HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Դատարանում ստել չի կարելի

Մեկ տարի առաջ փոփոխություն կատարվեց ՀՀ քրեական օրենսգրքի 338 հոդվածում, համաձայն որի` դատական գործին մասնակցող անձի բացատրությունը հավասարեցվեց վկայի ցուցմունքին:

Այժմ օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում քաղաքացիական գործով սուտ բացատրություն կամ ցուցմունք տալու համար: Ցուցմունքի ապացուցողական ուժը պայմանավորված է նրանով, որ ցուցմունք տված անձը քրեական պատասխանատվություն է ստանձնում սուտ ցուցմունք տալու համար: Այսինքն` նա որեւէ փաստի մասին դատարանին պատմում է քրեական պատասխանատվության սպառնալիքի տակ, որը չկար քաղաքացիական գործերի դեպքում: Հետեւաբար, դատարանները քաղաքացիական գործերով մասնակից կողմի բացատրությանը վերաբերվում էին որպես երկրորդական ապացույցի:

Իհարկե, օրենսդրական փոփոխությամբ դատարանների մոտեցումն այս հարցին լիովին չփոխվեց. դատավորները շարունակում են պահպանել իրենց ավանդական մոտեցումը հարցին: Առայժմ, որքան մեզ հայտնի է, միայն Տնտեսական դատարանն է կիրառում օրենսդրության պահանջը: Տնտեսական դատարանի նախագահ Էդվարդ Մուրադյանի ասելով` իր ղեկավարած դատարանում օրենքի պահանջը կիրառելը պայմանավորված է նաեւ քննվող գործերի բնույթով` վեճերը հիմնականում իրավաբանական անձանց հետ են կապված: «Մենք ընդամենն առաջնորդվում ենք գործող օրենքով եւ օրենքի շրջանակում փորձում ենք գնահատել բացատրություն կոչված ապացույցի թույլատրելիությունը»,- հայտնեց նա:

Պրն Մուրադյանը կողմի բացատրությանը լրջորեն չվերաբերվելու պատճառն այն էր համարում, որ դատարանը նրան գործի ելքով շահագրգիռ էր դիտարկում, հետեւաբար բացատրության մեջ նա կարող էր ճշմարտությունը չասել, եւ դա ընդունվում էր որպես կողմի իրավունք: Այդ մոտեցումով նաեւ երրորդ անձի տված բացատրությունը լուրջ ապացույց չէր հանդիսանում: Քանի որ մեծ կշիռ չէր տրվում բացատրությանը, այն, հաճախակի, գործին մասնակցող անձի փոխարեն տալիս էր նրա ներկայացուցիչը: «Ներկայումս սկսել ենք ավելի լուրջ վերաբերվել բացատրությանը` որպես ապացույցի, ըստ էության, հավասարության նշան ենք դրել բացատրության եւ վկայի ցուցմունքի միջեւ: Կանոնն այս է` դատարանում ստել չի կարելի»,- շեշտեց պրն Մուրադյանը:

Դատարանի նախագահի ասելով` Տնտեսական դատարանում կամաց-կամաց ավանդույթ է դառնում ներկայացուցիչների բացատրություններն իբրեւ ապացույց չընդունելը: Դատավորները հաճախակի ընդհատում են նրանց եւ առաջարկում չշարունակել փաստական հանգամանքների վերաբերյալ բացատություններ տալ, եթե նույնիսկ չեն ընդհատում, միեւնույն է, վճիռներում չեն անդրադառնում դրանց:

Տնտեսական դատարանի նախագահը նշեց, որ հիշյալ օրենքը կիրառելուն հարկադրում են մի շարք նախադրյալներ. Քաղաքացիական օրենսգրքի 47 հոդվածի համաձայն` ապացույց են հանդիսանում գործին մասնակցող անձանց բացատրությունները: Այսինքն` որեւէ փաստական հանգամանք, նախկինում տեղի ունեցած որեւէ իրադարձություն, դեպք կարող եք վերականգնել նաեւ գործին մասնակցող անձանց բացատրությունների հիման վրա: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64 հոդվածը, որում խոսվում է բացատրությունների մասին, ասում է, որ գործին մասնակցող անձանց բացատրությունները գործի մասին էական նշանակություն ունեցող փաստական հանգամանք են: Այսինքն` բացատրությամբ կողմը դատարանին հայտնում է իրեն հայտնի այն հանգամանքները, որոնք գործի համար էական նշանակություն ունեն:

Հայցվորը, որը զգուշացվել է քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին, դատարանին հայտնում է, որ, օրինակ, հանդիպել է պատասխանողի հետ եւ գործարք է կնքել, եւ դատարանը կարող է նրան հավատալ: Նույնն իր վստահորդի փոխարեն պատմում է փաստաբանը, որը գործարքը կնքելու ժամանակ այնտեղ չի եղել: Դատարանը ներկայացուցչի բացատրության հիման վրա ընդամենը մի բան է պարզում` թե ինչ է այդ մասին նրան հայտնել իր վստահորդը, իսկ դատարանին այլ բան է հետաքրքրում` պատասխանողը գործարք կնքե՞լ է, թե՞` ոչ, եւ ինչի՞ մասին է այն եղել:

Ներկայացուցիչն այսօր նույնպես զգուշացվում է սուտ բացատրություն տալու մասին, բայց տվյալ դեպքում նա չի ստում, ասում է այն, ինչ իր վստահորդն է իրեն պատմել, եւ դա բավարար է, որ նա պատասխանատվություն չկրի իր արած հայտարարության համար: «Ստացվեց` մենք ապացույց կդիտենք մի բան, որը դատարանին չի ասվել, եւ որն ասելու համար ո՛չ դատարանի, ո՛չ էլ օրենքի առջեւ որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում: Այստեղ կարեւոր է չմոռանալ` ինչպես ներկայացուցիչը չի կարող ցուցմունք տալ վկայի փոխարեն, այդպես էլ ներկայացուցիչը չի կարող բացատրություն տալ գործին մասնակցող անձի փոխարեն»,- հավելեց պրն Մուրադյանը:

«Արդյոք դա չի՞ նվազեցնում կամ սահմանափակում ներկայացուցիչ-փաստաբանի մասնակցությունը դատավարությանը» հարցին Տնտեսական դատարանի նախագահը պատասխանեց. «Այն համոզմանն եմ, որ դատարանում լուրջ գործով առանց փաստաբան հանդես գալը պետք է արգելել, փաստաբանի մասնակցությունը պետք է օրենքով ամրագրվի, համենայնդեպս բարդ գործերով»: Նա նշեց, որ տվյալ դեպքում փաստաբանի խնդիրն իր վստահորդին նախապատրաստելն է բացատրություններին, բացի այդ` նա կարող է հարցեր տալ, որպեսզի շեշտադրումները հստակ լինեն:

Պրն Մուրադյանը նշեց, որ օրենքի այս պահանջի կիրառումը առանձնակի կարեւորություն է ստանում իրավաբանական անձանց դեպքում: Իրավաբանական անձանց դեպքում կողմի բացատրություններն առհասարակ անհնարին են, իրավաբանական անձի տնօրենն էլ իրավաբանական անձի անունից իրավունք չունի բացատրություն տալու եւ կարող է հանդես գալ միայն որպես վկա, քանի որ տնօրենի շահը հաճախ կարող է տարբեր լինել իրավաբանական անձի շահից: Ընդ որում, Էդվարդ Մուրադյանի կարծիքով` որպես վկա պետք է հանդես գա այն տնօրենը, ով այդ իրադարձության ականատեսն է եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter