HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Այստեղ հաճելի խաղաղություն է»

«Երեւանցի եմ, էնտեղ ծնվել-մեծացել եմ, հիմա էլ ղարաբաղցի եմ»,- ասում է մովսեսաշենցի Աշոտ Սիմոնյանը:

«Չէ, մենք երեւանցի ենք, մեր երեխեքն են ղարաբաղցի, նրանք էստեղ են ծնվել»,- զրույցին է միանում Աշոտի կինը` Լիլիթը: Մովսեսաշենի առաջին երեխան ծնվել է այս ընտանիքում: Քաշաթաղի հյուսիսի հոսանքազուրկ այս գյուղը հիմնադիրները կոչել են Մովսես Գորգիսյանի անունով:

Աշոտի ընտանիքը Երեւանից Քաշաթաղ է տեղափոխվել 1999-ին: «Ինչու՞ որոշեցիք գալ այստեղ»,- հարցնում եմ Աշոտին: «Մի քիչ հայրենասիրությունս բռնեց, մի քիչ էլ ճգնաժամը ստիպեց: Էս երկուսը կպան իրար, ելանք եկանք»,- պատասխանում է Աշոտը:

Արդեն չորս տարի է Աշոտը Երեւան չի գնացել եւ ասում է, որ չի ուզում գնալ:

«Այստեղ լավ է, խաղաղություն է, հաճելի խաղաղություն, ելնում ես, նայում սարերին ու զգում ես էդ խաղաղությունը: Կինս ասում է, որ գործերներս լավանա, կգնանք: Ես էլ ասում եմ՝ ես մնալու եմ: Հենց գնա ես ամուսնանալու եմ»,- կատակում է Աշոտը:

«Հարազատներս եկել են մի անգամ, ասում են` էսպես ապրե՞լ կլինի: Ես էլ գովում եմ, իրենք զարմանում են, իրենք ինձ չեն հասկանում, ի՞նչ բացատրեմ: Ջուրը քաշել եմ տուն, կամաց-կամաց քաղաքակիրթ կյանքին ենք գնում»,- ցույց տալով խոհանոցի ջրի ծորակը՝ ասում է Աշոտը:

Հետո ես նկատեցի, որ լվացարանի հենարանը կարի մեքենայի կմախքն է:

Աշոտի տղաներից մեկը բանակում է, փոքրն այդ պահին էշով խոտ էր կրում: Նրա աղջկան հարեւանի տղան փախցրել էր անցած ամռանը:

«Համալսարան էր ընդունվել, սեպտեմբերին դասի էր գնում, մեկ էլ իմանում ենք, որ փախել է: Սովորեր գոնե, նոր ամուսնանար,- ափսոսանքով ասում է Աշոտը ու շարունակում,- բայց արդեն հաշտվել ենք, անցած լինի»:

Աշոտը շուտով թոռ է ունենալու: Այդ կապակցությամբ «Մենք» գյուղացիական փոխօգնության միության ղեկավար Տիգրան Կյուրեղյանն ասում է. «Մեր ծրագրով աղջկադ ընտանիքին տալու ենք 200 հազար դրամ»:

«Գայթակղիչ է, կնոջս համոզելու եմ մի հատ էլ բերի»,- ծիծաղելով ասում է Աշոտը:

Գյուղում էլեկտրաէներգիա չկա, մարտկոցով ռադիո են լսում, իսկ ով փոքր հեռուստացույց ունի, դիտում է հաղորդումներ: 6 կմ հեռավորությամբ գտնվող Վակունիս գյուղում հոսանք կա, եւ 26 բնակիչ ունեցող Մովսեսաշենում հուսով են, որ իրենք էլ շուտով կստանան հոսանք:

Աշոտը գյուղի դպրոցում աշխարհագրություն է դասավանդում, չնայած այդպիսի կրթություն չունի:

«Ես դասս սովորում եմ, գնում երեխեքին պարապում: Ժամանակավոր եմ դասատու, եթե մասնագետ գա, միանգամից ինձ կհանեն: Ինչքան ուշ լինի էդ մասնագետը, ինձ համար լավ»,- ասում է Աշոտը:

Մովսեսաշենի միջնակարգ դպրոցում 13 աշակերտ է սովորում: Այս տարի առաջին դասարան չի լինելու: Լիլիթը, որը դասավանդում է տարրական դասարաններում, մտահոգված ասում է. «Հարեւան գյուղերից փնտրում ենք մի ընտանքի, որ էդ տարիքի երեխա ունի, որպեսզի խնդրենք տեղափոխվեն մեր գյուղ»:

Մովսեսաշեն համայնքն ընդգրկում է չորս գյուղ՝ Մովսեսաշենը, Արախիշը, Զորախաչը եւ Քարաբակը: Չորս գյուղերի երեխաները Մովսեսաշենի դպրոցն են հաճախում:

Երկու տարի առաջ այս շրջանում ավտոբուս էր աշխատում, սակայն անհոսանք այս գյուղերը զրկվել են նաեւ դրանից: «Լրիվ կտրված ենք, առաջ Քաշաթաղի վարչակազմը բենզին էր հատկացնում հարեւան գյուղի մի մարդու, ով ավտոբուս ուներ: Ավտոբուսը շաբաթը մեկ 500 դրամով տանում էր Բերձոր, հետ բերում: Հիմա վարչակազմն էլ բենզին չի հատկացնում, մեքենան էլ չի աշխատում: Եթե տրանսպորտը լինի, լույսը լինի, մենք հանգիստ կապրենք: Էստեղ աշխատելով՝ ավելի շատ կարող ենք ստեղծել: Բանակիս տղան գյուղին է կպած ավելի, նա քաղաք չի ուզում գնալ, բայց դե պայմանները պիտի մի քիչ փոխենք, որ նորմալ կարողանանք ապրել»,- ասում է Լիլիթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter