HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վտանգավոր պոչանքների հոսքերը Դեբեդ կանխելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկվել

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտադրական պոչանքները ամբարող Ճոճկանի պոչամբարի ջրի շրջանառու համակարգի թունավոր պոչանքները  շարունակվում են լցվել Ախթալա գետակ, որտեղից էլ թափվում են Դեբեդ  գետը:  Այս մասին «Հետքը» ահազանգել է դեռ սեպտեմբերի 25-ի իր հրապարակմամբ:  Հոկտեմբերի  24-ին «Հետքի» և Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանի` հոսքերի վայր կատարած շրջայցից պարզվեց, որ թեև թերթի ահազանգից  անցել է ուղիղ մեկ ամիս, սակայն  ԼՀԿ-ի տնօրինության կողմից Ճոճկանի պոչամբարի շրջանառու ջրի համակարգը վերականգնելու և արտադրական վտանգավոր պոչանքների հոսքերը Դեբեդ կանխելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկվել: Պոչանքները նույն առատությամբ լցվում են Ախթալա գետակ, այնտեղից էլ` Դեբեդ:

Պոչանքները Դեբեդ գետը  լցնելու փաստի նկատմամբ շարունակում են աչք փակել ՀՀ բնապահպանության և ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարարությունները: Անտերության պայմաններում  էլ ԼՀԿ-ի տնօրինությունը մեծ հաջողությամբ խուսափում է Ճոճկանի պոչամբարի ջրի շրջանառու համակարգը վերականգնելու համար ներդրումներ կատարելուց:  Հիշեցնենք, որ դեռ  սեպտեմբերի 23-ին Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալ Օրբելի Թարմինյանը «Հետքին» հայտնել էր, որ ընկերությունում մշակվել է  բնապահպանական լուրջ ծրագիր. «Այդ խողովակից  պոչանքային հոսքերի կանխումը մտած է այդ ծրագրի մեջ, մենք թերթին լրացուցիչ կհաղորդենք, թե ինչ ժամկետում ենք  պարտավորվում ավարտել պոչանքային հոսքերի վերացումը»:  Իհարկե, կոմբինատի տնօրինությունը և պարոն Թարմինյանը  անցած մեկ ամսվա ընթացքում «Հետքին» վտանգավոր հոսքերը կանխելու մասին  ոչինչ չեն տեղեկացրել:  Հոկտեմբերի 24-ին «Հետքը» Օ.Թարմինյանից  խնդրեց նոր մեկնաբանություն. «Ջրի շրջանառու համակարգի խողովակների նախագծողները երեկ` հոկտեմբերի 23-ին  են  եղել կոմբինատում, դրանք մի քանի օրից իրենց լուծումները կստանան»: 

«Հետքը» փորձեց պարզաբանումներ ստանալ Լոռու  մարզի բնապահպանական տեսչությունից: Հոկտեմբերի 25-ին տեսչության պետ  Արմեն Լապլաջյանը հեռախոսով մեր հարցմանը պատասխանեց. «Ձեր հոդվածները կարդալուց հետո  գնում ենք լեռնահարստացման կոմբինատ, իրենք պատասխանում են, որ պոչամբարի ջրի շրջանառու համակարգը գործում է: Էս վերջերում էլ  մեր տղան է գնացել, իրենք  ասել են, որ գործում է համակարգը»:  Պատրաստակամություն հայտնեցինք Լոռու մարզի բնապահպանական տեսչության փորձագետներին և վտանգավոր պոչանքային  հոսքերի վայր ուղեկցելու համար, որին նա չարձագանքեց. մոտ 3 հազար ազգաբնակչություն ունեցող Ախթալա քաղաքի  շրջակա միջավայրը և Դեբեդ գետը թունավոր պոչանքներով աղտոտող հոսքերի վայրը սեփական աչքերով տեսնելու պատրաստակամություն չցուցաբերեց նաև պրն Լապլաջյանը: 

Ակնհայտ էր, որ բնապահպանական Լոռու մարզային տեսչության պետը անտեղյակ էր ձևանում ակնհայտ պոչանքային հոսքերից: Հարց է առաջանում` այս դեպքում  ինչ նպատակով է  առանց այն էլ սուղ  պետբյուջեից  կառավարությունը ֆինանսավորվում և պահում ՀՀ բնապահպանության նախարարությանը, երբ վերջինիս  պատասխանատուները աչք են փակում բնության ու մարդկանց առողջության նկատմամբ հանքարդյունաբերողների հանցագործ ոտնձգությունների նկատմամբ, ավելին, համագործայցում են նրանց հետ:  

Հ.Գ. Հոկտեմբերի 24-ին «Հետքը» Ախթալայի  Ս.  Մարիամ Աստվածածին  եկեղեցու հարևանությամբ  գտվող  ռեկուլտիվացված պոչամբարում  լուսանկարեց ԼՀԿ-ի կողմից  կատարված ծառատունկը, որի չորացած տնկիները ընդամենը  բողոք էին առ  Աստված`  բնության դեմ կատարվող դաժան  ոտնձգությունների համար:  Հիշեցնենք, որ ռեկուլտիվացված` թեք դիքով այս պոչամբարը տեղավորված է ուղիղ Ախթալա գետակի  ափին և  հորդառատ անձրևներից գետի վարարումների դեպքում լուրջ սպառնալիքներ կան պոչամբարի հոսելու և Դեբեդ գետը լցվելու համար:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter