HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

2,5 տարի` Մալխասյանին, 3-ական տարի` Սեֆիլյանին եւ Արոյանին

«Պարոն նախագահ, որտեղի՞ց է գալիս դատարանների նկատմամբ վստահության պակասը»

Հուլիսի 24-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվեց Սեֆիլյան-Մալխասյան-Արոյան եռյակի գործով ներգրավված վկաների հարցաքննությունը:

Սակայն մինչ այդ իր իսկ ցանկությամբ ցուցմունք տվեց Վ. Մալխասյանը: Նա անդրադարձավ «Հայ կամավորականների համախմբման» առաջին հավաքում ունեցած իր ելույթին` նշելով, որ ՀՀ Քր.օր.-ի 301 հոդվածը, որով մեղադրվում է ինքը, հստակ չի սահմանում, թե դատարանն ինչ կարգի կոչերի համար կարող է պատժել քաղաքացուն: Ամբաստանյալը հայտարարեց, որ այդ հոդվածն իշխանություններին հնարավորություն է տալիս քաղաքական հաշվեհարդար տեսնել ոչ ցանկալի գործիչների նկատմամբ:

«Ես արել եմ դատողություններ երկրում տիրող իրավիճակի, դրանում իշխանությունների մեղավորության, նրանցից ազատվելու անհրաժեշտության մասին, բայց ոչ երբեք պետական իշխանությունը բռնությամբ տապալելու կոչ... Ես զարմանում եմ, թե ինչու են իշխանությունները սարսափում քննադատությունից, ազատ խոսքից»,- հայտարարեց Մալխասյանը: Նա նշեց, որ սովորության համաձայն իր ելույթում մեջբերումներ է արել Դոստոեւսկուց, Տերյանից, Նալբանդյանից, Քրիստափոր Միքայելյանից, որոնք ԱԱԾ-ն, առանց հասկանալու, որակել է որպես բռնության կոչեր:

Ամբաստանյալը խոսեց նաեւ ՀՀ դատական համակարգի մասին.

«Մի քանի օր առաջ ՀՀ նախագահը հայտարարեց, որ մեր երկրում դատարանների նկատմամբ վստահության պակաս կա: Իսկ վճռաբեկ դատարանի նախագահն ասաց, որ դատարանների գործունեությունը պետք է լինի ավելի թափանցիկ եւ կանխատեսելի: Այդ ի՞նչ կանխատեսելիության մասին է խոսքը, երբ նախաքննական մարմինը մեր գործը քննող դատարանին դրել է անհասկանալի վիճակի մեջ: Եթե դատարանը մեր նկատմամբ պատժամիջոց ընտրի մինչեւ 3 ամիս կալանքը, այդ դեպքում ո՞վ պիտի պատասխան տա այն ավել 5 ամսվա համար, որ մենք հիմա ազատազրկման մեջ ենք: Նախաքննական մարմինը դատարանին դրել է այնպիսի վիճակի մեջ, որ վերջինս մեր նկատմամբ պետք է ընտրի ամենախիստ պատիժը: Երբ դատարանը սխալ վճիռ է կայացնում, ՀՀ քաղաքացիները սկսում են արդարություն փնտրել Եվրադատարանում: Կարծում եմ` դա պետք է մտահոգի մեր դատավորներին, դատախազներին եւ ցանկացած քաղաքացու, որովհետեւ այդպես մենք դատի ենք տալիս մեր պետությանը: Քոչարյանն ասում է` դատարանների նկատմամբ վստահության պակաս կա: Պարոն նախագահ, ինչու՞ կա այդ պակասը, որտեղի՞ց է գալիս այդ պակասը: Իմ կարծիքով` դա գալիս է նրանից, որ մեր երկրում կան օրենքից, արդարադատությունից իրենց վեր համարող մարդիկ, որոնք թելադրում են դատավորներին եւ նրանց չեն թողնում արդար, անաչառ, սկզբունքային, մարդասեր որոշումներ կայացնել: Իրենց օրենքից վեր համարող այդ չնչին մարդիկ գցում են մեր պետության պատիվը: Այս ամենի հիմքերը գալիս են նախագահից եւ նրա շրջապատից»:

«Իրենց օրենքից վեր համարող մարդիկ թելադրում են դատավորներին»

30 վկաների հարցաքննությունը շատ կարճ տեւեց. քննվեցին միայն չորսը:

Նրանցից Արմեն Աղայանը` «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության քաղաքական քարտուղարը, մեղադրող Մկրտչյանի հարցին ի պատասխան նշեց, որ կամավորականների հավաքի նպատակները եղել են ժողովրդին կազմակերպելը, այս երկրում կարգ ու կանոն հաստատելը, եւ դրանք ոչ մի կապ չունեն ամբաստանյալների մեղադրանքների հետ: Աղայանի հավաստմամբ` հավաքը գաղտնի չի եղել, ինչպես ԱԱԾ-ն է ասել, ներկա է եղել մամուլը, պարարվեստի ուսումնարանի ադմինիստրացիան, այլ մարդիկ:

«Ոչ մեկը խելագար չէ, որ իշխանության դեմ զինված պայքարի մասին խոսեր: Անհեթեթ էր բռնությամբ իշխանությունը զավթելու կոչ անել, նման բան չի եղել, եթե ուզենային էլ, չէին անի»,- հայտարարեց Աղայանը: Նա, ի գիտություն դատախազ Մկրտչյանի, ավելացրեց նաեւ, որ ԱԱԾ-ն Վ. Արոյանին արհեստականորեն է կցել Սեֆիլյանի գործին, ինչը հանցագործություն է նախաքննական մարմնի կողմից: Դատավոր Մ. Մարտիրոսյանն էլ պարզաբանեց, որ վկան քրգործ հարուցելու համար պետք է դատախազին դիմեր միայն գրավոր տեսքով:

Մյուս երեք վկաները, ինչպես եւ սպասելի էր, կարեւոր ոչինչ չավելացրին եղած փաստերին: Դատավորի եւ փաստաբանների հարցերը վերաբերում էին հիմնականում հավաքում ունեցած ելույթներին եւ Սեֆիլյանի զենքին:

Չնայած բոլոր վկաներին ներգրավել էր մեղադրող կողմը, դատախազ Ա. Մկրտչյանը միայն երկու հարց տվեց վկա Աղայանին, եւ չորրորդ վկայի հարցաքննությունից հետո Սեֆիլյանի պաշտպան Ա. Զաքարյանը հայտարարեց, որ միջազգային կոնվենցիայի համաձայն` դատավարությունը պետք է անցկացվի մրցակցության եւ հավասարության հիմունքներով, եւ ելնելով դրանից` միջնորդեց սահմանափակել վկաների հարցաքննությունը: Մեղադրողը չառարկեց, եւ դատավոր Մարտիրոսյանը, ի զարմանս ներկաների, առաջին անգամ ամբողջ դատավարության ընթացքում բավարարեց փաստաբանների միջնորդությունը:

Այսպիսով` դատաքննության փուլն ավարտվեց:

Փաստաբան Զաքարյանն անմիջապես դատավորին հիշեցրեց հետաձգված միջնորդությունների մասին ( Սեֆիլյանի եւ Մալխասյանի կալանքների վերացման, ինչպես նաեւ մի շարք փաստաթղթերի օգտագործման անթույլատրելիության վերաբերյալ ) :

Եկել էր միջնորդութունների քննարկման երկար սպասված պահը: Սակայն դատավոր Մարտիրոսյանը նախկինից ավելի ուժեղ զարմացրեց բոլորին` անվրդով հայտարարելով, որ քննարկումը հետաձգվում է մինչեւ դատական վիճաբանությունների փուլի ավարտը:

Միանգամայն տեղին էր ներկաների այն ծաղրը, թե զարմանալի չի լինի, եթե հետագայում Մարտիրոսյանը միջնորդությունների քննարկումը հետաձգի դատավճռի հրապարակումից հետո:

Փաստորեն, Մարտիրոսյանն ինքն ( իսկ ավելի ճիշտ` Վ. Մալխասյանի ասած «օրենքից իրենց վեր համարող մարդկանց թելադրանքով» ) իրեն խայտառակեց, քանի որ այս նոր անակնկալով հակասեց հուլիսի 11-ին եւ 13-ին իր իսկ կայացրած որոշումներին:

Պատիժներ` ամբաստանյալներին

Այսօր մեղադրող դատախազ Ա. Մկրտչյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ Քրօրի 301 եւ 235 հոդվածների էությանը, որոնցով մեղադրվում են ամբաստանյալները:

Մկրտչյանը 301 հոդվածով մեղադրվող Վ. Մալխասյանի համար առաջարկեց 2,5 տարվա ( 2006-ի դեկտեմբերի 10-ից ) , 235-ի հատկանիշներով մեղադրվող Վ. Արոյանի համար` 3 տարվա ազատազրկում (2006-ի դեկտեմբերի 28-ից): 301-ով Սեֆիլյանի համար առաջարկվեց 2,5, իսկ 235-ով` 1,5 տարվա ազատազրկում, սակայն ՀՀ Քրօրի 66 հոդվածի պահանջներով ( պատիժների գումարում )` վերջինիս համար առաջարկվեց ընդհանուր 3 տարվա ազատազրկում (2006-ի դեկտեմբերի 9-ից ):

Վաղը խոսքը փաստաբաններինն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter