Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Դատական պաշտպանության արգելակում



Դատական համակարգի գործունեությունը վերահսկողները քաղաքացուն դատական պաշտպանությունից զրկելը համակարգի թերություն չեն համարում:

«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի եւ հրապարակային դատաքննության իրավունք»,- Կոնվենցիա մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին -հոդված 6:

«Յուրաքանչյուր ոք իր դեմ ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի քննության կամ որեւէ քաղաքացիական դատավարությունում իր իրավունքների ու պարտականությունների որոշման ընթացքում ունի օրենքի հիման վրա ստեղծված իրավասու, անկախ ու անկողմնակալ դատարանի կողմից գործի արդարացի ու հրապարակային քննության իրավունք»,- Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր, հոդված 14:

«Գեղադիրի արտադրամաս» ԲԲԸ տնօրեն Ա. Գալստյանը գուցեեւ հիշատակված միջազգային փաստաթղթերին ծանոթ չէր, բայց ՀՀ Սահմանադրության 38 հոդվածին քաջատեղյակ էր, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իր իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանության իրավունք:

Համամիտ չլինելով տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի կայացրած վճռին` նա որոշել էր այն բողոքարկել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ու տնտեսական գործերի պալատ` ամենեւին չմտածելով, որ բողոքը մինչեւ վճռաբեկ պալատին ներկայացնելը մեծ փորձությունների միջով պետք է անցնի: Դիմել է հատուկ արտոնագիր ունեցող (ՀԱՈՒ) եւ վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբան Արմեն Սիմոնյանին: Արտադրամասի տնօրենի ասելով, նա մեկ ամիս նյութերն ուսումնասիրելուց եւ բողոքն, ըստ էության, գրելուց հետո հրաժարվել է ներկայացնել պալատին: Այնուհետեւ նույն խնդրանքով դիմել է ՀԱՈՒ փաստաբան Վարդան Սաֆարյանին: «Նույն վիճակում չհայտնվելու համար նախապես զգուշացրի, որ Ա. Սիմոնյանը փաստաթղթերը մեկ ամիս պահելուց հետո վերադարձրել է անհասկանալի պատճառաբանություններով: Վ. Սաֆարյանն ասաց, որ դա իր համար նշանակություն չունի»:

Վ. Սաֆարյանը 99թ. հոկտեմբերի 14-ին վճռաբեկ բողոքը ներկայացրել է դատարան: Միաժամանակ միջնորդել է հետաձգել պետ. տուրքի գանձումը, քանի որ «Գեղադիրի արտադրամաս» ԲԲԸ-ն չի աշխատում, նրա տնօրենի կինը ծանր հիվանդ է, աղջիկը չի աշխատում, իսկ տղան ծառայում է բանակում»: Բողոքի պատճենն ինքն անձամբ է հանձնել ՀՀ տնտ. գործերով վերաքննիչ դատարանին ու սպասել, թե երբ են վճռաբեկ դատարան կանչելու: Օրերը դարձել են շաբաթներ, շաբաթները ամիսներ, բայց դատարանի ծանուցագիրը այդպես էլ չի ստացել:

«Վ. Սաֆարյանը գործի քննությունը հետաձգելը սկզբնական շրջանում պատճառաբանեց 99թ. ԱԺ-ում տեղի ունեցած հոկտեմբերի 27-ի իրադարձություններով: Այնուհետեւ, բողոքը ներկայացնելուց մոտ երկու ամիս հետո վերադարձրեց հոնորարը ասելով` հենց գործը լսելու լինեն, նորից կվերցնի: 2000թ. հունվարի կեսերին գումարը պահանջեց, հավաստիացնելով, որ բողոքը շուտով քննության կառնվի: Սակայն, որոշ ժամանակ անց, սկսեց տրտնջալ, թե պետտուրքի հետաձգման հետ կապված բարդություններ են առաջանում, միաժամանակ հուսադրեց, որ դա եւս հարթելու հնարավորություն կա: Բայց, մոտ 6 ամիս հետո, 2000թ.-ի մարտի սկզբին փաստաթղթերը եւ հոնորարը վերադարձրեց: Հայտնեց, որ պետտուրքի վճարման հարցը լուծելու դեպքում պատրաստ է կրկնելու բողոքը»,-պատմեց պրն Գալստյանը:

Ա. Գալստյանը 2000թ. մարտի 8-ին դիմել է Վճռաբեկ դատարանին` բողոքում արված միջնորդությունը քննարկելու խնդրանքով: ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար Ա. Գրիգորյանը պատասխան նամակով տեղեկացրել է. «Գեղադիրի արտադրամաս» ԲԲԸ-ի ընդդեմ ՀՀ սեփականաշնորհման եւ ՀՀ արդյունաբերության ու առեւտրի նախարարությունների` 14.502.351 դրամ վնասի փոխհատուցման պահանջի մասին ՀՀ տնտ. գործերով վերաքննիչ դատարանի 04.06.99թ. վճռի դեմ բերված վճռաբեկ բողոքը 26.10.99թ. վերադարձվել է հատուկ արտոնագիր ունեցող եւ ՀՀ վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբան Վարդան Սաֆարյանին` պետական տուրքը վճարված չլինելու պատճառաբանությամբ»:

Այսպես, դատարանի աշխատակազմի ղեկավարի 13.03.2000թ. գրությունից է նրան հայտնի դառնում, որ իր բողոքը վերադարձվել է դատարանի գրասենյակ մուտք անելուց 12 օր հետո: Հոկտեմբերի 26-ին վճռաբեկ դատարանի քաղ. եւ տնտ. գործերի պալատի նախագահը վերադարձրել է պետական տուրքը վճարված չլինելու պատճառաբանությամբ, սակայն պրն Գալստյանի ասելով, Վ. Սաֆարյանը գրությունը խնամքով թաքցրել է իրենից:

Հակառակ դրան, ինչպես տեղեկացնում է Ա. Գալստյանը, խորհուրդ է տվել շուտափույթ դատարանին ներկայացնել նաեւ պատգամավոր Հ. Բաբուխանյանի միջնորդագիրը` կապված պետտուրքի վճարումը հետաձգելու հետ: 27.10.99թ.-ին վճռաբեկ դատարանին է ներկայացրել նաեւ հիշյալ միջնորդագիրը, երբ մեկ օր առաջ բողոքը վերադարձվել էր փաստաբանին:

Արտադրամասի տնօրենը վճռաբեկ դատարանին ուղղված իր երրորդ դիմումն է գրում, որին ի պատասխան Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար Ա. Գրիգորյանը հայտնել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղ. եւ տնտ. գործերով դատական պալատը կարող է անդրադառնալ պետական տուրքի վճարումը հետաձգելու հարցին միայն վճռաբեկ բողոքը ներկայացնելուց հետո: Արմեն Գալստյանի ասելով, փորձել է Վ. Սաֆարյանից բացատրություն ստանալ կատարվածի մասին, միաժամանակ դիմումով առաջարկել է կրկին դատարանին ներկայացնել բողոքը, բայց ի զարմանս իրեն, փաստաբանը գրում է. «ՀՀ վճռաբեկ դատարան կրկին վճռաբեկ բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ է փոխադարձ համաձայնությամբ պայմանագիր կնքել»: Ա. Գալստյանի ասելով, համաձայնել է իր համար շահավետ պայմաններով նոր պայմանագիր կնքել, սակայն դիմումներն արդեն անպատասխան են մնացել:

Դրան հաջորդում են անվերջանալի բողոքարկումները փաստաբանի գործողությունների դեմ: Դիմել է`

1.  ՀՀ փաստաբանների միությանը` փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով:

2.  ՀՀ գլխավոր դատախազություն` Վ. Սաֆարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու խնդրանքով,

3.  Արդարադատության խորհրդի նախագահին` դատախազության ստացած մերժումը վերանայելու խնդրանքով,

4.  ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին` Վ. Սաֆարյանի վճռաբեկ բողոքը քննության առնելու խնդրանքով:

Բողոքներում նա շեշտում է, որ փաստաբանը իրենից թաքցրել է բողոքը վերադարձնելու փաստը, որով իրեն եւ իր գույքին էական վնաս է պատճառել: «Ինձ զրկել է ՀՀ սահմանդրությամբ եւ օրենքներով երաշխավորված իմ խախտված իրավունքները վճռաբեկ դատարանում վերականգնելու հնարավորությունից»:

Իր հերթին Ա. Գալստյանի ոտնահարված իրավունքները պաշտպանելու նախաձեռնություն է ցուցաբերել ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը` բազմիցս դիմելով Վճռաբեկ դատարանի նախագահին, այնուհետեւ` 2001թ. սեպտեմբերի 1-ին նաեւ ՀՀ Նախագահին` իբրեւ արդարադատության խորհրդի նախագահի: «Շուրջ երկու տարի է, ինչ սեփականատերը վերաքննիչ դատարանի ակնհայտ ապօրինի վճիռը հատուկ արտոնագիր ունեցող եւ ՀՀ վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբան Վարդան Սաֆարյանի մեղքով չի կարողանում բողոքարկել...»:

ՀՀ փաստաբանների միությունը Վ. Սաֆարյանի գործողությունների դեմ բողոքարկումներին անդրադարձել է միայն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վ. Դալլաքյանի միջնորդագրից հետո: Միությունը մերժելով փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու քաղաքացու պահանջը` պատասխանում է. «Վճռաբեկ դատարանը չքննարկելով պետտուրքի վճարումը հետաձգելու խնդրանքն ու նրա հիմնավորումը, բողոքն ուղեկցական գրությամբ վերադարձրել է հեղինակին: Հատուկ արտոնագրված փաստաբան Վ. Սաֆարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չկան, քանի որ Ձեզ առնչվելու հետ կապված նրա գործողություններում օրինախախտում կամ փաստաբանական էթիկայի կանոնախախտում չի հայտնաբերվել»:

Միությունը շրջանցել է Ա. Գալստյանի հիմնավորումները, գոնե այն մասով որ փաստաբանն արդեն իսկ օրինախախտում է թույլ տվել ամիսներ շարունակ վստահորդից թաքցնելով բողոքը ետ վերցնելու մասին: Բայց, ի տարբերություն Վճռաբեկ դատարանի նախագահ Հենրիկ Դանիելյանի, որ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին բողոքում բերված միջնորդությունը վճռաբեկ դատարանը չէր կարող բավարարել, քանի որ «Գեղադիրի արտադրամաս» ԲԲԸ-ի ֆինանսական վիճակի վերաբերյալ որեւէ ապացույց չի ներկայացրել, միությունը գրությամբ կարծիք է հայտնել, որ բողոքում բերված միջնորդությունը հիմնավոր է: «Տարօրինակ է, որ պետտուրքի վճարումը հետաձգելու Ձեր խնդրանքն ու այն փաստաբանի կողմից լիակատար հիմնավորումը չքննարկող դատարանից դժգոհելու փոխարեն, դժգոհել եք փաստաբանից»: Միությունը գտնելով, որ այլեւս անելիք չունի` քաղաքացուն խորուրդ է տվել դիմել հատուկ արտոնագիր ունեցող մեկ ուրիշ փաստաբանի: Նույն միության անդամ Ա. Շահոյանը համամիտ լինելով իր գործընկերոջ ներկայացրած բողոքի բովանդակությանը` բողոքը նախապատրաստել է իր բլանկով ներկայացնելու համար, բայց այն նույնպես դատարան չի հասել:

ՀՀ գլխ. դատախազությունը քրեական գործի հարուցումը մշտապես մերժել է հետեւյալ պատճառաբանությամբ: «Պարզվել է, որ Վ. Սաֆարյանի կողմից հանցավոր արարք թույլ չի տրվել: Նա ստացած հոնորարը վերադարձրել է Ա. Գալստյանին եւ միաժամանակ հաղորդել նրան, որ առանց պետական տուրքը մուծելու ինքը կրկին բողոք չի ներկայացնի: Միաժամանակ Վ. Սաֆարյանի եւ փաստաբանների միության կողմից Ա. Գալստյանին պարզաբանվել է այլ արտոնագիր ունեցող փաստաբանի դիմելու իրավունքը»: Կրկին բողոքարկելով դատախազությունից ստացած հերթական մերժումը` Ա. Գալստյանը հայտնում է. «Ձեզ եմ ուղարկում նաեւ հատուկ արտոնագիր ունեցող երրորդ փաստաբանի` Ա. Շահոյանի կողմից նույն գործով զբաղվելուց հրաժարումը հավաստող փաստաթուղթը, կարող եմ հայտնել նաեւ չորրորդ հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանի մասին եւ...»:

Դատախազությունը քննություն չի կատարել, որպեսզի պատասխաներ այն հարցին, թե ինչո՞ւ է փաստաբանը վեց ամիս թաքցրել բողոքը վերադարձնելու փաստը, ինչո՞ւ է պետտուրքի գանձումը հետաձգելու միջնորդություն ներկայացրել, եթե դա օրինական չէր եւ ընդհանրապես, ինչո՞ւ են փաստաբանները հրաժարվել գրված բողոքները դատարանին ներկայացնելուց, երբ ընդունել են, որ ե'ւ բողոքարկելու հիմքեր կան, ե'ւ պետտուրքը հետաձգելու հիմնավոր պատճառներ: Ինչեւէ, մինչ Ա. Գալստյանը զբաղված էր իր ոտնահարված իրավունքներն այլ ատյանների աջակցությամբ վերականգնելու հուսահատ փորձեր անելով, ազգային խորհրդարանը վճռաբեկ բողոք բերելու եռամսյա ժամկետ սահմանեց` ընդհանրապես նրան զրկելով դատական երրորդ ատյանին դիմելու հնարավորությունից:

«Մենք նկատել ենք, որ առավել շատ անարդարություն է կատարվում բարձր ատյանի դատարաններում, քանի որ վերջին խոսքը իրենցն է, եւ քչերը հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանին վճարելու հնարավորություն ունեն»,- նման դեպքերը նկատի ունենալով արդարադատության նախարար Դ. Հարությունյանին գրել է մի քաղաքացի: Ավելացնենք, որ այս երեւույթը միայն վերադաս դատարաններին չէ հատուկ: Դատական պաշտպանության արգելակումը ամենատարբեր դրսեւորումներով է ի հայտ գալիս, սկսած հենց առաջին ատյանում հայցադիմումը չընդունելուց կամ, որ ավելի հաճախակի է հանդիպում, քաղաքացու դատական պաշտպանությունը սահմանափակելով մեկ ատյանով: Ասվածը հավաստող մի օրինակ ներկայացնենք:

2001թ. հոկտեմբերի 18-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը թիվ 2-553 գործով վճիռ է կայացրել, որը նոյեմբերի 4-ին ուժի մեջ է մտել: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո տնտեսական դատարան բողոք է բերվել: Նոյեմբերի 28-ին, վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց 24 օր հետո տնտեսական դատարանը որոշում է կայացրել բողոքարկման համար բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին եւ վերաքննիչ բողոքը ընդունել է վարույթ: Դեկտեմբերի 4-ին գործի քննությունն ստանձնած դատավորները եռյակ կազմով նաեւ արգելանքի որոշում են կայացրել` թիվ ՏՎ-145 գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին: Դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 20-ին:

Սակայն, մինչեւ դատաքննությունը դատարանը փոխել է «մտադրությունը» եւ արգելանքը վերացնելու մասին որոշում է կայացրել: Այնուհետեւ, դեկտեմբերի 20-ին տնտ. դատարանը նախագահող դատավոր Անատոլի Մաթեւոսյանի գլխավորությամբ, որոշում է կայացրել հայցը վերադարձնելու մասին` հղում կատարելով քաղ. դատ. օր-ի 92 հոդվածին, որի երկրորդ կետում ասվում է. «Հայցը վերադարձնելու մասին դատարանը որոշում է կայացնում այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում»: Բայց, քանի որ այս դեպքում դատական երկու ատյաններն էլ հայցը վարույթ են ընդունել, առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացրել` վերադարձնելու մասին խոսք չէր կարող լինել: Մերժված կողմը որոշումը բողոքարկել է տնտ. դատարանի նախագահին` այն վերանայելու համար, սակայն մերժում է ստացել առանց օրենքին հղում կատարելու:

Օրեր անց, սահմանված կարգով հայցը կրկին ներկայացվել է տնտ. դատարան եւ «հայտնվել» է նույն դատավորի` Ա. Մաթևոսյանի մոտ: Դատարանը դարձյալ հայցը վերադարձնելու մասին որոշում է կայացրել, այս անգամ պատճառաբանելով, որ հայցապահանջի հիմքերը հաստատող ապացույցների բնօրինակները հայցադիմումին չեն կցվել, ներկայացվել են պատճեները: Նշենք, որ քաղ. դատ. օր-ի 92 հոդվածը հայցը ետ վերադարձնելու նման հիմք չի նախատեսում: «Անհրաժեշտ է առաջին հերթին քաղ. դատ. օր-ի 91 եւ 92 հոդվածները վերանայել, որպեսզի քաղաքացուն հայցի մերժումը վերադաս դատարանին բողոքարկելու իրավունք տրվի: Դրանով վերջ կտրվի ներքին խոհանոցով հարցի լուծմանը, եւ անձի հիմնական` դատարան դիմելու իրավունքը չի ոտնահարվի»,-դատարանի մերժման որոշումը բողոքարկելուց առաջ հարցին այսպիսի արմատական լուծում է առաջարկում փաստաբանը: Անձին իր հիմնական` դատարան դիմելու իրավունքից եւ դատական պաշտպանությունից զրկելու մասին ահազանգեր կան նաեւ ՀՀ արդարադատության նախարարին հասցեագրած գանգատներում: Ներկայացնենք դրանցից մի քանիսը, որոնց ծանոթացանք արդարադատության նախարարության գրասենյակում:

Գեղարքունիքի մարզից, Վարդենիս քաղաքի բնակիչ Աշոտ Շաբոյանը ավելի քան հինգ անգամ դիմել է արդարադատության նախարարին. «Հայցադիմումը, որը կից ներկայացնում եմ Ձեզ, դատարանի կողմից չի մակագրվել, չի գրանցվել եւ ընթացք չի տրվել: Տիկին Անահիտ Սաղաթելյանը անպատվելով ինձ դուրս է վռնդում աշխատասենյակից»: Վերջինս հենց այդպես էլ պատասխանել է նախարարության հարցմանը` դատարանում նման հայցադիմում մուտք չի եղել: Նախարարությունից դիմումատուին առաջարկել են հայցադիմումը հանձնել նախարարությանը` Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարան ուղարկելու համար:

Երեւանի բնակիչ Կիմա Խաչատրյանը նախարարին տեղեկացրել է, որ 2000թ. նոյեմբերի 10-ին, ժամը 13-ին (գործ 00-07) քաղ. գործերի վերաքննիչ դատարանում նիստը նախագահող դատավոր Գոհար Մատինյանի անունից ծանուցագիր էր հանձնված իրեն: Նշանակված ժամին դատարանում էին, սակայն տ. Մատինյանը նրանց հայտնել է, որ երկու ժամ առաջ է տեղի ունեցել նիստը եւ 1-2 օրից կարող են ծանոթանալ վճռին: Դիմումատուն ներկայացրել է քաղաքացի Լաուրա Խաչատրյանի վկայությունը, որը դատարանի 5-րդ հարկում է եղել եւ տեսել է, որ Գ. Մատինյանը այդ ժամին ինչ-որ մեկի հետ զրուցում էր իր աշխատասենյակում, այնուհետեւ դատավորների այլ կազմով նիստի է մասնակցել: Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության նախկին պետ Մ. Կարապետյանը պատասխանել է, որ հայտարարագրում նշված փաստարկները` Գ. Մատինյանի կողմից ՀՀ քաղ. օրենսգրքի կանոնների խախտման վերաբերյալ, հավաստի ու համոզիչ չեն: Սակայն, ոչ մի փաստարկ չի ներկայացրել, որով հիմնավորեր իր առարկությունը: Քաղաքացին մի քանի անգամ բողոքը պնդելուց հետո պահանջում է վերանայել դատավորի պաշտոնական պիտանիության հարցը:

Երեւանի բնակիչ Ալեֆտինա Տեր-Մանուելյանցը արդարադատության նախարարին բազմիցս ահազանգել է, որ դատաքննությանն իրեն մասնակից չդարձնելով դատարանը իր տան սեփականատեր է ճանաչել նրա հետ կապ չունեցող մեկին, այնուհետեւ կորցրած է ճանաչել իր ընտանիքի բնակտարածության իրավունքը: Անտեսելով, որ ընտանիքը 18 տարի հանդիսացել է տան փաստացի տիրապետողը, ՀՀ քաղ. գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը նրանց զրկել է նաեւ օրենքով նախատեսվող համարժեք բնակտարածությամբ ապահովելուց: Իրենք այս ամենին անտեղյակ հայտնվել են փողոցում, սակայն գումար չունեն վճռաբեկ դատարան դիմելու համար:

Մեկ այլ գործով կայացրած վճռով (գործ 00-618), Ն. Տավարացյանը, իր «սկզբունքներին» դեմ գնալով, ճանաչել է Երեւանի բնակչուհի Ելենա Կարապետյանի բնակարանում ուժով հաստատված հարսի բնակտարածության օգտագործման իրավունքը երեք ամիս բնակվելու հիմքով: Ն. Տավարացյանի վճռից դժգոհ է նաեւ Ե. Կարապետյանը, բայց նա նույնպես դրամ չունենալու պատճառով չի կարողանում բողոքարկել: Քանի որ Դատարանների նախագահների խորհուրդը, Արդարադատության նախարարը չեն հրապարակում դատական վիճակագրության արդյունքների ամփոփումը` չենք կարող ասել, թե Ն. Տավարացյանի կայացրած այս երկու վճիռներից ո՞րն են հանձնարարում կիրառման համար:

Հիշյալ երկու քաղաքացիների դատական պաշտպանությունն էլ այսպես է ընդհատվել, բայց նրանց մեղքով չէ, որ նյութական հնարավորությունից զուրկ երկու ընտանիքներին ահասանելի է դարձել վճռաբեկ դատարան դիմելը: Իրավաբանական շրջանակին առայսօր մեկ դեպք է հայտնի, երբ արդարադատության նախարարը պարտավորեցրել է դատավորներից մեկին` անձամբ վճարել հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանին` վճռաբեկ բողոք բերելու համար, որի առիթը նրա կայացրած ապօրինի վճիռն է եղել:

Դատական համակարգի վերահսկողությունը որքանո՞վ է իրական

Իրենց ոտնահարված իրավունքները քաղաքացիները փորձում են վերականգնել այլ ատյանների միջամտությամբ` նույն դիմում-բողոքը միաժամանակ հղելով իշխանության բոլոր օղակներին: Նրանց հասցեագրված բողոքները վերահասցեագրվում են արդարադատության նախարարին: Այդ թվում` արդարադատության խորհրդի նախագահին հասցեագրված բողոքները, որ նույնն է հանրապետության նախագահին, որոնց պատասխանում է Արդարադատության խորհրդի (ԱԽ) աշխատակազմի ղեկավարը: Նախարարությունում դրանք կցում են արդեն իսկ դիմումատուի անունով կազմված վարույթին եւ հիմնականում պատասխանում մեկ նախադասությամբ` վճռի հետ չհամաձայնելու դեպքում կարող եք բողոքարկել վերադաս դատարանին: ԱԽ-ում դրան հավելում են եւս մեկը` եթե քաղաքացու դժգոհությունը դատավորի գործողությունների դեմ է, խորհուրդ են տալիս դիմել դատարանի նախագահին կամ արդարադատության նախարարին: «Արդարադատության խորհրդի մասին» ՀՀ օրենքի 20 հոդվածի համաձայն, վճռաբեկ դատարանի եւ վերաքննիչ դատարանի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը առաջին դեպքում պատկանում է վճռաբեկ դատարանի նախագահին, իսկ երկրորդ դեպքում` արդարադատության նախարարին»:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հենրիկ Դանիելյանը գերադասում է չպատասխանել նման դիմումներին, որով խնդրում են պատասխանատվության ենթարկել վճռաբեկ դատարանի անդամներին, կամ անձամբ նախագահել պալատի նիստը: Փաստաբանների միջազգային միության անդամ Կարեն Մեժլումյանը, հետեւելով ԱԽ-ի աշխատակազմի ղեկավարի խորհրդին, դիմել է եւ' արդարադատության նախարարին, եւ' ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հ. Դանիելյանին` վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով:

«Դիմումներում նշված են նյութական եւ դատավարական իրավունքի այն կոպիտ խախտումները, որոնք թույլ են տրվել ՀՀ ՎԴ քաղ. եւ տնտ. գործերով պալատի նախագահ Ա. Մկրտումյանի եւ թիվ 3-393 (ՎԴ) գործով զեկուցող դատավոր Հ. Գեւորգյանի կողմից, նշված գործով վերաքննիչ դատարանի վճռի դեմ բերված բողոքն առանց բավարարման թողնելու որոշմամբ... Գործով նախագահող դատավոր Ն. Հովսեփյանը (քաղ. գործ`01-547) խախտել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 2-րդ կետի եւ 21 հոդվածի 1 կետի 6-րդ ենթակետի իմպերատիվ պահանջները, եւ մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը կատարողական թերթ է տալիս գործով հայցվոր Մ. Մուրադյանին»: Հ. Դանիելյանը չի պատասխանել նույն խնդրանքով ներկայացրած նրա երկու դիմումներին:

Մեկ այլ գործով Վճռաբեկ դատարանի նախագահ Հ. Դանիելյանին են դիմել նաեւ փաստաբաններ` Մ. Ղազանչյանը, Կ. Մեժլումյանը, Զ. Դանիելյանը, որոնց զայրույթի պատճառը դարձյալ քաղաքացուն վճռաբեկ դատարան դիմելու իրավունքից զրկելն է: «Ձեր ուշադրությանը ներկայացնելով նշված խախտումները, առաջարկում ենք լուծել Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ Ա. Մկրտումյանի, սույն գործով զեկուցող դատավոր Հ. Գեւորգյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը, պարզաբանելով, որ դատարանը օրենսդիր մարմին չէ եւ իրավասու չէ նման մեկնաբանություններով ՀՀ քաղաքացիներին զրկել Վճռաբեկ պալատ դիմելու իրավունքից եւ խախտված իրավունքները վերականգնելու համար երրորդ ատյան դիմելու հնարավորությունից»: Մեկ այլ դիմումով փաստաբան Զ. Դանիելյանը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հ. Դանիելյանին խնդրել է անձամբ նախագահել պալատի նիստը եւ ընթացք տալ սույն բողոքին` դրանով ընդգծելով իր անվստահությունը քաղ. եւ տնտ. գործերի պալատի նախագահի նկատմամբ:

Արդարադատության խորհուրդը 2001թ. կարգապահական տույժի է ենթարկել երեք դատավորի: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Սարիբեկ Արամյանը նկատողություն է ստացել` վճռաբեկ բողոքը դեռեւս չքննարկված վճիռը հարկադիր կատարման ուղարկելու համար: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Գեւորգ Այվազյանին խիստ նկատողություն է հայտարարվել մեկ քրեական գործով` սպանությունը անզգույշ սպանություն որակելու համար: Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատավոր Անահիտ Սաղաթելյանը, որ երկու տարի առաջ էր խիստ նկատողության արժանացել, 2001թ. դարձյալ հայտնվել է արդարադատության նախարարի տեսադաշտում, եւ ԱԽ-ն կրկին խիստ նկատողություն է հայտարարել նրան:

ԱԽ-ի աշխատակազմի հաշվետվություններում ասվում է, որ իրենց ուսումնասիրության արդյունքում տարեկան մի քանի քրեական գործ է բեկանվում` բոլորը առաջին եւ երկրորդ ատյանների դատավճիռներ: Չնայած տեղեկանքում նշվում է, որ նաեւ քաղ. գործով են առանձին ուսումնասիրություններ կատարվել ու ներկայացվել խորհրդին, սակայն ԱԽ-ի աշխատակազմի ղեկավար Իշխան Նազարյանը չկարողացավ մատնացույց անել նման մի գործ, որը փոփոխվել է բողոքարկման կամ աշխատակազմի աշխատանքային ուսումնասիրությունների արդյունքում:

«Մենք քաղաքացու իրավունքի հետ կապված հարց չենք լուծում, մենք լուծում ենք մեր աշխատողների հետ կապված հարցերը: Եթե բողոքը վերաբերում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցին` ուղարկում ենք ԱՆ-ին, իսկ եթե վերաբերում է վճռի անօրինականությանը` խորհուրդ ենք տալիս դիմել վերադաս դատարան: Վճռաբեկ դատարանի որոշումը համահավասար է օրենքին, այն չի կարող բողոքարկել ոչ ոք: Եթե դրանից հետո է հարցը բարձրացվում` ուղղել հնարավոր չի, բացի նրանից, որ կարող են դատավորին պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնել»,- բացատրում է ԱԽ-ի աշխատակազմի ղեկավարը:

Քանի որ ո°չ ԱԽ-ում, ո°չ նախարարությունում թույլ չտվեցին դատավորների կարգապահական վարույթներին ծանոթանալ` չենք կարող ասել, թե ընդհանրապես կարգապահական վարույթները ուսումնասիրությա՞ն արդյունքում են հարուցվում, թե՞ քաղաքացիների դիմում-բողոքների կամ` վերջինը որքանո՞վ է ազդեցություն ունենում վարույթներ հարուցելու հարցում:

Ախ-ն իր տարեկան հաշվետվության մեջ քաղաքացիական գործերով հիմնական թերացումներ է համարել դատավարական ժամկետների խախտումը, պետական տուրքի սխալ գանձումը, հայցային վաղեմությունը, հայցն առանց քննության թողնելը, հատուկ հայցային վարույթի գործերը հայցային վարույթի կարգով քննելը, հայցի շրջանակներից դուրս գալը եւ այլն: Տեղեկանքում ոչ մի խոսք չկա քաղաքացիներին դատական պաշտպանությունից զրկելու մասին:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ