HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Հատուկ վերաբերմունք հայկական ժամանակակից արվեստին՝ Պեկինի միջազգային բիեննալեում

«Մենք զարմացած ենք, թե ինչպես հայ արվեստագետները քիչ միջոցներով կարողանում են շատ բան ասել, ինչպես են կարողանում մաքրել, զտել իրենց ասելիքը եւ դիտողին հասցնել:Մենք այս բանը տեսնելու իսկապես կարիքն ունեինք»:

«Պեկինի միջազգային արվեստի 5-րդ բիեննալեն, որ կրում էր «Ապագան եւ իրականություն» խորագիրը, ապագայի հոգեւոր որոնման եւ ներկայիս հումանիզմի միջոցով արվեստի աշխարհի կառուցման գունագեղ համակցումն էր, որը դուրս է իրականության սահմաններից եւ միտված է արվեստի միջոցով ստեղծված ապագային:

Այն ոչ միայն ֆիքսում է այն մարդկանց դժվար հետքը, որոնք ուզում են դուրս պրծնել ոչ հաճելի իրականությունից եւ ստեղծել պայծառ ապագա, այլ նաեւ իր մեջ ներառում է հին աշխարհի մարդկանց մշտնջենական երազանքը: Ցուցահանդեսը ներկայացնում է ավելի քան 500 աշխատանք աշխարհի 84 երկրից, ինչպես նաեւ ներառում է Մեքսիկայի, Հայաստանի, Հնդկաստանի ժամանակակից արվեստի եւ Իսպանիայի արվեստի հատուկ ցուցահանդեսները՝  ներկայացված Ֆրանսիսկո Գոյայի աշխատանքների միջոցով»,-գրում է ebeijing.gov.cn կայքը (Պեկինի ղեկավարության պաշտոնական կայք):

Մեր երկրի ժամանակակից արվեստի նկատմամբ նման հետաքրքրությունն այնպիսի հեղինակավոր մշակութային իրադարձությանը, ինչպիսին Պեկինի արվեստի բիեննալեն է, ցուցահանդեսի համադրող Արա Հայթայանին պարտադրում էր ավելի երկարատեւ եւ հանգամանալից ընտրություն կատարել: Ինչպես նշում է Հայթայանը մեզ հետ ունեցած զրույցում, դա այնքան էլ հավանական չէր թվում, քանի որ աշխատանքները համադրելու համար ընդամենը մեկ ամիս ժամանակ էր մնացել:

«Այս ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը հնարավոր դարձավ, երբ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի փորձագետ Սոնա Հարությունյանը անձամբ գտնվեց Պեկինում եւ տեղեկացավ, որ Հայաստանն ունի հնարավորություն փորձելու ուժերը բիեննալեում, եւ վերադառնալուց հետո ծրագիրն ավելի կենսական բնույթ ձեռք բերեց: Նախարարությունն արդեն իսկ հայտնել էր իր աջակցության մասին, բայց ֆիզիկական ժամանակս սուղ էր նման գործընթացի համար. հասկանում էի, որ անիրագործելի է թվում նման ահռելի աշխատանքը, եւ այդ ամենը պետք է հիմնվի ուսումնասիրության վրա»:

Այնուամենայնիվ, ընտրվեցին այն 11 արվեստագետրի աշխատանքները, որոնք Պեկինում հատուկ ցուցադրության միջոցով պետք է ներկայացնեին մեր երկրի ժամանակակից արվեստը:

Եթե անունը «Հայաստանի ժամանակակից արվեստ» է, պետք է նախեւառաջ իրագործելի դառնար այդ խնդիրը. դրա համար պետք է ներկա լիներ սերունդների ստեղծածը եւ չեզրափակվեր միայն երեւանյան արվեստագետների աշխատանքների ցուցադրությումբ: Այս երկու խնդիրներից բացի կար նաեւ երրորդը՝  ընտրություն պետք է կատարեի նախեւառաջ որպես համադրող, ոչ թե որպես արվեստագետ, որն ունի սուբյեկտիվ վերաբերմունք: Կարող եմ ասել, որ ընտրությունը եղավ բլից՝  բլից շախմատային խաղի պես: Ավելի բավարարված կլինեի, որ մնար մաքրված նստվածքը:

Ես այն նկարիչն եմ, որն իր միջավայրի հետ է աշխատում… Գնալ արվեստանոցներ եւ տեսնել՝  իմ սերնդակիցներն ինչ են անում: Մտածելակերպային բազմազանություն պետք էի պահպանեի ցուցահանդեսի մեջ, որ այն ունենար դեմք եւ չդառնար էկլեկտիկ բնույթի կրողը. աշխատանքները ներկայացնեին տեսակետային բախումներ, բայց դրանց ստեղծողներն ունենային հարմոնիկ դեմք, որովհետեւ դա երկրի ներկայացուցչական մասն էր:

Խնդիր ունեի նաեւ ներկայացնելու այն արվեստագետներին, որոնք իրենց համոզմունքներում հիմնավոր են, եթե նույնիսկ ձեւային փոփոխությունների կրող են, նոր տեսակետներ ունեն արվեստի շուրջ. իրենք չեն ձգտում շուկայի համար շուտ ընկալելի դառնալ եւ նույնիսկ ինքնափլուզման հաշվին էլ կարող են ստեղծել այդ կերպարը:

Արա Հայթայանի հետ ունեցած զրույցի ընթացքում անդրադարձանք նաեւ երկրի ներկայացուցչական խնդրին: Հետաքիքիր էր այն փաստը, որ երկրները, որոնք ներկայացել էին մեկ արվեստագետի մեկ աշխատանքով, բիեննալեին մասնակցում էին մի ամբողջ ներկայացուցչական կազմով՝  ներառյալ արվեստաբաններ, լրագրողներ, ֆոտոլրագրողներ, որոնք լուսաբանել են իրենց երկիրը ներկայացնող մեկ աշխատանքի արձագանքները: Հայաստանը, ունենալով բացառիկ հնարավորություն աշխարհին ներկայանալու անհատական ցուցասրահով, Պեկինում սահմանափակվել է համադրողի, մշակույթի նախարարության աշխատակցի եւ արվեստագետ Մերի Մունի ներկայությամբ:

Ցուցահանդեսը, որի մեծ մասը Չինաստանի արվեստագետների աշխատանքներն էին, իսկ մյուս կեսը՝  ողջ աշխարհից տարբեր արվեստագետների մեկական գործերը, պատվի էր արժանացրել Հայաստանին մյուս երեք երկրների կողքին ներկայանալու լայն համայնապատկերով:

«Սա մեր երկրի արվեստային դիմագծի տարբերակն էր: Մեքսիկացիները ներկայացել էին 1940-90-անների արվեստով՝ իրենց դասականներով, Իսպանիան՝ Գոյայով, իսկ Հնդկաստանն ու Հայաստանը՝ ժամանակակից արվեստով:Եվ սա ամենամեծ ֆորմատն էր, որով կարող էր ներկայանալ մեր երկիրը»,-նշում է Արա Հայթայանը:

Ինչպիսի՞ արձագանք ունեցավ մեր ցուցադրությունը:

Բացման արարողությունից առաջ չինական մեդիաների համար ասուլիս տեղի ունեցավ, նշվեց մեր ցուցահանդեսի կարեւորության մասին: Չինացի արվեստաբանը ընտրություն էր արել յոթ հարյուր գործերի մեջ եւ կարեւորագույնների մեջ ներառել Աշոտ Հարությունյանի, Ռուբեն Գրիգորյանի աշխատանքները:

Հաջորդ օրը ցուցահանդեսի տեսական մասն էր: Ես պատրաստել էի նյութ. այն նման չէր լիենլու հոդվածին, որ տպվել էր ցուցասրահների մեծ պատի վրա: Պետք էր մեծ նյութ, որը բացում էր մեր ցուցահանդեսի փակագծերը: Մարդկանց հարցումների մեծ մասը մեր երկրի մասին ինֆորմացիա ստանալու մասին էր: Դժվար էր ներկայացնել՝  հայ արվեստի գործառույթներն ինչպիսին են եղել: Եվ դրա համար նախեւառաջ ներկայացրի մեր արվեստի պատմական հոլովույթը, ապա սովետական շրջանի ձախ արվեստի միտումները եւ հետո միայն ժամանակակից արվեստի մասին խոսեցի:

Արա Հայթայանի հինգօրյա այցը Պեկին արվեստագետի համար բացահայտում էր Չինաստանի՝ արվեստի միջոցով ապագայի միտման տեսանկյունից:

Շատ հետաքրքիր էր՝ իրենց թվացյալ ամենակոնսերվատիվ ակադեմիաների տնօրենների ելույթները, որոնք ներկայացնում էին այսօրվա արվեստը՝ որպես ապագայի հիմք, եւ ցանկությունը սեփականի վերափոխման: Սա հիմքից հակառակն է նրա, ինչ կատարվում է Հայաստանում: Այսինքն՝ իրենք չէին կառչում ազգայինից: Եվ այս միտքն իրենց կառավարության տեսակետն է. «Տարածվեք աշխարհով մեկ, սովորեք այդ գաղափարները, սինթեզեք մեր էթնիկ արվեստի հետ»:

Միտք հնչեց, թե չինականն այն չէ, ինչ հիմա կա, այլ այն, ինչ վաղն է ծնվելու:

Շատ կուզեմ, որ խխունջացած արվեստագետներին սկսի անհագստացնել այդ միտքը: Հայակականն այն չէ, ինչ-որ արդեն արվել է, այլ այն, ինչ -որ սինթեզվելու է մեր ունեցածի հետ:

Այդ առումով աշխարհն ընկալելու իրենց ցանկությունը հսկայական է:

Կոնֆերանսի ընթացքում իմ ելույթից հետո երկու մեկնաբանողների կողմից այսպիսի միտք հնչեց. «Մենք զարմացած ենք, թե ինչպես հայ արվեստագետները քիչ միջոցներով կարողանում են շատ բան ասել: Ինչպես են կարողանում մաքրել, զտել իրենց ասելիքը եւ դիտողին հասցնել: Մենք այս բանը տեսնելու իսկապես կարիքն ունեինք»:

Չարչարանք է, էներգիա է եւ պետք է հասկանալ՝ ինչ է սա բերում: Մարդիկ, ովքեր ի պաշտոնե պետք է ներկայացնեն հայ արվեստը, իրենց ձեռքի տակ ունեն աշխարհի բոլոր ֆորումները, կնիքը եւ ֆինանսները:

Հսկա արդյունաբերական Չինաստանը, որպես իր դեմք, ընտրել է արվեստը: Տնտեսությունն առաջ է գնում եւ կայացնում է արվեստագետներին: Իրենք հպարտ են, որ ներկայանում են արվեստի միջոցով:

Եզարկացություն՝  ըստ Արա Հայթայանի

Կան հեռանկարներ եւ հստակ ցանկություն մեզ հետ աշխատելու, եւ այդ առումով չինացիների կեցվածքը բացառիկ էր. պատահական չէր, որ իրենք մեզ ազատեցին բոլոր ապահովագրական ծախսերից եւ շատ այլ բաներից, միայն նրա համար, որ ցուցահանդեսը կայանա:

Լուսանկարները՝  Արա Հայթայանի անձնական արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter