք` հնից մնացած-պատմիչների փոխանցած բանավոր պատմության հնագիտական նոր ՙընթերցումը» մեր պատմության շատ մութ էջեր կբացի: Ինչեւէ. Եզնիկին թողնենք հանգիստ եւ անցնենք ՙԵրեւան-1» քարայրում հայտնաբերված 30 հազարից ավելի քարե գործիքներին, նետասլաքներին, նիզակի ծայրերին, բրիչներին, կոկիչներին, մարդաբանական գտածոներին: Կենդանիների եւ մարդկանց բրածո մնացորդների մեջ վայրի ձիու, էշի եւ ջորու կմախքի մասեր եւս գտնվել են. առաջավոր Ասիայում սա միակ քարայրն է, որտեղ ընտանի կենդանիների կմախք է գտնվել. հանկարծ ու պարզվի, որ, ինչպես Արտակ Մովսիսյանն է համոզված իր ՙԱրատտայում», առաջին ընտանի ձին հենց Հայաստանի տարածքում է եղել, առաջին մարտակակառքերի հեղինակները հայերն են, քանզի Գիլգամեշում հիշվում է, որ շումեները էշերին էին օգտագործում ռազմական արշավանքների ժամանակ, եւ նրանց հեծյալները կոչվել են ՙԷշերի կողերը սեղմողներ»: Մինչդեռ արատտացիները, ըստ վիպերգի, իրենց ապրանքները փոխադրում էին ձիերով (Ք.ա. 28-27-րդ դարեր):

Պատկերացնո՞ւմ եք` դեռեւս մինչեւ վերջ չուսումնասիրված այս եւ համանման քարայր-կացարաններն ինչեր ունեն դեռ ապացուցելու աշխարհին:

Հրազդանի կիրճին նայող մասնագետ աչքը միանգամից մի քանի մշակութային շեշտեր կարող է տեսնել: Ձորում (քարայրներում) տեղադրելով հին քարե դարը` հայացքդ բարձրացնելով կարող ես տեսնել ավելի ուշ շրջանի բացօթյա կացարանները եւ այդպես շերտ-շերտ գալ-հասնել մեր ժամանակներին: Հրազդանի կիրճում տարածքներ կան, ուր հենց գետնի մակերեսին ուշ շրջանի քարե գործիքներ եւ խեցեղեն կա: Դրանք ամբողջական մշակույթներ են, որոնց վրա հենված է մեր (եւ ոչ միայն մեր) քաղաքակրթությունը: Պեղումներն ամենուր կիսատ են, միջոց չկա դրանք շարունակելու, կիսապեղված եւ չպեղված շատ հնավայրեր մատնված են մոռացության եւ քայքայման: Երեւանյան լիճը վերածվում է ճահճի, Նորագյուղի տակ միայն 4-5 քարայր ծածկված են տիղմով եւ աղբով:

Փաստորեն` պահպանում ենք այն, ինչը ծանոթ եւ ուսումնասիրված է, իսկ վաղ անցյալի բազմաթիվ հուշարձանները, որ չենք ուսումնասիրել եւ անծանոթ ենք, չենք էլ ձգտում պահպանել: Ապացո՞ւյց` ահա. աշխարհի ոչ մի մայրաքաղաք չունի այնպիսի մի հուշարձան, որ ապացուցի, թե մարդն այնտեղ մոտ 100 000 տարի առաջ է ապրել, միայն մենք ունենք` ՙԵրեւան-1»-ը: Բայց ի՞նչ ենք արել. լրացուցիչ դժվարություն ենք ստեղծել ուսումնասիրելու այդպիսի անգին հուշարձանը`այն թողնելով ամերիկյան դեսպանատան գնած տարածքում: Ազգեր կան, որ ամեն ինչ կտան, իրենց բնիկ լինելը հաստատող որեւէ իրեղեն ապացույց գտնելու համար, իսկ մենք սառնարյուն ենք ունեցածի հանդեպ: Ինչո՞ւ, մշակութային վավերագրերի մեծ որսի ժամանակը մի՞թե ավարտվել է: Մարգարիտների եւ խոզերի պատմությո՞ւնն է կրկնվում:

Ասում են` Նաբուդոգոնոսորը շատ է ցանկացել իր ավազոտ երկրում քար գտնել. փորել-փորել է իր պալատի տակ` չի գտել: Երկար փնտրելուց հետո հանած քարն էլ կոկած-մշակած վանակատ (օբսիդիան` հայկական քար) է եղել` ուղիղ սլաքով դեպի Հայաստան ցույց տալով ե'ւ քարատիրոջը, ե'ւ քար մշակողին: Ավազի վրա ապրողն ինչպե՞ս կարող էր քար մշակել, քարե ամրոց կառուցել, քաղաքակրթություն ստեղծել, իսկ մենք հենց մեր քթի տակ գտնվածին տիրություն չենք անում:

Շենգավիթ

Շենգավիթը բացառիկ բնակավայր է, մ.թ.ա. երրորդ հազարամյակի քաղաքատեղի: Շենգավիթի բնակիչներն ապրել են քարակերտ, աղյուսաշեն տներում, որոնց հատակը սալարկված էր: Երեւանի տարածքի ամենահնագույն բնակավայրերից է Երեւանյան լճի ձախ ափին գտնվող բլուրը` շրջապատված քառանկյուն աշտարակներ ունեցող պարսպով: Ավելի վաղ` անցած դարակեսին սկսված պեղումները շարունակվեցին 2000 թվականին, Շենգավիթի համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ: Նախկին պեղումների ընթացքում բացված մ.թ.ա. VI-II հազարամյակների մշակութային չորս հաջորդական շերտերում հայտնաբերվել են պղնձե եւ քարե գործիքներ, ոսկրե եւ պղնձե նետասլաքներ, ոսկե եւ արծաթե զարդեր:

Նոր պեղումները պարզապես գերազանցեցին սպասելիքները. հայտնաբերվել են Աստղիկ դիցուհու` հնգաթեւ աստղ հիշեցնող քարե արձանիկը, ձիու քանդակ (ինչը ցույց է տալիս, որ հազարամյակներ առաջ արդեն ձին պաշտամունքային էակ է եղել հայերիս համար), անթիվ խեցեղեն եւ աշխատանքի գործիքներ: Շենգավիթը դեռ նոր է բացում իր գաղտնիքները: 6 հա տարածք ունեցող հուշարձանից դեռ շատ քիչն է պեղված: Առհասարակ` հնագետները հուշարձանների 50%-ը պեղելու տարբերակին են կողմ, ինչը թույլ չի տա բացել եւ փչացնել` չկարողանալով ուսումնասիրել. մի սերնդի գործ չէ, նոր սերունդներին եւս վիթխարի գործ է սպասում:

Շենգավիթի դիմաց, Թեյշեբաինից մի քիչ հեռու, Հրազդան գետի ձախ ափին Կարմիր բլուրի հուշարձանախումբն է, որտեղ Թեյշեբաինի ուրարտական քաղաքն է` հիմնված մ.թ.ա. 7-րդ դարում, ուրարտական շատ նշանավոր կենտրոններից մեկը, որի վրա ավելի ուշ` միջնադարում եղել է կավակերտ ամրոց, եղել է նաեւ եկեղեցի, որը չի պահպանվել:

Բլրի արեւելյան եւ հյուսիսային լանջերը ուղղաձիգ իջնում են Հրազդան գետի վրա: 1936թ. հնագետ Ա. Դեմյոխինը Հայաստանի պատմության թանգարան հանձնեց Ռուսա Բ-ի անվան հիշատակությամբ սեպագիր արձանագրություն` պատահական գտնված մի բեկոր (Չարբախի բեկոր), որից հայտնի դարձավ, որ հուշարձանը VII դարի ուրարտական ամրոց-քաղաք է: Պեղումները հայտնաբերեցին Թեյշեբաինի ամրոցն ու այլ շինությունների մնացորդներ: Տարերքի եւ պատերազմի աստված Թեյշեբայի բերդ-քաղաքը շրջապատված է երեք մետր հաստությամբ աշտարակավոր պարսպով, միջնաբերդում եղել են տաճարներ, պալատներ, միջնաբերդի առաջին հարկում` արհեստանոցներ, մառաններ, 700-900լ. տարողությամբ 70-80 կարաս: Միջնաբերդի առաջին հարկի քարից հարթակը ծառայել է որպես հիմք` երկրորդ հարկի շքեղ շինությունների համար: Բլրի ստորոտում փռված է եղել քաղաքը: Բերդն ունեցել է կավե գրավոր սալիկներից արքունի արխիվ` տնտեսական, իրավական բնույթի եւ արքաների հրամաններ պարունակող տեղեկություններով: Քաղաքի անունը պարզ է դառնում քաղաքի դռան բրոնզե օղակաձեւ փակի վրայի տեքստից: Սպառազինման առարկաները պատկանել են Էրեբունի ամրոցին. երբ Էրեբունի ամրոց-քաղաքից մեկ դար անց կառուցված Թեյշեբաինին հզորանում եւ դառնում է վարչատնտեսական նոր կենտրոն, Էրեբունիից այնտեղ են տեղափոխվում բարձրաստիճան մարդիկ եւ քրմերը` իրենց հետ տանելով պալատների եւ տաճարների հարստությունը:

Պեղումներրը հայտնաբերել են նաեւ նախաուրարտական եւ ավելի վաղ երկրամշակութային-հնագիտական շերտեր: Գտնված իրերը խոսում են Ուրարտուում բարձր վարպետության հասած արհեստների եւ արվեստների, զարգացած գյուղատնտեսության եւ անասնապահության մասին: Պատկերացրեք` այստեղ գարեջուր եւ առաջավոր Ասիայում պահանջարկ վայելող քունջութի յուղ են պատրաստել: Թեյշեբաինին ավերվել է մ.թ.ա. 590-585թթ.` մարասկյութական արշավանքների ժամանակ, թեեւ կյանքը քաղաքում գոյատեւել է էլի մի քանի դար:

Եկանք-հասանք Երեւանյան լիճ

Սա նոր ժամանակների հուշարձան է (կառուցվել է 60-ականներին` որպես արհեստական ջրամբար), լճի մասին ես մի պատմություն եմ հիշում, երբ 1976 թե 77 թվականին, վաղ առավոտյան լիճն էր գլորվել թիվ 15 երթուղու տրոլեյբուսը: Մեծ թվով մարդիկ խեղդվեցին, բայց մոտակայքում մարզվող աշխարհի չեմպիոն Շավարշ Կարապետյանը, որի անունը հիմա այնքան էլ չեն հիշում, մոտ 15 անգամ սուզվում է 8-15 մ խորություն ունեցող լճում եւ նույն թվով մարդ փրկում. եղանակը սառն է լինում, այդքանից ավելի ցրտից կապտած լողորդը սուզվել չի կարողանում: Հրազդանի կիրճում այս լճակը ստեղծվել է 1963-66 թթ., Թամանցիների փողոցի կառուցումից հետո: Ծովի մակերեւույթից բարձր է 908 մետրով, 650 քառ. կմ մակերես ունի եւ սնվում է, ինչպես ինքնին պարզ է, Հրազդանի ջրերից, ափերը մասամբ բետոնապատ են: Հայկական հանրագիտարանում լճին նվիրված, այժմ լճի բարձիթողի վիճակի պայմաններում բավական ռոմանտիկ թվացող տողեր կան. «Նախատեսվում է կառուցել ջրասպորտի համալիր ափին եւ մանկական լողավազաններ...»: Փաստորեն լիճը ստեղծվել է որպես Հրազդանի կիրճի հանգստյան գոտու մի կարեւոր օղակը, առաջ լճի վրա նավակներ կային, մինչդեռ այժմ վերածվում է ճահճի (օբյեկտիվ պատճառ եւս կա` Սեւանի մակարդակն իջել է, Հրազդանի ջրերը պակասել են): Ըստ հնագետ Բենիկ Երիցյանի, լճի տակ կառուցման ժամանակ բավական հնագիտական նյութ մնաց, իսկ հին Կողբ գյուղի տեղում, լճին հարակից մասում, 4-5 քարայր այժմ ծածկված է տիղմով եւ աղբով: Ջուրը մնում է կանգնած, չի փոխվում-նեխում է, մոծակներ եւ մլակներ են բազմանում, եւ լճին այժմ կապիտալ մաքրում է անհրաժեշտ: Լճից ավելի վերեւ մի ողջ քարանձավախումբ կա կիրճում, մնացել են նաեւ հնագույն` Ումեշինի ջրանցքի հետքերը. սա այն նշանավոր ուրարտական ջրանցքն է, որ ոռոգել է ողջ Էջմիածնի տարածքի հողերը: Հավարտ Հրազդանի կիրճի երեւանամերձ հատվածների հնագույն, միջնադարյան, ուշ շրջանի եւ մեր ժամանակի հուշարձաններն ու մշակութային արժեքները շատ ավելին են. ինչով մշակութային հուշարձան չէ Երեւանի կոնյակի գործարանի հոյակապ շենքը, որ հիմնադրվել է 1949 թվականին, այնուհետեւ համալրվել նոր կառույցներով մինչեւ մեր օրերը. ի դեպ` 1975 թվականին կոնյակի գործարանում արտադրվել է 900 հազար դեկալիտր կոնյակ եւ վաճառվել աշխարհի 21 երկրում: Կամ` Երեւանի հիդրոէլեկտրակայանը, որի վարչական շենքը Թամանյանի նախագծածն է: Կամ` մանկական երկաթուղին, որի մեջ բազմաթիվ կոթողային հուշարձաններ կան` էլի Թամանյանի նախագծով: Որպես ընդունելությունների տուն կառուցված շենքում (կրկին Թամանյանի նախագիծն է) այժմ բնակվում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Եթե ճիշտ տեղում Հրազդանի ափից վեր բարձրանանք` դեմ կառնենք Կոմիտասի անվան պանթեոնին, որը նոր ժամանակների ամենախոսուն հուշարձանն է: Իսկ Հրազդանի կամուրջը, որ կառուցվել է 60-ականներին, մեր ժամանակի խորհրդանիշ է` իր գեղեցկությամբ, քաղաքի Կենտրոնը Աջափնյակին եւ Մալաթիա -Սեբաստիային կապող գործառնական նշանակությամբ: Եթե կամրջից վեր նայենք` կտեսնենք մեր ժամանակի լավագույն հուշարձաններ Դեմիրճյան կենտրոնն ու Եղեռնի զոհերի հուշահամալիրը: Այս բոլոր հուշարձանները եւ մեր նշածներից էլ շատ ավելին պետք է քարտեզագրվեն եւ դիտվեն Հրազդանի կիրճի հանգստյան գոտու անհրաժեշտ մաս` երեւանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին ի տես: Իսկ որպեսզի հատկապես մեր պատմության վկայագիր-հուշարձանները դառնան տեսարժան վայր, տուրիստական այցերի մշտական կայան` դեռ շատ տարիներ պիտի ջանանք, որ դրանք կարգի բերենք եւ հասանելի ու հասկանալի դարձնենք այդ հուշարձանների կողքին ապրող, բայց դրանց անհաղորդ մարդուն:

Հ. Գ. Հրազդանի կիրճի պատմամշակութային արժեքները ներկայացնելու այս փորձը չի հավակնում լիարժեք լինել. Երեւանի քաղաքապետարանի համապատասխան օղակը եւ մշակութային արժեքների պահպանության մարմինները այժմ ձեռնարկել են Հրազդանի կիրճի մշակութային արժեքների լիակատար քարտեզագրումը: Մեր լրագրային հրապարակումը այդ արժեքների մի փոքր մասի հանրամատչելի ներկայացումն է ընթերցողներին:

Խորհրդատուներ` Բենիկ Երիցյան, Հակոբ Սիմոնյան


Գլխավոր էջ



Այս թեմայով

  • Հրազդանի կիրճ. լրագրողական հետաքննության մեկ տարին
    «Հրազդանի կիրճում մենք այսօր կոսմետիկ, այսպես ասած, իրավիճակը փրկելու գործողություններ ենք անում: Եթե ասեմ` բավարարված եմ, եւ սրանով փրկեցինք Հրազդանի կիրճը, եւ եթե հետեւողական մինչեւ վերջ տանենք, ամբողջությամբ կիրճի հետ կապված խնդիրները կլուծենք, ապա դա ինքնախաբեություն կլինի: Բոլորիս էլ դա պարզ է:»,- Հրազդանի կիրճի բնապահպանական վիճակին նվիրված վերջին խորհրդակցության ավարտին հնչած Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի այս մտքին Հետաքննող լրագրողների ընկերակցության (ՀԼԸ) կողմից հավելում եմ. «Ինչը եւ պահանջվում էր ապացուցել»:
  • Պաշտոնյաները նվաճել են Հրազդանի կիրճը
    «Ինձ անհասկանալի է Հրազդանի կիրճի շուրջ բարձրացված աղմուկը: Այնտեղ որեւէ լուրջ բան չի կառուցվել: Մի քանի օբյեկտներ էկոլոգիային չեն կարող վնասել»,- կիրճի շինություններին վերաբերող հարցին այսպես պատասխանեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Այսօր Հրազդանի կիրճում գործող օբյեկտների քանակի եւ օրինականության մասին քաղաքապետարանը առայժմ տեղեկատվություն չի տրամադրում:
  • Ձեռնարկությունները Հրազդան գետը վերածել են մաքրման կայանի
    «Բնությունը պահպանող չկա, Հրազդան գետին պետք է տեր կանգնես: Ջուրը մաքուր չի: Մարդ կա, որի սննունդը հենց այս ձուկն է միայն: Հրազդան քաղաքից սկսած կեղտաջրերը լցվում են գետը, վերեւից` Դավթաշենի կամրջից 300 մ ներքեւ, առանձնատներից էլ կոյուղին է թափվում»,- ասում է կարթը ձեռքին Հրազդան գետից ձեռնունայն վերադարձող մի ձկնորս:
  • Հրազդանի կիրճ, բայց ոչ` աղբավայր
    Երեւանը պաշտոնապես մեկ աղբավայր ունի` Նուբարաշենինը: Սակայն գործնականում դրանք երկուսն են: Որքան էլ անհեթեթ է, դեռ խորհրդային տարիներից աղբավայրի է վերածվում նաեւ Հրազդանի կիրճը: Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը չի չափազանցնում, թե Հրազդանի կիրճը, եթե լիներ աշխարհի քաղաքակիրթ ցանկացած երկրում, հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ կստանար:
  • Հրազդան. վիրավոր ջրեր
    Երեւանցիների սիրելի հանգստավայրերից մեկի` Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը մտահոգող է: Դա պայմանավորված է ոչ միայն բնակչության հիմնական մասի սոցիալ-տնտեսական ծանր վիճակով, էկոլոգիական խնդիրների անիրազեկությամբ, այլեւ` էկոլոգիական հիմնահարցերի, օրենսդրության պահանջների անտեսմամբ ու շրջանցմամբ, ինչպես նաեւ պետական կառույցների եւ համայնքային իշխանությունների կողմից համապատասխան հսկողության բացակայությամբ:
... կարդացեք ավելին «Հետաքննություն. «Հրազդանի կիրճ»» թեմայով
Մեկնաբանություններ (1)
1. Գրիգոր Հարությունյան12:46 - 17 օգոստոսի, 2011
Շնորհակալություն: Պարզվում է, որ Համացանցի հայկական կայքերից էլ կարելի է հետաքրքիր, գրավիչ, ճանաչողական տեղեկություններ քաղել: Ավա՜ղ, այդքան հազվադեպ... Հոգնեցինք հյուրանոցների ու բաղնիքների «տուրիստական» գովազդներից: Ես երեւանցի եմ, իսկ Նարեկ Սարգսյանը՝ պնդերես ու շահամոլ սրիկա: Կներեք... Նորից՝ շնորհակալ եմ:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ
 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2014 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»