HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նկարչին արգելել են ստեղծագործել սեփական բնակարանում

«Խնդիրը հետեւյալն է. եթե ՀՀ քաղաքացին իր հարեւաններին ոչ մի կերպ չի խանգարում, իրավունք ունի՞ ստեղծագործել իր բնակարանում, թե՞ ոչ»,- հարցնում է նկարչուհի Արփինե Թոքմաջյանը:

Վերջինիս նրա հարեւան Ջուլետտա Հարությունյանը դատի է տվել այն պատճառաբանությամբ, թե իբր Թոքմաջյանը բնակարանն օգտագործում է որպես փայտամշակման արհեստանոց եւ աղմուկ է անում` խանգարելով իր անդորրը:

Ամեն ինչ սկսվել է 1998-ին, երբ ՀՀ վաստակավոր նկարիչ Տիգրան Թոքմաջյանը եւ նրա դուստր Արփինեն դարձել են Կոմիտասի փողոցի 19 շենքի 40 բնակարանի սեփականատեր: Բնակարանը հիմնականում օգտագործվել է որպես նկարչի արվեստանոց, քանի որ Թոքմաջյանները ունեցել են մեկ ուրիշ բնակարան Դեմիրճյան փողոցում:

Ա. Թոքմաջյանի պատմելով` հարեւանուհի Հարությունյանը ծանոթության հենց առաջին պահից սպառնացել է իրենց, որ իր անդորրը չխանգարեն: Եվ չնայած հետագայում իրենք առիթ չեն տվել, այնուամենայնիվ, ծեր տիկինը շարունակաբար զանգել է Արաբկիրի ոստիկանություն, դիմել թաղապետարան եւ դատախազություն ու բողոքել, թե վերեւի հարեւանները խանգարում են իրեն: Ջուլետտա Հարությունյանն ամեն անգամ իրավիճակը ներկայացնելիս ասել է, թե Թոքմաջյանները եւ նրանց բանվորները փայտամշակման արհեստանոց դարձրած իրենց բնակարանում նկարների շրջանակներ են պատրաստում ատաղձագործական հաստոցներով:

«Ամեն անգամ ոստիկանների կազմած արձանագրությունների վերջնական եզրակացություններում նշվում էր, որ հարեւանուհուս նշած փաստարկներն իրականությանը չեն համապատասխանում,- պատմում է Արփինեն եւ ցույց տալիս այդ թղթերը:- Հարեւանուհիս բողոքել էր նույնիսկ այն ժամանակ, երբ ես Փարիզում էի, ու բնակարանն էլ փակ էր: Դրա մասին նույնպես արձանագրություն է կազմվել: Բողոքել էր, թե ես ու հայրս գիշերները մեր ընկերների հետ հարբեցողությամբ ենք զբաղվում եւ աղմուկ ենք անում: Հորս մահից հետո էլ նա իմ, հորս եւ բանվորների դեմ բողոքել է: Իսկ մյուս 19 հարեւանների բացատրություններում իմ` աղմուկ անելու մասին ոչ մի բան չկա»:

76-ամյա տկն Ջուլետտան հերթական գիշերային ահազանգով կանչել է ոստիկաններին եւ պատմել, թե մեկ ժամ առաջ երկու բանվոր իրենց աշխատանքն ավարտելուց հետո ամեն ինչ հավաքել են ու բերած ատաղձագործական հաստոցն էլ նորից տարել: Բազմաթիվ բողոքներից հետո Արփինեին առանձնապես չի զարմացնում, որ, ըստ հարեւանուհու, վերելակ չունեցող շենքում երկու բանվոր կեսգիշերին կարող էին հաստոցը հեշտ ու հանգիստ բարձրացնել եւ իջեցնել: «Ոստիկաններին ու հարեւանուհուս ասում եմ, թե` ի՞նչ է, բանվորները փայտի հոտն էլ իրենց հե՞տ են տարել»:

Բնակարանի միակ հաստոցը ոչ թե շարժիչով, այլ ձեռքով աշխատող, օֆորտ տիպի հաստոցն է ( մետաղյա գլանը, մամլելով ներկված լինոլիումը, պատկերն արտատպում է թղթի վրա ) , որը, Արփինեի պատմելով, ոստիկաններն ամեն գալուց փորձարկել են ու համոզվել, որ ոչ մի աղմուկ չի հանում: Գրաֆիկական աշխատանքներ պատրաստելու այդ հաստոցով երբեմն աշխատում է ինքը` Արփինեն, այլ ոչ թե ինչ-որ բանվորներ:

Հետագայում մասնագիտությամբ փաստաբան տկն Ջուլետտայի (փեսան, Արփինեի ասելով, աշխատում է վճռաբեկ դատարանի քրեական ատյանում) պաշտպաններ Մ. Բաբայանը եւ Կ. Շիրինյանը (Ջ. Հարությունյանի թոռը), ինչպես նաեւ որպես երրորդ անձ ներգրավված թաղապետարանի ներկայացուցիչը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում նշել են, որ ՀՀ Քաղ.օր.-ի 222 հոդվածով` բնակարանը պետք է օգտագործվի դրա գործառնական նշանակությանը համապատասխան, իսկ Թոքմաջյանի բնակարանը նպատակային չի օգտագործվում, ասել է թե` օրենսդրորեն դրա գործառնական նշանակությունը բնակելի է, սակայն իրականում օգտագործվում է որպես հասարակական շինություն, ինչպիսին ՀՀ քաղաքաշինության նախարարի 1998 թ. հրամանով համարվում են «մշակույթի, արվեստի շենքերը եւ շինությունները, որոնք իրենց մեջ ներառում են` գրադարաններ, թանգարաններ, ցուցասրահներ, պատկերասրահներ, կրկեսներ... արվեստանոցներ եւ այլն»:

Սակայն այստեղ աչքի է զարնում «մշակույթի, արվեստի շենքերը եւ շինությունները, որոնք իրենց մեջ ներառում են...» հատվածը: Այսինքն` խոսքը զուտ արվեստի եւ մշակութային կառույցների ներքին սրահների, այդ թվում եւ դրանցում գործող առանձին արվեստանոցների, այլ ոչ թե անձնական բնակարան-արվեստանոցների մասին է: Այսինքն` այս հրամանը կապ չունի այն բանի հետ, որ նկարիչն իր բնակարանը օգտագործում է գերազանացապես որպես արվեստանոց` չխանգարելով ուրիշներին:

«Ի՞նչ է նշանակում բնակարանի գործառնական նշանակություն: Բանաստեղծություն գրելը կարո՞ղ է հակասել բնակարանի գործառնական նշանակությանը, թե՞ ոչ,- հարցնում է Արփինե Թոքմաջյանը:- Դատավորը հարցնում է, թե այնտեղ քնու՞մ եմ: Հարցնում է` նկարու՞մ ես, թե՞ ապրում: Փաստաբանն ասում է` որքան ուզում ես նկարիր, բայց որպես արվեստանոց մի օգտագործիր: Այդ բնակարանն արվեստանոց է այնքանով, որքանով ես այնտեղ նկարում եմ»:

Բնակարանում կան կենցաղային իրեր, այդ թվում` թախտ, որի վրա կարելի է քնել, ինչը երբեմն անում է Արփինեն` ի զարմանս դատավոր Ս. Հովսեփյանի, թե «դրա վրա դոշակ կա՞»:

Ջ. Հարությունյանը դատարանին խնդրել էր արգելել Ա. Թոքմաջյանին բնակարանը որպես արհեստանոց օգտագործել, այնտեղ փայտամշակման աշխատանքներ կատարել եւ պարտավորեցնել նրան բնակարանն օգտագործել դրա գործառնական նշանակությանը համապատասխան, ինչպես նաեւ պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 392.500 դրամ (120.000 դրամ` աղմուկի պատճառով սրված հիվանդությունների դեղորայքի ու բուժման ծախս, 170.000 դրամ` փաստաբան Մ. Բաբայանի վճարը, 102.000 դրամ` փաստաբան Կ. Շիրինյանի (իր թոռն է) վճարը)` որպես վնասի փոխհատուցում :

Ա. Թոքմաջյանն էլ հակընդդեմ հայցով խնդրել էր Ջ. Հարությունյանի հայցը մերժել եւ պարտավորեցնել վճարել իր կատարած փաստաբանական ծախսերը` 70.000 դրամ: Արփինեն պատմում է, որ իր գույքին հասցված վնասի փոխհատուցման համար պահանջ չի ներկայացրել, չնայած տկն Ջուլետտան, բանալիով մի քանի անգամ հարվածելով թիվ 40 բնակարանի դռանը, վնասել է այն, ինչն ընդունել է ոստիկանների ներկայությամբ:

Քննելով գործը` դատավոր Ս. Հովսեփյանը մասնակի բավարարել է Ջ. Հարությունյանի հայցը: Դատավճռում գրված է. «Արգելել Արփինե Թոքմաջյանին` Երեւան քաղաքի Կոմիտասի 19 շենքի 40 բնակարանը որպես արվեստանոց օգտագործել եւ պարտավորեցնել նրան բնակարանն օգտագործել դրա գործառնական նշանակությանը համապատասխան: Ա. Թոքմաջյանից հօգուտ Ջ. Հարությունյանի բռնագանձել 272.500 ՀՀ դրամ` որպես վերջինիս փաստաբանական ծառայությունների համար վճարված գումար» : Հայցի մյուս մասը եւ հակընդդեմ հայցն անհիմն են ճանաչվել:

«Դատարանում ես շարունակ ապացուցում էի, որ փայտագործ չեմ եւ իմ բնակարանը որպես փայտամշակման արհեստանոց չեմ օգտագործում, ինչպես ասում էր հարեւանուհիս, իսկ դատավճիռը եղավ այն, որ ինձ արգելեցին նկարել իմ բնակարանում»,- շեշտում է Արփինեն:

Դատարանի վճռի հիմնավորման մեջ ոչ մի խոսք չկա աղմուկի մասին, ինչի համար էլ հայցվորը դիմել էր դատարան: Չի ապացուցվել, որ պատասխանողն իր բնակարանում փայտ է մշակել: Դատարանը հիմնվել է այն բանի վրա, որ Տիգրան եւ Արփինե Թոքմաջյանները ոստիկանությանը տված բացատրություններում ասել են, թե «թիվ 40 բնակարանն օգտագործում ենք որպես նկարչի արվեստանոց»:

Զարմանալի ոչինչ չկա. այդ բնակարանն էությամբ եւ նշանակությամբ արվեստանոց է դարձել Թոքմաջյանների համար, որոնք ապրում են Դեմիրճյան փողոցում: Բացի այդ, ինչպես Արփինեն է պատմում, ինքն այդտեղ բառացիորեն միայն չի նկարում. հիմնականում աշխատում է համակարգչով, ինչն իր գործունեության մի մասն է կազմում: Եվ ամենագլխավորը` երբեք չի խանգարել հարեւաններին:

«Իմ կարծիքով` սա միայն իմ անձնական խնդիրը չէ, որովհետեւ եթե Քաղ.օր.-ի 222 հոդվածն այսպես կիրառվի իմ դեմ, ապա նախադեպի կարգով Հայաստանի բոլոր նկարիչներին նրանց հարեւանները կարող են դատի տալ»,- եզրափակում է Արփինե Թոքմաջյանը, ով պատրաստվում է արդարություն փնտրել վերաքննիչ դատարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter