HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Էս բնությունը տեսա եւ ասացի` պետք է այստեղ ապրենք»

Սայադ Մելքոնյանը ազգագրական երգի եւ պարի մասնագետ է, ապրում էր Երեւանում: Աշխատել է «Ակունք» համույթում, ուներ սեփական խմբեր` «Կարին», «Մուշ» անուններով: Կնոջ` Կարիների հետ սովորեցնում էր ազգագրական երգեր եւ պարեր:

Ութ տարի առաջ Սայադն ընտանիքով տեղափոխվեց Ղարաբաղի Նոր Շահումյանի շրջան:

Շրջկենտրոն Քարվաճառում խմբակ բացեց, պարապեց ընդամենը երկու ամիս: Գյուղը` Հավսաթաղը, որտեղ ապրում էր Սայադը, հեռու էր շրջկենտրոնից, եւ գնալը-գալը դժվար էր: Գյուղում էլ այդքան երեխաներ չկային, որ պարապեր նրանց հետ: Սակայն այս տարի Սայադը որոշել է երգ ու պարի խմբակ բացել Հավսաթաղի դպրոցում. երեխաների թիվն արդեն բավարար է: Նա այժմ գյուղի գյուղապետն է: «Եկա էս բնությունը տեսա եւ ասացի` պետք է գանք այստեղ ապրենք: Տնտեսություն դրեցինք այստեղ: Ընտրեցի էս վայրը, եւ եղբորս հետ տուն կառուցեցինք»,- պատմում է Սայադը:

Նա ծնվել է Թալինի շրջանի Սասնաշեն գյուղում: Երբ Սայադն եկավ այստեղ, ութ կով բերեց իր հետ, այժմ դրանց թիվը հասել է վաթսունի:

«Այստեղ անասունների համար ազատ է: Քառասուն մեղվափեթակ ունեի, բայց Վրաստանից դեղ էին բերել, հետո պարզվեց թունավոր է, եւ քսան մեղվաընտանիք սատկեց: Հիմա քսանհինգ փեթակ ունենք: Որ եկել էինք, մեղու չունեինք: Մեր վաթսուն կովից տասնութը կթու են, որից ութն ենք կթում: Արտադրանքն իրացնում ենք էստեղ եւ Երեւանում»,- պատմում է Սայադը: Սայադն այժմ գոմ է կառուցում հարյուր կովի համար:

Սկզբնական շրջանում, երբ գյուղում հոսանք չկար, Սայադը գետի ափին գեներատոր էր տեղադրել, եւ երեք տարի` մինչեւ գյուղն էլեկտրաֆիկացնելը, հոսանք են ունեցել:

«Առաջին պրոբլեմը հեռախոսն է, մի բան է լինում` 15, 30 կմ պիտի գնանք, որ լուր տանք: Երկրորդը` բուժսպասարկումն է, բուժաշխատող չունենք, տրանսպորտ չկա: Մեր եւ հարեւան Զուարում չկա: Մենք ճանապարհի վրա չենք, դրա համար չկա: Խոստացել են, որ կտան: Սկզբի տարիների հետ համեմատած` հիմա շատ լավ է: Աշխատողները նորմալ ապրում են, թեթեւ աշխատում են, ապրում են նորմալ: Երեք ընտանիք կա գյուղում, որ 15-20-30 անասուն ունեն, մնացածները մի երեք հատ ունեն, երեք նոր եկած ընտանիքներ կան, որ անասուն չունեն: Նրանց անասնավարկ պետք է տան, մի քիչ խեղճ ընտանիքներ են: Հիմա թղթերը պիտի դասավորենք, որ գրանցվեն գյուղում ու անասնավարկը ստանան»,- բացատրում է գյուղապետը:

Սայադի եւ Կարինեի նախնիները Սասունից եւ Բայազետից են: Կարինեն երեւանցի է: Հարցնում եմ` կնոջդ ո՞նց համոզեցիր, որ գա այստեղ:

«Կնոջը չեն համոզում, կնոջն ասում են` գնում ենք,- կատակում է Սայադն ու շարունակում,- դժվար էր, իհարկե, երեւանցի աղջիկ է, իմ աշակերտուհին է եղել, բայց որոշեցինք ու եկանք»:

Սայադի և Կարինեի երեխաները Կարինեն

Կարինեն այժմ դպրոցում է աշխատում` գրադարանավարուհի է: Առայսօր նա չի համակերպվել այն մտքի հետ, որ այստեղ պետք է ապրի. «Ես Երեւանը կարոտում եմ, ուզում եմ գնալ, բայց որ ամուսինս այստեղ է, չի ստացվում գնալ: Հեռու է, հարազատներիցս հեռու, կապ չկա, կարոտում եմ ծնողներիս, քույրերիս: Որ կապ լինի, մի քիչ կարող է համակերպվեմ, խոսեմ հեռախոսով: Բոլոր հարազատներս էնտեղ են: Բայց որտեղ ամուսինս, էնտեղ էլ` ես»:

Կարինեն սովոր չէր գյուղական կյանքին: Առաջին օրերին նա շոկի մեջ էր, չէր հասկանում, թե որտեղ է հայտնվել: Այդ մասին պատմելիս ժպտում է. «Կամաց-կամաց սովորեցի: Համարյա ամեն ինչ անել գիտեմ, մենակ կով կթել չեմ կարողանում, պանիր, յուղ, մածուն եմ սարքում: Բանջարանոցում ամեն ինչ անում եմ, մենակ կովից եմ վախենում, չեմ կարողանում կթել, վախենում եմ մոտենալ կովին»,- ասում է Կարինեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter