HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Բրիտանացի լրագրող. շարքային բրիտանացին չգիտի, թե ինչ է Լեռնային Ղարաբաղը

Հայաստանյան կյանքի իրադարձություններն ու զարգացումները գրեթե չեն լուսաբանվում անգլիական մամուլով: Միայն BBC-ի համաշխարհային լրատվության բաժինն է, որ չափազանց հազվադեպ լուրեր է հաղորդում Հայաստանից, եթե երկրում, ենթադրենք, կարևոր ընտրություններ են: Այս մասին «Հետքին» ասաց բրիտանացի լրագրող և լրագրության ու անգլերենի դասախոս Ջերոմ Մոնահանը:

Նա աշխատել է «Գարդիան» (The Guardian) թերթում, իսկ այժմ ազատ լրագրող է: Այսօր Երևանում Ջերոմ Մոնահանը անգլիական լրատվամիջոցների վերաբերյալ հանդիպում-քննարկում անցկացրեց հայ լրագրողների հետ:

Ջերոմ Մոնահանի խոսքով՝ Հայաստանը հայտնվում է անգլիական լրատվամիջոցների ուշադրության դաշտում, միայն երբ, ցավոք, աղետ ու ողբերգություն են տեղի ունենում: Նա հիշեց տարիներ առաջ «Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի» լուսաբանումը:

Անգլիական ռադիոյով հեռարձակվում է «Մեր սեփական թղթակցից» (From Our Own Correspondent) հաղորդումը, որի թղթակիցը հնարավոր է, որ գա Հայաստան ու հաղորդում պատրաստի երկրի մշակույթի մասին:

Արցախյան հակամարտության և Հայաստան-Թուրքիա խնդրի մասին Ջերոմ Մոնահանը գիտի, քանի որ Հայաստան էր գալու ու հետաքրքրվել է այս հարցերով: Իսկ շարքային բրիտանացին, լրագրողի կարծիքով, չգիտի, թե ինչ է Լեռնային Ղարաբաղը և որտեղ է քարտեզի վրա:

«Գուցե կրթված մարդիկ գիտեն: Ես նույնպես շատ եմ սովորում, քանի որ այստեղ եմ. Հայաստանի մասին հիմա ավելի շատ եմ կարդում, քան երբևէ կարդացել եմ, և ավելի շատ եմ խոսում Հայաստանի մասին, քան երբևէ խոսել եմ»,- ասում է Ջերոմ Մոնահանը:

Վերջին տարիներին նրա «միակ շփումը» Հայաստանի հետ եղել է այս մայիսին՝ Վիլյամ Շեքսպիրին նվիրված «Globe to Globe» թատերական փառատոնի ժամանակ, երբ Լոնդոնի «Գլոբուս» թատրոնում Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանները խաղացել են Շեքսպիրի «Ջոն արքա» ներկայացումը: «Դա ֆանտաստիկ էր, ինձ դուր եկավ: Քանի որ այստեղ էի գալու, որոշեցի գնալ ու տեսնել ներկայացումը»,- ասում է Ջերոմ Մոնահանը:

«Ջոն արքան» ներկայացվել է հայերենով, քանի որ ըստ փառատոնի պահանջի՝ ներկայացումը մասնակից երկրի դերասանները պետք է խաղային մայրենի լեզվով: Անգլերեն եղել են միայն էկրանի լուսագրերը՝ ընդհանրական ներկայացնելով դերասանների խոսքը, բայց Ջերոմ Մոնահանն ասում է, որ կարողացել է հասկանալ, թե ինչ են խաղում դերասանները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter